Մեր օրերում, մի շատ զավեշտալի ձևակերպում է ի հայտ եկել․ Հայաստանի իշխանությունը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, և պետք է աջակցել իշխանությանն այդ պատերազմում հաղթանակ տանելու համար։ «Կորոնավիրուսի դեմ պատերազմ»․ շատ լուրջ է հնչում, սակայն իշխանության պահվածքն է անլուրջ, և դրա համար է զավեշտալի։ Սովորել ենք, որ մեր իշխանության գործողություններում կարևորը ձևն է, բովանդակություն չկա, գաղափար՝ ընդանհրապես։
Ուղիղ երկու տարի առաջ, երբ նոր-նոր էին վերցրել պատասխանատվությունը (իսկ իշխանություն ունենալն առաջին հերթին պատասխանատվություն է), կհիշե՞ք, ասում էին, որ պատրաստվում են 24 ժամ աշխատել, քանի որ այնպես է քանդված ամեն ինչ, որ պետք է հանուն ժողովրդի, իրենք գիշերներն անգամ չքնեն։ Հետո արդեն լուսանկարներ էին գցում, թե՝ տեսեք, ժողովուրդ, գիշերվա ժամը 2-ն է, բայց նստած մեր աշխատասենյակներում, կառավարության ծրագիր ենք գրում, ձեզ համար։ Մենք նվիրյալներ ենք։ Ու ամեն օր նմանատիպ լուսանկարներ էին գցում, թե՝ աշխատում ենք, տքնում ենք, ահա, խնդրեմ, եկել ենք Ծաղկաձոր, որ բնության գրկում ավելի լավ աշխատենք, հիմա էլ հոգնել ենք, բլոտ ենք խաղում նախարարներով։ Վարչապետի տիկինն էլ ամուսնու բոլոր այցերին ինքնաթիռում անիմաստ աթոռ զբաղեցնելը բացատրում էր նրանով, որ Նիկոլը գիշեր-ցերեկ աշխատում է, ու հետը ժամանակ չի կարողանում անցկացնել, դրա համար էլ ստիպված ինքնաթիռով հետը գնում է, որ գոնե այցերի ժամանակ ամուսնուց կարոտն առնի։ Դա, հուսով եմ, բոլորդ եք հիշում, որովհետև դա հին ու ռոմանտիկ ժամանակներն էին, որոնք չափազանց կարճ տևեցին։ Հետո ասացին՝ մենք հո նվիրյալ չե՞նք, որ մենակ աշխատվարձով աշխատենք։ Ու եկավ կոռուպցիան, եկան պարգևավճարները, ու ամեն ինչ ընկավ բնականոն հուն։
Հիմա Հայաստանը հռչակել են երկկողմանի պատերազմական վիճակում գտնվող երկիր, մի կողմից կառուցողական Ադրբեջանը, մյուս կողմից՝ կորոնավիրուսը։
Հիմա տամ հարցս․ պատերազմական վիճակում գտնվող երկրի պարետը ամեն օր ինչո՞ւ է կաֆեում հայտնվում։ Որ պահին նայում ենք, սրճարաններից լուսանկարներ են գցում համացանց, այն էլ՝ անդիմակ, այն էլ՝ աշխատանքային ժամերին, նստած՝ դանդաղ պերերիվ են անում։
Պատկերացրեք՝ 2017 թվականին կորոնավիրուս էր ի հայտ եկել, ծանր վիճակ, պետությունը չի կարողանում օգնել, մարդիկ են տանը մահանում առանց բուժօգնություն ստանալու, և այս ամենին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասեր՝ մեղավորը ժողովուրդն է, ու լուսանկար հրապարակեր, որ կառավարական դաչաներում կեռաս է քաղում։ Կարեն Կարապետյանն էլ երեքշաբթի օրով, ցերեկը 3-4-ին կաֆեում նստած հանգիստ սուրճ է խմում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ Ի՞նչ կասեինք մենք, ժողովուրդը, համացանցը։ Իսկ ընդիմադիրները ինչպե՞ս կարձագանքեին․ անմիջապես կհռչակեին էլ անպատասխանատուներ, էլ՝ թալանչի-մարդասպան, ԱԺ արտահերթ նիստի պահանջ կդնեին ու կսկսեին բողոքի ցույցերը, առաջին շարքերում էլ Նիկոլ Փաշինյանը կքայլեր։
Իշխանական քարոզիչները չեն դադարում կրկնել՝ կորոնավիրուսը պատերազմ է, լուրջ վերաբերվեք, պատասխանատու եղեք և այլն և այլն։ Գնանք մեր տեսած պատերազմի թվեր․ թշնամին պաշարել է Արցախը, տևական ժամանակ է ցամաքային կապը Հայաստանի հետ կտրված է, ամեն ուր ավեր է, գրադի համազարկեր, զոհեր ու վիրավորներ, Ղարաբաղի պատասխանատուներ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը Ստեփանակերտի սրճարանում նստած հանգիստ սառը կոֆե են խմում։ Կարո՞ղ էր այդպիսի տեսարան լինե՞ր։
Ժողովուրդ, չէր կարող լինել այսպիսի բան, ու ոչ միայն նրա համար որ իրենց թույլ չէին տա, այլ առաջին հերթին, որ ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ տրամադրությունը չեն ունեցել, դա փաստ է։ Մարդիկ շաբաթներով ընտանիքների երես չեն տեսել, չնայած որ նույն քաղաքում են եղել կամ տարածքային շատ մոտ, ընտանիքներն ապաստարաններում ու պադվալներում են մնացել, իսկ իրենք անգամ դրա ժամանակը չեն ունեցել՝ իջնել շտաբից պադվալ կամ մարտական օպերացիայից հետո գալ ու ընտանիքներին գոնե բարևել։ Այ պատերազմը իրենք են վարել, պատասխանատուն այդպես է եղել, իրենց ժամանակ՝ պատերազմի՛ ժամանակ։
Իսկ հիմա՝ սրանք․ երկիրը սարքել եք, կներե՛ք, բառդակ, հանգիստ նստել-սո՞ւրճ եք խմում։
Ինչքան Ճ կլասի քայլարած կա, որ բախտի բերմամբ պաշտոնի է հասել, խոսում է ժողովրդի անունից, հայտարարում, թե ով այս ընթացքում իշխանությանը քննադատում է, ժողովրդին հարվածում է թիկունքից, դավաճանում է, պետության դեմ է, փոխանակ աջակցեն, հարվածում են։ Ինչի՞ն աջակցեն, ինչպե՞ս աջակցեն, գան Փաշինյանի ծառի կեռասները քաղե՞ն, Ավինյանի ու Բադասյանի հետ սրճարանի կողքի աթոռին նստե՞ն։ Ի՞նչ եք խոսում։
Ինչպե՞ս մարդը կարող է լինել բանական ու չքննադատել երկրի այսօրվա կառավարիչներին, մարդուն, որը ժողովրդին կարգել է մեղավոր, բայց ինքը տան դիվանին պառկած՝ 4 տարեկան երեխայից խորհուրդ է հարցնում, թե՝ ժողովրդի կոմունալի հարցը ո՞նց լուծենք։ Հենց հիմա մեր երկրում ստեղծվել է վիճակ, որ չխոսելն է դառնում դավաճանության պես բան։
Ժողովրդին, պետությունը գցել եք էս օրին ու հիմա խոսում եք ժողովրդի անունի՞ց։ Դուք մարդուն չեք կարողանում բուժօգնություն ցուցաբերել, նա մահանում է տանը, հիվանդանոցում, որովհետև ռեանիմացիայում տեղ չունեք, հիմա նա ժողովո՞ւրդ էր, թե՞ ոչ։ Ձեր պատճառով են այդ մարդիկ մահանում, դուք նրա՞նց անունից եք խոսում։ Ու էս ֆոնին պարետը ունի ժամանակ, հավես, խիղճ կաֆեներից դուրս չգալո՞ւ։
Կարճ ասած՝ Հայաստանը այսօր, այո, պատերազմի մեջ է։ Ժողովուրդը պայքարում է երկու թշնամու դեմ, մեկը կորոնավիրուսն է, մյուսը՝ կորոնավիրուսից ավելի մեծ՝ իմքայլական անպատասխանատու իշխանությունը։ Քաղաքացին պետք է ունենա անձնական, քաղաքացիական պատասխանատվություն ու այս ամենի համար պատասխան պահանջի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը