Հայաստանում միակ դրական լուրն այն է, որ վարչապետը բուժվել է կորոնավիրուսից, չնայած որ շատերը չեն էլ հավատում, որ նա կորոնավիրուսով վարակվել է, պարզապես մարդուն արձկուրդ էր պետք։ Փաշինյանի վարակվելը նման է Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը՝ թուղթը ոչ ոք չի տեսել։
Օրեցօր մի նոր բան է պարզվում կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության հանցավորության ու չարաշահումների մասին։ Սահմռկեցուցիչ լուր՝ Հայաստանում մարդ է մահանում կորոնավիրուսից այն պատճառով, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Մահացողը 80 տարեկան էր․ սա, հիշու՞մ եք, հենց Արսեն Թորոսյանի ասած սորտավորումն է։ Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանն ասում են, որ վերակենդանացման բաժանմունքներում այլևս տեղ չկա, անգամ ծայրահեղ ծանր դեպքերի համար։ Իսկ ինչո՞ւ տեղ չկա․ այ այստեղ է հարցը։ Պարզվում է, որ Երևանում և մարզերում կան բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները, բայց արհամարվել են։ Մամուլը գրեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի, «Արամյանց» բժշկական կենտրոնի, Վեդիի հիվանդանոցի մասին։ Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը խոսեց համալսարանի 1-ին կլինիկական հիվանդանոցի մասին, որը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել, չի գործածվել անհայտ պատճառներով, ըստ էության արհամարհվել են։ Այն դեպքում, երբ Փաշինյանն ու Թորոսյանն ասում են, որ հիվանդանոցներում տեղ չկա։
Ու ո՞րն է պատճառը․ այդ մասին ևս մամուլը գրում է՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժումը նաև փող աշխատելու հնարավորություն է․ նախարար Թորոսյանը, ըստ մամուլի, կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների և իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող ԲԿ-ներին, դրանք են՝ Նորքի ինֆեկցիոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, «Աստղիկ» բուժ կենտրոնները: Եթե սա ճիշտ է, ուրեմն ժողովրդի մահվան գնով գումա՞ր են աշխատում: Այս տեղեկության հրապարակումից հետո գիտե՞ք ինչ եղավ․ Արսեն Թորոսյանն ու վարչապետը անմիջապես տեղեկություններ հրապարակեցին, թե Սպիտակի, Մարտունու, Տավուշի, Վեդիի հիվանդանոցները պատրաստում են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հարց․ ինչո՞ւ է դա արվում ընդամենը հիմա, երբ դուք մեր բոլորից ավելի լավ գիտեք որ ձեր նախատեսած բուժհաստատություններում այլևս տեղ չկա, երբ մարդ է արդեն մահացել հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով։ Հիվանդանոցները կային, մասնագե՞տ չկար, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահն ասում է որ 1-ին հիվանդանոցը կոմպլեկտավորված ձեր հրահանգին է սպասել, Վրաստանը դիմել էր, որ պատրաստ է օգնել, ինչո՞ւ չեք ընդունում, ինչու՞ մյուսներին չեք դիմում։ Ընդհանրապես, դուք որ չեք կարողանում միայնակ գլուխ հանել, ինչո՞ւ չեք դիմում դրսի օգնությանը։ Դիտմա՞մբ եք անում։ Ինքնահաստատվու՞մ եք մարդկանց կյանքերի գնով։ Որքա՞ն կարելի է սիրողական մակարդակով շարժվել, այստեղ հստակ, մասնագիտական բաներ են պետք։ Վարչապետը մի օր ասում է, թե 20 հազար հոգի վարակված է կորոնավիրուսով, բայց այդ մասին չգիտի, հաջորդ օրն ասում է, թե 100 հազար հոգի է վարակված։ Լավ, մի մասնագետ չկա՞ ձեզ մոտ, բոլո՞րն են արդեն փախել։
Իսկ այն, ինչ ասում են մասնագետները, շատ ավելի սարսափելի է․ մեզ ասել են, որ կորոնավիրուսը Հայաստան է մտել մարտի 1-ին․ համաճարակաբանը, սակայն, Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ 3 անգամ փաստում է, որ փետրվարից ի վեր պայքարում են կորոնավիրուսի դեմ, այսինքն՝ փետրվար ամսից արդեն դեպքերը հայտնաբերել են, ըստ այդ հայտարարության։ Իսկ ինչո՞ւ չեք հայտնել այդ մասին։ Ես այսպես եմ մտածում․ որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ դեռ ժողովրդի մի հատվածի վստահությունն ուներ, ափալ-թափալ լծվել էր Հրայր Թովմասյանին գործից հանելուն, անձամբ անցկացնում էր քարոզարշավը, փող էր ծախսում 7 միլիոն դոլար, իսկ վարակակրի փաստը հայտարարելով՝ կխափանվեր հանրաքվեի անցկացման պլանը։ Ստացվեց, թողեցին բոլորը հիվանդանան և հետո ով փրկվի՝ փրկվի, և իրենք էլ ասում են՝ ամեն բան անում ենք, բայց դե՝ համաճարակը չի խնայում։
Վստահ եմ, որ այս հանցավոր անպատասխանատվությունը կատարվել է հիմնականում վարչապետի որոշումների հիման վրա։ Ու ստացվում է որ, հիվանդանոցներ ունենք, բժիշկներ ևս, օգնություն առաջարկողներ էլ կան, բայց առողջապահության նախարարը, բուժման ֆինասնավոևման քվոտաները տվել է միայն իր սրտի բուժկենտրոններին։ Ու այսքանից հետո, փոխարենը ազատի աշխատանքից Արսեն Թորոսյանին, ազատում է Ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու գլխավոր շտաբի պետին, նորից առանց ավել-պակաս բացատրելու, թե ինչու։ Իսկ ես գիտեմ թե ինչու։ Այս ազատումները կապ չունեն համաճարակային վիճակի հետ, այս ազատումները, մեր վարչապետի գլխում կատարվողի ապացույցն են․ այն բանի, որ իրեն թվում է, թե երբ հասարակության մեջ մեծ դժգոհության ալիք է, քաղաքական տարբեր կուսակցություններից և դեմքերից իր հրաժարականը պահանջելը դավադրություն է, որին կարող է մասնակից լինեին ուժայինների ղեկավարները։ Այ դրա համար է ազատել աշխատանքից։ Ու ստացվում է, համաճարակը, մարդկանց կյանքերը ոչինչ են, կարևորը իր իշխանությունը պահելն է ամեն գնով։ Հիասթափեցնեմ, ուժայիններին փոխելով, իշխանություն չես պահի, քանի որ շուտով փողոցներում են հայտնվելու հազարավոր մարդիկ, որոնք պահանջելու են իրենց հասանելիքը, որը դու այլևս չես կարող տալ։
Կարճ ասած՝ շուտով Հայաստանում կստեղծվի հանձնաժողով, որը հատ առ հատ կքննի Հայաստանում կորոնավիրուսից մահերի դեպքերը, բուժման հատկացումները, ստացված գումարները, ծախսերը, հատ հատ՝ ամեն ինչ։ Կքննի նաև, Փաշինյանի՝ այդ ամենի ֆոնին կայացրած որոշումները, կամ չկայացրածները՝ ըստ իր պարտականությունների, և մենք կստանանք հարցերի պատասխաններ, որոնք չեն լինի ենթադրություններ, այլ՝ փաստերով ապացուցված մեղադրականներ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը