05 06 2020

«Կարճ ասած»․ Դուք, որպես երկրի ղեկավար, ձեզանից գո՞հ եք



 

Երբ այս թիմը նոր էր եկել իշխանության, այդ ժամանակ բազմաթիվ ազդակներ փոխանցեցին հիմնարկների աշխատողներին, գյուղացիներին, ավագանու անդամներին, որ եթե ուզում եք ձեր ղեկավարից ազատվել, անանուն զանգ թողեք, թե նա կոռուպցիոներ է, մենք կուսումնասիրենք, ոնց էլ լինի, մի բան կգտնենք ու կհեռացնենք։ Մարդիկ զանգ էին թողնում, թե՝ մեր գյուղապետը 20-30 տարի թալանել ա, ու իրավապահ համակարգը ընկնում էր հետևից, նախարարին նամակ էին ուղարկում, թե՝ մեր դպրոցում դրամահավաք է, սա էլ կամերան առնում ու անձամբ վազում էր դպրոց, թե՝ ցնցող բան եմ բացահայտել։ Այդպես քանի-քանի հոգի գնաց, բայց ո՛չ դրամահավաքը պակասեց, ո՛չ գյուղապետերի վարքագծերը։ Բայց մեկ այլ բան պարզվեց 2018 թվականի տարեվերջյան հաշվետվությունից․ Հայաստանում սուտ մատնության դեպքերը բազմապատկվել են։ Այն է՝ ժողովրդի մեջ շատացել են գործ տվողները։ Ով ում չէր սիրում, չէր ընդունում, աշխատանքից ազատել էր, անանուն զանգ էր թողնում, որ այսինչը այսինչ վատ բանն է արել։ Սրանք էլ բան ու գործը թողած ընկնում էին հետևից, պախարակում, հետո գործն ընթացք չէր ունենում։ Իսկ հետո, արդեն, խորհրդարանն օրենքով ամրագրեց «գործ տալու» ինստիտուտը։ Իշխանությունը, կառավարությունը, քննչական մարմինները չեն կարողանում աշխատել, մարդկանց են հանձնարարում դա անել իրենց փոխարեն։

Հիմա գործ տալու համար հարմար ժամանակներ են։ Փաշինյանը չի կարողանում վերահսկել մարդկանց, նրանց շարժը, որովհետև ի սկզբանե սխալ պայքարեցին վարակի դեմ, էդքան խելք չունեին, քաղաքացիների մեջ անլրջություն մտցրեցին։ Դրա փոխարեն որոշել է գնալ անընդունելի, մերժելի, ահավոր ճանապարհով։

Չկա որևէ մասնագետ, որ հիմնավորել է փողոցում, մեքենայում, ամենուր դիմակ կրելու անհրաժեշտությունը, ավելին, հայտարարել են այս եղանակին դիմակի ավելի շատ բացասական էֆեկտների մասին․ բայց դիմակը պարտադիր է ու գիտե՞ք ինչի համար․ նրա համար, որ այդպես մեր ոստիկաններն ավելի լավ կտեսնեն, թե ով դիմակ չի կրում ու կտուգանեն, բյուջե կլցնեն, իսկ Փաշինյանն էլ կորոնավիրուսի տարածման մեղքը կբարդի նրա վրա։ Այդքան բան։

Վարչապետը կասկածելի ֆլեշմոբ է սկսել իր ֆեյսբուքյան էջում։ Ասում է՝ ով ում տեսնում է սոցիալական հեռավորություն չպահելիս, քեֆ անելիս, ինչը, իր կարծիքով, տգեղ է, թող անմիջապես նկար ուղարկի, ես իմ էջով անարգանքի սյունին կգամեմ։ Այդպես էլ անում են։ Ու էդ գործ տվողները էլի ջրի երես դուրս եկան։ Մարդիկ գիտեն, որ վարչապետը իրենց փաստերը չի ստուգելու, նա երբեք նման բան չի արել՝ ո՛չ խմբագիր, ո՛չ պատգամավոր, ոչ էլ վարչապետ եղած ժամանակ, ինչ տալիս են՝ հրապարակում է։ Ու մարդիկ դարձյալ ով ում հետ չունի, նկար ու վիդեո է ուղարկում։ Մեկը դժգոհ է, որ իրեն 6 տարի առաջ հարսանիք չեն հրավիրել, այդ հարսանիքի նկարն ու վիդեոն է ուղարկում, թե՝ պարոն վարչապետ, սա երեկ է եղել, սա էլ ամոթանք է տալիս, մեկին գործից հանել են երկու տարի առաջ, օֆիսի բանկետի նկարն է ուղարկում, թե՝ երեկ է եղել, մեկի դուրը չի եկել ռեստորանում կերած սպասը, նամակ է ուղարկում, թե՝ այդ ռեստորանում պատրաստվում են ընդհատակյա հարսանիք անել, ու վարչապետը միանգամից հրապարակում է, մեկը երթուղայինում տեղ չի եղել, գործից ուշացել է, մարդկանցով լցված երթուղայինի ֆոտո է ուղարկում։

Ու վարչապետը հրապարակում է կարծես List.am-ի առանց ֆիլտր տարբերակը լինի՝ առանց հաշվի առնելու, որ իրեն հիմարացրել են, հին ու սուտ տեղեկություններ են տվել, ապօրինի կերպով մտնում է մարդկանց անձնական կյանք, մարդն իր համար իր տանը նստած է, նրան մեղադրում են 5 տարի առաջ հարսանիք գնալու համար։ Սա քրեական հանցագործություն է։ Մեր սյս հաղորդման համար ԲԴԽ-ն դիմել է իրավապահ համակարգին, իբրև թե դատավորի վերաբերյալ անձնական տվյալ ենք հրապարակել։ Մեր հրապարակածը հանրային դեմքի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը քանի՞ հոգու անձնական տվյալ է հրապարակել, որոնք սովորական, շարքային քաղաքացիներ են և վարչապետի պատճառով իրենց վրա են վերցրել հայհոյանք ու անեծք։ Այն աղջիկը, որի լուսանկարն հրապարակեցիք, իբր թե կոմպլիմենտ անելով, մտածեցի՞ք, որ կարող է ունենալ հայր, եղբայր, նշանած, որոնք ձեզ հետ հարց կունենան առանց զգուշացնելու նկարը հրապարակելու համար։ Իսկ եթե հրապարակման տակ մի քանիսն էլ մտնեն և լափառոշ բերանները բացեն, դրա պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է ձեզ թույլ տվել։ Կարգ է խախտել, թող ոստիկանությունը տուգանի, բայց հանրային պախարակման և ստորացման իրավունք ձեր պարետը չի կարող տալ։

Այս օրերին քանի՞ հոգի հրապարակային հայտարարեցին, որ վարչապետը ստել է, հիմարացրել է, եկեղեցու հոգևոր հովիվն, որ իրենց մոտ հարսանիք չի եղել, սուտ բան եք հրապարակել, ռեստորանի տերն ասում է, որ իրենց մոտ հարսանիք չկա, սուտ եք ասում, հարսանիքի մասնակիցներն ասում են, որ այդ ամուսնական զույգն արդեն թոռնիկի է սպասում, այդքան հին է լուսանկարը, այլ բացօթյա խնջույքի մասնակիցներն ասում են, որ դա եղել է տարիներ առաջ։ Ամոթանք են տալիս վարչապետին։ Այս օրերին քանի՞ գրառում ջնջեց Փաշինյանը, քանի որ իրեն հիմարացրել էին, ինքն էլ՝ մյուսներին։

Ամոթ չէ՞, դուք, որպես երկրի ղեկավար, ձեզանից գո՞հ եք։ Մեռնելիք չէ՞, երբ երկրի բնակիչները մասսայաբար քո ֆեյսբուքյան էջին գրում են, որ դու ստախոս ես, մանիպուլյացիա ես անում։

Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարում էր ֆեյքնյուզի դեմ պայքարել, բայց ինքը, ստացվում է, մեր երկրի թիվ մեկ ֆեյքնյուզ տարածողն է։

Վարչապետը բազմիցս է սուտ տեղեկություններ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, հաշիվ չկա, չեմպիոն է։ Մեզ մոտ տեսնես մի խելքը գլխին խորհուրդ տվող չկա՞, որ ասի՝ ամոթ է, չի կարելի, հո դու չարաճճի երեխա չե՞ս։

Կարճ ասած՝ Լրջանալու ժամանակն է․ բայց լրջանալու կոչս վարչապետին չեմ անում, նա անհույս է։ Պետք է իր թիմը լրջանա, նրան ճանապարհի այդ բարձր ամբիոնից կամ էլ, արդեն, ժողովուրդը կորոշի դիմել կոնկրետ քայլերի։ Բայց այդ ժամանակ պետք է հեռանաք այդ նույն թիմով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ