14 05 2020

«Կարճ ասած»․ Իշխանությունը՝ օրենքից դուրս



Կարառավարությունը երկարացրեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով։ Քանիցս փաստել ենք, որ այս արտակարգ դրությունը ձևական էր։ Սկզբում միայն լրագրողների համար էր, հետո այլ սահմանափակումներ մտցրեցին։ Անփորձ պարետը ամեն ժամ որոշում էր փոխում ու չեղարկում։ Ի վերջո, սահմանափակումներ մտցրեցին բավականին կոշտ, բայց արդեն բանի տեղ դնող չեղավ։ Ու քանի որ համ ձևական արգելքներ էին, համ էլ կողքից տնտեսությունն էր մահանում, մեկ օր էլ բացեցին դրանք։ Տիգրան Ավինյանը այսօր հայատարարեց, որ մայիսի 18-ից կաշխատի տրանսպորտը, կբացվեն մանկապարտեզները, բայց մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակներ կրելը դառնալու է պարտադիր։ Խախտողներին կտուգանի ոստիկանությունը։ Բայց հարցն նաև այն է, որ արտակարգ դրությանը զուգահեռ՝ կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ ենք գրանցում ամեն օր։ Տրամաբանությունն ասում է՝ եթե առաջ վարակվածների թվերը քիչ էին, սահմանափակումները՝ շատ, ասօր, երբ տասնյակ անգամով ավելին են դեպքերը, պետք է որ առավել խստացվի, այլ ոչ հակառակը։ Դա պարետն է։

Իսկ կառավարության ղեկավարը, սովորության համաձայն, հերթական անգամ ամեն ինչ բարդում է քաղաքացիների վրա։ Դուք եք մեղավոր, որ լուրջ չեք ընդունում։ Մոռացանք, որ մեր երկրի թիվ մեկ անլուրջ վերաբերվողները կառավարության անդամներն էին՝ Նիկոլ Փաշինյանը, որ վիրուսը համարում էր գրիպի պես բան, առողջապահության նախարարը, որ ասում էր՝ ոչ մի վտանգ չունի, բայց այսօր անձամբ մեկուսացել է վիրուսի կասկածով, արդարադատության նախարարը, որը չգիտես թե որտեղից է վերցրել, թե ամենաապահովը բանտերն են։ Գուցե կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեկուսանալու փոխարեն բանտ ընկնեն, որովհետև Բադասյան Ռուստամն ասել է, որ ամենաապահո՞վն է։

Եթե գործնականում արտակարգ դրությունն անօգուտ է, ի՞նչ հեռահար նպատակ է հետապնդում իշխանության համար, սա է հարցը։ Եթե հիմնարկները բաց են, մարդիկ աշխատում են, բոլորը կարող են տանից դուրս գալ, երեխաներին մանկապարտեզ տանել, էլ արտակագ դրությունն ինչի՞ համար է։ Երկու պատճառ կա, երկուսն էլ, ցավոք, քաղաքական և ոչ՝ առողջապահական։ Առաջինն այն է, որ եթե արտակարգ դրությունը հանում ես, 65 օր հետո պետք է անցկացվի հանրաքվե՝ այն հայտնի անիմաստ քվեարկությունը, որի համար 7 միլիոն դոլար է ծախսվել, որպեսզի դուք՝ քաղաքացիներ ջան, որոշեք, Հրայր Թովմասյա՞նը լինի ՍԴ նախագահ, թե՞ Վահե Գրիգորյանը, որը չի աշխատում, սպասում է ՍԴ նախագահ կարգեն։ Ու եթե երկու ամիս առաջ հանրաքվեն անցկացնելու հույս ուներ իշխանությունը, հիմա՝ սոցիալական այս լարված պայմաններում, պետության ղեկավարումը տապալելու պայմաններում այդ հույսը հօդս է ցնդել։

Արտակարգ դրության հաստատման մյուս նպատակն առավել հեռուն է տանում։ Հայաստանի իշխանությունը թույլ, ոչ պրոֆեսիոնալ, ձախողված լինելով հանդերձ՝ կպել է իշխանական բազկաթոռներին և չի ուզում գնալ։ Դե պարզ է, հազիվ է հասել իր երազանքին։ Երկրում դժգոհության ալիքներ կան, որոնք ճաք են տալիս ամեն կողմից։ Սոցիալական խնդիրներ են մի կողմից, մի կողմից ապօրինի ազատարզրկումներ և դրանց դեմ բողոք, աշխատավարձերի չվճարում, կրճատումներ, հակապետական, հակազգային որոշումներ, որոնք բոլորը բողոքի ցույցերի առիթ են։ Եվ եթե դու սահմանում ես արտակարգ դրություն, հանրահավաքներն արգելում ես, ու մարդիկ իրենց դժգոհությունների մեջ տապակվում են՝ չկարողանալով արտահայտվել, մնում են սոցիալական ցանցերում, և տպավորություն է, թե ամեն բան կարգին է, պայքարում ենք կորոնավիրուսի դեմ։

Եթե արատակարգ դրության այս հատվածում իշխանությունը զբաղվեր միմիայն համավարակով, դրա չեզոքացմամբ ու հետևանքների վերացմամբ, կասեինք ջհանդամը, բողոքի ցույցն էլ մի ամիս հետո կանենք, բայց նա զուգահեռ վարի է տալիս երկիրը, մարդկանց սովամահության դուռը հասցնում ու ասում՝ դուք եք մեղավոր։ Ու դուք չեք կարող բողոքել։ Ոստիկանությունը կազմը պատրաստ կանգնած է, որ ցրի։ Այսինքն, դարձյալ իր քաղաքական նպատակների համար է այս իշխանությունն օգտագործում արտակարգ դրությունը։

Կարո՞ղ եք հիմա բացատրել, թե ինչու կարելի է 65 հոգով կատավարության նիստ անել, 132 պատգամավորով նստել փակ դահլիճում՝ առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու, ավելին՝ հարձակվել, իրար ծեծել, բայց չի կարելի 20 հոգով գալ կառավարության դիմաց՝ գոռալ Նիկոլ հեռացիր։ Բացատրեք, թող մարդիկ հասկանան։ Եթե բոլոր առումներով պատասխանատվությունը գցում ես քաղաքացու վրա, ինչո՞ւ ես այս պահով ասում՝ չէ, սահմանափոկում եմ։ Օրը 6 հատ բողոքի ակցիա էր լինում կառավարության դիմաց նախկինում։ Հիմա չկան։ Մարդիկ սկսել են լա՞վ ապրել։ Ո՛չ, ուղղակի թո՛ւյլ չեն տալիս։ Ու չեն տալու։ Եթե պետք է՝ իր նպատակների համար Փաշինյանը մի տարի էլ կերկարաձգի արտակարգ դրությունը, մինչև ամեն ինչ վարի գնա։

Կարճ ասած՝ Արտակարգ դրությունն իշխանությունը որպես հնարավորություն է օգտագործում իր քաղաքական երկարակեցությունն ապահովելու համար։ Իրավաբանները թող ասեն՝ արտակարգ դրության ինքնանպատակ սահմանումը սահմանադրական կարգի տամապալո՞ւմ է, թե՞ ոչ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ