11 05 2020

«Կարճ ասած»․ «Իմ քայլ»-ն իր քաղաքական ղեկավարին պարզապես ասֆալտին փռեց



Մանավանդ հիմա, երբ ազատ ժամանակը համեմատաբար շատ է, առաջարկում եմ ընթերցել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը, եթե դեռ չեք հասցրել: Փոքրիկ գործ է, հեշտ կարդացվող և համեմատելու համար՝ իդեալական:  

Այս իշխանությունից առաջ Ազգային ժողովում «համբալ, շիշը կտամ գլխիդ», «դիշովկա», վերջին անգամ ասել էին 2016 թվականին․ մի դեպքում՝ Շմայսը, մյուսում՝ Հեղինե Բիշարյանը։ Երկու դեպքում էլ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում միջադեպեր եղել են մշտապես։ Ու երբևէ միջադեպ չի եղել ազգային հարցերի շուրջ, գաղափարական հենքի վրա։ Իսկ ընդդիմության վրա հարձակում առաջին ու վերջին անգամ եղել է 1996 թվականի սեպտեմբերի 26-ին։ 96-ի նախագահական ընտրությունների կեղծիքներին դեմ հանդես եկող ըմբոստ ընդդիմադիր խորհրդարանականների վրա մահապատժի հոդված դրվեց։ Այդ օրը խորհրդարանը քննարկում էր անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հենց ամբիոնի մոտ դաժան ծեծի ենթարկվեց այժմ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Ի դեպ, եթե ճիշտ եմ հիշում, կողմ քվեարկողներից էր Սասուն Միքայելյանը, որը, ասում են, Հրազդանում կեղծիքներ կազմակերողներից էր։ 24 տարի անց խորհրդարանում դարձյալ ծեծեցին ընդդիմությանը։ Որքան էլ փորձեն դեմքի հանգիստ արտահայտությամբ մոռացնել տալ խայտառակությունը, չի ստացվում, չենք թողնի, անընդհատ կհիշեցնենք։ 

Երբ երկու հոգի ծեծում են իրար, կողքին կանգնածները եթե լուրջ մարդիկ են, բաժանում են․ եթե թայֆայական կռիվ է, խառնվում կռվին։ Ցավալին հենց այն է, որ խորհրդարանի բազկամարտին շատերը ոչ թե բաժանում էին, այլ՝ փորձում հարվածել։ Այսինքն, համատեղ ուժերով ԱԺ-ն սարքել էին քուչա, որտեղ հաղթելու էին նրանք, որոնք թվով շատ են։ Կուտակված զայրույթ էր։

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատգամավորներն իրար կերան: Կատարվածը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի ողբերգությունը՝ նա թիմի ներսում չունի փոքր-ինչ հարգանք: Եթե դրանից ունենար, նախ ռիսկ չէին անի նման քայլի դիմել: Իսկ եթե անգամ դիմեին, նրա մի սաստող խոսքը կհանդարտեցներ։ Սաստելու փոխարեն փախավ դահլիճից՝ գուցե վախենալով, որ իրեն էլ մի մուշտի կհասնի։ Արցախյան ազատարամրտի ժամանակ, 2008 թվականին՝ մարտիմեկյան բախումներ հրահրելուց հետո, կորոնավիրուսի դեմ պայքարի ծանր գործում նա արեց նույն բանը, որից գերազանցիկ է՝ չքացավ՝ պատասխանատվությունը բարդելով ուրիշների վրա։

Ասում են՝ բոլոր խորհրդարանում էլ լինում է ծեծկռտուք։ Համաձայն ենք, բայց՝ ոչ երկրի ղեկավարի ներկայությամբ: Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ որևէ պատգամավոր իրեն թույլ չէր տա նման կերպ վարվել, անգամ՝ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցությունն իր քաղաքական ղեկավարին պարզապես ասֆալտին փռեց։  

Բայց հետո երևաց, որ Փաշինյանն արժանի էր նման վերաբերմունքի: Նա ոչ միայն ամբողջ մեղքը բարդեց ընդդիմության վրա, այլև արդարացրեց իրենց հանդուգն գործելաոճը՝ ատելության հերթական չափաբաժինը ներարկելով: Թե բա՝ մեզ սպառնում են բռնաբարել, մեզ նվաստացնում են, իշխանությունը բռնության զոհ է: Մարդ, որն իշխանության է եկել ատելության քարոզով, մարդ, որի կողմնակիցները սև լենտեր էին կապում սրա-նրա դռների վրա, մարդ, որը պարզապես ատելության չեմպիոն է, հիմա ասում է, թե ամենօրյա ռեժիմով իշխանությանը բռնության են ենթարկում։ Ո՞վ է խոսում բռնությունից։ Պարզապես ծիծաղելի է։ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ որպես ստրկատեր ու իր ասածները հլու-հնազանդ կատարողների ծափերի ներքո ազդակներ փոխանցեց՝ այսուհետև իշխանությունն իր նկատմամբ ամեն մի քննադատելի բառը համարելու է բռնություն, շատ քննադատությունը՝ բռնաբարություն, հետևաբար, իրենց քննադատողների վրա բռունցքներով հարձակվելն ու սամասուդը տեղին է։ Սա հենց արժեքային հեղափոխությունն է։

Այժմ էլ բառիս բուն իմաստով բազառ է հրաժարականների շուրջ, դարձյալ փողոցի մակարդակի՝ թող այսինչը հրաժարական տա, որ մենք էլ տանք։ Զրո պատասխանատվություն։

Կատարվածում մեղքի մեծ բաժին ունի ընդդիմությունը: Մենք խորհրդարանական ընդիմություն ունենք միայն օրենքով: Հայաստանում ընդդիմադիր միտքը մնացել է խորհրդարանի պատերից դուրս: 2018 թվականից ի վեր ԱԺ-ում ընդդիմությունը հլու-հնազանդ ենթարկվեց իշխանության բոլոր քայլերին, ու իշխանության հասցեին լուրջ քննադատությունն արեց միայն միկրոֆոնից հեռու, սրա-նրա մոտ։ Իշխանության դաբրոյով ու պատվերով ձևավորված ընդդիմությունը ամեն ինչ արեց, որ այդ պատվերի շրջանակից դուրս չգա՝ մոռանալով, որ այդ պայմանավորվածությունը մի մարդու հետ է, որը երբևէ չի հարգել իր որևէ խոսք: Սա յոլա գնացող ընդդիմություն է։ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին համարում է ռոբասերժական շրջանակից սնվող, այն դեպքում, երբ երկու տարի առաջ նույն թիմի անդամ էին: Այսինքն, ո՞ւմ պատվերով էր գործում «Ելք» դաշինքը, որը ղեկավարում էր Փաշինյանն ինքը։ 

Փաստացի՝ այսօր ընդդիմությունն անելիք չունի, քանի դեռ իշխանությունն առանց լուրջ ջանքի իր հեղինակությունը ծեփում է պատերին: Հիմա այլևս պետք է սթափվի հանրությունը, նրա բոլոր շերտերը՝ սկսած այս իշխանության պատվերը կատարողներից։ Նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանի զանգով, ելույթի տողատակի ուղերձով, ուղղակի կամ անուղղակի հրահանգով են գործում, արդեն պետք է տարակուսեն՝ ո՞վ է պատվեր տվողը, ո՞ւմ պատվերով են կատարում՝ դեմ գնալով իրենց հեղինակությանը, իրենց ստորագրությանն ու քանդելով պետության հիմքերը։ Ցանկացած մեկը՝ լինի վարչության պետ, դատավոր քննիչ, թե վարչապետի խոհարար, արդեն դիրքորոշում պետք է փոխի:

Կարճ ասած՝ այն, ինչ կատարվեց, ազդարարցեց Հայաստանի իշխանության վերջը: Այս իշխանությունը արդեն ձախողել է:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ