05 05 2020

«Կարճ ասած». Փուլայինը Տեր-Պետրոսյանին իշխանության կորուստ արժեցավ, ի՞նչ կարժենա Փաշինյանին



Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ի վերջո, խոսեց, ըստ էության: Նրա խոսելուց, սակայն, ուրախանալ պետք չէ: 

Կարճ հիշեցնեմ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունենում փուլային տարբերակի շուրջ:

Այժմ պարզ, առանց խուճուճ ու քաղաքագիտական բարդ ձևակերպումների, կարճ բացատրեմ՝ ինչ է նշանակում փուլային: 

Հայկական զորքերի դուրս բերում ԼՂ 1988-ի սահմաններից դուրս գտնվող տարածքներից, մյուս կետը՝  փախստականների վերադարձ և տարիներ անց, չորրորդ կամ հինգերորդ փուլում՝ ինչ-որ անհայտ ժամանակաշրջանում, երբ արդեն բնակչության կազմն ամբողջությամբ փոփոխության ենթարկված կլինի, հանրաքվե՝ պարզելու համար՝ Արցախի բնակչությունն ուզում է ազա՞տ ապրել, Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի հետ: Սա էր ժամանակին Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը: 

Կարճ ասած՝ սա թե՛ այն ժամանակ էր որակվում դավաճանում համահայկական ազգային շահերին, թե՛, առավել ևս, հիմա, երբ Արցախը 30-ամյա ազատ պետություն է:

Երեկ Զոհրաբ Մնացականյանը փաստեց մի քանի բան միանգամից: Ասեմ, լռությունն ավելի լավ էր, գոնե մի թաքուն հույս ունեինք, որ նրանք Հայաստանի ազգային, պետական շահին դեմ չեն գնա: Ի՞սկ ինչ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Նա փաստեց, որ ստել է վարչապետը՝ հայտարարելով, որ բանակցություններ չկան: Մնացականյանը հաստատեց բանակցությունների փաստը: Ասում էին ծանոթության հանդիպումներ են, իսկ ստացվեց՝ ծանոթանում էին վաղուց մերժված ու մոռացված փուլային տարբերակին:

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 15-ին Արցախում հայտարարում էր, որ ինքը Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, չի մասնակցի բանակցություններին առանց Արցախի, Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից: Այսօր հաստատված փաստ է՝ բա-նակ-ցում է: Արցախը չի մասնակցում դրանց: Ավելին, Արցախը, ըստ ամենայնի, անգամ տեղյակ չէ բանակցություններից: 

Շուշիի ազատագրման՝ մեր հաղթանակների տոնին ընդառաջ համառորեն լսում ենք հողերը հանձնելու շուրջ բանակցությունների բոթը: Ինչո՞ւ է այդպես, որովհետև այն, ինչ մենք տալու ենք, ռեալ է, իսկ այն, ինչ պետք է ստանանք, օրինակ՝ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, թվացյալ է, հեռավոր բան ու անհասկանալի հեռանկարով

Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը իր հախուռն ու պահի տակ որոշած ձևակերպումների արդյունքում, մեզ հեռացրեց մեր ունեցած ուժեղ դիրքերից, Սանկտ-Պետերբուրգի, Վիեննայի փաստաթղթերից բերեց-հասցրեց փուլային, իմա՝ տալ-չտալու թեմայի առաջ: Ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բանակցությունները սկսելու է իր սեփական կետից: Պարզվեց, թե որն է Փաշինյանի կետը: Հիշո՞ւմ եք, ասում էր, որ պետք է լուծումը բավարարի երեք ժողովուրդներին էլ: Բայց ստացվում է՝ բանակցում է մի տարբերակի շուրջ, որը բավարարում է միայն Ադրբեջանին: Հակապետական գործելաոճը պոզով-պոչո՞վ է լինում:

Արտաքին գործերի նախարարն ակնարկում է, թե՝ այնպես չէ, որ մենք բանակցվող տարբերակին վերապահումներ չունենք: Նախկինում էլ փաթեթային տարբերակին կային վերապահումներ, նախկին իշխանությունը դա ընդունել էր որպես բանակցությունների հիմք: Փաթեթայինի ընդունելին այն էր, որ զիջում ես մի բան, միաժամանակ ստանում մեկ այլը, քեզ համար ավելի կարևորը, դա մեկ: Երկրորդը, այդ ամենը մեր պետությունը բանակցում էր դեռ այն ժամանակ, երբ ապրիլյան չէր եղել, Ռամիլ Սաֆարովին ցինիկաբար չէին վերադարձրել իրենց երկիր, չէին տվել ազգային հերոսի կոչում, Ադրբեջանը խելոք, գլուխը կախ, գալիս-նստում էր և, միգուցե, նեղացած էր գնում բանակցություններից: Իսկ այսօր քիթը բարձր, ժպիտը դեմքին, այնպես է իրեն պահում, կարծես իրենք են հաղթել պատերազմում, մենք էլ եկել-բան ենք խնդրում: 

Դառնանք մերոնց. 

Հայաստանը, նախարարն ասում է, միակողմանի զիջումների չի գնա, մատներս խաչել ենք, լեզուներս էլ կծել: Սուտ է: Դու արդեն զիջումների ես գնացել՝ քննարկելով փուլային տարբերակ

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական տարբերակի շուրջ: Դա Տեր-Պետրոսյանի համար իշխանության կորուստ արժեցավ: Ի՞նչ կաժենա Նիկոլ Փաշինյանի համար: 

Կարծում եմ՝ նույնը:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ