Այն, ինչ երեկ կատարվեց Ազգային Ժողովում, չկա որևէ բարեկիրթ բառ, որով հնարավոր է ներկայացնել: Ապրիլի 28-ին շատերը հերթական անգամ համոզվեցին, որ բոլորովին իզուր էր հույս կապելը այս՝ իշխող ու ընդիմություն խաղացող թիմերի հետ, թե՛ որակի, թե՛ բարքերի առումով:
Պատգամավորների՝ միմյանց դիմելաձևը ներկայացնելու համար կներեք, բայց ստիպված եմ դուրս գալ բարեկրթությունից. քաղաքական տրյապկա, անառակի զավակ. Այդպես իրար են դիմում խմբակցության ղեկավարն ու ԱԺ փոխնախագահը: Լեգիտիմ ընտրված, այդ բառը շատ է սիրում օգտագործել իշխանությունը, լեգիտիմագույն ընտրված մեր խորհրդարականները իրար այլևս համբալով են դիմում ու նման բառերով: Ու այդ տեսանյութերի տակ հազարավոր մեկնաբանություններ էին, բոլորը ամաչում էին տեսած-լսածի համար ու ափսոսում, որ իրենք են նրանց հասցրել Ազգային ժողով, հայհոյում էին արդեն իրենց ընտրողները: Չենք մաքրել հայհոյանքները, մտեք ու ընթերցեք: Ափսոսում էին, որովհետև դրանք մեկ-երկու հոգի չեն, այլ՝ տեսակ, խմբակցություն, քաղաքական ուժերի պատկեր: Պատգամավորներին հանդարտեցնելու փոխարեն նույն բառապաշարով իր թիմակցին է օգնում ԱԺ նախագահը, հետո իրար հերթ չտալով բարձրանում են բեմ պատգամավորները, ու ստացվում է, որ խմբակցությունը մեծ է, նա էլ հաղթում է: Ոչ մեկն էլ չհաղթեց, բայց պարտվողի դերում բերանի ծամոն դարձած ժողովուրդն էր:
Խորհրդարանում արտահերթ նիստ էր, քննարկում էին արտակարգ դրությունից բխող գործողությունները, կարևոր նախագծեր, որոնք շատերին էին վերաբերում, բայց որևէ մեկը հասկացվա՞վ ինչ էին քննարկում, կորոնավիրուսից տարածաշրջանում բնակչության համեմատ ամենաշատը տուժած երկրում քանի՞ հոգու մատից փուշ հանեցին:
Սրանից մեկ տարի առաջ այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչները վատ էին զգում, որ իրենց համեմատում էին նախկինների հետ: Հիմա հակառակն է, նախկիններն են վատ զգում համեմատության համար: Որովհետև նախկինում կար Շմայս, որի խոսքից զարհուրում էին, բայց կար նաև Արփինե Հովհաննիսյան, որին լսում ու գոնե ուրախանում էիր, որ Շմայսները քիչ են խոսում, Արփինեները՝ շատ: Իսկ այսօր դուք ինչո՞վ եք տարբերվում Շմայսներից: Արդարության համար ասեմ, Շմայսին գոնե սազում էր այդ ժարգոնով խոսելը: Իսկ մեծ տարբերությունը, թերևս, այն է, որ ձեր մեջ չկա մեկը, որին կարող ենք լսել ու հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ կորած է:
Կրկնում եմ, սա մեկ-երկու հոգի չէ, այլ խմբակցություններ են, մարդիկ երկու տարի առաջ նույն թիմում են եղել, իրար հետ ճանապարհ են անցել, իրար մասին գաղտնիքներ գիտեն, մեկից բամբասել են, ու հիմա այդ ամենը ջրի երես են դուրս հանում: Ու դա չեն անում որևէ բակի բեսեդկայում, այլ անում են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, ուղիղ եթերով, բոլորիս աչքի առաջ:
Ցավն այն է, որ սա առաջին անգամը չէ: ԱԺ նախագահն ամեն նիստի ժամանակ պատգամավորների է նկատողություն տալիս, անկյուն կանգնացնում, թեև ինքն էլ է տույժի ենթակա:
Նույն դահլիճում երկու ամիս առաջ իրար էիք քաշքշում, դրանից հետո էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր հարցնում, թե ում սիրտն է ռազբորկա ուզում: Պատգամավորներն իրար հետ շփվում էին արա-յով կամ արան դու ես-ով: Ու ցավն այն է, որ սրանից բացի բան չենք տեսնում:
ԱԺ նիստերն անցնում են կիսադատարակ դահլիճում, խորհրդարանը լրիվ դակող մարմնի է վերածվել, այն աստիճանի բիրտ, որ քննարկած ու մերժած օրինագիծը մեկ ժամ հետո նորից բերում են ու թաքուն քննարկում-անցկացնում եք: Խորհրդարանի իշխող խմբակցությունը միաձայն ընդունում է կառավարության բերած գրեթե բոլոր օրինագծերը, իսկ սեփական արտադրանքներն այնպիսին են, որ վնասում են հասարակության տարբեր շերտերի:
Ականջդ կանչի, Մակունց, ասում էր ես բացառում եմ, որ Իմ քայլը դակիչի դեր ստանձնի: Հենց այս պահին 80-ից ավելի պեչատ կա Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որով անգամ հիգիենայի թուղթ է կնքում:
Ու սա կորոնավիրուսով վարակվածներով տարածաշրջնում առաջատարներից մեկը համարվող խորհրդարանական երկրում: Ես՝ քաղաքացիս, ժողովուրդը ձեզ դրա՞ համար ենք պարգևավճար ու աշխատվարձ տալիս:
Ախր, միայն խորհրդարանը չէ: Երեկ՝ ապրիլի 28-ին, նաև Երևանի ավագանու նիստ էր: Դարձյալ նույն բառապաշարը՝ իրարից հաշիվ էին պահանջում, թափթփուկ անվանում:
Տղերք, դուք այդպես տրորում եք առաջին հերթին ձեր քաղաքական առաջնորդին, դուք նրան թև ու թիկունք չեք, դուք ոչ միայն ձեզ, նրան էլ չեք հարգում: Բայց հանուն արդարության նշեմ, որ նրանց բառապաշարը ոչնչով վատը չէ Նիկոլ Փաշինյանի բառապաշարից։ Ավելին, նրանց այս կեցվածքի առաջին մեղավորը հենց Փաշինյանն է: Սամասուդի թեզը հենց Փաշինյանը դրեց շրջանառության մեջ։ Էնպես որ, ձեզ տեսնեմ, տղերք և աղջիկներ: Հանաք եմ անում իհարկե, ասեմ՝ եթե չեք հասկանում:
Կարճ ասած՝ արդար է, ժողովուրդ, վայելեք: Դուք եք բերել, դուք եք քշելու: Որքան շուտ, այնքան լավ ու առաջին հերթին՝ հենց ձեզ համար:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը