23 04 2020

«Կարճ ասած». Երկերեսանի արդարադատության ռահվիրաների մասին



Եթե ես հիմա ասեմ, որ Հայաստանում գոյություն ունի դատական համակարգ ու արդարադատություն, նշանակում է՝ խորը վիրավորանք հասցրած կլինեմ այն երկրներին, որոնցում մարդու իրավունքները իրոք գերագույն արժեք են և ոչ թե թղթի վրա՝ Սահմանադրության մեջ, այլ գործնականում: Իհարկե, ունենք մարդիկ, որ հագնում են պատմուճան, բայց որոշները կան, որոնք առանձնապես կապ չունեն արդարադատության հետ: Աշխատանքը, որը նրանք են անում, բնորոշ է Խորենացու «Ողբում» գրվածին:

Հայաստանում դատավորի լավ կամ վատ լինելը մեծամասամբ կախված է նրանից, թե քանի անգամ ես իշխանության հետ կռիվ տվել արդարադատություն իրականացնելու համար, քեզ հրե՞լ-գցել են աշխատանքի գնալու և գործ քննելու համար, քո վրա ապօրինի գործ սարքե՞լ են, քո որոշման պատճառով շրջափակե՞լ են դատարանի դռները, քո հեռախոսահամարը գցե՞լ են համացանց կամ ընտանիքիդ անդամների հեռախոսահամարներն ու բնակությանդ հասցեն, քեզ սպառնացե՞լ են բարձր իշխանության մասշտաբով, թե՝ ոչ: Եթե դուք ձեզ համարում եք լավ դատավոր, ուրեմն այս փուլերով եթե չէք անցել, հաստատ կանցնեք, քանի դեռ Հայստանում իշխում են այս իշխանիկները:

Իշխանության քայլերը հստակ են, նա այլևս դիտմամբ, հատուկ ընտրում է այն դատավորներին, որոնք իր հովանավորյալներն են՝ այդ թուլությունն ու միջակությունը չնկատելու և նախկինում գործած զանցանքները չտեսնելու տալու դիմաց: Ցավոք, իշխանության կադրային քաղաքականությունը ի սկզբանե հենված է եղել միջակությունների և թույլերի վրա, նույնն է նաև դատական համակարգում:

Այլապես զարմանալ կարելի է, ինչպե՞ս կարող է իշխանությունը լինել նորմալ, բայց բարձրագույն դատական խորհրդի նախագահ լինի, ասենք, -1 վարկանիշ ունեցող անձը: Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ կազմ ընտրողները չե՞ն կարդացել Սահմանադրության 174-րդ հոդվածը, որը սահմանում է ԲԴԽ անդամի համար բարձր մասնագիտական որակ ունենալու, հեղինակավոր իրավաբան լինելու չափանիշ: Մինուս 1-ի հեղինակավորը ո՞րն է, դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչը աշակերտի նշանակում է 2-ից հանած՝ որպես բացառիկ ծույլիկի, որը գրքերն ու տետրերը թողնում է տանը ու գալիս դասի, դասն էլ՝ չսովորած:

Հայաստանի դատական համակարգում երկակի ստանդարտները այլևս կասկած չեն առաջացնում անգամ ամենից անտեղյակի մոտ, ամեն բան այլևս ակնհայտ և անթաքույց է արվում, աչքներիս մեջ նայելով, մի տեսակ քմծիծաղով: Օրինակ՝ կարելի է մի դեպքում կոռուպցիոն գործում մեղադրվողի ընդամենը լիազորությունները սառեցնել, մյուս դեպքում՝ չնչին վրիպակի առիթով կալանավորել, կարելի է փոխգնդապետին մահվան շեմին հասցնողին կալանքից ազատ արձակել, մյուս դեպքում թեթև քաշքշուկի մասնակցին եռամյա ազատազրկման դատապարտել՝ քաղաքական նկատառումով, կարելի է կաշառք առաջարկողին չկալանավորել, այդ նույն ենթադրյալ կաշառք տալուն իբր օժանդակողին կալանավորել: Կարելի է նույն հոդվածով դատվող 7 հոգու ազատ արձակել, գործն էլ կարճել՝ հոդվածի հակասահմանադրական լինելու համար, բայց այլ մեկի դեպքում նույն հոդվածով մեղադրանք առաջադրել ու անհապաղ կալանավորել: Այս երկու տարվա մեջ այնքան օրինակներ տեսանք, կարող եմ մի 10 րոպե էլ թվարկել: Սա՛ է այդ արդարադատության որակը, որը տեղի է ունենում այսօր, այսօրվա իշխանության օրոք: Ու ԲԴԽ նախագահը ձկան պես լուռ է՝ ամբողջ թիմով հանդերձ ու հենց ա՛յդ դեպքերում:

ԲԴԽ-ն դիմել է դատախազություն մեր հաղորդման հետ կապվսծ, որում անդրադարձել էինք դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծին: Ասում են, թե դատավոր տիկնոջը վիրավորել ենք և բժշկական գաղտնիք բացահայտել, այսինքն՝ ասել ենք, թե ինչ վիրահատության է ենթարկվել: Տրամաբանությունը, իհարկե, աբսուրդ է, քանի որ մենք չենք բացահայտել գաղտնիք, մենք այն չենք իմացել, որ բացայատեինք, իմացել ենք այնքանը ու այնտեղից, որտեղից իմացել են բոլորը և խոսել դրամ մասին: Բայց այստեղ կա այլ երկակի մոտեցում ևս:

Երբ ես նշում եմ, որ դատավորը առոք-փառոք գնացել է սիրունանալու, դա վիրավորանք չէ, դա նշանակում է, որ ես ընդգծում եմ գեղեցկության նկատմամբ նրա կանացի թուլությունները: Այ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դատավորները վնգստում են դռների տակ, հենց դա վիրավորանք է: Դիմում ենք ԲԴԽ-ին՝ վարչապետի հայտարարությունների կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար, դատավորներին գոնե ձևական պաշտպանության համար. պատասխանում է, թե՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականները չի մեկնաբանում: Այ այստեղ ստոպ: Իսկ Ռուբեն Վարդազարյանը ինչի՞ց որոշեց, որ դատավորների վնգստալու մասին վարչապետի գնահատականները քաղաքական են, իսկ գլխավոր խմբագրիս և քաղաքական մեկնաբանիս հաղորդման մեջ հնչած տեսակետները իրավաբանների ակադեմիական դասընթացի նյութ: Կարո՞ղ է պարոն Վարդազարյանը բացատրել: Մի դատավոր էլ ինքն է և ենթադրվում է, որ վնգստացող ասելով նաև նրան կարող է նկատի ունենալ Փաշինյանը:

Պատասխանը չկա: Ավելին, դատավորի, ԲԴԽ-ի ու արդարադատության նկատմամբ առավել մեծ վիրավորանք պետք է լիներ կառավարության անդամ-նախարարի հայտարարությունը, որ դատական երեք ատյաններով անցած վճռի վրա թքած ունի, և չի կատարելու, որովհետև, ուշադրություն՝ «ՀՀ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը», այսպես ձևակերպեց նախարար Թորոսյան Արսենը: Այս հայտարարությունն էլ անցավ անհետևանք, ոչ ոք չվիրավորվեց: Դժվար թե այս կոնկրետ վիրավորանքից շոյվեցին, որը ներառում է ամբողջ դատական համակարգը, այսինքն առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանները, ԲԴԽ-ն, բոլոր-բոլորին, ընդ որում՝ երեսներիդ ասելով, որ չի կատարելու այն որոշումները որը դուք վճռել եք, որովհետև նա կարծում է որ դուք վստահություն չեք վայելում, և այդքանը բավարար է: Այս ամենը ընդամենը ծիծաղելի կլիներ, եթե ասած չլիներ կառավարության անդամը:

Պա՛րոն Վարդազարյան, բարեկամ, բացատրու, տեսնեմ, թե ինչո՞ւ եք վարչապետ Փաշինյանի անձնական ու մասնագիտական կոպիտ վիրավորանքից, նախարար Արսեն Թորոյանի արհամարհանքից շոյվում, իսկ իմ՝ լրագրողիս կսմիթից այնտեսակ վիրավորվում, որ միանգամից դիմում եք դատախազություն: Ի՞նչ է վարչապետը ճի՞շտ է ասել, որովեհտև իրո՞ք գիշերները չե՞նք կարողանում քնել դատավորների վնգստոցի ձայնից:

Գուցե բորբոքվել եք նրա համար, որ դատավորը կի՞ն է: Հուսամ՝ ոչ դրա համար: Այլապես հետաքրքիր է՝ դատավորի կինն ու տղամարդը ո՞րն է: Նույն օրը, երբ մենք հիշատակում էինք Աննա Դանիբեկյանին, և ենթադրում եմ դուք նստած վիրավորվում էիք, ՀՔԾ ծննիչ Հրաչյա Մուշեղյանը դիմում էր արդարադատության նախարարություն ամենավարկանշային դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: ԲԴԽ-ն ի՞նչ ասաց ու արեց: ԲԴԽ-ն ի՞նչ արեց, երբ նույնությամբ գործ հարուցվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա, ի՞նչ արեց, երբ նրա տան հասցեն ու հեռախոսահամարները նետեցին համացանց, և սկսեցին անթաքույց սպառնալիքներ հղել նրա և ընտանիքի հասցեին: Կհիշեցնե՞ք, այդ ժամանակ դիմեցի՞ք դատախազություն: Էն որ դատարանի դռները շրջափակել էին նույն վարչապետի կոչով, որ անգամ պաշտոնյաներ և պատգամավորներ ի կատար էին ածում վարչապետի հրամանը, բոլորիս աչքի առաջ, երբ վարկանշով երկրորդ տեղը զբաղեցնող դատավոր Դավիթ Բալայանին գետին էին հրում-գցում, ՍԴ կին դատավոր Ալվինա Գյուլումյանին հրում, քաշքշում էին, ԲԴԽ-ն ու իր նախագահն ո՞ւր էին, դիմեցի՞ք դատախազություն: Ժողովուրդ դուք լուրջ մտածում եք, որ սրանք մարսելո՞ւ եք:

Աննա Դանիբեկյանին ինչո՞ւ անդրադարձանք, որովհետև մարդը երկու ամիս խափանման միջոցի քննությունը թողնում է ու գնում հանգստանալու: Դատավորը ընդամենը 3 ամիս առաջ գնացել է արձակուրդ, մեկ ամսով, հիմա էլ է գնում՝ թիվ մեկ հնչեղության գործը կիսատ թողած, նախկին նախագահի երաշխավորության միջնորդությունը չքննելով: Շատերի կարծիքով՝ արհամարհում է: Մտածում եք պետք է չանդրադառնա՞նք ու չքննադատե՞նք: Արդյո՞ք դատավորի գոնե այդ արածը բարոյակա՛ն է և վիրավորական չէ, հասարակության այն հատվածի համար, ով երկրորդ նախագահին չի համարում հանցագործ, և վստահ է, որ նա արդարացվելու է: Բայց հարցն այն է, որ այս շախմատային տախտակի վրա Դանիբեկյանի դերակատարումը կարևոր է բայց ոչ վճռորոշը: Այստեղ, իմ կարծիքով և արդեն շատերի կարծիքով, որոշողները բոլորովին այլոք են: Բացի հայտնի գաղտնալսման մեջ երևացող գլխավոր հերոսներից, ըստ մամուլի հրապարակումների, խաղացող են նաև ԲԴԽ նախագահը, դատարանի նախագահը:

ԲԴԽ նախագահի զրոյից ներքև վարկանիշի մասին արդեն խոսեցինք:

Ի՞սկ ո՞վ է դատարանի նախագահը և ի՞նչ քավարանով է անցնում նա:

Արթուր Մկրտչյան. Դատավոր, որի խղճին մի քանի գործեր կան, այդ թվում՝ խղճի կերպար համարվող Հաց Բերողի մահը: 2017թ. փետրվարի 9-ին հենց ա՛յս դատավորն է Արթուր Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշումը կայացրել։ Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց՝ ի նշան բողոքի, 25 օր հացադուլում մնալուց հետո նրա առողջական վիճակը վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։ Այս դատավորը կալանավորեց մարդու, որն ուներ անբուժելի հիվանդություն, դա հայտնի էր: Արթուր Մկրտչյանը հայտնի է նաև Սյունիքում Բուդաղյանների աղմկահարույց գործում բացասական դերակատարմամբ: Այս դատավորի որոշումների պատճառով ոչ մեկ անգամ է Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռներ կայացրել՝ պարտավորեցնելով խոշոր գումարներ գանձել պետական բյուջեից:

Արթուր Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց նույն Բարձրագույն դատական խորհրդի գաղտնի քվեարկությամբ՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին: Ասում են՝ դա պարգև էր նրան դրանից ամիսներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու համար: Նշեմ նաև, դատարանի նախագահ ընտրվելու ժամանակ նրա վարկանիշը 2 էր, իսկ այժմ 0 է. այսինքն, որպես դատարանի նախագահ ևս իրեն ներկայացրել է վատ դիրքերից: Հիմա այս մարդը՝ դտարանի՝ 0 վարկանշով նախագահը, խաղում է երկրորդ նախագահի առողջության ու ճակատագրի հետ՝ դատավոր Դանիբեկյանին չպարտավորեցնելով կատարել իրեն լիազորված արդարադատությունը:

Կա վիրուս, որը խիստ վտանգավոր է և շատ դեպքերում՝ մահացու: ՔԿՀ աշխատողներ, ոստիկանության ու դատարանների աշխատողներ են վարակված, ու այդ վտանգի տակ պահվում է 65-ամյա երկրորդ նախագահը: Համեմատելու համար նշեմ, որ շքեղ պայմաններում ապրող Փաշինյանը, որը բարձր կարգի պաշտպանություն ունի, հենց փռշտում է, թեստ է հանձնում, ու արդեն երեք անգամ փռշացել է: Իսկ երկրորդ նախագահը, որը այս պահին հիվանդություն ունի և ռիսկային տարիքի է, թողել են բախտի քմահաճույքին:

Եթե այսօր դատավոր Դանիբեկյանը շատ ուզենա գալ արդարադատությունն իրականացնելու, վստահ եմ, նա չի կարողանա, որովհետև այդ դատարանի դռների տակ պատվերով վնգստացողները (ձևակերպումը Նիկոլ Փաշինյանինն է) չեն թույլ տա դա: Երևի թե դատավորին ասում են՝ Աննա ջան, մի քանի օր էլ արձակորդ վերցրու, մինչև վիրուսը նահանջի: Դատարանի նախագահը նոր դատավոր էլ չի նշանակում գործը քննելու համար: Ի՞նչ է, դուք իրոք վստահ եք, որ Կենտրոն ՔԿՀ-ում երկրորդ նախագահը երաշխավորված է՞ վարակից: Իսկ եթե վարակվե՞ց, ո՞նց եք դրա տակից պլստալու:

Կարճ ասած, մենք արդարություն ենք պահանջում մի համակարգից, որտեղ 0 վարկանիշ ունեցողը դատարանի նախագահ է, մինուս վարկանիշ ունեցողը՝ ԲԴԽ նախագահ, մյուս մինուս վարկանիշ ունեցողը ուզում է դառնալ ՍԴ նախագահ: Ու բարձր վարկանիշ ունեցողներից մեկը, որը երկու տարում իրեն վարկանշային սանդղակից անդունդը գցեց, վարչապետ է:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ