17 01 2025

«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկվել է․ «Կարճ ասած»



 

Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքաղաքական ղեկավարության դատավարություն կոչված ֆարսը։ Այն մարդիկ, որ երկիր են պահել-պաշտպանել, զարգացրել, թշնամու բանտերում տառապում են, ու դա ՀՀ ղեկավարության ամոթն է։ Ինչպես որ առաջ, այնպես էլ հիմա անտրամաբանական է, թե ինչու էր այսօր բողոքի ակցիան տեղի ունենում ոչ թե Փաշինյանի նստավայրի դիմաց, այլ՝ Ֆրանսուազ Ժակոբի։ ՄԱԿ-ի համակարգողն ի՞նչ պետք է անի։ Այդ մարդիկ Բաքվում են, գերության մեջ են, որովհետև վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։

Երեկ հրապարակվեց Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ Տավուշից հանձնումներ են անելու, մեր կոմունիկացիաներն անցնում են Ադրբեջանին, հայ-վրացական մայրուղին անցնում է Ադրբեջանին, գազատարն անցնում է Ադրբեջանին: Ինչո՞ւ․ որովհետև Հայաստանում վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։

Մեր վիճակն իրականում շատ խնդալու է․ ինչո՞ւ է խնդալու․ ունենք իշխանություն, որից ոչ մեկս լավ բան չենք սպասում։ Ոչ մեկս, կրկնում եմ։ ՔՊ-ականները չեն սպասում․ չեմ լսել ՔՊ-ական պաշտոնյան ասի՝ հեսա Նիկոլը Ալիևի հետ նենց ա բանակցելու, որ մեր տարածքները հետ բերենք․ չեմ հանդիպել ՔՊ-ականի, որը վստահ է, որ Նիկոլը հեսա խաղաղության պայմանագիր է բերելու։ Չեմ հանդիպել ՔՊ-ականի, որ ասի, որ տնտեսությունը էնպես ա զարգացնելու, որ միջին վիճակագրական քաղաքացին ապրի ՔՊ-ական պաշտոնյայի նման։ Նրանք Նիկոլից սպասելիք չունեն։ Չեմ հանդիպել նաև Նիկոլի ընտրողի, որը Նիկոլից ինչ-որ լավ բաներ է սպասում․ ոչ, ընդհակառակը, ասում են խեղճ հարիֆի ձեռքին ի՞նչ կա, որ ինչ անի։ Նիկոլին չընտրողնը առավել ևս նրանից չի պասում ոչ մի դրական բան։ Բայց մենք բոլորս, որ նրանից դրական բան չենք սպասում, զարմացած արձանագրում ենք՝ այ այսօր հերոս տղերքին վատ բան ասաց, էսօր էլ սրանց պիտակավորեց, էսօր մեր փողերով թռավ էսինչ զբոսաշրջային երկիրը, էսօր Ալիևի ծաղրանքին չպատասխանեց, էսօր ավտոյի տակ հղի կնոջ տվեց-սպանեց։ Գիտենք ինքը ով է, նրանից չենք սպասում հրաշքի, վատ բաներ ենք սպասում, ու իրականանում են։

Հայաստանի ամբողջ բնակչությունը Նիկոլ Փաշինյանին մերժելու լիքը պատճառներ ունի, եթե Արցախի հարցով մարդիկ կային, որ անտարբեր մնացին, մեր սահմաններից հանձնելու մասով անտարբեր մնացին, էս տարվան ու եկող տարվան վերաբերող որոշումները սաղ քաղաքացիների մասին են։ Հայաստանի ամեն քաղաքացու ֆինանսական բեռ Նիկոլի հարկային քաղաքականության պատճառով, տարեկան ավելանում է առնվազն 3-400 հազար դրամով։ Գույքահարկ, տրանսպորտ, տարբեր թանկացումներ։ Սա նրան մերժելու կարևոր պատճառ է։

Նիկոլը ի՞նչ է պատասխանում էս բոլոր թանկացումներին․ ասում է՝ պետք է թանկացնենք, պետություն ենք կառուցում։ Բայց իրո՞ք կառուցում ես, ի՞նչ ես կառուցում։ Վերջերս մի հանդիպման ժամանակ ռուսներն ինձ ասում են գիտե՞ս մեր սոցիալական վիճակը շատ լավ չէ, ձեզնից որ լավ է, բայց շատ լավ չէ․ բայց ժողովուրդը մոտենում է ըմբռնումով․ որովհետև էսօր աշխարհի ամենահզոր պետությունն ենք․ ասում է՝ մեր երկրի ղեկավարը անուղղակիորեն պատերազմում է մի 50 երկրի դեմ, ամբողջ աշխարհի զենքերի դեմ ու հաղթում է։ Դուք, ասում են, մեզնից վատ եք ապրում, ձեր քաղաքացիները մեր երկիր գալիս են շինարարական աշխատանքներ են անում, բայց հետն էլ ահմանները խախուտ են, անվտանգ չեք։ 

Ժողովուրդ ջան, դու էսքան զրկանք ես որ կրում, մի հատ ինքդ քեզ հարց տուր՝ ինչի՞ համար։ Հարկերը թականում են, թոշակը ցածր է ու չեն բարձրացնում, նպաստը կտրում են, գնաճը աստղաբաշխական թվեր է, աշխատավարձը քիչ է, էս ամենը կարգավորելու փոխարեն, որը իրենց խոստումն էր, վրադ մունաթ են գալիս․ բայց էսքանով հանդերձ, չես կարող ասել դե ոչինչ, զաթո ամուր պետոթյան մեջ եմ ապրում, որովհետև երեկ հերթական հանձնումների անոնսն են արել սահմանազատման անվան տակ։ Ադրբեջանին, կրկնում եմ, պետք է հանձնվեն Հայաստանից նորանոր տարածքներ։

Հիմա հարց, շատ կարևոր, կասեի՝ ամենակարևոր հարցը՝ նման իշխանություն պահում ես ի՞նչ անես։ Եթե իմ սոցիալականը վատ լիներ, բայց ունենայի ամուր սահման, կասեի՝ դե լավ, ոչինչ, զաթո անվտանգ եմ, հասկանում եմ ինչի համար եմ վատ ապրում։ Բայց հա՛մ վատ եմ ապրում, հա՛մ փող եմ մուծում, որ երկիրը երկիր դառնա, բայց երկիրը երկիր չի դառնում, իսկ նիկոլենք դառնում են միլիոնատերեր։ Ժողովուրդ ջան, իրոք, եթե քո պարզ, էլեմետնտար խնդիրները չի կարողանում լուծել, որը խոստացել է, Ադրբեջանի հետ չի կարողանում, որը խոստացել է, Իրանի հետ չի կարողանում, որը խոստացել է, ռուսի հետ չի կարողանում, որը խոստացել է, ո՛չ ներսն է կարողանում, ո՛չ դուրսն է կարողանում, իրեն պահելու մոտիվացիան ո՞րն է։

Տավուշ նկարահանումների էի գնացել, գյուղացին իր գելխեղդ շանը ավտոյի բեռախցիկն էր դնում, ասում է՝ տանում եմ դաշտերը թողնեմ, նադայել եմ եղել։ Ասում եմ՝ լավ էլ թափով շուն ա, գելխեղդ, ինչի՞ ես վռնդում։ Ասում ա՝ գիշերները հայաթում արձակած եմ թողնում, որ գողություն-բան չլինի։ Երկու տարի առաջ գոմիցս երկու ոչխար գողացան, դաժե չէր հաչացել․ երեկ էլ տան կցակառույցից կարտոֆիլ ու փայտ գողացան, էլի չհաչաց։ Ասում է՝ շաբաթը մեկ մսագործից ոսկոր, փորոտիք եմ բերում, լավ կերակրում եմ, իրենից մնում է մի հատ հաչալը, էդ էլ չի անում, պահում եմ ի՞նչ անեմ։ Մենակ կեր է ուտում, անիմաստ ծախս է։ Տերը էն բանից հետո, երբ իր շունը, փաստորեն, թույլ է տվել իրեն էդքան վնաս տան, հասկացել է, որ շունը լեգիտիմ չէ, քաղաքական խոսքով ասած։

Օրինակը բերում եմ առանց վիրավորանքի․ փաստացի՝ դու պահում ես իշխանություն, որի համար մենակ անընդհատ փող ես տալիս, կերակրում ես, քեզնից պոկում ու տալիս ես, այսինքն՝ ինչը մեզնից հասնում է, անում ենք, հարկեր են հորինում նորանոր, դա էլ ենք տալիս, իրեն մնում է իր խոստումները կատարել, սահման պահել, այսինքն՝ անել այն, ինչի համար իրեն պահում ենք ու կերակրում, էն էլ չի անում, կենդանական լեզվով ասած՝ իսկի կատվի հետ չի կարողանում բանակցել։ Բայց զավեշտն այն է, որ ասել է՝ ինձ բերեք՝ սենց կպահեմ, էս կանեմ, էն կանեմ։

Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի կուսակցության անունը․ «Քաղաքացիական պայամանագիր»․ պայմանագիր քաղաքացու հետ։ Ի՞նչ է պայմանագիրը՝ երկու և ավելի անձանց համաձայնություն իրավունքների, պարտականությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը էդ պայմանագրով քեզ ինչ խոստացել է, ոչ մի բան չի արել, ես միշտ կարդում եմ նրա խոստումների ցանկը։ Հազար բան է խոստացել, որոնք պետք է քո կյանքը դրախտ սարքեին, ոչինչ չի արել, բայց խոստացածի հակառակն արել է, երկիր է հանձնել, սահմանները փոքրացրել։ Այսինքն՝ պայմանագրով իր պարտականությունները չի կատարել, բայց քո վրա ամեն օր նոր պարտականություններ է շարում, ու դու խելոք խելոք կատարում ես, բայց էն պահից, որ ինքը պայմանագրի դրույթներից հրաժարվեց, էդ պայմանագիրը լեգիտիմ չէ։

Պատկերացրեք ընտանեկան զույգ, ամուսնացել են 7 տարի առաջ, բայց 6 տարի է՝ իրար հետ չեն ապրում․ զագսով չեն բաժանվել, բայց չեն ապրում իրար հետ, հիմա իրենք լեգիտիմ ամուսիններ ե՞ն, թե ոչ։ Ոչ․ անկախ նրանից՝ զագսի թուղթը չեղարկել են, թե չէ։

Կարճ ասած՝ քո 2021 թվականի ընտրության արդյունքով ձևավորված իշխանությունը այլևս լեգիտիմ չէ, որովհետև էն ծրագիրը, որի համար քեզնից ձայն են կորել, չկա, չի գործում, լրիվ հակառակն են անում։  Լեգիտիմությունը դա չէ, որ ինքը ընտրվել է, այլ այն, որ ինչի համար ընտրվել է, կատարի։ Չի կատարել, ուրեմն լեգիտիմ չէ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, սա քեզ համար, կարծում եմ, պետք է հիմք լինի, որ հետագայի համար հետևություն անես։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ