Կառվարությունը այսօրվա՝ հունվարի 16-ի, նիստում ընդունեց որոշում՝ ստորագրել Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ V» ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը