Քա՞նի հայտնի, տիտղոսակիր մարզիկի անուն եք ուզում տամ, որոնք վերջին տարիներին Հայաստանի դրոշի տակ հանդես չեն գալիս։ Նեղացել-գնացել են։ Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան․ օրերս իմացանք, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ստացել է ՌԴ քաղաքացիություն ու ընդգրկվել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում։ Այս իշխանության հետ հրաժարվում է աշխատել։ Եթե թվարկելու լինենք երեք մարզաձև, որում Հայաստանը հայտնի է աշխարհում, հաստատ այդ երեքից մեկը լինելու է ըմբշամարտը։ Երևանում վաղը մեկնարկում է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունը։ Թեև ինքը բանակային խաղ է անվանվում, սակայն մի շարք երկրներից մասնակցում են ուժեղագույն ներկայացուցիչներ ոչ բանակից։ Ինչ-որ փաստաղթային ձևակերպումներով իրենց լավագույն մարզիկներին տարբեր երկրներ ներառում են մասնակիցների ցանկում։ Իսկ ի՞նչ է արել այսօրվա, էս «հպարտ» Հայաստանի իշխանությունը, ունենալով այս պահին զինծառայության մեջ գտնվող ուժեղագույն ըմբիշներ, հանել է նրանց մասնակիցների ցանկից։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն է, 2024թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, այս պահին գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, սակայն նրան չեն ընդգրկել այս առաջնությանը մասնակիցների ցանկում: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն և աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն Վիգեն Նազարյանը ևս չեն ընդգրկվել։ Նրանք ևս բանակում են ծառայում։ Ազատ ոճի ըմբիշներ՝ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, աշխարհի զինվորական առաջնության չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը և այլ տղաներ ևս, որ տիտղոսակիր են ու ծառայում են բանակում, դուրս են մնացել ցուցակից։ Ինչու՞, բացատրություն չկա։ Օրինակ, օգոստոսին, երբ զորակոչվում էին բանակ, ՊՆ-ն իր մեդիայով նրանցով գովազդվում էր։
Գիտե՞ք սա ոնցոր նոր իրավիճակը լինի, էն որ բազմաթիվ պաշտոններում, որ մրցույթով է ընտրությունը, անվանի, փորձառու թեկնածուները չեն հաղթում ու հաղթում են ՔՊ-ական նորելուկները, այ դրան է նման։ Չեմ ուզում մասնակիցներին թերագնահատել, չեմ ճանաչում, կարողությունները չգիտեմ, գուցե մեդալներով վերադառնան զորամաս, բայց փաստ է, որ ունենք չեմպիոններ, որոնց դուրս են թողել մրցապայքարից․ թե ինչու՝ մնում է գուշակենք այսօրվա քաղաքական տրամաբանության մեջ։
Սուրեն Պապիկյանի նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Արման Դավթյանին հարցնում են՝ ինչո՞ւ եք տիտղոսակիր մարզիկներին դուրս թողել մասնակիցների ցանկից, պատասխանում է՝ որ զերծ մնանք շահարկումներից։ Բացատրություն, որ ուղեղում չի տեղավորվում։ Չեմ հասկանում՝ ինչ է ուզում ասել, երևի՝ որ թուրքերը չասեն ինչու եք ուժեղ մարզիկների ներկայացրել առաջնութա՞նը։ Տղաները գիտեին, որ առաջնություն է լինելու, պատրաստվել են, որ երկիրը պատվով ներկայացնեն, վերջին պահին ասել են՝ չէ, ոնց-որ լավ եք պատրաստվել, դուք չեք մասնակցի։
Այդ միջոցառմանը, մասնակցում է շուրջ 25 երկրի շուրջ 400 մարզիկ․ ամենապատրաստվածներից են, ինչպես նշում են շատերը, Թուրքիայի մարզիկները։ Ու հիմա կասկածներ են հնչում, որ այս ամենը ավելի շատ քաղաքական շոու է, արվում է Փաշինյանի՝ Էրդողանի գիրքը գրկելու, հայ-թուրքական հարաբերությունների սիրախաղի շրջանակներում, որպես բարի ժեստ․ մենք ուժեղներին չենք ներկայացնի, դուք եկեք Երևանում, Ծիծեռնակաբերդի քիպ կողքը մեզ հաղթեք։
Ժողովուրդ ջան, թվում է, թե սա սպորտային միջոցառում է, բայց ակնհայտ է, չէ՞, որ սա ըմբշամարտի մասին չէ այնքան, որքան բանակի ուժի ցուցադրության և բնականաբար՝ բանակը քանդած իշխանությունը չի ուզենա, որ բանակում թեկուզ այս անշառ թեմայով լինեն հաղթողներ։ Երկու օր առաջ Նիկոլն ասում էր՝ մեր սխալն այն է, որ բանակին փառաբանել ենք․ իր պահած բանակը քանդվող բանակն է, զենքերը հանձնված բանակն է, զինվորներին մահվան տանող բանակն է։ Սա չի ուզում, որևէ կերպ հաղթող բանակ ցույց տալ, տանել չի կարողանում։ Դե իհարկե, մի ղեկավար, որ ամեն օր բանակին փնովում է, համարում դասալիք, դիրքերը քանդել է, զորամասերը վարի է տվել, կուզենա՞ թեկուզ սպորտում ուժեղ բանակ ցույց տալ։ Որովհետև չկա տրամաբանություն, ցանկացած պարագայում հասկանալի չէ, թե ինչու պետք է աշխարհի առաջնություն լինի ու դու, քո երկրում տեղի ունեցող մրցումներին չուզենաս ուժեղագույն սպորսմեններով հանդես գալ։ Հասկանալ հնարավոր չէ․ որովհետև առաջնությունը հենց ուժեղագույնների մասնակցության տեղ է։ Հիշում ե՞ք, որ մեր զինվորները մասնակցել էին զորավարժության ու տարել առաջին մրցանակը՝ տանկ, որքա՞ն մեծ էր ոգևորությունը, մեր բանակի հզորության հերթական վկայությունն էր։ Չեն մարսել, երևում է։ Դե հիշեք, խնդրեմ, այս իշխանությունը չէ՞, որ անընդհատ գովազդում է՝ մենք թույլ ենք, պարտված ենք, բայց հպարտ ենք մեր պարտությամբ, հաղթող բանակ չունենք, թալանված ու ջարդված բանակ ունենք, որի զինվորը խրճիթում է ապրում և վառվելով զոհվում։ Ժողովուրդ ջան, այ իմ միամիտ ժողովուրդ, այս մարդիկ հատուկ, այո հատուկ ֆետիշացնում են անհուսությունը, թուլությունը։ Գժվելու բան է, բայց աշխարհում, պատմության մեջ, չի եղել սենց դեպք, երբ իշխանությունը քարոզի պարտություն ու հարմարվողականություն թշնամուն։
Անգամ այս, ընդամենը Բանակային խաղերին Հայաստանի մասնակցության օրինակով, կարող ենք գաղափար կազմել, թե ինչու մեր բանակը այդպես ներսից քանդվեց ու ինչու այդպես խայտառակ պարտվեցինք պատերազմում։
Բա ունես ուժեղ, տիտղոսներ նվաճած, միանշանակ ուժեղ մարզիկներ ու նրանց չես տանում մրցույթի, այսինքն՝ էլի ամեն բան անում ես ու դիտմամբ տանում ես պարտության։ Պատերազմի ժամանակ ո՞նց էր, գեներալ-գնդապետներին, ծառայություն մատուցած, վաստակ ունեցող գեներալներին չէին թողնում մոտ գնան հրամանատարական շտաբին, բայց շտաբ ազատ մուտք ու ելք ունեին Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Ալենը, Աննա Հակոբյանը, Արծրունը, հետո էլ, թե բա՝ ի՞նչ էիք ուզում։ Իրոք որ, բա ի՞նչ էինք ուզում, քպական դասալիքների հրամանատարությամբ պետք է պատերազմ տանեի՞նք թուրքա-ադրբեջանական պատրաստված գեներալների՞ն։ Դու ինչպես որ պատերազմի ժամանակ քո զենքերն ու ուժը միտումնավոր չես օգտագործել, էնպես էլ հիմա ես քո լավագույն մարզիկներին թողնում պահեստայինների նստարանին։ Փաստացի, որտեղ դու էլ չես, ամեն բան անում ես, որ շանսերը քիչ լինեն հաղթանակի, իսկ պարտության համար ապահովում ես հնարավոր բոլոր պայմանները։
Նկատել ե՞ք, որ Նիկոլը թուրքերի հետ բանակցություններին, միշտ տանում է իր անկշիռ, սկսնակ, անորակ, անփորձ քպական ջահելներին, որոնք էն գլխից արդեն ձախողակ են։ Հլը տեսե՛ք, Թուրքիայի աշխարհահռչակ դիվանագիտության դիմաց մեր կողմից ովքե՞ր են բանակցում, վերջին ժամանակներին՝ թուրքի ագենտի համարում ունեցող Արարատ Միրզոյան, իր կյանքում ոչ մի բան չեղած Վահան Կոստանյան, նույնը՝ բանակից հետո միանգամից փոխնախարար դարձած Ռուբեն Ռուբինյան, ինքն էլ գլխավորում է պատվիրակությունը։ Զրո փորձ, զրո կենսագրություն, զրո գիտելիք, ու էդ արնախում շնաձկների, թուրք գելերի դեմ սրանց է հանում, որ ի՞նչ լինի, ժողովուրդ։ Որ հային լա՞վ լինի, որ մի բան ստանա՞նք, թե՞ անդադար տաք, զիջենք․․․
Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։
Կատարվողը, հնարավոր է, Էրդողանի գիրքը գրկելու շարունակություն է։ Ամեն բան անել, նպաստել թուրքերի հաղթանակին, որպեսզի Ծիծեռնակաբերդի հարևանությամբ հնչեցվի Թուրքիայի հիմնը, ծածանվի դրոշը, ու հայ զինվորները ոտքի կանգնեն։
Կարճ ասած՝ սա սպորտի մասին չէ, սա քաղաքական որոշում է, որ հայերը թուրքերին չհաղթեն որևէ ասպարեզում։ Սա չոքած դիվանագիտության, չոքած իշխանության մասին է։ ՔՊ-ն, որ երկիր խայտառակել է դիվանագիտության մեջ, մարտի դաշտում, հիմա դա անում է նաև երկրի ներսում, մայրաքաղաքի խորհրդանշական վայրում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ սպորտում։
Կրկնեմ, մեր մասակիցներին չեմ թերագնահատում, բայց նրանք պետք է իմանան, որ նրանց վրա պատասխանատվությունը կրկնակի է ու եթե որևէ մեդալ նվաճեն, դա լինելու է ի հեճուկս Նիկոլի ու ՔՊ-ի, կկարողանա՞ն դիմադրել նաև ներքին ճնշմանը․ հուսով եմ՝ այո։ Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, ի հեճուկս իշխանության։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը