2016 թվականին ԱՄՆ Իլինոյս նահանգում ինքնասպանություն գործեց Դենիել անունով 46-ամյա մի տղամարդ։ Երկտող էր թողել այն մասին, որ իրեն ոչ ոք այլևս չի սիրում։ Ինքնասպանության պատճա՞ռ է․ գուցե։ Դենիելը, սակայն, ո’չ պաշտոնյա էր, ո’չ գործարար էր, ոչ էլ, աշխատող մարդ էր, փոքր շրջապատով, երևի նեղված ընտանիքից, հարազատներից։ Մեզ մոտ, օրինակ, նույնպես կա մարդ, որին մեծամասամբ չեն սիրում, բայց ոչ թե Դենիելի նման քիչ հայտնի մարդ է, որին մահը բերեց ճանաչում, այլ մարդ է, որին համարյա ոչ մեկ չի սիրում, ինչան վատ բան կա ասում են, հիմնականում արդարացիորեն, բայց ոչինչ չի անում, անգամ չի ընդունում այն, ինչի համար իրեն չեն սիրում։ Այո, ճիշտ կռահեցիք, թե ում մասին է խոսքը։
Հայաստանում հարցումներ են արել, որի արդյունքը տխուր է իշխանության համար, սակայն որպես հանրության հետ մշտապես շփվող մարդ, ընդ որում՝ և’ իշխանության համակիրների, և’ հակադիրների, նշեմ, որ այս արդյունքը ինձ բացարձակ անակնկալի չբերեց։ Ինքս ամեն օր տեսնում եմ դիրքորոշումներում տարբերություն։
«Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - քաղաքացիներին այդ հարցն են ուղղել։ Նիկոլ Փաշինյանին չվստահողների թիվը կազմում է 66,4 տոկոս։ Ընդամենը 3 ամիս առաջ՝ նախորդ տարվա նոյեմբերին, 54,1 տոկոսն էր անվստահություն հայտնել Փաշինյանին։ Այսինքն, 3 ամսում 12,3 տոկոսով ավելացել է Փաշինյանից հիասթափվածների, դժգոհների թիվը։
2018 թվականin 80 տոկոսանոց ռեյտինգ ունեցողը դրանից 5,5 տարի հետո ունի արդեն 70 տոկոս անտիռեյտինգ։ Սա խոսում է իշխանավորի, որպես գործիչ վախճանի մասին։ Էսպիսի ցուցանիշ ունեցող մարդը, ո՞նց ասեմ, պիտի փախչեր։ Ու դա՝ էդ անկումը, եղել է մեր աչքի առաջ։ Պատերազմ, հանձնումներ, զոհեր, վատ կառավարում, վատ ելույթներ, ռեպրեսիաներ, էլի հանձնումներ, էլի զոհեր, էլի ռեպրեսիաներ, կամայական կալանավորումներ, սարքած քրգործեր, զրպարտիչ ու բան չասող բազմաթիվ ելույթներ, ու սա արդյունքն է։ Ամեն անգամ մի բան տապալել է, հետո հարցում է արվել ու պարզվել է՝ ռեյտինգը իջած է, բայց շարունայում է մնալ, տապալել ու տապալել, համապատասխան էլ՝ հիասթափեցնել։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի անվանական վարկանիշը նվազագույն մակարդակում է, բայց նա էդ ցածր վարչկանիշով շարունակում է փորձել ճակատագրական որոշումներ կայացնել՝ հողերի հանձնում, սահմանադրության փոփոխություն թշնամու թելադրանքով և այլն։ Նիկոլ Փաշինյանը, որպես իշխանություն, հանձնել է 13 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածք և կորցրել է 60 տոկոս վստահություն, բա ի՞նչ պիտի լիներ, կասեք։ Ու ի՞նչ, մտածում ենք, է հետո՞, հիմա ինչ, վաղը կարող է Սյունիք, Սևան, Երևան հանձնի, մնացած լինի մի 3 տոկոս վստահություն ու էդպես հանձնելով գնա ու Վրաստանին սահմանամերձ Սադախլո մինչև հանձնի ու այդ 3 տոկոս մնացած վարկանիշով Սադախլոյի գյուղապետրանում իր հետ բերած աթոռը դնի ու շարունակի իրեն հռչակել Հայաստանի հպարտ վարչապե՞տ։ Խնդում եք, էդ վիճակը չի՞։
Բա էդ ո՞նց եղավ, որ 2021 թվին, ճիշտ ա, զոռով շառով, 680 հազար ձայն հավաքած Նիկոլ Փաշինյանը հիմա ունի 65 տոկոս անվստահություն ու ընդամենը 28 տոկոս վստահություն, էն էլ ոչ միանշանակ, ու հերիք չէ դեռ իշխում է, մի հատ էլ իրեն անվանում է լեգիտիմ։ Հիշեցնեմ, 2021 թվականի ընտրություններում այդ գործիչը տարել է 680 հազար ձայն։ Իսկ ինչի՞ համար է այդ ձայները տարել։ Կապ չունի՝ զոռով շառով էլ, բայց ինչոր բանի, խոստման համար։ Հիմա էս վիճակը, վստահաբար, նրա արդյունքն է, որովհետև խոստացածը չի իրականացրել։ Անգամ մոտ չէ, հակառակն է։
Ասենք 680 հազար ընտրողների մեծ մասը գնացել ձայն է տվել խաղաղության դարաշրջան թեզին․ ՔՊ-ական շրջանակներն ասում էին, չէ՞, որ Քոչարյանը գա, Ղարաբաղի համար պատերազմ կանի, իսկ Նիկոլը խաղաղություն է ուզում, պատերազմի մասին ծպտուն էլ չի հանելու, վստահաբար ու մեկնընդմիշտ պայմանագիր կկնքի խաղաղության, Արցախից մնացածն էլ դիվանագիտությամբ կպահի։ Չնայած, որ պատերազմի մասին Քոչարյանն էլ չէր խոսում, բայց Նիկոլը կարողացավ բավականաչափ ընտրողների համոզել, որ, այնուամենայնիվ, իրեն ձայն տան։ Ի՞նչ եղավ դրանից հետո՝ գիտենք․ խաղաղություն չէղավ, դա հաստատ․ Ադրբեջանը մտավ Հայաստանի տարածք, 200 քառակուսի կիլոմետր զավթեց, Արցախը վերջնականապես հանձնեցին թշնամուն, հայաթափեցին։ Ասում էր գնում ենք խաղաղության պայմանագրի, կբանակցենք՝ կստացվի․ պարզվեց՝ ոչինչ է չի կարողանում բանակցել, հանձնելու, տալու մասին էին իր պատկերացրած բանակցությունները։ Տվեց-հանձնեց, հիմա էլ, թե՝ սահմանադրություն պետք է փոխեմ, դա էլ Ալիևի պահանջով, էլ՝ գյուղեր պետք է տամ, Ալիևն է ուզել և այլն, հանուն նրա որ այդ խոստացած խաղաղության պայմանագիրը ստացվի։
Բայց հիմա ասում է՝ ժողովուրդ Խաղաղության պայմանագիրը չի լինում, լավ կլինի, որ գոնե չհարձակվելու պայմանագիր կնքենք։ Խնդում են վրան։ Թշնամին է խնդում։ Քո՝ խոսք տվածը անիրականալի էր, ի սկզբանե, քո դեպքում, քո բանակցելով, դա հասկանում էին բոլորը, չհասկացան այդ 680 հազարը։ Քո խաղաղություն հասնելու մեթոդները անթույլատրելի էին, վատն էին, դատապարտելի էին, բայց դու մնացիր, գնացիր էդ վատ ու սխալ ճանապարհով, տվեցիր, հանձնեցիր, բայց մեկ է՝ չստացար։ Ասում է՝ էն ձենը, որ դուք տվել եք, որ ես ձեզ ապահովեմ խաղաղությամբ, դա չեմ կարողանում անել, չեմ կարողանում, չի լինում, բայց եկեք հլը էլի փորձենք, էս փորձենք, էն փորձենք, սա տանք՝ տենանք։ Հենա նայեք, էլ ինչ ասես՝ չարեցի դրա համար, Ղարաբաղ տվեցի, ղարաբաղցիներին բերեցի թողեցի քուչեքը, Հայաստանից տվեցի, հողեր եմ տալիս, գյուղեր եմ տալիս, Սահմանադրություն եմ փոխում, Ցեցասպանության պահանջատիրությունից եմ հրաժարվում, Հայոց պատմությունից եմ հրաժարվում, դե հիմա ի՞նչ անեմ։
Ժողովուրդը պարզ հասկանում է, դժվարությամբ, բայց նաև ընդունում է, որ էլի, հերթական անգամ խաբվել է, դրա համար սենց սրթաց է հակավարկանիշը բարձրանում, վարկանիշը՝ իջնում։ Ժողովուրդը հո չի՞ նայում ու երկար վերլուծում՝ այ խաղաղություն չի լինում, որովհետև սենց ու նենց․ չէ, ասում է՝ ասել ես կլինի, ձայն տվեք՝ կանեմ, ձայն եմ տվել, արա՝ մի արդարացի։
Այ սրա համար էլ հարցումից հարցում վարկանիշը պակասում է, երկու ամսում՝ 12 տոկոսից ավելի։ Սա տրամաբանական է։ Նա ասել է՝ գալիս եմ իշխանության ու մեր հարևանների թշնամությունը մեր նկատմամբ կառավարեմ։ Չէ իսկականից էլի, ժողովուրդ ջան, կատաղած ցլերի ու կարմիր լաթի կտորների մասին ոչ մի տող չի գրել չէ՞, ծրագրում, հիմա հերիք չէ ոչինչ չի արել, եկել հիմա էլ թշնամուն սարքում ա ցուլ, մեզ՝ լաթի կտոր, չնայած նրա, որ ասել է անվտանգության երաշխիքներ է բերելու, հիմա էլ ընկած աշխարհով մեկ փնտրում ա, չենք գտնում։ Թշնամու հետ խոստացել ես հարաբերությունների կարգավորում, հիմա հելնում գնում ես հանդիպման, իսկ Ալիևը․․․ Ալիևը չի էլ գալիս էդ հանդիպմանը։ Ժողովուրդը տեսնում ա, չէ՞։
Լավ, ենթադրենք, թե էդ 680 հազարից ոչ բոլորն են ձայն տվել Փաշինյանին խաղաղության դարաշրջանի համար, Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու համար։ Ենթադրենք՝ նրանց մի մասը ձայն է տվել անձնական սոցիալականի համար։ Ասենք՝ 200 հազար թոշակառու ձայն է տվել, որ թոշակը լուրջ կբարձրանա․ հիմա նայում է, որ 2024 թվականին պետական բյուջեով ոչ մի դրամ չի բարձրանում, վարչապետն ասում է՝ խոստացել եմ, բայց ժողովուրդ ջան, դատավորների աշխատավարձը բարձրացնելը ավելի հեշտ է, նրանց թիվը քիչ է, բայց դե էլի ձեզ համար ա։ Ասենք էդ 680 հազարից մի 200 հազարն էլ աղքատ մարդիկ են, որոնց Նիկոլն ասել է՝ 2023 թվականին աղքատությունը իջած կլինի 10 տոկոսային կետով և կկազմի 13,5 տոկոս։ Այսինքն՝ էլ աղքատ չեք լինի։ Գնացել ընտրել են ու աղքատությունը ոչ միայն չի իջել, այլ 2023 թվական ենք մտել ավելի բարձր՝ 24 տոկոս աղքատությամբ, պաշտոնապես։ Բնականաբար, հիասթափվել են ու էսպես հիասթափվել են բոլորը։ Այ սրա համար էլ վարկանիշն էս օրին է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը սպառվել է բոլոր առումներով։ Նա վերջացած գործչի կարգավիճակում է։ Էլ չեմ ասում՝ իշխանությունը ժողովրդի անունից, նրա տված մանդատից, քվեից, լեգիտիմությունից խոսելու իրավունք չունի։
Մի բան էլ․ նա այլևս ոչինչ չունի առաջարկելու իր ընտրողներին ու չի կարող ներկայացնել մի թեզ, որը հավանության կարժանանա։ Ժողովուրդը կապերը խզել է Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի հետ, դրա համար էլ այս շոուներն են կազմակերպում, անհեթեթ հարցազրույցներ տալիս։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը