05 12 2023

«Կարճ ասած»․ 2 տնտեսագետ, միլիցա, պատմության ուսուցիչ․ իսկ ի՞նչ էինք ուզում, ժողովուրդ



 

Ինչպես որ ամեն պետություն, այնպես էլ ամեն քաղաքացի ունենում է առաջնահերթություններ, խնդիրների դասակարգում և փորձում է դրանք լուծել ըստ առաջնահերթության։ Ենթադրենք դու ունես տան պրոբլեմ, դրա հետ միասին` չունես աշխատանք, երեխաներիդ չես կարողանում պահեl և այսպես շարունակ` 10 խնդիր, ո՞րը կլուծես առաջնահերթ։ Ես, օրինակ, նման պարագայում կլուծեմ աշխատանքի հարցը։ Դժվար եմ պատկերացնում մեկին, որը էդ վիճակում վարկ կվերցնի ու գնա Հունաստան հանգստի։ Նման դեպքեր էլ, իհարկե, լինում են, բայց դրանք բացառիկ աննորմալ երևույթ են համարվում։ Այդ առաջնահերթություններն իհարկե ունի նաև պետությունը, իշխանությունը և բնականաբար՝ մեզանից շատ ու մեզանից կարևոր, բայց մեր երկրի իշխանությունը իրեն դրսևորում է այդ բացառիկ աննորմալ երևույթների պես։ Իշխանության առաջ այսօր մենամեծ խնդիրը ո՞րն է՝ մեր երկրորդ պետության կորուստը, որը սպառնում է ամրագրվել թղթով, մեր անվտանգային լուրջ հարցերն են, դաշնակիցների կորուստն է, թշնամու հետ լեզու չգտնելը, երկրի ներսում իսկական ճգնաժամ է՝ կառավարման ճգնաժամ, քաղաքական ու սոցիալական ծանր իրավիճակ։ Հիմա ասե՛ք, ինչո՞վ են զբաղված սրանք՝ շոուներ կազմակերպելով, իսկ այս օրերին էլ՝ աթոռ խլելով։ Սահմանին ունենք զոհ, չեն կարողանում սահման պահել, բայց իրենց համար խնդիրը դա չէ, այլ նա է, որ մի քանի համայնք դեռևս ղեկավարում է ընդդիմությունը, մի հատ բուհում մի հականիկոլ պրոռեկտոր կա, պետք է բռնել-դատել, փողոցից էլ մի ակտիվիստի բռնել, որ իրենց տեղն իմանան։ Էս ա մեր օրվա իշխանության առաջնահերթությունը, էս արդեն 5-որդ տարին է։

Այսօր Ալավերդիում տեղի ունեցավ «ռադիոյի դուռ» օպերացիան։ Եթե 2018 թվականին ոստիկանության չմիջամտությամբ ջարդեցին ռադիոյի դուռն ու վերցրին իշխանությունը, այսօր ոստիկանության օգնությամբ ջարդեցին քաղաքապետարանի դուռն ու ՔՊ-ին նշանակեցին համայնքապետ։ Մի երկու անգամ քվեարկեցին, հետո ծափ տվեցին, ուռա գոռացին, բոլորին սպառնացին, ալավերդցուն նվաստացրին, հանգիստ գնացին տուն։ Կարող են իրենք իրենց շնորհավորել, փայլուն իրականացրին օպերացիան, Նիկոլն էլ հանգիստ կարող է ՄԱԿ-ի ամբիոնից սա համարել Հայաստանում ժողովրդավարության անշրջելի, աներկբա ու աննախադեպ հաղթանակ։ Վարչապետի մակարդակով ժողով են անում, թե ոնց անեն, որ մեկ հատ գյուղ, կամ քաղաքի կառավարում խլեն։ Սրանց խնդիրը դա է, ոչ թե սահմանին զոհը, թշնամին, դաշնակիցը, ժողովուրդը և այլն։

Այսօր կառավարությունը հավաքել էր դիվանագետների, գործարարների, քննարկում էր խաղաղության խաչմերուկը, մի թեմա, որը հավանություն ունի միայն Նիկոլի ու ՔՊ-ի կողմից։ Վերջ։ Էլ ոչ մեկ, լինի պետություն, թե անձ, լուրջ չի վերաբերում, ոտքից գլուխ արհեստական օրակարգ։ Ու դրան զուգահեռ, երեկ հերթական զոհն ենք ունեցել։ Վայոց ձորի մարզում Ադրբեջանը կրակել-սպանել է զինծառայող Գերասիմ Առաքելյանին։ Վայոց ձորում կարո՞ղ եք ասել 1994 թվականից հետո մինչև 2021 թվականը քանի անգամ է թշնամին կրակել։ Գեղարքունիքի մարզում մինչև 2021 թվականը երբևէ լսել ե՞ք, որ թշնամու կրակոցից զինվոր զոհվի։ Չէ, դա հիմա է, որովհետև սրանց համար գլխավոր առաջնահերթություն է եղել ինչ-որ բան խլելը, տիրանալը, ազդեցություն հաստատելը, ոչ թե սահման պահելը․ մեր մարդը լինի նախարար, քաղաքապետ, գյուղապետ, ամենաշատ գնումներն են, ամենամեծ ծախսերն են, լավ ատկատ կա։ Իսկ բանակը՝ հեչ, հեսա խաղաղություն ա գալիս, ժողովուրդ։ Խաղաղությունը, սարքել են Ձմեռ պապի, կանգնում խուսում, երգում, ուրախանում են՝ մի բան չասելով, որ չկա դա, հեքիաթ է, այն էլ՝ մտածված միայն երեխաների համար, որ անուշ երազներ տեսնեն։

Դատեք ինքներդ, ժողովուրդ ջան։ 4 ամիս է՝ պաշտպանության փոխնախարար է աշխատում պատահական Երևանի նախկին քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը։ Երեկ լրագրողները հարցնում էին էդ նախարարությունում ինչ ես անում, ո՞ր ոլորտն ես կարգավորում, չկարողացավ ձևակերպել․ երևի՝ չգիտեր, կամ այսքան ժամանակ չի էլ հետաքրքրվել։ Հրաչյան, ֆինանսիստ ա, բանկերում վարկային մասնագետ ա աշխատել, հեղափոխությունից հետո աշխատել ա փոխքաղաքապետ, հիմա սրան, հանել, տարել-դրել են ՊՆ տեղակալ։ Գիտե՞ք զավեշտը որն ա, որ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության նախարարի ու երեք տեղակալների մեջ միակն ա, որ գոնե մի թեթև կոչում ունի, լեյտենանտ է, էն էլ զորացրվելիս է ստացել։ Պաշտպանության նախարարի մյուս տեղակալը՝ Կարեն Բրուտյանը, իսկի էդ կոչումից էլ չունի․ նա էլ տնտեսագետ է, էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններում, ՊԵԿ-ում է աշխատել։ Ֆինանսների նախարարի տեղակալից բերել-սարքել են ՊՆ տեղակալ։ Երրորդ տեղակալը քաղաքագիտության տեսություն ուսումնասիրող ոստիկան է։ Հիշեցի՞ք, էն որ հերոսաբար Էրեբունի Պլազա մտած, հրացանավորին փոխանակ վնասազերծեր, պոլին պարկացներ ու բերման ենթարկել տար, չգիտես ինչի, առոք-փառոք նստեցրեց իր ծառայողական ջիպի մեջ, իր կողքին, տարավ։ Դե հո զոհված հերոսի ծնող չէ, որ բերետները թուրքի դեմքով հարձակվեին, պոլով տային, ձեռքները ոլորեին, մի հատ էլ հատուկ նվաստացուցիչ նկարեին ու Բեն Լադենի տեղ ներկայացնեին, կամ մտցնեին ու 4 հոգով մինչ բաժին հասցնելը լավ ծեծեին։ Ոչ, դա իրական հանցագործ էր, Արմանը որոշեց իր հետ տանել, իր հարմարավետ մեքենայով։ Արման Սարգսյանը աշխատել է օպերլիազոր, ոստիկանությունում բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։ Իսկ հեղափոխությունից հետո՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, այնուհետ, հավատարմության համար՝ ոստիկանության պետ։ Հիմա, էս ՊՆ նախարարությունը լրիվ ՔՊ-ացրել են ու չեն գտել մի գեներալ, որ կաշխատի պաշտպանության նախարար․․․ Կամ էլ նպատակը դա չի եղել։ Պարզ է, չէ՞, ամեն մեկին պաշտոնի նշանակելիս, ղեկավարը կոնկրետ սպասելիք ունի չէ՞, առաջադրանք, խնդիր ունի, որ պետք է լուծի։ Հիմա ֆինանսիստին բյուջեի 30 տոկոսը կազմող կարևորագուն, բայց պաշտպանության ոլորտում փոխնախարար նշանակելիս, Նիկոլի նպատակը ո՞րն է, ո՞վ կարող է բացատրել։ Մինչև հեղափոխությունը Երևանի ավագ դպրոցներից մեկում ընդամենը պատմության ուսուցիչ աշխատածին պաշտպանության նախարար նշանակելու նպատակը ո՞րն է։ Այլ հարց տամ, իսկ արդյո՞ք այ էս քաղաքականության պատճառով չէ, որ այսօր մենք զոհեր ենք ունենում էն մարզերում, որոնցում երբեք թշնամու կրակոց չի եղել, իսկ պաշտպանության ոլորտը, շատ մեղմ եմ ասելու, սրտացավով, անմխիթար վիճակում է։ Անկեղծ, մենք, լրագրողներս, միշտ, բոլոր իշխանությունների ժամանակ, մշտապես խնայել ենք բանակը, պաշտպանական ոլորտը, շաատ զգույշ ենք անդրադարձել՝ առաջնորդվելով՝ «մի վնասիր» սկզբունքով․ բայց սա ի՞նչ է, սա ի՞նչ վերաբերմունք է, նպատակներդ ասեք, հերիք է էս խեղճ ժողովրդին հիմարի տեղ դնեք։

Այս ամենը, հաստատ չէի, ասի, էլի կխնայեի եթե, թշնամու ՊՆ-ն էլ ղեկավարեին տնտեսագետները, պատմաբանն ու ոստիկանը։ Բայց Ադրբեջանը, ցավոք, մեզնից շատ անգամներով լուրջ է մոտենում բանակին, դրա համար էլ նրանց նախարարը գեներալ գնդապետ է, երկու տեղակալները ևս գեներալ գնդապետ են, մյուս երկուսը՝ գեներալ-լեյտենանտ։ Անգամ ազերիները իրենց բանակին էդպես են վերաբերում, մենք ի՞նչ ենք անում, կասե՞ք։ Դրա համար էլ իրենց ղեկավարած բանակը մեր սահման ա մտնում ու խորանում 200 քառակուսի կիլոմետր ու ասում՝ լավ եմ անում, տենամ քո ընկեր Պապիկյան դասատուով կամ Սարգսյան Հրաչով ի՞նչ ես անելու։ Ու իրականությունը նա է, որ ոչինչ էլ չես անում, ընկնում այլ մեղավորներ ես ման գալիս, ՀԱՊԿ-ը, ռուսը, ուզբեկը, ղազախը․․․ Դե հո Սուրոն, կամ Արմանը դրանով չեն զբաղվելու՝ 200 կիլոմետր էս յան, 200 կիլոմետր էն յան, թող ռուսը մտածի, հեսա տեսեք սոցցանցերը ոնց են անիծելու Պուտինին, թող իրանք մտածեն։  

Արտգործնախարարությունն ասում է՝ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի սպանությամբ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Ուզում եմ հարցնել, էդ խաղաղության գործընթացը ե՞րբ ա եղել, որ ձգձգում են։ Դուք ո՞ր իրականությունում եք ապրում։ 2021 թվականի հունիսին ասել եք խաղաղության դարաշրջան, դրանից հետո արդեն 5-600-ից ավելի զոհ ենք տվել։ Ե՞րբ ա էդ խաղաղության գործընթացը եղել, որ հիմա էլ փակուղի է մտցնում էդ սրիկա թշնամին։ Ու էս վիճակում էլի զբաղված են միմիայն իշխանությունը պահելով, ամրապնդելով։ Նպատակը հարցրեք սրանցից, թող ասեն՝ ի՞նչ են անում, այդ իշխանությունը դեռ էսքանից հետո որ պահում են։

Այսօր Ադրբեջանի Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողներին պատասխանատվության ենթարկելու նախագծին։ Կներեք, Հայաստանի ազգային ժողովի մեծամասնությունն էր։ Մեխանիկորեն ստացվեց, երևի նրանից էր, որ էս նախագծին դեմ կարող էր քվեարկել միայն Ադրբեջանը։ ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը դեմ է Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Այդ 95 տոկոսից 50 հազարը անգամ ստորագրություն են տվել, որով առաջարկել են քրեական օրենսգրքում լրացումներ կատարել և քրեորեն պատժելի արարքներ որակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ Կարծես երբեք, կարիքը չի էլ եղել, բայց ստացվել է այնպես, որ մի օր, ստիպված, 50 հազարից ավելի քաղաքացի, նման օրինագիծն ընդունելու համար, ստորագրություն է տվել։ Եթե սրանից 5 տարի առաջ էսպիսի նախագիծ մտներ ԱԺ, խնդալներս կգար։ Որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանում կարող է լինել մարդկանց խումբ, որը քարոզի, որ պետք է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Կարող էին լինել նման անհատներ, մեր երկրում մարդիկ կային, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոններ էին կազմակերպում, բայց միշտ ձախողվում էր, կազմակերպիչներն էլ մեկ անգամ չէ, որ ծեծ են կերել։ Բայց, որ մեկը ելներ ու տենց բան հայտարարարեր, ինչ ասեմ, որ այլոց ձեռքը չընկներ, ոստիկանը կձերբակալեր, ԱԱԾ-ն էլ կտաներ մի հատ ստուգելու, թե սա, առհասարակ հայ ա՞, փաստաթղթերը որ ունի հայկական, հո կեղծ չե՞ն, ինքն էլ, օրինակ՝ թուրք։

Բայց այսօր խորհրդարանի աթոռների մեծամսանությունը զբաղեցնում են, հենց էդպիսի մարդիկ։ Ո՞նց են կարողացել պեղել, գտնել ու հենց համոզմունքով էդքան ոչ հայկական մարդկանց։

ԱԺ նախագահը իբր հակառակվում է նախագծին, ասում է՝ Պուտինը Արցախը ճանաչել ա Ադրբեջանի կազմում, եթե էս օրենքը ընդունվի, մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք։ Պարզ ժուլիկություն։ Էդ նախագծում գրված է Հայաստանի անունից, Հայաստանի անունից Պուտինը չի կարող ճանաչել, իսկ այ Նիկոլը ճանաչել է, ճանաչում ես դու․ մեզ չի հետաքրքրում այլ պետության ղեկավարի դիրքորոշումը։ 50 հազար քաղաքացի ստորագրություն է բերում, հարցումներով՝ 95% դեմ է ձեր վարած քաղաքականությանը, դուք՝ ընդամենը 70 ՔՊ-ական, որոնք այսօր չեն ներկայացնում անգամ 10 հազար հոգու կարծիք, ուղղակի կոճակ սեղմում են ու դեմ քվեարկում։ Հիմա դուք ասեք, ՔՊ-ականներ, սա ի՞նչ է,  ժողովրդավարությու՞ն։ Սա կլասիկ լիազորությունների չարաշահում է և իշխանության ուզուրպացիա մի խումբ մարդկանց կողմից, անձնական շահից դրդված։ Կարող է՝ սխալ եմ ձևակերպում․ իրավաբանները, հոդվածներով ու պատժի չափով, վստահ եմ, կասեն։

Կարճ ասած՝ ստիպված ենք արձանագրել՝ Հայաստանի իշխանության և Հայաստանի թշնամիների շահերը այսօր համընկնում են։ Երկուսն էլ շարժվում են նույն օրակարգով, ընդդեմ հայկական շահի։ Թշնամուն հասկանալը ու կանգնեցնելը պատկերացրեք, դժվար չէ, բայց նրանից առաջ նախ պետք է կանգնեցնել Հայաստանի ու հայի անունից ներկայացող ու որոշումներ կայացնող այս անձանց։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ