21 11 2023

«Կարճ ասած»․ Սև ուրբաթի զեղչեր՝ Հայաստանի տարածքի վրա



 

Երբ նոր էի փորձում լրագրությամբ զբաղվել, դեռ համալսարանը չէի ավարտել, հստակ չգիտեի՝ որտեղից կարելի է սկսել։ Մի նախագիծ մտածեցի, որը կարելի էր անել հեռուստատեսությամբ․ թղթի վրա գրել էի մտքերս ու մտածում էի, որ փայլուն են, բոլորը պետք է ընդունեն գրկաբաց ինձ ու իմ նախագիծը, միանգամից ֆինանսավորեն, ես էլ այդ հեռուստատեսությամբ իրականացնեմ։ Երեք հեռուստաընկերություն դիմեցի, քաղաքավարի ընդունեցին, քննարկեցինք, ասացին՝ կմտածենք ու կպատասխանենք։ Ոչ մի տեղից արձագանք չեղավ։ Հետո ինտեռնետ լրատվամիջոց մտա, որտեղ սկսնակ էին պահանջում ու քայլ-քայլ գնացի։ Ի՞նչ հասկացա իմ այդ երեք անհաջող փորձերից․ էն, որ ինչ դուր է գալիս ինձ, չի նշանակում, որ փայլուն գաղափար է ու բոլորին պետք է դուր գա։ Իմ՝ ուսանող ու սկսնակ ժամանակվա գաղափարներից հետագա աշխատանքային ամբողջ փորձի ընթացքում լիքը տեսել եմ, ինձ էլ են առաջարկել, ես էլ քաղաքավարի մերժել եմ։

Բայց հիմա ես նման սկսնակի անհաջող գաղափար տեսնում եմ արդեն պետական մասշտաբով․ ներակյացրել են մի ծրագիր, որին իրենք էլ չեն հավատում և, ըստ ամենայնի, այդ գաղափարը մեջտեղ են գցել, որ քննարկեն, շրջանառեն, զբաղեցնեն, բայց չիրականանա։ Մանրամասնեմ։

Շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ներկայացրեց խաղաղության խաչմերուկ գաղափարը։ Դրանից հետո մեր երկրի որ մի իշխանավորը ուր գնաց, դա ներկայացրին։ Արարատ Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է Խաղաղության խաչմերուկը, նույն մարդը Բահրեյնում մի շարք հանդիպումներ է ունեցել ու բոլորում երկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին ներկայացրել է խաղաղության խաչմերուկը, Արարատ, Ալեն Սիմոնյանն էլ Ճապոնիայի դեսպանին է հրաժեշտ տվել ու ասել է, որ Ճապոնիային հրավիրում ա խաղաղության խաչմերուկ։ Մի գովազդ, մի տոնական զեղչեր՝ Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ուղղակի պաշտոնական հաղորդագրություններում գրված չէ՝ որևէ մեկը իմ թվարկածներից, խաչմերուկի մասին բլեֆը լսելիս հարցրե՞լ է՝ իսկ ե՞րբ է դա լինելու։ Խաղաղության խաչմերուկը ընդամենը 3d-ով սարքած ռոլիկ է ու խոսակցություն, ոչ ավելին։ Սրանք ներկայացնում են ծրագիր, որին չեն հավատում հենց իրենք։ Մի միջազգային վեհաժողովի ներկայացնում ա խաղաղության խաչմերուկը, հաջորդ միջազգային վեհաժողովին հայտարարում ա, որ մենք ու Ադրբեջանը իրար չենք հասկանում։ Աշխարհ, ասում ա, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է դառնում, համեցեք, հետո ասում ա՝ Ադրբեջանը Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան, նոր ռազմական ագրեսիա է ուզում։ Բա էլ ի՞նչ խաղաղություն։

Հոկտեմբերի 5-ին Իսպանիայում հանդիպում պետք է լիներ, Ալիևը չգնաց, ասացին՝ ոչինչ, Բրյուսել կգա, խոսք է տվել։ Նոյեմբերի 20-ին պետք է տեղի ունենար Վաշինգտոնում հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև, իբր պատրաստեին Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոն գնալ։ Ասենք պետք է հանդիպում կայանա Նիկոլի ու Ալիևի միջև, դեռ հայտնի չէ՝ կկայանա, թե ոչ, երկու շաբաթ առաջ արդեն Հայաստանի ԱԽ քարտուղարը, արտգործնախարարը մեծ արևմտյան տուր են սկսում, երկրներ այցելում, ներկայացնում են խաղաղության պայմանագիրը։ Մեկ էլ չեղարկվում է հանդիպումը։ Այս պահին բանակցությունները փակուղում են, բայց կա ռոլիկ՝ խաչմերուկի մասին։

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրը կնքվելու է Արևմուտքում, մենք չենք անի նոյեմբերի 9-ի սխալը, Արևմուտք կգնանք։ Ուզում եք՝ Լուսնի վրա ստորագրեք․ բայց հարց է՝ խաղաղություն կա, թե ոչ։ Սրանց համար խաղաղությունը երկրորդական հարց է, առաջնայինը՝ հարթակն է, որ անպայման Արևմուտքում լինի։ Փաշինյանը Մոսկվա չի գնում, Ալիևը՝ Արևմուտք։ Առաջ Ալիևը ակտիվ բոլոր արևմտյան բանակցություններին մասնակցում էր, իր համար ամենակարևոր թղթերը հենց Արևմուտքում է ստորագրվել՝ 2022թ․ հոկտեմբերի 6-ին, 2023թ․ հոկետմեբրի 5-ին, Պրահայում և Գրանադայում։ Հայաստանը միակողմանի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Հիմա Արևմուտքից պրծել է, անցել Մոսկվա։ Նիկոլը, որ ձգտում է արևմտյան հարթակներ, իրականում բոլոր զիջումներն արել է արդեն հենց այդտեղ։ Հիմա ոնցոր եկել է արդեն ստանալու պահը, չի կարողանում, Ալիևը չի գնում, որ տա։ Տվածն էլ ինչ պետք է լինի՝ ընդամենը կադաստրի թուղթ։ Էդ մի թղթի համար Ղարաբաղը հանձնեց, անկլավները հանձնում է, ճանապարհ է ասում կտամ, բայց մեկ է՝ մնում է առանց վկայականի։

Խաղաղության պայմանագրի որևէ նախադրյալ չկա․ հենց երեկ իմացանք, որ Բաքվում կալանավորել են  արցախցի Ռաշիդ Բեգլարյանին, մարդկության դեմ ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Էդ խեղճ գյուղացի մարդը մարդկության դեմ ի՞նչ հանցագործություն կարող էր անել։ Երեկ իմացանք, որ դատում են Գագիկ Ոսկանյանին, որն ընդամենը 25-օրյա վարժանքների էր մասնակցում և գերի էր ընկել։ Խաղաղութունը սենց չի լինում․ սա առևանգման, պատերազմի խաչմերուկ է։ Էդ խաչմերուկի վրա նոյեմբերի 18-ին ադրբեջանցիները կրակեցին ու հայ զինծառայող վիրավորվեց։

Խաղաղություն արդեն չկա անգամ ամենալավ երազում։ Բայց սրանք չեն դադարելու դրանից խոսել։ Անգամ էն պահին, երբ թշնամին հարձակվում ա, սրանք կխոսեն խաղաղության խաչմերուկից, մինչև վերջ դա կտանեն, էդ սուտ ծրագիրը, միայն թե տպավոություն ստեղծեն, թե ամեն ինչ նորմալ ա կամ լավ կլինի։ Հետո էլ գտնեն մեղավորներ, թե ինչու վատ եղավ։

Ռեալ հողի վրա անգամ բանակցություններ չկան, ինչ-որ թղթեր են մի քանի ամիսը մեկ իրար փոխանցում ինչ-որ խողովակներով, էսօր էլ իբր 6-րդ առաջարկն է հայկական կողմը ներկայացրել, Ադրբեջանն էլ ասել է եկեք սահմանին բանակցենք։ Բայց ասեմ՝ այս իրավիճակը, կարծում եմ, ձեռնտու է երկու կողմի իշխանություններին։ Նիկոլը զբաղեցնում է քաղաքացիներին, խաղաղության դարաշրջան էր, հետո թեման փոխվեց, եկավ խաղաղության պայմանագիր, հիմա՝ խաղաղության խաչմերուկ․ սա էլ ձանձրացնի, նոր բան կմտածի, բայց որ անպայման մեջը լինի խաղաղություն բառը ու զբաղեցնի ժողովրդին։

Ալիևին ինչո՞ւ է ձեռնտու․ որովհետև Ղարբաղում հայ չկա, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր օլկուպացրել է, ամեն անգամ մի դիրք վերցնում է, լիքը գերիներ ունի, որոնք քաղաքական առևտրի թեմա են, Իրանի հետ հարաբերությունները դասավորվում է, Ռուսաստանի հետ ռազմավարական են, Հայաստանին էլ տարածքային հավակնություններ է ներկայացնում․ էլ ի՞նչ պչոբլեմ ունի, կասե՞ք։ Ադրբեջանի ու Իրանի խնդիրներից Հայաստանը չօգտվեց, բայց հակառակը, հիմա Ադրբեջանն ու Իրանը սկսում են իրար հետ լեզու գտնել։ Հայաստանը, որ ասում էր պետք է բոլորի հետ լավ լինենք, բոլոր հարևանների հետ լավ լինենք, հիմա ոչ մեկի հետ լավ չի։ Սրանց համար կարևորը ելույթներն են, թոզփչոցին է։ Թուրքիայի հետ հարաբերություններում մի տող առաջ չեն գնացել, բայց անցակետն արդեն լրիվ սարքել են։ Խաղաղության խաչմերուկը հլը հասկանալի չէ, թե ինչ է, բայց անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է։ Հլը տունը չսարքած՝ կարմիր գորգը փռել են, բացումն էլ արել են։ Անլուրջ է։

Կարճ ասած՝ ինչպես կարելի է հասկանալ, խաղաղության պայմանագիր կոչվածը ո՛չ Ադրբեջանի իշխանությունն է ուզում կնքել, ո՛չ Հայաստանը։ Սա գործընթաց է ուղղակի, որը դեռևս դերակատար է դարձնում այդ երկու երկրների ղեկավարներին։ Քանի դեռ չկա պայմանագիր, Ռուսաստանից Արևմուտք են քաշում երկու երկրներին, հետները խոսում են, առաջարկներ քննարկում։ Դա իրենց դերակատար է դարձնում․ հենց կնքեն այդ պայմանագիրը, արդեն կդառնան անհետաքրքիր, թե՛ Փաշինյանն ու Ալիևը, թե՛ իրենց իշխանությունը։ Դրա համար էլ, կարծում եմ, այս գործընթացը որքան հնարավոր է՝ կփորձեն ձգձգել։ Բայց կողքի հետ սողացող պատերազմ է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ