Արդեն մեկուկես ամիս է, որ ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի բանտերում հայերի թիվը շատացել է․ գերի զինվորներին ավելացել են առևանգված հրամանատարները, քաղաքական նաև վերնախավը։ Ոչ մեկս չգիտի՝ նրանցով զբաղվող կա՞ առհասարակ, թե՞ չէ։ Ոչ մեկս չգիտի՝ Հայաստան պետությունն ինչ է անում։ Ըստ երևույթին՝ ոչինչ։ Կա՞ մի հատ միջազգային կառույց, որը քննում է այս հարցը։ Ձևական հայտարարությունները՝ չէ, որ ասում են՝ բոլորը բոլորի դիմաց պետք է ազատ արձակել ձերբակալված և պահվող անձանց։ Կոնկրետ աշխատանք կա՞։ Չի երևում, դրանից չեն էլ խոսում, կարծես այդ հարցը չկա։
Պետք է այդ մասին առաջին բանակցողը, անհանգստացողը լիներ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ իր ղեկավարով։ Նախարարը եկել էր ԱԺ, ու ի՞նչ ենք տեսնում․ լիքը անարժեք բաներից խոսեց, բայց ոչ մի տող՝ այս ու այլ կարևոր թեմաների մասին։ Նախ՝ շատ ցավալի է, որ Հայաստանի անվտանգության հերն անիծած ժամանակ արտաքին գործերի նախարարը գալիս է խորհրդարան ու ընդամենը երկու հոգի են հարց տալիս։ Մյուս կողմից, հասկանում եմ՝ ի՞նչ հարց տան, ի՞նչ պիտի ասի որ, ո՞վ է նա, ի՞նչ է որոշում։ Բա տված պատասխանները․ հաջորդ տարվա բյուջեից պետք է խոսի, անվտանգությունից, բերանի ծամոն դարձրած ինքնիշխանությունից, բայց էլի՝ նախկիններ, նախկիններ։
Ամեն անգամ ինձ զարմացնում է այս աճող ու մարտնչող ցինիզմը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է անկախության ու ինքնիշխանության մասին ու ասում է՝ եկեք համեմատենք՝ հիմա է ավելի լա՞վ, թե՞առաջ։ Ասում է՝ բերեք մեկ օրինակ, որ ունեցել ենք ինքնիշխանության կորուստ։ Ու ինքն իրեն պատասխանում է հաջորդ նախադասության մեջ՝ ՀՀ տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Հենց դա էլ քո ինքնիշխանության կորուստն է։ Ո՞նց կարող ես խոսել ինքնիշխանության մասին, մի հատ էլ ասես եկեք համեմատենք նախկինի հետ, երբ քո երկրի տարածքից մարդ են գողացել ադրբեջանցիները, Բաքվի բանտերում գերիներ ունես։ Ներքին Հանդի ու սահմանամերձ լիքը, մի քանի տասնյակ այլ գյուղերի բնակիչներ ահազանգում են, մտահոգված են, որ չեն կարողանում իրենց հողերը մշակել, որովհետև թուրքը կրակում ա, չի թողնում։ Քո ինքնիշխան տարածքից չես կարողանում օգտվել։ Ամերիկան, Ֆրանսիան, այլ երկրներ ասում են՝ Ադրբեջան, չհարձակվես Հայաստանի տարածքի վրա, որովհետև գիտեն՝ դու քեզ չես կարող պաշտպանել։ Առաջ կա՞ր նման մտավախություն։ Ի՞նչն ես ինչի հետ համեմատում։ Որ տենց լոպազանում ես, դե ասա՝ Երասխի գործարանը ինչի՞ տեղափոխեցիք, մի քանի միլիոն դոլարանոց ներդրում էր, ահագին սարքել էիք։ Որովհետև Ադրբեջանն ասել ա՝ ես եմ որոշելու էդտեղ գործարան լինի, թե չլինի։ Դուք էլ տեղափոխում եք։ Քո թշնամին չի թողնում քո տարածքի մեջ ներդրում անես, դու էլ ենթարկվում ես․ ի՞նչ ինքնիշխանությունից ես խոսում։ Կամ դու տեսե՞լ ես տենց անկախ երկիր, որ կոչ անի իր երկրի տարածքում ՄԱԿ-ի զորք բերեն կանգնեցնեն, եվրադիտորդ կանգնեցնեն, խաղաղապահ կանգնեցնեն, հենց մի բան լինում ա, անմիջապես ՀԱՊԿ ես դիմում, ռուսին ես հիշում, դա ի՞նչ ա, ինչի՞ մասին ես խոսում։ Ինքնիշխան Արարատ Միրզոյանին հիշեցնեմ, որ Ադրբեջանը ևս մեկ հայի է առևանգել՝ Մադաթ Բաբայանին, մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ։ Իմ երկրի քաղաքացուն դու չես կարողանում պաշտպանել, բայց կոչված ես պաշտպանելու, ոչինչ չես անում, ինչի՞ց ես խոսում ընդանհրապես, ի՞նչ նախկին, ա՛յ ընկեր։
Հենց լեզուները կապ է ընկնում, վռազ անցնում են նախկինին․ պատգամավորը հարցնում է՝ անվտանգային ինչ համագործակցություն ես ձեռք բերել էս տարիներին, էդ հարցին պատասխանելու փոխարեն ասում է՝ բա առաջ։ Առաջ ի՞նչ։ Առաջը ի՞նչ կապ ունի, դա 5 տարի առաջ էր։ Դու ասա դուք ինչ եք արել, նախկինը սաղս էլ գիտենք։
Միրզոյանն ասում է՝ նախկինների բերածները չաշխատեցին շեշտում է՝ ՀԱՊԿ-ը, ռուս խաղաղապահները։ Նախ՝ խաղաղապահներին դուք եք բերել, ուրիշի գրպանը չգցեք․ խաղաղապահները վա՞տ են աշխատում, մեղավորը դու ես, դո՛ւ ես բերել․ չբերեիր։ Երկրորդ, ՀԱՊԿ-ի՞ց ես դժգոհ, ի՞նչ կապ կա նախկինի հետ։ Եթե ՀԱՊԿ-ը փայլուն աշխատեր, կասեիր Նիկոլի շնորհքն է։ Էդպես չէ՞։ ՀԱՊԿ-ի զորքը գնաց Ղազախստան ներքին բախումները կանխելու, ասացիք՝ Նիկոլի շնորհքն է, ՀԱՊԿ-ի զորքը չեկավ Հայաստան՝ սահմանին կանգնելու, ասիք բա նախկինների պայմանավորվածությունները․․․ Ուրեմն իմացեք, եթե նախկինի օրոք գծված որևէ մեխանիզմ, պայմանավորվածություն ներկայի օրոք չի աշխատում, դա ներկայի խնդիրն է ու էդպես է բոլոր երկրների պարագայում։ Քո օրոք չի աշխատում, դու ես մեղավոր ու պատասխանատու։ Նախկինի ժամանակ չաշխատեր՝ նա էր պատասխանատու։ Չես կարող ասել այ քո վախտվա ՀԱՊԿ-ը հիմա չի աշխատում․ չի աշխատում՝ ուրեմն ինքդ արա, ինքդ քեզ պաշտպանիր, իմ երկիրը ՀԱՊԿ-ը չի, Հայաստանն է, երկրիս ղեկավարն էլ Իմանգալի Տասմագամբետովը չի՝ դուք եք, արե՛ք։ Էն անգամ դեպուտատներից մեկն է ասում ընդդիմությանը՝ ձեր գոված Ռուսաստանը զենք ա ծախում Ադրբեջանին։ Նախ՝ չգիտեմ ու՞մ էր ասում, ում ակնարկում, բայց դժվար այդ ուժի ներկայացուցիչը կոնյակի շիշն առած վազած լինի Պուտինին ճանապարհելու։ Եթե Ռուսաստանը զենք ա ծախում Ադրբեջանին, դա Հայաստանի նախկին իշխանության խնդիրը չէ, դա ներկա իշխանության խնդիրն է, նախկինի խնդիրն էր նախկինում։ Էնպես արա՝ չծախի կամ քեզ կրկնակին ծախի, ոչ թե լացես, որ փողը վերցրել է, զենքը չի տալիս, դուխ էլ չունես հետ ուզես։ Մարդ ամաչում էլ ա, սենց բաներից խոսում ենք, լուրջ-լուրջ։
Է դու էլ ԵՄ դիտորդների գովքն ես անում. ասում ա՝ քաղաքացիական առաքելությունը որ հատվածում որ հսկում ա, չունենք միջադեպեր։ Ստի՞։ Բա էդ Երախսի գործարանը միջադեպի արդյունքում չե՞ս տեղափոխում․ ԵՄ դիտորդները չէի՞ն հսկում։
Ասում է` թող փորձագետները որոշեն ՀՀ ինքնիշխանության ամրությունը առաջ և հիմա․ ինձ փորձագետ չեմ համարում, բայց որպես լրագրող` շատ թեթև տրամաբանեմ, կարող է իրենք էլ հասկանան, եթե մինչ այս չեն հասկացել․ առաջ, որ ունեիր 42 հազար քառակուսի կիլոմետր հայկական 2 պետության տարածք, 0 գերի թշնամու բանտում ու հիմա, երբ ունես 29,800-ից ահագին պակաս տարածք ու լիքը հայեր Բաքվի բանտերում ու քո հարցերը ոչ թե ինքդ չես կարողանում լուծես, քո, մեր, երկրի տարածքի, դիրքի, ապագայի, անգամ մեր տարածքով ապագա ծրագրերը որոշում են մեզանից բավականին հեռու, մեր` հերիք չէ կարծիքն էլ չեն հարցնում, անգամ չեն էլ հրավիրում, որ գոնե կողքից լսենք։ Փորձագետ չէ, դուրս եկեք փողոց, ու քչից շատից հասուն մարդու հարցրեք, մեր երկրի ճակատագիրը, ո՞վ ու որտեղ է որոշվում։ Բոլորը տարբեր բաներ կասեն, բայց հաստատ ոչ մեկ Միրզոյանի կամ Փաշինյանի անունը դրանց մեջ չի լինի։ Ես հասկացել եմ, դուք անդադար խոսում եք նրանից ինչը չունեք, դոշ եք ծեծում նրա համար, որի հակառակն եք անում։
Ու էս ֆոնին արտգործնախարարության բուջեն ինչի՞ եք 500 միլիոնով ավելացնում, ո՞ր լավ աշխատանքի համար, ի՞նչ է արել։ Դեսպանատներ են բացելու Կորեայում, Լյուքսեմբուրգում, ու եսիմուր։ Իմաստը ո՞րն է, դեսպան ունեցող ո՞ր երկրում ես հարց կարողացել լուծել։ Իսրայելում էլ դեսպան ունես, ո՞ւ։ Ադրբեջանին թիվ 1 զինող երկիրն է։
Հայաստանի արտգործնախարարն ասում ա Թուրքիայի հետ բանակցում եմ, լավատեսություն ունենք, նույն պահին Թուրքիայի նախագահը սպառնումա Հայաստանին, թե՝ հլը շուտ արեք, կատարեք Ադրբեջանի հետ պայմանավորվածներդ։
Ամենաուշագրավը, իհարկե, զենքի մասին ձևակերպումներն էին․ ասում է՝ անհամեմատ ավելի շատ զենք ենք կարողանում ձեռք բերել, շատ երկրներից, քան նախկինում կերազեին։ Դուք որ մի հատ ավտոմատ առնում եք, էդ մասին մեռնում եք գովազդելով․ էս ամբողջ ընթացքում դուք գովազդել եք մի հատ անպատրոն ուղղաթիռ, Ֆրանսիայից երեք հատ Իգլա, մեկ էլ մի քանի մոդուլային կացարանի նմուշ, էդ ա ձեր ձեռք բերածը, Հնդկաստանից էլ զենքեր, որոնք ընդամենը մամուլի տեղեկություններ են։ Էդ ա ձեր աննախադեպ զինվելը։ Ու հլը հարց ա՝ մեզ եք զինում, թե Բաքվին, որովհետև նախկինում ձեռք բերված սաղ զենքերը հանձնեցիք թուրքին։ Ընդ որում, հա՛մ ասում ա լիքը զենք ենք ձեռք բերում, համ էլ ասում ա՝ ունենք լոգիստիկ խնդիրներ, չենք կարողանում նորմալ չափով զենք բերել։
Մի խոսքով՝ տեղով աբսուրդ։ Արարատ Միրզոյանի մասին խոսելիս թերևս պետք էր էսքանի փոխարեն մեկ ծիծաղելի դրվագ հիշեցնել ու վերջ․ սա էն մարդն ա, որ պատերազմի օրերին Նիկոլի նկարն էր գցում ֆեյսբուք ու գրում՝ մեր գերագույն գլխավորն ա, չշշկռվեք։ Շշկռվեցին, ու «գերագույնդ» կապիտուլացվեց։ Խնդաու կլինեիք, եթե այսքան աղետ բերած չլինեիք, ձեր լոպազությամբ ու ծակ տեղը մեծամտությամբ։
Կարճ ասած՝ Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության մասին ՀՀ քաղաքացին պետք է իմանա մի հստակ բան՝ ցանկացած վտանգի դեպքում իշխանությունը շարժվում է «ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսեք» սկզբունքով։ Ո՛չ սրանց դիտորդները, ո՛չ զենքերը, ո՛չ պայմանավորվածությունները, ոչ մի բան չի աշխատելու պատերազմի ժամանակ։ Ինչպես Արցախցիներին պատերազմի ժամանակ ասաց՝ մենք դիտորդի կարգավիճակում ենք, էնպես էլ վաղը ասելու է Հայաստանի բոլոր բնակիչներին։ Հայաստանը ո՛չ անվտանգություն ունի, ո՛չ ինքնիշխանություն, ո՛չ էլ անկախություն։ Որովհետև, ըստ էության, չունի իշխանություն, ունի զբաղված աթոռներ։ Մնում է պարզել՝ որ երկրի կողմից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը