Սովորական հայկական ընտանիքներում, որոնց ֆինանսական ռեսուրսները միջինից ցածր է, ոչ թե տարեկան պլան են կազմում, այլ՝ երազանք․ փող լինի՝ կգնեմ թանկարժեք ավտոմեքենա, լավ տուն կառնեմ, կգնամ աշխարհ տեսնելու, երեխաների ապագայի վրա լավ փող կդնեմ, լավ կրթություն կտամ դրսերում կամ լավ ակումբ կուղարկեմ սովորելու, հայտնի սպորտսմեն դառնա, լավ ապագա ունենա։ Իհարկե՝ հատկապես երեխաների կրթության պարագյում լավ ապագայի հարցում փողը թիվ մեկ որոշիչը չէ․ կան հարուստներ, որ փող չեն խնայել երեխայի կրթության վրա, վերջում դարձել է, ասենք, նարկոման կամ այլ բան։ Միջինից ցածր ընտանիքը իր բյուջեն ծախսում է այնպես, ինչպես կարող է, մեծ կարողություն ունեցողները՝ ինչպես ուզում են։ Մեզ ասել են, որ կառավարությունն էլ մեր մեծ ընտանիքն է, պետական բյուջեն մեր ծոցագրպանն է․ և ուրեմն, պետք է կառավարությունն էլ փողերը ծախսի էնպես, որ ընտանիքի բոլոր անդամներն իմանան դրանով ինչ արվեց և միաժամանակ՝ չի կարող թույլ տալ անտրամաբանական ծաախսեր, որովհետև կառավարության բյուջեն ծնվում է բոլոր ընտանիքների վճարած հարկերից։ Որքանո՞վ է թափանցիկ մեր կառավարությունը, որքանո՞վ է միջոցները ծախսում արդյունավետ և որքանո՞վ է նպատակները իմ նշած ընտանիքների նմանությամբ կազմում, որ փող դնի՝ որակյալ ապագյի վրա։
Դա լավագույնս երևում է պետական բյուջեի հատկացումներում, որն այս օրերինքննարկվում է Ազգային ժողովում։ Հանրապետության նախագահի աշխատակազմի բյուջե ավելանում է 90 մլն դրամով։ Եթե որևէ մեկդ չի ճանաչում, ասեմ, որ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանն է։ Ի՞նչ է անում այդ մարդը, որ 1 մլրդ 770 միլիոն դրամը քչություն էր արել, էլի ավելացնում են։ Ի՞նչ է անում այդ ինստիտուտը հատկացվող գումարով․ այն, ինչ արել է նախորդ տարի․ այսինքն՝ մեր աչքին ոչ մի նորմալ երևացող բան։ 150 հոգու քաղաքացիություն է շնորհել, 5 դատապարտյալի ներում է շնորհել, 295 հոգու մեդալ է տվել ու կրծքանշան, 20 հոգու՝ զինվորական կոչում, 200 անգամ շրջագայության է մեկնել, հյուրեր ընդունել, հանդիպումներ արել։ Սրա համար ՀՀ նախագահի ինստիտուտին հատկացվում է արդեն մոտ 1,8 մլրդ դրամ։ 1350 դիմում է ստացել քաղաքացիներից, այսինքն՝ միամիտներ կան, որ Խաչատուրյան Վահագնի հետ հույսեր են կապում։ Էդքան անիմաստ կառույց է այսօր ՀՀ նախագահի ինստիտուտը։ 4 մլն դոլարից ավելի փող են տալիս, ՔՊ-ի դակած 450 հատ օրենք է դակել։ Բայց անգամ էստեղ իր ստորագրությունը զրոյական դեր ունի, որովհետև եթե անգամ չստորագրի, մեկ է՝ օրենքը մտնում է ուժի մեջ։ Քիչ թե շատ, մի նորմալ լիազորություն ուներ՝ կարող էր որևէ օրենքի սահմանադրականությունը վիճարկել․ դա էլ չի արել։ Հիմա կարո՞ղ է մեկն ու մեկը բացատրել, թե Վահագն Խաչատուրյանի բյուջեն ավելացնելու իմաստը որն է։ Իմ կարծիքով, ինստիտուտը չքանդելու համար, ուղղակի պետք է տային նվազագույն պայմաններ կառույցի պահպանման համար ու վերջ։ Վահագն Խաչատուրյանին զրահապատ ավտոմեքենան, ուղեկցող մեքենաները, ախռանան ինչի՞ համար է, կարող՞ եք ասել՝ ո՞ւմ է նա պետք, ո՞վ պետք է նրա համար վտանգ ներկայացնի։ Ամեն մի ընդդիմադիրի էսօր ավելի շատ ախռանա է պետք, քան Վահագն Խաչատուրյանին․ ով Նիկոլին դեմ ա խոսում՝ կալանավորում են։ ՀՀ այսօրվա նախագահ կոչվածին գումար հատկացնելը նույնն ա, որ, ասենք խանութից թանկ ապրանք առնես, բերես տուն, տեսնես փչացած ա՝ թափես-գնա։
Կամ ԱԺ բյուջեն ավելացրել են հսկայական՝ շուրջ կես միլիոն դոլարով։ Կարդում եմ՝ 50 մլն դրամից ավելի հատկացնելու են ԱԺ դերի ու հեղինակության բարձրացման համար։ Ի՞նչ հեղինակություն եք բարձրացնում, չեմ տեսնում․ դեպուտատ կնիկը մարդուն նշանակում ա իրեն օգնական՝ մնակ ԱԺ շենք մտնելու համար․ անունը դրել եք քառօրյա, 50 հատ օրենքը գլխառադ եք անում մեկ օրում, դեպուտատներդ օրը երկու հատ տուն են առնում մեզ համար անհայտ միջոցներով, բայց մեր գրպանից էլ տան վարձի փող են վերցնում, վարչապետը ԱԺ ամբիոնին կանգնում ա ու սպառնում ա ինչ-որ բան թափ տալ, ԱԺ նախագահին էլ արդեն նմանեցնում էն հայտնի թքող կենդանուն, ու էս ֆոնին ԱԺ դերի բարձրացման համար 50 մլն դրամ ինչի՞ եք տալիս։
Մեկը կբացատրի՞, թե 12 մլն դոլարով ինչու եք ավելացնում Նիկոլի աշխատակազմի գումարները․ պատճառը ո՞րն ա, որ ֆեյքերի ՊՈԱԿ-ը կտիվ ստատուսներ գրի՞, որ Նիկոլը ընտանիքի սաղ անդամներով կրկնակի վոյաժների գնա՞, թե՞ որ 2 ռեպ երգչի էլ 5-6 միլիոն դոլար փող տաք որպես նվեր։ 4,7 մլրդ դրամ Նիկոլին ավել փող տալու իմաստը կբացատրե՞ք։ Մենք ինչ ենք տեսնում ընտրությունից ընտրություն․ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը գնալով հավասարվում ա պոլին․ իր նկատմամբ հանության վստահությունը կատաստրոֆիկ ցածր է, այսինքն՝ ամեն տարի ձեր ավելացրած գումարները ոչ թե իր հեղինակության, դերի, արդյունավետության բարձրացմանն են գնում, այլ՝ թիկնազորի լավ պահպանմանը։ Էլ ինչո՞ւ եք փող ավելացնում։ Քիչ առաջ էի ասում, որ ընտանիքը բյուջեն կազմելիս ասում ա՝ փող ուենայի՝ դնեի լավ ապագայի վրա․ էս մեծ ընտանիքի ոչ բարով գլխավոր ներկայացուցիչը փողերը դնում ա նրա վրա, որ ևս մի որոշ ժամանակ տնից չքշեն դուրս։
Միայն այս տարի դատական համակարգից հեռացրել են հանրային վստահություն վայելող 4-5 դատավորի․ դատական համակարգը լցրել են Մասիսմելքոնյաններով․ ուղղակի ամենաանվստահելի կառույցներից մեկն է, 2 մլրդ 250 մլն դրամով բյուջեն ավելացրել եք ինչի՞ համար, որ էլի փողոցից մարդկանց համոզեք բերեք դատավոր, փող տաք, որ ձեր ճաշակով արդարադատություն անե՞ն։ Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծվել էր շատ կարևոր առաքելությամբ, խնդիրներ կար՝ լուծեիք, ինչի՞ քանդեցիք։ Բյուջեն ավելացրիք, բերեցիք Գագիկ Ջհանգիրյան, որը ձեր պլաննները լրիվ բացահայտեց, թե ինչի եք դատարանների հերն անիծում, պալիտ եղավ, հանեցիք գործից, բերեցիք էդ վաղ տարիքում արդեն Գագիկ Ջհանգիրյան դարձած երիտասարդի։ Արդյո՞ք Անդրեասյան Կարեն ղեկավար ունեցող հիմնարկի հեղինակությունը հնարավոր է բարձրացնել, թեկուզ՝ 100 մլրդ դրամով։ Չէ՞ որ մեզ դպրոցական վաղ տարիքից սովորացրել են, որ փողով անհնար է գնել մեկ սերը, մեկ ընկերությունը, մեկ էլ մարդկությունը։
Քննչական կոմիտեի աշխատողների թիվը շատացրել են, որովհետև ամեն հանրահավաքի ընթացքում բռնում են հանրահավաքի մասնակիցներից կրկնակի շատ թվով մարդկանց, գործեր են սարքում։ ուղիղ եթերում ծեծում են պատերազմի զոհերի ծնողներին, այս կառույցը չի պատժում այդ բերետավորներին։ Հիմա իրենց բյուջեն ավելացրել եք միլիարդավոր դրամներով ինչի՞ համար, որ տենց շարունակե՞ն։ 16-ամյա արցախցի Սամվելին, որ կորցրել ա հա՛մ հորը, հա՛մ տունը, հա՛մ հայրենիքը կարո՞ղ եք բացատրել, ինչի եք բռնել։ Նիկոլի դեմ միտինգի է մասնակցել, բա ի՞նչ աներ։ Դա նվազագույնն ա, որ պետք է աներ։ Ես էդ տղային հասկանում ու քաջալերում եմ․ ես չեմ հասկանում նրանց, ովքեր հող ու տուն են կորցրել, տան անդամ ու ոչ մի ակցիայի չեն մասնակցում, որ թողնում են Փաշինյանը վայելի պետական բյուջեն։
Ու որ նայում ես, բարձրացվում են էն հիմնարկների փողերը, որոնք այս իշխանության հենարանն են, կյանքը երկարացնողներն են։ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, այսպես կոչված՝ ներքին անվտանգությանը խայտառակ շատ հատկացումներ են արվել՝ կրկնակիից ավելի, 63 մլրդ դրամ այս տարի էր, 148 մլրդ դրամ հաջորդ տարի է, 85 մլրդ դրամով ավելի։ Սա նշանակում է, որ հաջորդ տարի սրանք կրկնակիից ավելի ռեպրեսիաներ են անելու։ Իշխանությունը փողով ապահովում է իր արտոնյալներին, որոնք ավելի նման են բանդաների։ Կարմիր, սև ու հազար գույնի բերետավորները էսօր իրենց պահում են իշխանական բանդայի պես։ Սրանց պետք է պետական բյուջեով ոգևորեն, որ՝ ինչ ուզում եք արեք, իշխանությունը ձեր կողքին ա։ Ես ապրում եմ Երևանում ու ինձ պարտավոր էր բացատրել Ավինյանը , թե ինչու է մեդալ տալիս կարմիր բերետների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին։ Թուրքի դիվերսանտները մտել էին քաղաք, բռնե՞լ է, Երևա՞նն է ազատագրել, ի՞նչ ա արել։ Թուրքի նման հարձակվել ա իրեն պաշտպանելիս զոհված զինվորի մոր վրա, ու էդ մարդը, որը չի ընտրվել, բայց քաղաքապետ է աշխատում, պարգևատրում ա։
Դուրս եկեք փողոց հարցրեք մարդկանց՝ պետական ո՞ր մի կառույցին եք վստահում ու կհասկանաք, որ համատարած պետք է կտրել բոլոր հիմնարկների փողերը։ Որ նայում եմ պետական բյուջեի հաջորդ տավա հատկացումներին, աչքիս առաջ է գալիս 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հավաքված հարիֆ ժողովրդի առաջ Նիկոլի ելույթը, թե՝ վստահ եղեք, որ ամեն մի կոպեկը կծախսենք աչալուրջ։
Կարճ ասած՝ բյուջեով այս ալվելացումները պետք է ընկալենք որպես պետական կաշառք։ Հատկացումները, իմ կարծիքով, բարձրացնում են իրենց լոյալության համար․ հենց այդ լոյալության շնորհիվ պետության քանդմանը մասնակից դառնալու, ձայն չհանելու, դավաճանությանը աջակից դառնալու համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը