17 04 2024

«Կարճ ասած»․ Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը



 

Կորեական մի ֆիլմում ոստիկանները ձերբակալվածին պետք է տանեն դատարան՝ ցուցմունք տալու․ բայց երկրի նախագահին ձեռք չի տալիս, որ էդ ձերբակալվածը ցուցմունք տա, որովհետև մեծ կոռուպցիոն շղթա կբացվի, կուսակցության և իր հեղինակության հետ է կապված․ զանգահարում է ներքին գործերի նախարարին ու պատվիրում, որ ոստիկանության մեքենան դատարանի ճանապարհին կամրջի տակ 2 րոպեով ընդամենը կանգնի, մնացածը, ասում է, ով ինչ պետք է՝ կանի։ Նախարարը ենթարկվում է, կազմակերպում է այնպես, որ այս անգամ ձերբակալվածին տեղափոխող մեքենային ուրիշ մեքենաներ չուղեկցեն, հետը լինի ընդամենը երկու ոստիկան։ Կամրջի տակ կանգնում է, ինչպես պայմանավորվել են նախագահն ու ներքին գործերի նախարարը, ոստիկանները իջնում են մեքենայից իբր զանգ կատարելու, հանկարծ հայտնվում են 2 դիմակավորվածներ, մեկը բացում է դուռը, մյուսը սպանում է ձերբակալվածին։ Դրանից հետո նախագահը նորից զանգում է ներքին գործերի նախարարին, որպեսզի հերթով ազատվեն արդեն ոստիկանության հսկողության տակ գտնվող վկաներից։ Ի վերջո, համակարգի հենց ներսից են երկու ոստիկան դուրս գալիս այս ամենի դեմ։ Ծանոթ չէ՞ այդ ֆիլմի սյուժեն։

Տեղի է ունեցել սարսափելի դեպք․ երեկ էլ էի անդրադարձել, ցավոք՝ տեսագրման պահին շատ մանրամասներ չգիտեի, երեկոյան ասուլիսից իմացա։ Հայաստանի իրավապահ համակարգում ես սենց դեպք չեմ հիշում, ժողովուրդ, իսկ աշխարհի մակարդակով հիշում եմ կինոների մեջ։ Քաղաքացի Սամվել Վարդանյանը տրանսպորտի մեջ հանդիպում է ՔՊ-ական պատգամավորի ու ասում է նրա մասին ինչ մտածում է։ Պատերազմի մասնակից է, ընկերներ է կորցրել, հայրենիք է կորցրել, մեղադրում է ՔՊ-ականներին ու հանդիպելով՝ իր քաղաքացիական կեցվածքն է ցույց տալիս։ Ճիշտ է արել, թե սխալ, կարող էր մի քիչ ավելի փափուկ, թե կոպիտ, էդ թեմային չեմ անդրադառնում, ամեն դեպքում ընդամենը խոսքեր է հնչեցրել, իր կարծիքը։ Ի՞նչ է տեղի ունենում հետո․ պատգամավորն ասում է՝ չեմ բողոքելու, հետո Ալեն Սիմոնյանը այդ տղային վիրավորող գրառում է անում, նույն տեքստի մեջ ուղղորդում է իրավապահներին նրան խիստ պատժել։ Երիտասարդին քիչ ժամանակ անց ձերբակալում են ըստ երևույթին՝ տանից։ Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են մեքենան և իջնում՝ իբր բնական կարիքներ հոգալու (ընդամենը 3-4 կիլոմետր պետք է գնային, բայց չեն կարողանում իբր իրենց զսպել, էդ անտեր բնական կարիքը․ չգիտես ինչու, երկուսի մոտ միաժամանակ է բռնում, ըստ երևույթի)։ Այսինքն, պատկերացրեցիք չէ՞, ձերբակալվածը, արդեն պետության կողմից սահմանափակված ու այդ իսկ պատճառով՝ պատասխանատվության տակ է, սրանք երկուսն էլ, ձեռնաշխթաները հագցրած Սամվելին թողնում են բաց մեքենայի մեջ ու գնում են, անհայտ ուղղությամբ։ Դիմակավորված ինչոր անձինք գալիս են, ավտոյի մեջից հանում են Սամվելին, ծեծում են, արժանապատվությունը վիրավորում, մանրամասները փաստաբանը նշել է արդեն՝ ստիպում են ինքն իրեն հայհոյի, հրաժարվում է, էդ սաղ ձեռնաշխթաները ձեռքներին, բռնությամբ տղայի շալվարն են իջեցնում, թքում են, հայհոյում են, խփում, հետո մի քանի րոպեից բերում, հետ են նստացնում նույն ոստիկանական մեքենան․ դրանից հետո ոստիկանները վերադառնում են, ձևական ու հեգնանքով հարցում են՝ քե՞զ ինչ եղավ, նոր լավ էիր, հետո կարծես բան էլ չի եղել, շարունակում ճանապարհը։

Ես հիմա չեմ խոսի բարոյականությունից, չեմ խոսի միջազգային իրավունքից, բռնության անթույլատրելիությունից․ չէ ժողովուրդ ջան, անօգուտ է և անիմաստ․ հիմա չեմ անդրադառնս նրան՝ ոստիկանները ինչու չեն համբերել մինչև տեղ հասնելը, երկուսով միանգամից են դուրս եկել, այդ ոնց է եղել, որ ձեռնաշղթաներ են հագցրել Սամվելին՝ որ չփախչի, բայց ավտոմեքենայից հեռանալիս դռները բաց են թողել․ այս բաներին անդրադառնալն անիմաստ է, ամեն բան պարզ է անգամ երեխային։ Եկեք միասին վերլուծենք մեկ այլ՝ այս գործում ամենակարևոր դրվագը՝ ո՞ւմ էր ձեռնտու, ո՞վ կարող էր նման ստահակություն կազմակերպել, պատվիրել, ինչ նպատակով, ո՞վ է բանդայի գլխին կանգնած։ Տրամաբանենք միասին։

Ո՞ւմ է ձեռնտու ծեծը։ Ոստիկանությանը ձեռնտո՞ւ է։ Ոչ։ Նրանք մասնակից են, բայց նրանց շահերից չէր բխում։ Ոստիկանությունը չունի մոտիվացիա ինչ-որ ՔՊ-ական պատգամավորի ասած երկու վիրավորական բառի համար մի երիտասարդի ծեծելու ու կատաստրոֆիկ հարված հասցնելու ոստիկանության՝ առանց այն էլ չեղած հեղինակությանը։ Մանավանդ որ ընդամենը բառեր է ասել, ո՛չ հարվածել է պատգամավորին, ո՛չ իրենց անձամբ է բան ասել, ո՛չ անգամ ՆԳ նախարարին։ Հետևաբար, դժվար թե ոստիկանության՝ հանցագործուն կատարելու նախաձեռնությունը լիներ ոստիկաններինը։

Անցնենք հաջորդ կերպարին․ Նիկոլի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, հարազատները, շրջապատը, ունե՞ն մոտիվացիա։ Գուցե ունեն, առնվազն Հակոբ Ասլանյանն ու իր շատ մոտ շրջապատի մարդիկ, որոնք չեն կիսում երիտասարդ Սամվելի հայացքները․ մի բան էլ՝ իրենց սիրելի Հակոբ ձյաձյային վիրավորել է։ Լավ, մոտիվացիա ունեն, իսկ հնարավորություն ունե՞ն էդ ծեծը էդ մակարդակով կազմակերպելու։ Վստահաբար՝ ոչ։ Հակոբ Ասլանյանն էն մարդը չէ, որ կարող է ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներին ցուցում տալ կամ էդպիսի հանցավոր գործարքի մեջ մտցնել, թեկուզ 2 կամ 4 ոստիկանի։ Սա շարքային պատգամավորի ու ոստիկանի կազմակերպելու բան չէ։ Այո, ցանկացած ՔՊ-ական կարող է բանդա հավաքել, քանի որ իրենց մասով անպատժելիության կատարյալ մակարդակ է մեր երկրում, բայց որ բանդան ոստիկանության հետ համագործակցի կամ գուցե կազմված լինի հենց ոստիկաններից ու գործի ոստիկանության ղեկավարության ցուցումով, հավանականությունը զրո է։

Մյուս դերակատարը՝ Ալեն Սիմոնյանը։ Կարո՞ղ է մոտիվացիա ունենալ, վստահաբար՝ կարող է։ Չէ՞ որ րոպեներ անց, հենց նա էր ուղորդում իրավապահներին երիտասարդի դեմ։ Իսկ, կհարցնեք, Ալեն Սիմոնյանը կարո՞ղ էր ունենալ էդպիսի հնարավորություն՝ ոստիկանությանը ցուցումներ տալու։ Էստեղ էլ կարծում եմ, որ ոչ։ Ոստիկանությանը էսպիսի հանցագործության մասնակից դարձելու առումով՝ նա, Հակոբ Ասլանյանն ու մյուս ՔՊ-ականները նույն հեղինակությունն ունեն, մեծ հաշվով ուսապարկեր են, իրենց ասելով։ Հա, Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է, պետության 3 դեմքը, նա կարող է զանգել ինչ-որ տեղեր ու ասել՝ հարսիս կալանավորել են, խնդրում եմ ասեք չնեղացնեն, մինչև Նիկոլի հետ հարցերս լուծեմ ազատ արձակեն, կամ զանգի պարեկների շեֆին, թեկուզ ոստիկանապետին, ներկայանա, ինչ-որ բան խնդրի․ դա կարող է, բայց էս մասշտաբի բան չի կարող հանձնարարել վարչապետի ուղիղ ենթակայության տակ գտնվող նախարարին կամ իր ենթակային․ շատ կուզենա գուցե, բայց նա վստահ է, որ անի էլ, ոչ մեկ չի մտնի տենց բանի տակ։ Որովհետև սա, կրկնում եմ, հասարակ ոստիկանի բան չէ, ո՛չ ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները, ո՛չ նրանց հրամանատարը, ո՛չ բաժնի պետը, վարչության պետը և անգամ ոստիկանապետը, ո՛չ մոտիվացիա ունեին, ոչ էլ կմտնեին սրա տակ ինքնագլուխ, չունենալով շատ համոզիչ ցուցում։

Սա, առանց չափազանցացնելու, նախարարի մակարդակով լուծվելու հարց է։ Իսկ ո՞վ կարող է նախարարին ցուցում տալ, էսպիսի հանցագործություն կազմակերպել, էսպես խայտառակել երկրի հեղինակությունը․ բնականաբար՝ նրա շեֆը։

Եկանք նրանց բոլորի շեֆին, պարագլխին, էս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։  Ունի՞ Նիկոլը, այդ ամենը անելու մոտիվացիացիան, թե՞ ոչ։ Վստահեմ՝ այո՛։ Բացատրեմ, եթե պարզ չէ։ Ինձ ու շատ շատերին, պարզ է։

Քաղաքացիական պայմանագրում մթլոնոլորտը գերանհանգիստ է․ վարկանիշը ցածր է այլանդակ, փողոցներում հարցում են անում, մեծամասնությունն անեծք է տալիս, ինչոր մարդիկ ՔՊ-ական պատգամավորներին ծաղրում են՝ խաղալիք ռումբեր դնելով տների մոտ, փողոցներում, տրանսպորտում կոնֆլիկտ է։ Սոցցանցերում հայհոյանք է, որ տալիս են, արդեն, ցավոք ընտանիքներին, կանանց երեխաներին, մի ահավոր վիճակ է։ Ու ՔՊ-ականները կարող են Նիկոլի հետ քննարկում ունենալ, որ շեֆ, էսպես չի լինի, չի կարելի՞ մարդկանց աչքը այնպես վախեցնել, քրեական գործերից չեն վախենում, կալանավորում ենք, չեն վախենում, տուգանում ենք, չեն վախենում, ուրիշ բան մտածենք, որ սարսափ տարածի, մեզանից յան տան, ասեն շառից հեռու։ Դե հասկանու՞մ եք, մարդիկ հավաքվում, Նիկոլին լսում են, նրա առաջարկներին համաձայնվում են, պաշտպանում իրենց երեսներով, բայց աղետ է գալիս երկրի գլխին ու նրանք կամա թե ակամա, հանցակից են դառնում, մտնում անեծքի տակ։ Դե հիմա էլ, երևի թե ասում են, այ մարդ դե մի բան էլ մտածի, որ մեզ գոնե տրանսպորտներում չհայհոյեն, սենց ո՞նց կլինի բա։ Շատ նման է, որ հենց Ալենն էլ այդ հանձնառությունը ստանձնել է, պաշտպանել Նիկոլի հակահայկական թեզերը տարածողներին ժողովրդից։ Ինքն էլ զանգել և առաջարկել է որ հրատապ մի բան կազմակերպվի, թե չէ հնարավոր է իրավիճակը վերասկողությունից դուրս գա։

Արդեն ասացի, ներքին գործերին, նրա ենթակայության տակի ոստիկանությանը էսպիսի հանցագործության հրաման կարող է տալ միայն ու հենց Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար, սա Նիկոլը հո չի՞ արել Հակոբ Ասլանյանի համար․ չէ, իր համար ի՞նչ տարբերություն մի թրքասերով ավել ա, թե պակաս․ սա արել են ՔՊ-ի ու հենց Նիկոլի իշխանության համար։ Կարող ենք ենթադրել, որ էս հանցագործության մասնակից են ոստիկանության մի շարք օղակներ՝ նախարարից մինչև շարքային օպերլիազոր։ Ու եթե Հայաստանը լիներ նորմալ երկիր, ոչ թե Պապուա Նոր Գվինեայի մակարդակի, Վահե Ղազարյանը հրաժարական կտար ոստիկանության հեղինակությունը պոլով տալու համար։ Նիկոլը նրան չի հանի, իհարկե, որովհետև սա, կարծում եմ, հենց իր պատվերն է, բայց Վահե Ղազարյանն ինքը, որ 20 տարի ոստիկան է եղել, պետք է չենթակվեր՝ առնվազն հարգելով էդ ուսադիրները, որը որպես նվեր ստացել է։ Ցավոք, բայց դե էդ մթնոլորտն է մեր երկրում։

Իշխանությունը պահում է բանդա քաղաքական հարցեր լուծելու համար։ Շատ ենք լսել սրանցից, թե նախկինում պադեզդներում մարդ էին ծեծում․ թե նախկինում ում են ծեծել-սպանել պադեզդում չգիտեմ, բայց հիմա ծեծում են ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության մասնակցությամբ, իրենց հետ փոխկապակցված բանդայով։ Սա ասում է՝ եթե նախկինում եղել են հանցագործներ, հիմա հանցագործն էլ ենք մենք, խուժանն էլ ենք մենք, բանդիտն էլ։ ՀՀՇ-ի, Վանոյի բեսպրեդելի ժամանակներն է, չէ՞, հիշեցնում։

Մենք տեսել ենք, որ ՔՊ կուսակցության ներսում ընտրություններ են կեղծում, կուսակցության ներսում կասկածելի փողեր են ֆռում, կա ահավոր չափի բյուժետային փողերի մսխում, մեծ թալան, բայց նաև կան հանցավոր խմբավորումներ, որոնք հարցեր են լուծում քաղաքական նպատակով, այն է՝ վախեցնել հասարակությանը, որ իրենց թթու բառ չասի։ Ոստիկանությունը ուղերձ է հղում հանրությանը, որ ես ՔՊ-ի ենթակայության կառույցն եմ, հարգելի քաղաքացի, ես լուծում եմ նաև ՔՊ-ի քաղաքական հարցերը։ Ու զավեշտ է, որ էսքանից հետո Ալենը էսօր հանդիպում է Լիտվայի ԱԺ նախագահին ու ասում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանի միակ անվտանգային համակարգն է»։

Կարճ ասած՝ Երեկվա կատարվածը լրիվ նոր իրողությունների է բերում։ Եթե մինչ այս համարում էինք, որ գործ ունենք հող տվող, հայրենիք տվող, կոռուպցիոներ իշխանության հետ, հիմա նաև դրան ավելանում են քաղաքական նպատակով բանդիտական խմբավորումները։ Օրը մի գիծ անցնում են, երեկ էդ գիծն անցնելու հերթն էր։ Լավ, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանենց նպատակը՝ լռեցնել հանրությանը, վախ տարածել, կիրականանա։ Վստահ եմ՝ ոչ։ Իհարկե, կլինեն մարդիկ, որ ավելի զգուշավոր կդառան, բայց դրանից դժգոհությունները միայն կավելանան։ Ախր դուք էլ լավ գիտեք, որ ոչ մեկի դիրքորոշումը ձեր նկատմամբ չի փափկի, չէ՞։

Այս դեպքը ցույց է տալիս, որ իշխանությունն օրենքով պահելու բոլոր ռեսուրսները սպառվել են, գործի է դրվել 90-նների բեսպրեդելշիկների մեթոդները։ Իսկ երբ իշխանությունը պահելու օրինական ռեսուրսները սպառվել են և հույսը մնացել է դիմակով բանդան, նշանակում է՝ վերջը մոտ է։

 


Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ