26 10 2023

«Կարճ ասած»․ Փաշինյանն ընկել է Ալիևի հետևից, որ պայմանագիր կնքի



 

Հոկտեմբերի 5-ին, երբ Ադրբեջանի նախագահը Գրանադա չայցելեց, և Նիկոլ Փաշինյանը ինքնագլուխ, Ալիևի անունից էլ հայտարարեց, թե կողմերը ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը, ԵԽ նախագահ Շառլ Միշելն ասաց, թե պայմանավորվել է Ալիևի հետ, որ Բրյուսելում հանդիպեն՝ եռակողմ, հոկտեմբերի վերջին։ Երեկ պարզ դարձավ, որ հանդիպում չի լինի, Ալիևը հրաժարվել է նաև դրանից։ Արարատ Միրզոյանն ասում է՝ Ալիևը ժամանակ չի գտել Բրյուսել բանակցությունների գնալու։ Արդյո՞ք այդպես է, կասկածում եմ․ Ալիևն էնքան ժամանակ ունի, որ օրերով գնում է օկուպացրած Արցախում ամեն թփի տակ Ադրբեջանի դրոշ է տնկում, արդյո՞ք ժամանակ չունի գնալ Փաշինյանից կադաստրի տեղեկանք ստանալու։ Իհարկե՝ Ալիևի չգնալը բոլորովին չի նշանակում, թե Փաշինյանը չի կարող Բրյուսել գնալ։ Արդեն փորձ ունի և կարող է հետևել իր նախկին օրինակին՝ գնա Բրյուսել, Շառլ Միշելի հետ մի հատ էլ եռակողմ հայտարարություն ընդունի, առանց Ալիևի, մեկ ավելորդ անգամ ևս ճանաչեն իրար տարածքային ամբողջականությունը։ Ստեղից էլ Կոնջորյան-Արայիկ Հարությունյան-բանը հայտարարեն, որ սա դիվանագիտական հաղթանակ էր, չէիք ուզում Նիկոլը Բրյուսել գնա, որ էս հաղթանակը չլինե՞ր։

Հայկական կողմն ասում է՝ տեսեք, Ալիևն է հրաժարվողը։ Այո, Ալիևը տապալում է Փաշինյանի հետ բանակցությունները։ Իսկ դա ի՞նչ է ենթադրում։ Սաղ աշխարհին կարող ենք ցույց տալ, որ մենք պատրաստակամ ենք, Ադրբեջանը՝ ոչ․ տեսեք՝ Նիկոլը արդեն 6 ամիս է՝ ընկած է Ալիևի հետևի, որ գա թուղթ ստորագրի։ Իսկ ինչո՞ւ Ալիևը չի գալիս։ Տպավորություն է, որ Ալիևը պարզապես մերժում է արևմտյան հարթակները, հենց այնպես, ինչպես Նիկոլը մերժում է ռուսական հարթակները։ Ասում է՝ Ռուսաստանը հարևան է և դաշնակից է երկուսիս, իսկ Բրյուսելը հեռու է հազարավոր կիլոմետրերով։ Մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում, չի մասնակցում բանակցությունների, ըստ իս, որովհետև իրեն պետք չէ, նա ստացել է ինչ ուզում է և ստանում է ինչ ուզում է։ Պետք է գնար թուղթ ստորագրեր ու Արցա՞խ ստանար, ստացել է առանց դա ստորագրելու։ Արցախում հայ չկա, ու Արցախը դեռ պայմանագիր չստորագրած, արդեն հանձնել է Նիկոլը։

Հայաստանի վարչապետն այսօր Վրաստանում հրապարակել է առաջին քարտեզը անկախ Հայաստանի պատմության մեջ, որտեղ չկա Արցախ․ սովետական քարտեզներում, որտեղ արցախն Ադրբեջանին բռնակցված էր, քարտեզում կար, Նիկոլի հրապարակած քարտեզում չկա։ Սենց քարտեզ առաջինն է պատմության մեջ, որ կազմում է Հայաստանի ղեկավարությունը։ Ալիևը պետք է գնա բանակցի, որ այսպես կոչված անկլա՞վ ստանա։ Առանց իր գնալու ստացել է Նիկոլի ստորագրությունը։ Էս քարտեզում հայկական այդ գյուղերն էլ են Ադրբեջան։ Պետք է բանակցի որ միջանցք ստանա՞, դա էլ է ստանալու։ Չեք տեսնո՞ւմ Նիկոլի պատրաստակամությունը՝ ամեն մայրաքաղաքում մի բան տալու։ Պետք է գնա բանակցի, որ ստանա կադաստրի վկայակա՞ն։ Իսկ դա՞ ինչ է անում, չէ՞ որ առանց ստորագրության, իր տարածքը երկարացրել է մերը օկուպացնելով․ 2020 թվականի դեկտեմբերից մինչև էսօր պարբերաբար երկարացնում է։ Ալիևը կարիք չունի, իր տեսանկյունից, բանակցելու, ստորագրելու, որովհետև այդ պայմանագիրը Նիկոլին կաշկանդելու է հանձնել նոր բաներ, իսկ առանց պայմանագրի, ամեն անգամ կհասնի ուզածին․ երկու օր զորավարժություն է անում, զինտեխնիկան լցնում է սամհմանի ամբողջ երկայնքով, արդեն ստեղից խոսում են զիջումների պատրաստկամության մասին։

Չկա քիչ թե շատ նորմալ վերլուծաբան, քաղաքական ու հասարակական գործիչ, կոնֆլիկտաբան, որ չահազանգի հնարավոր պատերազմի մասին։ Խնդրեմ, ամերիկյան Politico թերթնէլ արտահոսք էր հրապարակել, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կոնգրեսականներին ասել է Ադրբեջանի կողմից Սյոնիք ներխուժելու հավանականության մասին։ Մեզ մոտ մի սովորություն կա, որ մի բան ես ասում, հաջորդ օրը չի լինում, ժողովուրդն ասում է՝ բա տեսա՞ք՝ սուտ էր։ Ասում էինք եկել են Ղարաբաղը հանձնեն, ժողովուրդն ասում էր՝ բա ուր ա, երկու տարի անցել է՝ չեն հանձնել։ Ասում էինք անկլավ են տալիս, ասում էին՝ սուտ ա, նավոդկա եք տալիս։ Էն որ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն արեցին՝ «թշնամու տարածք ներխուժելու» խորագրով ու չհարձակվեցին, չի նշանակում, թե վտանգն անցել է։

Հիմա հարց եմ ուզում տալ ժողովրդին, իշխանություններին, Նիկոլ Փաշինյանը, Արցախը հանձնելով, անկլավներ հանձնելով, այ էս քարտեզով, պատերազմը մոտեցրե՞լ է, թե՞ հեռվացրել է։ Փաշինյանը ուր ասես գնում է ու խոսում արդեն մազոլ արած 29,800 ից և 86,600-ից․ էդ թվերը լսելիս արդեն ակամա պատկերանում ենք կադաստրի թուղթ, էսօր էլ Վրաստանում դա էր խոսում։ Հիմա կրկին հարցնեմ՝ 86,600 քառակուսի կիոլմետրանոց Ադրբեջան ճանաչելով, դու մոտեցրե՞լ ես պատերազմը 29,800-ին, թե՞ հեռվացրել ես։ Եթե հեռվացրել ես, Ադրբեջանը ինչի՞ մի անգամ չի հայտարարում, որ ճանաչում է քո երազած 29,800-ը։

Դու պետք է էնքան ծանր նստեիր էդ բանակցություններին, կոշտ դիրքորոշմամբ, որ քեզնից մի բան պոկելը իրենց համար դառնար անհասանելի երազանք, ինչպես եղել էր քեզանից դեռ առաջ ու ինչ պոկեին, անմիջապես թղթով-պեչատով անեին։ Բայց քո հետ բանակցելը նրանց համար խաղու պար է, էնքան են ստացել, որ էլ հավես չեն էլ անում բանակցել։ Ցավոք՝ իրականությունը սա է, որը դու բոլորից լավ ես տեսնում։ Լավ, ասենք ընդդիմությունը չի կարողանում քեզ հանել, դո՞ւ ինչու ես սպասում մինչև էդ կրկիտիկական վիճակը, չե՞ս տեսնում, որ քեզանով շանս չկա՝ թշնամին բանի տեղ չի դնում, գործընկերներդ հիասթափված են, դաշանակիցներդ թշնամացել են հետդ, երկիրդ լի է բռնագաղթածներով․ ուղղակի չես կարողանում։ Նայեք Ադրբեջանի նախագահի ելույթները, նայեք այդ ելույթներին հայկական կողմից արձագանքի բացակայութունը, դուք ի՞նչ է, խաղաղության հույս ունե՞ք։ Լավ, ասենք ստորագրեցիք, մեռաք խոսելով խաղաղության պայմանագրից, ի՞նչ է լինելու դրանից հետո, պատկերացրել ե՞ք։

Կարճ ասած՝ Հայաստանը նոր զիջումների հենց շեմին է։ Նոյեմբերի 9-ի թուղթը կապիտուլյացիոն էր, բայց շատերը նշում էին, որ Փաշինյանի մնալու պարագայում ավելի վատն էլ է լինելու։ Մնաց, ու 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թուղթը ավելի վատն էր։ Բայց դրանից հետո էլ՛ ավելի վատ բան եղավ, որովհետև եթե Պրահայի թղթով արցախցին Ադրբեջանի քաղաքացի էր, հիմա Արցախում Հայ չկա։ Ու մենք սպասում ենք նոր թղթի։ Ցանկացած բանակցություն, որից թշնամին ստանում է ամեն ինչ, բերելու է պատերազմի։ Երբ ամեն ինչ տալիս ես, որ ստանաս անվտանգություն, ուրեմն կստանաս պատերազմ։ Խնդիրը ո՛չ հարթակն է, ո՛չ էլ այս պահին անգամ Ադրբեջանը․ խնդիրը դու ես, անձամբ դու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ