16 10 2023

«Կարճ ասած»․ Ալիևն իզուր է լոպազանում, Նիկոլը իրենից շուտ է Արցախում կախել Ադրբեջանի դրոշը



Երեք տարի առաջ այս օրը կառավարությունը տեսանյութ հրապարակեց․ Փաշինյան Նիկոլն այցելել էր զորամաս, ելույթ էր ունենում, իր կոչով առաջնագիծ մեկնող կամավորականների առաջ։ Հիշեք օրը՝ հոկտեմբերի 16․ դա այն ժամանակ էր, երբ արդեն 1 փորձ արվել էր պատերազմը կանգնեցնելու ինչ-որ պայմանով, բայց, ըստ երևույթին, Նիկոլը մերժել էր  առաջարկը, չնայած, որ Արցախից ամեն օր կիլոմետրերով նահանջ էր տեղի ունենում․ դա այն ժամանակ էր, երբ ԳՇ պետն ասել էր, որ պետք է դադարեցնել քաղաքական ճանապարհով, ռազմականով չի ստացվելու դիմակայել։ Դրանից երեք օր անց ևս մեկ անգամ Փաշինյանը մերժում է պատերազմը կանգնեցնելու, ևս մեկ առաջարկ։ Նիկոլի՝ 2020 թվականի այս օրը ունեցած ելույթը շատ լավ եմ հիշում, որովհետև շատ խրոխտ տոնով մեր տղերքին քաջալերում էր՝ իմանալով, որ ուղարկում է մահվան, հանուն ոչինչի։

Նիկոլն ինքը հավաքում էր կուսակցություններին՝ փակ քննարկման ու ասում, որ պարտվում ենք, բայց դրանից առաջ, հետո իր ուղիղ եթերներով ոգևորում էր կամավորներին ու ուղարկում կոտորվելու։ Խաբում էր, իրականությունը սխալ էր ներկայացնում, ստում էր, կյանք էր գողանում։ Ստերից մեկը, օրինակ, այն էր, թե՝ 2016 թվականի առավոտյան զարթնեց, տեսավ օրորոցում քնած երեխային, որոշեց գնալ ու զոհվել հանուն հայրենիքի։ Նա չի ասում, թե 2016 թվականի 366 առավոտներից որ մեկը նկատի ունի։ Իրականում գիտենք, որ նա ապրիլյան պատերազմին գնաց այն ավարտվելուց ամիս ու կես հետո, երբ 82 զոհ ունեցել էինք նաև Նիկոլի երեխաների անվտանգությունն ապահովելու ընթացքում։ Նիկոլը իհարկե չզոհվեց, շարունակեց ապրել, բայց անգամ նրա ապրելը հանուն հայրենիքի չէր, էլ ուր մնաց՝ զոհվելը լիներ, պատերազմի դադարից մեկու կես ամիս անց։ Ժողովուրդս էմոցիաների տակ էր, հավատով լցված, որ իրոք հաղթում ենք, Նիկոլին էլ հավատում էր, Արայիկին ու Արծրունին հերոսացնում, հիշեք այդ օրերը։

Մյուս սուտն այն էր, երբ կամավորներին ասում էր՝ դուք գնում եք Արցախում կռվելու հանուն հայրենիքի․ Նա Արցախը հայրենիք չէր համարում, պատերազմից հետո ինքն ու իր ՔՊ-ականները քա՞նի անգամ են հայտարարել, որ մերը չէր։ Նիկոլը ասում էր կամավորներին՝ Արցախի Հանրապետություն պատերազմի գնալով՝ դուք գնում եք ձեր ննջարանի մուտքը պաշտպանելու։ Իրականում ճիշտ էր ասում, վիճելու բան ես որ չունեմ, բայց չգիտես ինչու, հիմա իրենք են, Նիկոլի գլխավորությամբ, մեզ հակառակում համոզում։ Իսկ, ի՞նչ եք կարծում, էդ կամավորներից քա՞նիսը հետ եկան Նիկոլի պլանավորած պարտությունից։

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ահավոր անդուր տեսարան էր, մեր ինքնասիրությունը վիրավորող տեսարան էր։ Ընդհանրապես, 3 տարի շարունակ այսպիսի լիքը քայլեր են կատարվել, որի մեջ չենք կարողանում տեղավորվել, ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս։ Ազգային ամոթ էր տեսնելը, թե ինչպես է Ալիևը Ադրբեջանի դրոշ բարձրացնում Ստեփանակերտի նախագահականի դիմաց։ Ասում էր, որ այդ օրվան 30 տարի սպասել են, 30 տարի խեղճացած են եղել։ Այդպես էլ կմնային, եթե․․․ Հիմա անդրադառնամ այդ «եթե»-ին։

Այո, ադրբեջանական դրոշը երեկ բարձրացվեց Ստեփանակերտում։ Բայց արդյո՞ք դա առաջին անգամ էր։ 2018 թվականից հետո քա՞նի անգամ է Արցախի Հանրապետությունում կախվել Ադրբեջանի դրոշը՝ թե՛ ուղիղ իմաստով, թե՛ փոխաբերական։ Քա՞նի քայլ է կատարվել Հայաստանի ու Արցախի իշխանության կողմից, որ այդ դրոշը չկախվի։ Իսկ հակառա՞կը։ Մանրակրկիտ մշակված, հետևողական քայլերով բերին մեր գլխին էս աղետը, իսկ Ալիևի համար՝ հաղթանակ։ Իմ կարծիքով, Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը տնկվեց 2018 թվականի հուլիսի 27-ին, երբ կալանավորվեց 1994 թվականին Ստեփանակերտի նախագահականի վրա Արցախի գերբը դնող Ռոբերտ Քոչարյանը։ Դա առաջին անգամ էր, շատ շատերի համար արդեն պարզ էր։ Ես ինքս մի քանի վերլուծական և այլ նյութ եմ ունեցել, հենց այդ ժամանակվա․ ասում էի, որ սա, այսինքն՝ Քոչարյանի կալանավորումը մի բան է նշանակում․ սրանք Արցախ են հանձնում։ Արցախում Ադրբեջանի դրոշը դրվեց 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ անվտանգային կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հետ կանչեցին ու հեղինակազրկեցին այդ կառույցը։ Արցախում ադրբեջանական դրոշը շարունակեցին դնել 2018 թվականի նոյեմբերի 26-ին, երբ դրսի փողերով հեղափոխություն արածները հայտարարեցին, թե հեղափոխությունն Արցախից կարևոր էր՝ մարդկանց մտքում արժեզրկելով մեր ազատագրական պայքարի արդյունքում նվաճած Արցախի Հանրապետությունը։ Արցախում Ադրբեջանի դրոշը դրվեց 2019 թվականի ապրլ 4-ին, երբ Նիկոլը հայտարարեց, թե ինքը իր կետից է բանակցում, այսինքն՝ իր զրոյական կետից՝ մի կողմ դնելով, ջնջելով, 30 տարվա դիվանագիտական ձեռքբերումները։ Արցախում Ադրբեջանի դրոշներ էին կանգնեցվում 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում, երբ գյուղ առ գյուղ գրավելով գալիս էին, իսկ արծրունանմանները մարդկանց ուղեղը բթացնում էին, թե՝ հենց էս պահին էդտեղ ենք, հաղթում ենք, եկեք, միացեք մեր հաղթանակին։ Արցախում Ադրբեջանի դրոշ նախապես դրեցին էն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն շաբաթ Նիկոլը հրաժարվում էր դադարեցնել պատերազմը։ Նա հո գիտեր, որ դադարձեցնելու էր, առաջին փորձի ժամանակ՝ 2, հաջորդ փորձի ժամանակ՝ արդեն 5 շրջան տալով, բայց՝ ոչ, որոշեց մինչև վերջ գնալ, որ ամբողջ երկրում կախվի Ադրբեջանի դրոշը։ Արցախում Ադրբեջանի դրոշը կախվեց 2021 թվականի հունիսի 21-ին, երբ զոռով-շառով, ընտրություն հաղթեցին․․․ Ո՞վ հաղթեց, կասե՞ք, Նիկոլը․․․ Այո՛, եսել եմ տենց մտածում, Նիկոլը չհաղթեց, Ալիևը հաղթեց։ Հաջորդը․ այդ Ալիևյան հաղթանակած ընտրությունից հետո, գիտեք ինչ արվեց 2021 թվականի օգոստոսի 21-ին, երբ Նիկոլի հրամանով Արցախից հանվեց հայկական զենքն ու զորքը։ Արցախում Ադրբեջանի դրոշը կախվեց, երբ Փաշինյանը հայտարարեց կարգավիճակի մասով նշաձող իջեցնելու մասին։ Արցախում Ադրբեջանը դրոշ բարձրացնելու պաշտոնական թույլտվություն Ալիևը ստացավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, Նիկոլի համաձայնությամբ․ ասաց Ղարաբաղն Ադրբեջան է, ներսում բանակցեք որպես մի երկի քաղաքացի։ Էն ժամանակ դրվեց Արդրբեջանի դրոշը, երբ սկսեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու փոխարեն ասել Ղարաբաղի էթնիկ հայեր։ Էն ժամանակ դրվեց դրոշը, երբ թշնամին հարձակվեց, Նիկոլն փոխարենը ռազմական դրություն մտցներ ու մոբիլիզացիա հայտարարեր, Արցախին ասաց՝ դե մենք կհետևենք, մեր քաղաքացիներին տեղյակ կպահենք։

Իսկ ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի դրոշը միայն Արցախո՞ւմ է ծածանվում։ Նիկոլի շնորհիվ, Հայաստանում էլ կա էդ դրոշից։ Մեր մայրուղու կեսից ցուցանակ են դրել՝ «բարի գալուստ Ադրբեջան» գրառմամբ։ Դա սկսեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ պաշտպանության նախարար աշխատողը պաշտպանելու փոխարեն որոշեց հանձնվել ու զորքերը հետ քաշեց Սյունիքից։ Դանից հետո տեղի ունեցան բաներ, արդյունքում Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Ջերմուկում էլ Ադրբեջանի դրոշներ են։ Հայաստանում դրոշ կախելու թույլտվություն Նիկոլի դեմքով, բայց իրականում՝ Ալիևին տվել է այն ժողովուրդը, որը 2021 թվականի արտահերթ ընտրություններում կողմ է քվեարկել Նիկոլին։ Այդ թույլտվությունը տվել են նրանք, ովքեր չեմուչում անելով, սրան սիրում եմ, նրան չեմ սիրում, հին ա-նոր ա անելով, չեն գնացել այդ մի ճակատագրական օրը մեր պատմության մեջ ու չեն ընտրել ակնհայտ չարիքի իշխանությանը հակառակ թեկնածուի՝ թույլ տալով վերատադրվել։ Այո՛, դա հենց ադրբեջանական գերբ ու դրոշի թույլտվության տալ-չտալու ընտրություն էր։ Նորանոր դրոշներ կախելու թույլտվություն եղավ այն ժամանակ, երբ Նիկոլին հեռացնելու շարժումները տապալվեցին, որովհետև, բոլորը բոլորից նեղանում են, բոլորին ինչոր բան դուր չի գալիս, թվում է՝ սխալ է, դրա արդյունքում էլ մնացինք մեր նույն Նիկոլով, իսկ իրականում՝ Ալիևով։ Ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլը թույլ տվեց ևս մի քանի դրոշ տեղադրել Հայաստանում՝ մեր երկրից գյուղեր ճանաչելով, որպես Ադրբեջանի անկլավ։ Հիմա, որ վաղն առավոտ կամ էլի մի իրենց համար մի հիշարժան օր, Ալիևն ուղարկի իր զինծառայողներին, քշեն, մտնեն ու Տիգրանաշեն, կամ մի այլ գյուղի ադմինիստրատիվ շենքի վրա իր դրոշը բարձրացնեն, ո՞վ է դեմն առնելու․․․ է, կասեն, ա՛յ ընկեր, հենա ձեր ղեկավարն ա ասել, էս էլ թուղթն ա․․․ Նույն բանը չի՞։

Դե ասեք, որ Ալիևը գնացել է Ստեփանակերտի դատարկ փողոցներում իրեն հերոս է զգում, ինչի՞ արդյունք է, ո՞ւմ շնորհիվ է, ու՞մ հաղթանակն է։ Արդյո՞ք ռազմականով, պատերազմով եկավ-գրավեց ու պարտադրեց իրենը։ Լսեք ինչ է ասում, ասում է 30 տարի երազել ենք, բա էդ ինչի՞ 30 տարի չէիր կարողանում գալ վերցնել։ Ալիևը չի ասում՝ մենք պատրաստվում էինք պատերազմի, հայերը չէին պատրաստվում, դա Հայաստանի հիմիկվա ղեկավարներն են ասում՝ մեղքը նախորդ իշխանությունների վրա գցելու համար։ Ալիևը չէր հարձակվում, որովհետև չկար երաշխիք, որ մեր պարտությանը կհասցներ ու ինքը դա շատ լավ գիտեր։ Նիկոլի օրոք միայն այդ երաշխիքը եղավ, դրա համար էլ այդպես վստահ էր, դրա համար էլ ամեն շենքի ու թուփի տակ գալիս, կանգնում, նկարվում է, ոնցոր չհավատա իր բախտին։ Հետևողական ամեն բան արվեց, իսկ ամենից կարևորներն էին՝ վարկաբեկվեց բանակը, ներսից փոփոխություններով թուլացվեց, վարկաբեկվեցին զինվորականները և առհասարակ մեր հաղթանակը։ Ի՞նչ եք կարծում, կոռուպցիոն գեներալ, թերացող գեներալ չի՞ ազատվել աշխատանքից 2018-ից առաջ, լիքը․ նրանցից մեկին էլ Նիկոլը սարքեց իրեն խորհրդական, հետո՝ պաշտպանության նախարար․ բայց էդ հեռացումները չէին սարքում հիմք բանակը քանդելու համար, հրապարակային չէին պախարակում։ Ու չար զուգադիպությամբ, էն գեներալները, որոնց գործից հանել էին, որոնց ուսադիրները պոկել էին, Նիկոլը սարքեց մեր երկրում պաշտպանության նախարարներ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ու Արցախի միջև ամեն ինչ սահո՞ւն էր ընթանում․ ոչ, բայց այդ պրոբլեմները երբեք չէին սարքում առիթ հարաբերությունները քանդելու, Արցախին կարևոր պահին միայնակ թողնելու համար։

Կարճ ասած՝ ի՞նչ եք կարծում, ժողովուրդ ջան, Հայաստանի կառավարության շենքում Հայաստանի՞ դրոշն է ծածանվում այս պահին։ Ուշադիր նայեք, ստուգեք ամեն դեպքում, որովհետև, որ նայում ենք շենքի պարունակությանը, շենքում նստածների՝ վերջին 5 տարիների գործողություններին, հայկական շահ կա՞ էդտեղ։ Կարմիր, կապույտ ու ծիրանագույնին էլ մի խաբվեք։

Ադրբեջանի նախագահը իզուր է լոպազացել Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու համար։ Իրենից առաջ դա արել է Նիկոլ-Արայիկ զույգը։ Եվ ուրեմն, հիմա մեր խնդիրը պետք է լինի համբերատար, կազմակերպված հեռացնել Ադրբեջանի բոլոր դրոշները՝ սկսած մեզ ամենամոտիկ գտնվողից։

Երեկ Ֆեյսբուքի օգտատերերի մի մասը տեղադրում էր Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացման բազմաթիվ ֆոտոներ՝ որպես ազգային աղետ․ մյուս մասը, այդ թվում ես, հրապարակեցինք 1994 թվականի միակ տեսանյութը, որով Արցախի գերբի ամենամեծ քանդակը տեղադրվում էր Արցախի Հանրապետության նախագահականի վրա։ Ես դրան եմ հավատում, դա է նվաճվածը, բայց իմ մտքում միշտ ունեմ, թե ինչ է լինում էն ազգի հետ, որը ընկնում է ամեն սրիկա պոպուլիստի հետևից՝ իր հետևից վատաբանելով իրական պետություն ստեղծողներին ու պահողներին:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ