28 09 2023

«Կարճ ասած»․ Արցախը․․․ Եվ վե՛րջ



 

Համաշխարհային նորագույն պատմության մեջ չի եղել էս կարգի դեպք, որ պետությունը ինքնորոշվի, 30 տարի անկախ ապրի, ունենա բոլոր ինստիտուտները ու կայացնի ինքնալուծարման որոշում։ Հայ ազգը մնաց համաշխարհային պատմության մեջ որպես բացառիկ դավաճանության զոհ։ Մեզանից շատերի համար այս օրը շատ ավելի ծանր է, քան անգամ կապիտուլյացիայի օրը։ Որովհետև եթե կապիտուլյացիայից հետո ինչ-որ բան մնաց, այսօր, արդեն, դա էլ չկա։ Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Ինչո՞ւ ստորագրվեց այդ հրամանագիրը։ Որովհետև, 30 տարի հետո, ամենից դժվար պահին մնաց մենակ, մեն մենակ, թշնամու առաջ։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ընթացքում Արցախը չստացավ որևէ աջակցություն Հաաստանի Հանրապետությունից, չստացավ անհրաժեշտ աջակցություն ռուս խաղաղապահներից, որևէ աջակցություն աշխարհի և ոչ մի երկրից, կանգնեց փաստի առաջ՝ հանձնվել, թե ոչնչանալ, 120 հազար քաղաքացիների սպանվելու առաջ և կայացրեց այդ որոշումը։ «Արցախը Հայաստան է և վերջ» թեզից սկսվեց, բայց հաջորդեց «վերջ Արցախին» թեզով։ Ամեն բան օրինաչափ էր․ քանի որ անգամ Արցախի վրա վերջին հարձակման նախօրեին Հայաստանի վարչապետը դարձել էր Ալիևի փոշտալյոնը, փոխարենը սատար կանգներ, թշնամու մտադրություններն էր հայտնում՝ ուզում են զտեն, ուզում են միակողմանի միջանցքը բացեն, էս են ուզում, էն են ուզում, ռուսներին հիշատակեց բազմիցս, թե դրանք էլ էս չեն անում, էն չեն անում և մեզ՝ Հայաստանին, ուզում են ներքաշեն պատերազմի մեջ ու  հաշվի առնելով դա, Հայաստան պետության վրա, հույս չդնեք։

Ո՞վ որոշեց, որ Հայաստանը չպիտի պաշտպանի մեկ այլ հայակական պետությունը և նրա ժողովրդին, կամ որ Արցախը պետք է լուծարվի․ հայ ժողվո՞ւրդը, Ղարաբաղի՞ ժողովուրդը։ Ո՛չ, Փաշինյանը։ Հեսա քննարկումները կգնան՝ թող չստորագրեր Արցախի նախագահը և այլն, բայց դա այլևս կարևոր էլ չեն, անիմաստ են, որովհետև ստորագրեր, թե թռներ Սամվել Բաբայանի պես, իրականությունը արդեն այլ է և որը նոր չէ տեղի ունեցել։ Այսօր վերջնական կատարվեց այն, ինչ ասվել ու զգուշացվել է 5 տարի։ 5 տարի պահանջվեց՝ 5 հազար տարի գոյություն ունեցած ու ինքնորոշված երկիրը հանձնելու համար․ Արցախը դիմացավ սելջուկ թուրքերի արշավանքներին, մոնղոլական արշավանքներին, ռուսական տիրապետությանը, խորհրդային տարիներին Ադրբեջանի տիրապետությանը, բայց Նիկոլի իշխանությանն է, որ չդիմացավ։ Արցախի լուծարման որոշումը կայացրել են Նիկոլին բերողները՝ թե՛ դրսից, թե՛ ներսում նրա հետևից գնացածները։ Դրսինները՝ դեռ վաղուց, ներսից կպածները, արդեն, հետո՝ կամա թե ակամա։

2022 թվականի Պրահայի փաստաթղթում, որտեղ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ամենայն հավանականությամբ, եղել է նաև ամսաթիվ և դա այսօրն էր. Ո՞նց էր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթում գրված՝ Աղդամի շրջանը հանձնվում է Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը, Քելբաջարի շրջանը՝ մինչև նոյեմբերի 15-ը և այլն, այնպես էլ, հավանաբար պայմանավորվել են՝ Արցախն ամբողջությամբ՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։  Ամիսը մեկ հայտարարում էին՝ Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր առաջարկները․ էս ելքը էդ առաջարկների մեջ չէ՞ր, միասին պայմանավորված չէ՞ր, իսկ ո՞վ գիտի․ հնարավոր է, մտեք, վերցրեք, «մարդավարի նստենք բանակցենք» ֆորմատով։

Այն ծրագիրը, որով եկան իշխանության, այդ հիմնական կետերից մեկը կատարեցին 100 տոկոսով։ Կրկնում եմ՝ սա աշխարհում չտեսնված դավաճանություն էր, որ պետությունը այսպես ծնկի բերվի ու լուծարվի։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Սովետի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ միասին։ Արցախի Հանրապետոյթունում ձևավորվել են բոլոր այն ինստիտուտները, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում՝ Նախագահ, կառավարություն՝ իր ժողովրդական ընտրություններով,  նախարարություններով, Աժ, վարչատարածքային բաժանումներ՝ ամեն տարածք իր տեղական ենթակառուցվածքներով։ Ամեն ինչ ստեղծվել էր զրոյից։ Ամեն ինչ նման էր, անգամ դրոշն էր նման Հայաստանին, միայն սպիտակ եռամնկյունաձև նախշ կար, որը խորհրդանշում էր, որ Արցախը մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակման արդյունքում վերջինիս վերամիավորումը։ Ամեն բան արվել էր այդ նպատակը իրագործելու համար, բայց տարիներ անց, պարզվեց, կգտնվի հայկական ազգանունով մեկը, որը կհամաձայնվի հանձնել Արցախը, չպաշտպանել Արցախը։

Եթե առաջ հայ ժողովուրդը աշխարհին հայտնի էր իր հռչակավոր կոմպոզիտորներով, գյուտարարներով, սպորտսմեններով, տարբեր երկրներում մեծ հռչակ ունեցող հայերով, այսուհետև հայ ժողովուրդը հայտնի է լինելու նաև մեծ անարդարությամբ ու դավաճանությամբ։ Այս ահռելի դավաճանության թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի Հանարպետության իշխանությունն է, որքան էլ որ իր վրայից ուզենա մաքրել, դա է իրականությունը։ Երկրորդ մեղավորն ու պատասխանատուն բոլոր նրանք, ովքեր նրանց բերել են, պահպանել են, քվեներով աջակցել են։ Նիկոլին ձայն տված ու Արայիկ Հարությունյանին ձայն տված ցանկացած քաղաքացի այս դավաճանության գուցե մոլորված, բայց միևնույն է՝ մասնակից է իր ձայնի չափով։ Այս դավաճանության երրորդ մեղավորն ու պատասխանատուն միջազգային հանրություն կոչվածն է, որը քաղաքակիրթ 21-րդ դարում հանգիստ հետևեց ցեղասպանությանը ու պետության լուծարմանը։ Եվ չորրորդ մեղավորը նրանք են, այն համակարգերն են, այն պետական ու ոչ միայն ինստիտուտներն են ովքեր չուզեցան, չգիտակցեցին կամ չկարողացան այս աղետաբերներին մաքրել մեր երկու երկրների կառավարման համակարգից՝ իմանալով որ ազգային անվտանգության հարցը հենց սա է։ Բա էլ ո՞րը, կասե՞ք։  

Այն ժամին, երբ Արցախի Հանրապետությունը հայտարարեց չգոյության փաստաթղթի մասին, նույն պահին Հայաստանի Հանապետության կառավարությունում նիստ էր․ հանգիստ, սովորական ռեժիմով քննարկում էին ի՞նչ՝ դպրոցի լուծարում, սպանդանոցային մսի մասին օրենք, ջրամբարի կառուցում ու ևս մի քանի տասնյակ օրենքներ․ հա, մեկ էլ՝ կառավարության պահուստային ֆոնդից 250 հազար դոլար տվեցին պետական պահպանության ծառայությանը, որ կառավարության շենքը ավելի լավ հսկի։ Դա՛ էր։

Կրկնում եմ՝ համաշխարհային նորագույն պատմության մեջ սենց դեպք չի եղել, որ պետությունը կազմակերպվի, հռչակի անկախություն, ստեղծի ինստիտուտներ, հետո հայտարարի լուծարվելու մասին։ Որովհետև երբ պետություն ունես, ամբողջ ազգով պայքարում ու փայփայում ես այն, այն բացարձակ արժեք է, այդ արժեքը վստահաբար նվաճված է, այն թանկ է, որից թանկ չէ անգամ կյանքդ։ Բայց, ինչպես ասում են, ժամանակները փոխվում են, ամեն բան փոխվում է։

Արցախը միանգամից չհանձնվեց․ պատերազմ, զրկանքներ, բլոկադա, սպանություններ, լայնածավալ ու ամբողջ ուժով պատերազմ և շատ արագ եղավ այն, ինչն այս պահին գոնե, թվում է, որ այլ ելք չկար, անխուսափելի էր։ Այսինքն՝ շատերը բավականին թեթև տարան։ Էն որ մի քանի տարի քաղցկեղից տառապող մարդը վերջին ստադիայում հոգին ավանդում է, հարազատները շունչ են քաշում, որ ազատվեց ցավերից․ այ Արցախը մեր մեռնող զավակն էր, սաղ լևոնա-նիկոլականները հոգիներն ազատեցին։ Մայրը խորհրդանշում է հայրենիք, դրա համար են ասում՝ մայր հայրենիք, Արցախի համար Հայաստանը մայր էր ու ասում էին Մայր Հայաստան։ Մայրը այսօր իր երկու որդիներից մեկին սպանեց, որ իբր մյուսը ապրի։ Կապրի՞, ի՞նչ եք կարծում։ Եթե մայրը մեկին հանձնում է կամ ծախում է, մյուսին չի՞ ծախի կամ հանձնի։ Թե բա՝ Արցախը հանձնենք, որ լավ ապրենք։ Հանձնել եք, արդեն մաքուր հանձնել եք, հիմա տեսնեմ, թե ոնց եք ապրելու։ Դուք էս հանձնումներով Ադրբեջանին էլ ավելի մոտեցրեցիք «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ Արցախցին գաղթելու տեղ ուներ, եկավ Հայաստան, հիմա մտածենք՝ մենք ուր ենք փախչելու, որովհետև մեր պետության ղեկին հանձնողներ են, ոչ թե նվաճողներ։

Համոզված եմ, պասերով խաղ էր, ամբողջ ընթացքում միջազգային հանրություն կոչվածը մատը մատին չտվեց մասնատված, բլոկադայում ու պատանդի կարգավիճակում գտնվող Արցախին փրկելու համար, հիմա, երբ արդեն մարդ չի մնում այնտեղ, բռնի տեղահանություն է, սկսեցին՝ Ֆրանսիան փող կուղարկի, Իսպանիան փող կուղարկի, ԱՄՆ-ն ավելի շռայլ է, փող ուղարկողն անձամբ է եկել-գնացել Սյունիք, ՄԱԿ-ն է ինչոր օգնություններ ուզում անել։ 10 ամիս է ՄԱԿ-ի շենքի դեմը նստացույց է, քաղաքացիները էլ ալյուր, էլ աղ, էլ այլ պարեն, բերել մեքենաներով լցրել են դրանց շենքի դեմը, ասում են, ՄԱԿ-ը չե՞ք, էն էրեխեքը էնտեղ սոված կոտորվում են, գոնե դուք տարեք, մինչ հիմ ա էլ շենքի դիմաց կանգնած են, այդ պարենն էլ գետնին շարած։ Պասերով խաղ չէ՞ր։ Վաղը գուցե սրանք լայն բացեն գրպանները, կտրեն տեղահանված մարդկանց ձայնը, մի հատ տուն գցեն, ասեն գնացեք ապրեք, նվազագույն զամբյուղն էլ կտանք, առեք, կերեք, ձայն մի հանեք, պետք եղավ՝ տոմս էլ, վիզա էլ կտանք երկրից տանենք։ Բաքվի հետ առևտուր կանեն գերեվարված մարդկանց մասով։ Որովհետև Ադրբեջանը գերի է վերցնում հասարակ քաղաքացիներին, պաշտոնյաներին ու նրանց վրա կեղծ մեղադրանք է կարում, նույն ձեռագրով, ինչ ձեռագրով մեզ մոտ ընդդիմադիրների վրա մեղադրանք է կարում Նիկոլի իշխանությունը։

Կարճ ասած՝ Այս լուսանկարը Արցախի համար կործանիչ ելույթի լուսանկարն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը կատարած այդ անձը այսօր ասաց՝ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա»: Սա ասողը նույն մարդն է, 4 տարվա տարբերությամբ։ Պետք է ավելացներ՝ ասացիք՝ արեցինք։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը փայլուն կատարեց այն ծրարերը, որի համար նա եկել էր Հայաստանում վարչապետ ու մարդիկ ահազանգում էին, թե ինչ է անելու։ Պատրաստվեք ժողովուրդ։ Պատրաստվեք։ Սրանք երկու պետություններից մեկը որ էդքան հանգիստ կործանեցին, կարո՞ղ եք ասել  նրանց ի՞նչն է խանգարում երկրորդ պետությունը հանձնելուն։ Արցախը լուծարեցին, իբր որ 3 մլն ժողովուրդը փրկվի․ արդյո՞ք դա վաղը Հայաստանի որևէ մարզ չեն տալու, որ մնացածը փրկեն և այդպես շարունակ։ Ի՞նչ է, նստենք սպասենք, երբ է թուրքի ախորժակը փակվելո՞ւ․ չի՛ փակվելու։ Ինչի՞ պիտի փակվի, երբ տվողը տալիս է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ