Երևի ամենաճիշտը կլիներ Հայաստանի ու Արցախի դրոշներ տեղադրել սեղանին, մի 10 րոպե լուռ նայել, մինչև կլրանար ինձ տրված եթերաժամը և փակել թողարկումը։ Ամեն ինչ ասված, կանխատեսված է դեռ վաղուց։ Հայաստանի անկախության օրը թուրքը մտավ Ստեփանակերտ, Հայաստանի վարչապետը ուղերձ հղեց ու ոչ մի տող կոտորվող ժողովրդի մասին։ Անգամ չցավակցեց։ Պետության ղեկավարն է, պետականության, անկախության երաշխավորն է, ուղերձ է հղում, որն ավելի շատ մահախոսականի է նման։ Ժամանակին նա ասում էր արցախցիենրին ցավդ տանեմ, ես ձեզ ո՞նց կարող եմ հիասթափեցնել, հիմա ասում է՝ մենք կհետևենք ինչ է կատարվում Արցախում ու էստեղի ժողովրդին տեղյակ կպահենք, Արցախի հանձնումն էլ ընդունում ենք ի գիտություն։ Զենքը, զորքը հանել ա Արցախից ու ասում ա դե՝ տեսեք ինչ եք անում՝ փաստացի թողնելով թշնամու քմահաճույքին։ Ու անկախության իբր տոն օրով պանիխիդայի ճառ է ասում։ Ասում է՝ մենք պայքար ենք տանում մեր անկախության համար։
Էդ ճառի ընթացքում, մեկը չկա՞ր էդ սենյակում, ասեր՝ բայց մի րոպե, էլի, էս ի՞նչ ես խոսում, մենք անկախ էինք մինչ քո հայտնվելը, երկու անկախ հայկական պետություն ունեինք, զարգանում էինք, ծաղկում էինք, ապրում էինք մեզ համար, հիմա մեկը ինքդ, քո ձեռքով հանձնել ես, ասում ես էս մեկն էլ վտանգի տակ է։ Ու հերիք չէ դեռ նույն տեղում ես, մի հատ էլ զարմանում ես, որ ժողովուրդը քարերով ջարդում ա՞ կառավարության պատուհանները։ Էսօր ՔՊ-ականները համարձակվում են գնալ Եռաբլուր, ինչ է, ձեզ իրո՞ք թվում է բան չի եղել, տենց հեռվից մարդիկ պետք ա հետևե՞ն թե ինչ ա կատարվում մեր ժողովրդի հետ։ Դուք դավաճանել եք սաղին՝ ձեզ ընտրած ժողովրդին, ձեզ հավատացած ժողովրդին, ձեզ հավատացած արցախցիներին ու զարմանում եք, որ գնում եք Եռաբլուր ու չափալախում ե՞ն։
Երբ Նիկոլն ասում է՝ Արցախը թող մնա Ադրբեջանի կազմում, հասկանում եմ՝ բանակից թռած, պատասխանատվությունից թռած, Արցախի հետ կապ չունեցող մարդ ա։ Բայց երբ դա ասում է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարը, լավ, մտածում ես, էսքան սրբապիղծ ո՞նց կարող է լինել մարդ։ Երբ մարդիկ ծննդավայրից դուրս են գալիս, ուրիշ տեղ են ապրում, հետո կտակի մեջ գրում են՝ խնդրում եմ ինձ հուղարկավորեք իմ ծննդավայրում, որ գոնե խաղաղ հանգչեմ։ Ես չգիտեմ ուր է հուղարկավորվելու Արմեն Գրիգորյանը, տա Աստված, որ իր հետագա կյանքի ընթացքում դարձյալ տեսնի, որ իր դավաճանական թիմի գնալուց հետո իր ծննդավայրն էլի ազատագրվել է։ Բայց սրա ծննդավայր Մարտունու գլխին արկեր են թափվում, նույն պահին հարցազրույց է տալիս, ասում է՝ մեզ համար կարևորը Հայաստանի սուվերեն տարածքն է։ Իր ազգաիցներին կոտորում են, տարբեր լուրեր կան, որ Նիկոլը անգամ Հայաստան չի ուզում տեղափոխվեն, որ հանկարծ բողոքի ցույց չանեն, Արմեն Գրիգորյանն ասում է՝ մեզ համար կարևոր չէ։ Արցախցին նկարել ու համացանց է գցել անձնագրի վերջին էջը, գրված է՝ անձնագիրը կրողի հովանավորը Հայաստանի Հանրապեությունն է։ Ասում ա Նիկոլ՝ բա արի հովանավորի։
Այսօր՝ անկախության 32-րդ տարեդարձին, մենք փաստում ենք, որ Հայաստանի պետական ինստիտուտները վերջացած են։ Գիտե՞ք, ես 32 տարվա անկախության ընթացքում մի 5-6 անգամ եմ լսել, որ մեր անկախությանը վտանգ է սպառնում։ Այդ բոլոր անգամները լսել եմ Նիկոլից, այս 5 տարվա ընթացքում, դրանից առաջ միշտ լսել եմ քայլ առ քայլ ամրապնդելու մասին, իսկ հիմա՝ կորցնելու վտանգի մասին ենք անընդհատ խոսում։ Կա՞ մի երկիր, որ ասի՝ զիջեմ ու անկախ ապրեմ։ Իսկ կա՞ առհասարակ մի երկրի ղեկավար, որ կարողանում է այդ բառերը արտաբերել։
Անկախությունից ի վեր 4 պատերազմ ենք տեսել։ Արցախյան առաջին պատերազմը ակախության առաջին տարիներին, որն ավարտվել է հաղթանակով, մյուս երեքը եղել է Նիկոլի վախտ, երեքն էլ ավարտվել է մեր պարտությամբ։ Կանգնել ա մարդկանց առաջ, նայել ա աչքերի մեջ, ասել ա ինձ ընտրեք, որ խաղաղություն բերեմ, ընտրել են, հետո ասել ա դե արի գնա սահմանին, խաղաղություն ա ու տվել ա հազարավոր զոհեր։ 3 տարվա մեջ Նիկոլը բերել ա մեծ ու փոքր երեք պատերազմ ու պարտություն․ հարց եմ տալիս քեզ, քաղաքացի, գնաս պատերազմ երեք անգամ, պարտվես, կորցնես, ընկերներդ զոհվեն, ողջ մնացածները չգա՞ն հաշիվ պահանջելու, թե արի հլը տեսնեմ ինչի սենց եղավ։ Արցախի էսօր-վաղը պրծնում ա ու էդ պատերազմը Հայաստանի համար ա լինելու, էլի գլուխդ կախ գնաս կռվելու, չհարցնե՞ս ինչի ա սենց։ Բագրատ Սրբազանը բոլոր նրանց, ովքեր ասում են եկեղեցին խառնվում ա քաղաքականությանը, շատ տեղին հարց է ուղղում, ասում է՝ դուք անընդհատ իմ զավակներին տանեք զոհեք, բերեք տաք ինձ ասեք տար թաղի, տանեմ թաղեմ ու հարց չտա՞մ էդ՝ խի էդպես եղավ։
Քաղաքացին ասում ա ես ունենալով իշխանություն՝ անընդհատ զրկանքների մեջ եմ, նվաստացումների մեջ եմ, պատերազմի ու մահվան մեջ եմ, ես ընտրել եմ իշխանություն, ո՞ւմից պահանջեմ։ Ո՞նց կարաս ունենաս անկախ երկիր, բայց ինչ լինում է՝ մեղադրես ուրիշներին, թե ուզում են մեր ինքնիշխանությունը մեզնից վերցնեն։ Ես անկախ երկրի քաղաքաի եմ, ինձ Բլինքենը, Մակրոնն ու Պուտինը չեն հետաքրքրում։ Կառավարության դիմաց ակցիան անողներին մեղադրում են, թե՝ ռուսն ա հանձնում, ինչի՞ Ռուսաստանի դեսպանատան դիմաց չեք անում, ուրեմն ռուսի գործակալ եք։ Այ սրիկաներ, ես ռուսի՞ն եմ իշխանություն կարգել Հայաստանում, ում կարգել եմ, դրանից էլ պահանջում եմ։ Էդ դուք եք սրիկա, գործակալ կամ էնքան հիմար, որ էսքանից հետո էլ նույն հակահայկական իշխանության ստերի ու դրանց ազդեցության տակ եք։ Մի հատ Արայիկ Հարությունյան կա վարչապետի աշխատակազմի ղեկավար, մի 3 տարի առաջ ասում էր՝ 2018-ից սկսած՝ ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունը: Հողերը հանձնե՞լն ա ազգային, իմ ազգի 120,000ի ցեղասպանությանը պոպկոռնով հետևե՞լն ա ազգային։ Մի րոպե, իսկ ո՞ր ազգի մասին էիք ասում, հաստատ, հայ ազգի մասին չէ, հաստատ, ափսոս էն վախտ ոչ մեկ չի հարցրել։
Ինչո՞ւ ենք մենք կորցնում մեր անկախությունը, ինչու՞ դրանից առաջ չէինք կորցնում, հիմա, ձեր վախտով սաղ օր դրանից ենք խոսում․ որովհետև հենց դուք 5 տարի զբաղված եք եղել տերեր ման գալով, սա օգնի իշխանություն պահեք, նա օգնի, ով ուզում ա օգնի, միայն թե էտ անտեր իշխանությունը պահեք։ 5 տարի անդադար էլ սիրախաղերի, էլ կռիվների մեջ են մտել զանազան երկրների հետ, ռուսից մինչև արևմուտք, երեք պատերազմ եք բերել էդ ընթացքում ու հպարտանում եք, որ չեք զիջել իշխանությունը։ Հայրենիքը զիջել ա, իշխանությունը՝ ոչ, Ալենը ուրախ ա։ Երեկ քաղաքացին ինչ հարց է բարձրացնում, ասում է՝ ես ավելի խաղաղ էի ապրում էն ժամանակ, երբ իմ ձայնը առնում էին 5 հազար դրամով։ Պատկերացնում ե՞ս ինչ համեմատություն է։
Իմ գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է նայի էն պրիզմայով, որ ինքը օկուպացված է Հայաստանում։ Եթե էդ պրիզմայով նայի, ավելի լավ կընկալի Հայաստանում իրավիճակը․ տպավորությունս խորանում ա, որ իմ երկիրը, օկուպացված է թուրքերի ու նրանց դրածողների կողմից։ Հայաստանի իշխանությունը Հայատանի, հայի շահի հետ ի՞նչ կապ ունի, առիթ լինի՝ ԴՆԹ անալիզ պետք է անել, պարզել կապերը, ընդ որում՝ բոլորի, իրենց ամբողջ խմբակի։ Էսքան հանձնումներից ու դավաճնությունից հետո անգամ մեկ հոգի չգտնվեց ներսում, որ ասեր՝ ես դեմ եմ, ո՞նց կլինի սենց, դուրս եմ գալիս։ Ու էդ օկուպացիոն ռեժիմը պահպանվում է իրենց ծառա դարձրած ոստիկանության կողմից։ Էն ժամին, երբ թուրքը ռումբեր էր գցում Արցախի խաղաղ բնակչության վրա, նույն պահին, Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունը ռումբեր էր գցում Արցախի համար ոտքի կանգնած խաղաղ ցուցարարների վրա։ Էդ ոստիկանը, որ Արցախի համար փողոց ելածի գլուխը ջարդում ա, նա պարզ սրիկա է, թուրքի սրտի ուզածն անող, ուրիշ ոչինչ։ Մեր ընդդիմության ամենամեծ սխալներից մեկը եղել ա այն, որ միշտ ասել ա ոստիկանը մերն ա, ոստիկանները մեր եղբայրներն են․ իմ եղբայրը իմ հետ հավասար մտածում ա թշնամուց մեր երկիրը ազատագրելու մասին, էդ թշնամուն սատարողը ո՞նց կարող է լինել իմ եղբայրը։
Կարճ ասած՝ մենք վստահ եմ, խորությամբ չենք պատկերացնում, թե ինչի մեջ ենք։ Մենք մեր 30 տարվա պետությունը հանձնեցինք անհասկանալի մարդկանց տնօրինմանը ու էսօր խոսում ենք կորցնելու մասին։ Մի բան պարզ ա՝ վերջնական ա պարզ, քանի Նիկոլն ա, հա պարտվելու ենք ժողովուրդ։ Այս իշանության արդյունքում ա, որ Եռատոն էլ չունենք, դարձել ա սգո օր․ Հայաստանի անկախության տարեդարձը ևս ամեն ինչ արեցին, որ դառն ա տարելից։ Ու դեռ մարդիկ կան, որ մտածո՞ւմ են, գցում բռնո՞ւմ են․ իսկ հաստատ հա՞յ են էդ մարդիկ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը