08 06 2023

«Կարճ ասած»․ Որոնք պետք է տներից դուրս չգային, Նիկոլը փողկապ ու ուսադիրներ է բաժանել



Ասենք մի վատ, դատապարտելի իրադարձություն է լինում․ մի իշխանավոր մարդ է ծեծել, հայհոյել է, դեբոշ է սարքել, ուզում եմ անդրադառնալ․ մեկ էլ այլ հրատապ թեմա է լինում, լավ, մտածում եմ, դա անեմ, որովհետև իշխանավորի հղփացածության թեման միշտ ա արդիական, ամեն օր առիթ կլինի ու չեմ սխալվում։

Մի քանի օրվա լրահոսն եմ կարդում՝ հերթականությամբ։ ՔՊ-ական գյուղապետը ծեծել է այսինչ գյուղի բնակիչին։ Գյումրիում ՔՊ-ական գործարարը, ավագանու ՔՊ-ական անդամի ևս երկու հոգու հետ ծեծել է իր տունը վերանորոգող արհեստավորին ու հրազենով վիրավորել։ Հաջորդն օրը, էլի մամուլը գրում է՝ Երևանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ծեծողների մեջ է Կենտրոնի թաղապետը։ Բնականաբար՝ ՔՊ-կան կլինի։ Երկու օր անց կարդում ենք՝ Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Տեսանյութը նայում ես՝ մի այլանդակություն։ Պարզվում է՝ դեպքը եղել է 2 ամիս առաջ, բայց կոծկել են, իբր զղջացել է։ Մամուլի բերան ընկավ, որոշեցին հետին թվով արդարադատություն անել Արսեն Ղայթմազյանի նկատմամբ, որը խուլիգանություն է անում, չնայած որ պետք է ի պաշտոնե խուլիգանություն զսպողը լինի։ Դրանից երկու օր անց․ Երևանի Սարյան փողոցում բերետավորը երիտասարդին ձեռքի մի հարվածով տապալում է  գետնին, երիտասարդը ուշագնաց է լինում։ Ու ընդամենը ծառայողկան լիազորություններն են դադարեցնում։ Չեն կալանավորում։ Չէ, ինչու՞ կալանավորեն, Նիկոլի սիրած բերետավորներից ա։ 44-յա պատերազմում զոհված Ժորայի մայրը՝ տիկին Գայանե Մարտիրոսյանը Աշոտիկին ընդամենը փորձում էր տաներ Եռաբլուր, մենակով, ինքը ղեկին նստած, կալանավորել են, թե բա առևանգման փորձ ես արել, բերետավորը ֆորմի մեջ, բերետն էլ գլխին, ուսադիրներն էլ վրան, թեթև քեֆը լավ երիտասարդին սամասուդ է անում, ոչ մի բան։ Բա, երեկվա սարսափելի դեպքը․ ՔՊ-ական պաշտոնյան էնքան է հղփացել, էնքան անպատժելի է դարձել, որ գյուղացիները ստիպված փողոց են փակում, որ արդարադատությունը տեսնի։ Գյուղացիները պատմում են, որ Արագածավանի ՋՕԸ-ի վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանին գյուղացիներից մեկը՝ մի երիտասարդ, ասում է ինչի՞ ջուր չեք տալիս այգին ջրենք, սա գրպանից հանում է գազի բալոնչիկը, փչում աչքերին, մահակով էլ տալիս գլխին, տանում են հիվանդանոց 8 կար տալիս։ Ասում են՝ տառերն անգամ չի ճանաչում, անգրագետ է, բայց ինչ է թե ՔՊ-ան է, աշխատում է պետ, ունի աշխատասենյակ, Նիկոլի նկարն էլ խփել է գլխավերևում, երևի մտածում է, որ ամենաթողության անձնագիր է դա ու ման է գալիս դուբինկայով, բալոնչիկով։ Բացում ես ֆեյսբուքի էջը, Նիկոլի հետ սելֆի, Նիկոլի ու Ալենի հետ ալկոհոլ խմելիս լուսանկարներ։ Նիկոլի հետ սելֆի անելը միակ խայտառակությունը չէ․ ինչքան պետք է հաբրգած լինի, որ ուղիղ եթերում խրոխտ պատմի իր արարքների մասին։ Ասում է՝ մի երեխայի է վերցնում մեքենայով տեղափոխի, 7 տարեկան մի տղա, Ղարաբաղից տեղահան արված, երեխան ասում է՝ դավաճան Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ: Սա կանգնեցնում է մեքենան, երեխային չոլերի մեջ իջեցնում-ասում գնա, արա։ Ու ասում է՝ պետք է զբաղվել նրա ծնողներով, ի՞նչ իրավունք ունեն աշխատել համայնքապետարանում։ Էս պահվածքը բացում է ամբողջ նիկոլական մտածելակերպը։

Ի՞նչ իրավունք ունի արցախցին, որը Նիկոլի պատճառով զրկվել է տնից, մեղադրի Նիկոլին։ Ի՞նչ իրավունք ունի այլ կերպ մտածողը աշխատանք ունենա, պետք է գործ չունենան, պետք է աշխատեն միայն նիկոլականները, որոնք էլ աշխատավայրում կդնեն Նիկոլի կիսանդրին։ Մենք երեխա ժամանակ մեր մանկությունն ենք ունեցել, խաղացել ենք, չենք մտածել խնդիրների մասին, մտածել են մեր ծնողները, մենք վայելել ենք մեր մանկությունը․ 7 տարեկան երեխան մանկությունից զրկված է, դեռ դպրոց չգնացած՝ մանկապարտեզի հասակին, բռնել է գաղթի ճամփեն ու հասկացել է, որ դրա պատճառն էն ա, որ ունի դավաճան իշխանություն։ Ու կրթություն չստացած, բայց պաշտոն ստացած մեկը, որ ճիշտ ժամանակին կողմնորոշվել է ու մտել ՔՊ, բռնություն է կիրառում ու իրենից գոհ էլ մտնում ուղիղ եթերում էլի դեպքեր պատմում։

Մեկը Նիկոլի պատճառով Արցախում տունն է կորցրել, ծեծում են, մեկը Արցախում Նիկոլի պատճառով որդուն է կորցրել, կալանավորում են, քարշ տալիս ասֆալտին։ Մեկը Արցախում Նիկոլի պլանավորված պարտության ժամանակ կռվել է, նստեցնում են։ Էս մարդիկ, որոնք արտոնյալ են, կազմում են նիկոլի իշխանության կորիզը։ Հայատանում ամնենաթողության, բռնության հովանավորը Նիկոլն է։ Նայեք իր պաշտոնյաների վարքագհիծը, իր պատգամավորներինը։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, հետո մտնում ֆեյսբուքում գրում է՝ ապրես մամ ջան, որ ինձ էս տեսակ գիտելիքներ ես տվել, ու իրենից առաջ էլ մերն էր թքում մի քանի մետրից։ Ու մյուս ՔՊ-ականը, որ տեսնում է՝ ԱԺ նախագահին եթե կարելի է, քրեականի պետին կարելի է, կարմիր բերետին կարելի է, Սիսակին ու Հովհաննիսյան Արթուրին կարելի է, ի՞նքը ինչ պակաս հղփացածն է, իրե՞ն ինչի չի կարելի։ Նրանք էլ գլխի վերևում Նիկոլի նկարն ունեն, ինքն էլ ունի։ Կրկնում եմ՝ եթե Ալենը կարող է թքի ու ասի ապրես մամ ջան, որ իմ պես լավ տղա ես բերել, տես ինչ լավ օրինակ եմ ծառայում, էն մյուսն էլ կարող է դուբինկայով խփել մեկի գլխին ու շնորհակալություն հայտնի իրեն դաստիարակողներին։ Ու այլևս չասեք նախկին բարքերը կրկնվում են, որովհետև նախկիում սենց բարքեր չեն եղել։ Նիկոլն ասում էր բանտերում լիքը ազատ խցեր կան, որ պետք է լցվեն․ օրը մի ՔՊ-ական ապացուցում է, որ էդ խցերի մատերիալ է։

Որովհետև Նիկոլի վերափոխած երկրում բացի բերետավորներից, բացի պարեկներից, բացի Ալենից, պատգամավորներից ու ՔՊ-ականներից, մնացածը հավասար են օրենքի առաջ։ Ու հետաքրքիր է՝ օրը քա՞նի հատ նման ծեծ է լինում ՔՊ-ականի մասնակցությամբ, որոնց ընթացք չեք տալիս, քանի որ մամուլը չի գրել կամ փողոց չեն փակել։ Վստահ եմ՝ լիքը լինում են։ Սրանք են Նիկոլի հենարանը, նրանք են պաշտպանում իշխանությանը ու պաշտպանելու համար ամեն ինչ արտոնված է, ու չպատժվելն էլ իրենց համար լավություն է, որ տես՝ վրեդ քրգործ կա, պետք է ենթարկվես, մեր ասածներն անես։ Այ եթե հանկարծ էդ 7 տարեկան արցախցու, 16 տարեկան դիլիջանցու, 24 տարեկան արագածոտնեցու անուն ազգանունը լիներ Աշոտ Փաշինյան, բանտում կփտեին։ Հլը մտածեք դուբինկայով ծեծեր Փաշինյանի երեխուն, կներեսով կպրծնե՞ր։ Աշոտը կգնար դատավորին կպարտադրեր, որ նստացնեն, Նիկոլն էլ կասեր՝ բա հեղափոխությունը ի՞նչ արժեքների համար ենք արել․ մամուլի ասուլիսում էլ լրագրողին կասեր դուք կներեի՞ք։

Ուղիղ եթերում հպարտանում է, որ 7 տարեկան արցախցուն թողել է չոլերում․ իր արարքից գոհ է, որովհետև էդ երեխու պես տասնյակ հազարավորներին էլ իր շեֆը՝ Նիկոլն է թողել չոլերում։ Ժողովուրդ ջան, 7 տարեկան երեխան հասկանում է ինչ է կատարվում, իսկ բոլո՞րն են հասկանում։ Նա մտածում է, որ իշխանություը դավաճան է։ Այս իշխանության մասին շատ-շատերն են էդպես մտածում․ ուղղակի մարդ կա մտածում է չի ասում, մարդ կա մածում է ու ասում է, մարդ կա՝ մտածում է, բայց չի ասում ու դրա շնորհիվ ՔՊ-ական դեպուտատ է։

Կարճ ասած՝ մի միջադեպը ծածկում են այլ միջադեպով, ողբերգությունը՝ այլ ողբերգությամբ, կապիտուլյացիան, այլ ավելի ուժեղ կապիտուլյացիայով։ Մարդիկ, որ պետք է բանտում լինեին, Նիկոլը համազգեստ ու գալստուկ է բաժանել ու տարբեր պաշտոնների նշանակել։ Մեր կողքի հետ բուռն աճում ու զարգանում է հանցագործ մի իշխանություն։ Որովհետև պատասխանատվություն չկա։ Մի տարի առաջ Դիմադրություն շարժման պայքարը նաև էս հանցագործ տարրերից մաքրվելու համար էր։ Ու էն ժամանակ էլ ցուցարարներին էին ծեծում։ Սա հանցագործություն ծնող համակարգ է։ Մտածեք, թե հաջորդ զոհը ձեզնից որ մեկն է, քանի սրանք են։ Հեղափոխություն էիք արել, որ քաղաքացին հպարտ լինի, արդյունքում ունեք ծեծված, ստորացված քաղաքացի, բայց այդ ամենով հպարտ իշխանավոր։

 

Սևակ Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ