Հայաստանում այսօր տեղի էր ունենում մի բան՝ հետևյալ խորագրով՝ ժողովրդավարության հայկական ֆորում։ Փաշինյանը 6 րոպեում 10 անգամ ասաց, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, ԵՄ, ԱՄՆ դեսպաններն էլ ողջունեցին գովեցին։ Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացում ունի թե՛ ժողովրդավարության մասին, թե նրա մասին՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավար պետություն է։ Մեր մաշկի վրա զգում ենք, մեր աչքով տեսնում, իրականում։ Երբ, օրինակ, 40 հազար դրամ թոշակ քաղաքացուն տալիս է 1,5 մլն դրամ ստացող նախարար, երբ նախկին նախագահի հետ նկարվելու համար պետհիմնարկում գործից ազատում են, երբ ՔՊ-ական մարզպետը ծեծում է ընդդիմադիր գյուղապետին ու մնում անպատիժ, երբ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը էժանով տուն է գնում ու կառուցապատողի քրգործը ջրում, երբ ընտրություններում ընդդիմադիրը շատ ձայն է տանում-ընտրվում է, նստացնում են, երբ վարչապետի շարասյունը փողոցով անցնողներին լղճում-սպանում է, սա ժողովրդավարությունը որպես բռենդ հռչակած երկրի մասին է։ Հազար օրինակ կարող եմ բերել, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, անգամ մոտ էլ չէ, էլ ուր մնաց բռենդավորված լինի։ Այսպես կոչված ժողովրդավար Հայաստանում իմ լրատվամիջոցը խուզարկել են առանց պատճառի ու համակարգիչները առգրավել, հետո շատ ուշ, ճիշտ է վերադարձրել են, բայց դրա համար անգամ մեկը չի պատժվել։ Լավ, ենթադրենք թե այդպես է, իսկ ինչո՞ւ Հայաստանը ժողովրդավար չէ։ Խոսենք խոչընդոտների մասին։
2015 թվականին Հայաստանում Սահմանադրություն փոխվեց, որպեսզի ստանանք այսպես կոչված՝ ավելի ժողովրդավարական կառավարմամբ երկիր։ Այդ ժամանակ ազատ մամուլն ու փորձագետներն ահազանգում էին, որ սխալ է։ 2018 թվականին լիարժեք անցում կատարվեց խորհրդարանական մոդելին, ու պարզվեց, որ ոչ թե խորհրդարանական երկիր է, այլ՝ մեկ թագավորի պետություն։ Մեզ ասում էին՝ խորհրդարանում կլինեն տարբեր ուժեր, բազմակարծություն, խմբային պատասխանատվություն և այլն։ Հիմա Հայաստանի խորհրդարանում կասե՞ք որևէ ուժ, որ հարց է լուծում։ Ընդիմությունը չի լուծում ու չի լուծում, չունի բավարար ձայների քանակ, իսկ կարո՞ղ էր ունենալ՝ ո՛չ․ լավ, իսկ իշխանական ֆրակցիան լուծո՞ւմ է որևէ հարց։ Պատկերացրեք, որ էլի, ո՛չ․ սրանք էլ կատարում են մեկ հոգու հրաման, որը և՛ իրենց կուսակցապետն է, և՛ գործադիրի ղեկավարը՝ վարչապետը։ Փաշինյանը հա՛մ ընտրովի, հա՛մ նշանակովի պաշտոններում որոշողն է։ Ինքն է որոշում՝ ով պետք է լինի ԱԺ նախագահ, տեղակալները, ֆրակցիայի նախագահը, հանձնաժողովների նախագահ-տեղակալները, թեքվում է մյուս կողմ՝ ինքն է առաջադրում ՄԻՊ, դատախազ, դատավորներ և ասում, իր իսկ իշխանական ֆրակցիային ոնց քվեարկեն, անգամ ինչ ելույթ ունենան և ինչ տևողությամբ։ Իր դեպուտատները այլ կարծիք հայտնելու իրավունք երևի թե ունեն, բայց այ խոսելու, ելույթ ունենալու՝ չունեն․ եթե ընտրում են միաձայն, եթե պետք է մերժեն, էլի միաձայն։ Սա ինչի՞ մասին է խոսում։ ՔՊ խմբակցության պատգամավորներ կային, որ ձեռք էին առնում Վահագն Հովակիմյանին․ բա էդ ո՞նց միաձայն ընտրեցին ԿԸՀ նախագահ։ Անունը ընտրություն էր, բայց իրականում չընտրություն է՞ր, որոշված էր, այդպես էլ եղավ։ Նիկոլն ասում է էդ ո՞ր մի յուրայինին եմ նշանակել անկախ մարմիններում։ «Հայկական ժամանակ» թերթի աշխատող Հովակիմյանը մեկ, օգնականիդ տարել ես դատախազ՝ երկուս, նկարիդ առաջ երդվողին տարել ես ԲԴԽ նախագահ՝ երեք, թիմակիցներիդ նշանակել ես ՀՌՀ անդամ՝ չորս, թիմակցիդ տարել ես օմբուդսմեն՝ 5, ու այդ ամբողջը քո ասծով, հլուհնազանդ քվեարկել և ընտրել են քո դեպուտատները, անկախ նրանից համաձայն էին հետդ թե ոչ, էլ չեմ ասում քեզ, ձեզ ընտրած ժողովրդի մասին, որը սկի խաբար էլ չի, ինչ եք անում, որովհետև ոչմի նման որոշման մասին տեղյակ չի լինում։ Ու էսպես լիքը։ Պետք ա հավատանք, թե Վահագն Ալեքսանյանն ինքն է որոշե՞լ դատախազին ձայն տա, թե չտա կամ Անդրանիկ Քոչարյանը։ Էդքան պլոճիկ ունի՞ Արմեն Խաչատրյանը, որ որոշի, թե ով պետք է ընտրվի ԿԸՀ նախագահ, ոչ միայն չի կարող որոշել, անգամ չի կարող ինքը որոշել ինչ քվեարկի, ինչ ասում են, այդպես էլ արվում ա՝ միաձայն։ Սովորական հիմնարկներում անգամ էդպես չէ, ցանկացածը կարող է ղեկավարի հետ համաձայն չլինել, ասել դրա մասին և իր կարծիքը պաշտպանել։ Նիկոլը գալիս է ԱԺ, դրա հետ միասին հարցերը գրվում-ուղարկվում է դեպուտատներին, էդ հարցերը կմկմալով բայց երջանիկ դեմքերով տալիս են, ինքը իր գրած հարցերին ջղային պատասխանում է, վերջում ասում են շատ շնորհակալություն, հարգարժան ջան, ոնց ասեցիր, ամենինչի հետ համաձայնվում են։ Ի՞նչ ժողովրդավարություն։
Դատախազ Վարդապետյանը, Նիկոլի դասարանցի Վահե Ղազարյանը ինքնուրույն որոշում են կայացնո՞ւմ։ Չէ, չեմ ասում օպերացիոն կառավարման մեջ, կարևոր, նկատի ունեմ, որտեղ Փաշինյանը շահ ունի, կարո՞ղ է Ղազարյանը, Վարդապետյանը, Անդրեասյանը, մյուսը, մյուսը այլ որոշում կայացնե՞ն, իմանալով նրա կարծիքը, ինքնուրույն լինեն․․․դժվար, չէ՞։ Էն ջահել դատավոր Չիչոյանը, որ կալանավորեց պատերազմում նահատակի մորը, լուրջ մտածում էր, որ էդ կինը 23 տարեկան Աշոտ Փաշինյանին առևանգել ա՞։ Ու դեռ վտանգա՞ ներկայացնու՞մ, հանրության և հատկապես արդեն ԱԱԾ-ի կողմից 24 ժամ հսկվող Աշոտի՞ն։ Կամ, էն մյուս դատավորը մտածում էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը հանցագործություն ա արել 10 տարի առաջ ինչ-որ հողի գործարք անելո՞վ ու հիմա էնքան վտանգավոր ա, որ պետքա կալանավորվի՞։ Նիկոլի մտքերն են չէ՞։ Վաղը որ որ Փաշինյանը ԱԱԾ-ին, Քննչականին հրահանգ տա սրան-նրան խուզարկելու, կանեն, չէ՞, հո չեն ասի, գիտես հիմք չկա, հո կապրիզ չի։ Կալանքի 220 միջնորդություններից 210-ը բավարարվում է, սա է ժողովրադավարությունը՞։ Բայց ժողովրդավարությունը հենց այն է, որ Նիկոլը եթե նման բաներ է ուզում անել, ոչ թե պատվեր կատարողները շարքով կանգնած լինեն, այլ չգտնի մի հոգու, որ դա անի, ավելին․ նույն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նրան պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար անմիջապես գործ կհարուցվեր, իմպիչմենտ և այլ։
ԱՄՆ դեսպանը, ԵՄ դեսպանը ինչ-որ ելույթներ ունեցան, գովեցին Հայաստանում ժողովրդավարությունը, ոնցոր ծաղրեին մեզ, ձեռք առնեին։ ԱՄՆ դեսպան տիկնոջը ուզում եմ հարցնել՝ ձեր երկրում կուզենա՞ք ժողովրդավարությունը լինի այնպես, ինչպես Հայաստանում է։ Ձեր երկրում նախագահի կոռուպցիայի մասին հոդված են գրում, միանգամից գործ է հարուցվում, մի սովորական դատավոր էլ կանչում է դատարան, ան էլ լուրջ պատրաստում, քրտնելով գնում կանգնում և պատասխան է տալիս։ Էդքան Հայաստանում մամուլի հրապարակում եղավ, հայցեր եղավ, Նիկոլի դեմ 50-ից ավելի հայց կա․ ո՞ր դատավորը ռիսկ արեց, որևէ բան անի։ Դավաճանություն է եղել, հող են հանձնել-ծախել, քա՞նի գործով է անցնում Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ-ում նախագահը Կոնգրեսին համոզում է ռազմական բյուջե ավելացնեն, օրեր շարունակ քննարկում են, քաշքշում են, հետո մերժում են։ ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին էր, որովհետև խորհրդարանը չէր համաձայնում բարձրացնել պարտքի շեմը, Բայդենը մեռավ համոզելով, հազար փաստարկ բերելով։ Նիկոլը մի հատ նախագիծ տանի, ԱԺ-ն կասի չէ՞։ Հենց ժողովրդավարությունը էն կլիներ, որ երբ Նիկոլը ԱԺ էր տարել նախագիծ ու առաջարկում էր հարկատուների հաշվին իր, նախագահ աշխատողի, Ալենի և նրանց ընտանիքների թանկարժեք բուժօգնությունը դառնա անվճար, Հայկ Կոնջորյանն ասեր էս ի՞նչ ես անում, 30 տոկոս աղքատության պայմաններում էս քո մասին ես մտածո՞ւմ, մեզ էլ էշի տեղ ես դրե՞լ, թե մենք սա պետք է ընդունե՞նք․ նախագիծդ վերցրու ու դավայ ստեղից։ Իսկ մեկ օրինակ կա՞, որ ԱԺ-ն մերժել է Նիկոլին։ Չկա։ Բա էլ ի՞նչ ժողովրդավարական, չէ մի խորհրդարանական կառավարում, էտ խորհրդարանը ի՞նչն է կառավարում, ո՞ր մասը, ասեք, իմանանք։
Ամերիկան այսքանով հանդերձ միևնույն է՝ գովում է իբր ժողովրդավարության համար, ինձ թվում է դա, անգամ վտանգավոր է։ Բոլորս լավ գիտենք, որ արևմտյան աշխարհը այդ գովասանքները հենց նենց չի անում, ինչորբանի համար է անում, առնվազն։ Ուրեմն էդ ի՞նչ ես արել, ի՞նչ են դեմ տվել, ընդունել ես, ազգային ի՞նչ շահեր ես զիջել, որ դրա խաթր գովում են։ Բա, էդ մի գովեստի համար ի՞նչ եք զիջել, կամ պատրաստվում զիջել։ Ամերիկան ասում է՝ ողջունում ենք Ալիևի հայտարարությունը Արցախի ղեկավարներին համաներելու մասին․ այսինքն իրենք համարում են, որ Արցախի ղեկավարությունը պատմական հանցագործներ են, որ իրենց հողն են պահե՞լ։ ԵՄ դեսպանն ասում է դուք ժողովրդավար եք, ապրեք, բա դրա համար եկեք Ստամբուլյան կոնվենցիան ընդունեք։ Նրանք ունեն իրենց շահը, գտել են սպասարկողին ու անխնա գովում են։
Կարճ ասած՝ Հայաստանում ոչ միայն ժղովրդավարություն չէ, այլև ժողովրդավարության տնազը չէ, որովհետև եթե լիներ ժողովրդավարության գոնե տնազը, ապա ինչ-որ բաներ ցուցադրական կանեին ի հակառակ Նիկոլի հայտնի ցանկության։ Կան ձրիակերների խմբեր, որոնք քամում են երկիրը։ Իսկ այս մակարդակի ֆորումները պետք է անեին կամ Հյուսիսային Կորեայում, կամ էլ, եթե հրավիրում էիք Հայաստանի ղեկավարությանը, ոչ թե հրավիրեիք ժողովրդավարության դասեր տալու, այլ հակառակը՝ այդ դասերն առնելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը