14 04 2023

«Կարճ ասած»․ Է՞լ ինչ պետք է լինի, որ նրանք հեռանան



Օրինակ՝ է՞լ ինչ պետք է գա մեր գլխին, է՞լ ինչ պետք է լինի, որ աշխատանքից հեռացվի Սուրեն Պապիկյանը։ Գոնե իմանանք, էլի, դեռ ինչեր պետք է տեսնենք, սահմանը որն է, մինչև ուր է կարմիր գիծը, որից այն կողմ Սուրեն Պապիկյանը կհեռացվի այն պաշտոնից, որտեղ, իմ գնահատմամբ, անգամ վարչության կրտսեր մասնագետի հաստիքին չէր ձգում։ 2021թ. նոյեմբերի 15-ին նշանակվել է Պաշտպանության նախարար․ դրանից հետո մենք ունեցել ենք սեպտեմբերյան ագրեսիա՝ 224 զոհով, խաղաղության դարաշրջան հայտարարելուց սկսած անդադար ունեցել ենք բախումներ սահմաններին, ունեցել ենք դիրքերի կորուստներ, Հայաստանից մեծաքանակ հողերի կորուստ, ունեցել ենք բանակում զոհեր ոչ կանոնդադրային հարաբերությունների պատճառով, ոչ նորմատիվային զորամասում ծառայելու և բացարձակ բարդակի պատճառով, մոխրացած զինվորներ։ Երեկ չէ առաջին օրը՝ էլի զոհեր։ Հենց էսօր զինվոր է վիրավորվել։ ՊՆ պատճառով մի քանի օր առաջ էլի թշնամին առաջ եկավ, թշնամու զինվորը մտնում է մեր տարածք, մեր բնակավայրերով շրջում, քանի օր անցնում է, չի բռնվում՝ ներսում սպանություն է անում։ Կրակում են իրար վրա, ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում «թյուրիմացություն» ձևակերպումներով։ Էսքանը բավարար չէ՞, որ Պապիկյանը հասկանա՝ որ իր տեղում չէ, թողնի-գնա, կամ հանեն։ Իհարկե՝ հարցի մի կողմն էլ այն է, որ այդ պաշտոնում վերջին եղածները մեկը մյուսից անհամապատասխան էին։

Ի՞նչ պետք է լինի, օրինակ, որ հրաժարական տա տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ 2021 թվականի օգոստոսի 2-ից ՀՀ տարածքային կառավարման նախարարն է․ այդ ընթացքում ՀՀ տարածքները փոքրացել են 150 քառակուսի կիլոմետրով, գյուղացիները չեն կարողանում հող մշակել, թշնամու զորքը գալիս-կանգնում է արտում։ Ուղիղ իր կառավարման տիրույթում մետր-մետր, հետո կիլոմետրերով հողերը հանձնում են․ է՞լ ինչ պետք է լինի, որ թողնի-գնա։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Նշանակեցին՝ ոտքը խերով չէր, հենց հաջորդ օրը եղավ կապիտուլյացիան։ Այս ամբողջ ընթացքում ՀՀ սահմաններից ներս են գալիս թշնամիներ, աջ ու ձախ խոսում են գործակալների մասին, թուրքի ագենտների մասին։ ԱԱԾ տնօրենի դիմաց ի՞նչ պարտականություններ են դրվում, ինչու՞ չեն կարողանում բռնել դիվերսանտներին, Ռազմական Ոստիկանությունը, իր ղեկավարը, ինչի՞ համար են, ինչու՞ չեն հեռանում պաշտոններից։ Հայաստանը, բնակչության համեմատ, ուժայինների թվով աշխարհում առաջատար երկրներից է, բայց չեն կարողանում մի դիվերսանտ բռնել։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տա քննչական կոմիտեի նախագահ Քյարամյան Արգիշտին․ 100 պաշտոնի տեղափոխելուց հետո բերես մի տեղ, որից գլուխ չի հանո՞ւմ։ 10 կամերայով ուղիղ եթերով նկարել են, թե ինչպես են բերետավորները զոհերի հարազատներին քաշքշում, Քյարամյանը չի կարողանում նույնականացնել բերետավորներին։ Ծնողներին քարշ են տվել, նվաստացրել են, Քյարամյանն ասում է՝ ծնողները էմոցիոնալ են։ Պարոն Քյարամյան, ձեր ծնողներին էլ քարշ տային ասֆալտով մեկ, ու ամիսներ անց ոչ ոք չպատժվեր, վստահ եմ, դուք էլ էմոցիոնալ կլինեիք, էլ չեմ ասում՝ ծնողները։ Ինձ թվում է Քննչական կոմիտեում բանասերներ են աշխատում, տեքստերում սկսել են լիրիկա մտցնել։

Է՞լ ինչ պետք է լինի, որ հրաժարական տան Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարարը։ Թշնամին վխտում է  Հայաստանում, ոստիկաններին տանում-շարում է քննչական կոմիտեի դիմաց՝ 10 զոհի ծնողի դիմաց, իսկ թշնամու դիվերսանտին գյուղացիներն են բռնում։ Այն պահին երբ Տող գյուղի մոտ մեր զինվորականները ադրբեջանցիքի հետ փոխհրաձգության մեջ էին, ոստիկանական ավտոբուսները լիքը-լիքը բերետավորներով եկան կանգնեցին ԱԺ-ի ու Կառավարության շենքերի մոտ՝ պաշտպանելու ՔՊ-ան իշխանավորներին, որ գլխներից մազ չպակասի։ Իսկ այնտեղ հատուկ կորպուսի հրամանատար էր վիրավորվում, զինվորներն էլ զոհվում էին։

Իշխանական պատգամավորներն անընդհատ ասում են, չէ՞, պետք է հարգել պետական ինստիտուտների հեղինակությունը, չհայհոյել․ որովհետև երբ դուք հայհոյում եք ԱԺ նախագահին, վարչապետին, այդ ինստիտուտն եք հեղինակազրկում։ Մի կողմ դնեմ, որ հենց այդ ամենն անելով էին սրանք գալիս իշխանության, ծաղրանկարները, դագաղները, զանգերով հայհոյանքները մի կողմ դնեմ, դեռ։ Իսկ ես ո՞նց հարգեմ պետական ինստիտուտները, երբ ինքներդ չեք հարգում այդ ինստիտուտները, երբ պաշտպանության ինստիտուտը ամեն օր երկու-երեք հաղորդագրություն է տարածում իր ձախողումների մասին։ Երբ ԱԺ նախագահն խոսում է քաղաքացու գերագույն արժեք լինելու մասին, շատ եմ ուզում հարգեմ, բայց հենց հաջորդ քայլին երբ, ինքն անձամբ, թքում է էդ քաղաքացու վրա, էլ ո՞նց հարգեմ։ Սկսում եմ հարգանքի փոխարեն ամաչել, որ ինքն է ներկայացնում իմ պետությունը։ Նույն ԱԺ նախագահը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ ԱՊՀ նիստի մասնակցելու, նրա հետ միասին մասնակցում են ԱՊՀ բոլոր պետությունների ներկայացուցիչները ու նրանց միջից միակը, որ իր քաղաքացուն նվաստացրել է, մեր ԱԺ նախագահն է։ Դե արի ու հարգի։

Լավ, շուն-գել՝ մեր վարչապետն ա, եկեք փորձենք հարգենք վարչապետի ինստիտուտը։ Բացեցի ԱԺ հարցուպատասխանը, որ լսեմ ու հարգեմ։ Լսում եմ առաջին հարցի պատասխանը, որի մեջ կա հետևյալ արտահայտությունը՝ մեր հավաստի տեղեկություններով․․․ Պետության ղեկավարը ի՞նչ է, դեղին մամո՞ւլ է, ի՞նչ իրավունք ունի խոսելու էդ տեքստով։ Եթե ասում է մեր հավաստի տեղեկություններով, ուրեմն առնվազն կես-կես է, ավելին՝ հավանականությունը մեծ է, որ սուտ ես ասում։ Ամեն օր թերթերի առաջին երկու էջերին, կայքերում լուրեր են հրապարակվում, որտեղ կա «մեր հավաստի տեղեկություններով» արտահհայտությունը, ու դրանց մի մասը հենց կառավարությունը հերքում է։ Հազար անգամ ասել եմ, վայն եկավ-տարավ էն ազգին, որի ղեկավարը սուտ է խոսում։ Եթե վարչապետն ասում է՝ իմ տեղեկություններով, այս պահին մեր զինվորները հաղթանակի հիմքն են դնում ու ջախջախում են, հետո պարզվում է, որ նույն պահին պարտության հիմքն է դրվել, պետք է հավաքի փասափուսեն։ Երբ վարչապետն ասում է ժողովուրդ, ջուրը չի թանկանա, բայց դրանից հետո երկու անգամ թանկանում է, պետք է հեռանա։ Ասում է բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ եմ քաշել, հետո ասում է՝ ո՞վ է ասել, ե՞ս, չեմ հիշում։ Ու քաղաքացին արդեն հասկանում է՝ էդ որակի մարդուց, ղեկավարից ինչ սպասել․ դրա համար էլ՝ Նիկոլ Փաշինյանը խոսի պետական դավաճանի մասին, զենքի պահեստները թողած-թռածների մասին, Ալավերդու պղնձաձուլարանը բացելու մասին, Մադրիդյան սկզբունքների, թե ինչի մասին, մտածում են՝ սաղ սուտ ա։ Ավելին, հիմա իր ենթակաները, էլի պետական ինստիտուտների ներկայացուցիչները՝ Ներքին գործերը, ԱԱԾ-ն, Քննչականը, Արտաքին գործերը, որ տեսնում են թե ինչպես է ամեն առիթով, ստում, ֆռռացնում, մանիպուլացնում իրենց ղեկավարը, է կասի, ես ինչի՞ ճիշտն ասեմ, ինձ ծանրաբեռնեմ, միևնույն է՝ ես չեմ մեղավորը, նա է ինձ ցուցումներ տալիս։ Հետևաբար, ես էլ կռուտիտ կանեմ, կֆռացնեմ։ Դրա համար, ի՞նչ ունենք սպասելու Պապիկյանից, Աբազյանից, Ղազարյանից, թեկուզ Սասունից, երբ իրենց ղեկավարը ինքն է ամենից խայտառակ պռավալ տված գործիչը։ Հաստատ որ, մինչ իրենց հերթը հասներ, Փաշինյանը պետքա արդեն մի 30 անգամ հրաժարական տված լիներ։ 

Կարճ ասած՝ այս ամենը հենց կոչվում է պետությունը հիմնահատակ քանդել, ու սրանք, ցավոք, վաղուց զուտ բառեր չեն։ Մենք արդեն վաղուց այդ ամենին հետևում ենք, ուղիղ եթերով, աչքներիս առաջ․ այն ինչի մասին խոսեցի, այդ քանդվածի վկայությունն է։ Այդ ինստիտուտները չկան, եթե կան էլ, մի նպատակով, որ պահպանեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանի և խմբակի համար, ուրիշ ոչինչ։

Տեսեք․ ցավալի է, բայց մենք մեր երկրի տերը չենք․ Նիկոլն առաջարկում է Ադրբեջանին, թե՝ արի զորքերը հետ քաշենք, դու էլ Հայաստանից հետ քաշի, ես էլ Հայաստանից հետ քաշեմ, ԱԽ քարտուղարն ասում է՝ անվտանգության երաշխիքներ ենք ման գալիս աշխարհով մեկ։ Հույս են հայտնում, որ ԵՄ դիտորդները Հայաստանի մի թևը կպահեն, Ռուսները մյուս թերևը, մի թևն էլ Իրանին են հանձնել։ Հայաստանը կարծես հավատարմագրային կառավարման են հանձնել Ռուսաստանին, Բրյուսելին, Ադրբեջանին, Իրանին։ Բայց թողնես սաղ օր կխոսան ինքնիշխանությունից։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ