Անձամբ իմ կարծիքով, ամեն օր ՀՀ քաղաքացուն պետք է պատմել, ասել իշխանության անդամների աճող հարստության, տների, դղյակների, կոռուպցիայի փաստերի և դրա ռիսկերի մասին։ Սա մի թեմա է, որը պետք է բարձրաձայնել ամեն օր ու հատկապես այս իշխանության պարագայում, քանի որ իրենք եկել են իշխանության նրա համար, որ իրենք շարունակեն ապրել սովորական կյանքով, բայց այ ժողովուրդը՝ հարուստ։ Որովհետև, ինչպես իրենք էին ներկայացնում, ժողովուրդը աղքատ է, որովհետև իրեն թալանում են, իսկ հիմա քանի որ ոչ մեկ չի թալանում, ու էլ երբեք չի թալանելու, կապրի հարուստ, արժանապատիվ։ Հիմա ի՞նչ ունենք։ Արդյո՞ք այդպես է։ Արդյո՞ք, նույն բանը չէ, ինչ Սերժի վախտ էր։ Թող այս հարցը ինքն իրեն տա ցանկացածը։ Պատասխանը, կարծում եմ, առնվազն սա է՝ նույնն է, եթե ոչ ավելի վատ, կամ շատ ավելի վատ։
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարում է՝ երբ հարցադրում են անում, թե որտեղի՞ց Սուրեն Պապիկյանին 400 հազար դոլար, որ բնակարան գնի, դա ազդում է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Չհամաձայնել չի կարելի։ Մենք 2020 թվականի նոյեմբերից ի վեր ստացել ենք հարյուրավոր լուսանկարներ, տեսանյութեր զինվորների կողմից այն մասին, թե ինչ ծանր պայմաններում են մնում զինվորները, դա իշխանությանը դաս չեղավ, որ նորոգեին, կահավորեին սահմանը, դիրքերը․ դրա ուղիղ հետևանքը մենք տեսանք 15 զինվորի՝ հրդեհից զոհվելու ելքով։ Մեր զինվորները տեսնում են, որ իրենց ծառայակից ընկերը, որ ստացել է ծանր վիրավորում, պետության կողմից անտեսված է և միայնակ մայրը գումար է հավաքում, որ որդուն տանի արտասահման բուժելու։ Ու երբ նրանք այդ ամենի ֆոնին տեսնում են, որ պաշտպանության նախարար դարձած պատմության դասատուն կես միլիոն դոլարանոց տուն է առնում, այո, նրա բարոյահոգեբանական վիճակը անկում կապրի։ Ու ՔՊ-ական պատգամավորը, պաշտպանության հանձնաժողովի անդամը ոչ թե դիմում է իր կողքը նստած պաշտպանության նախարարին, թե Սուրեն ջան, պարոն Պապիկյան, սիրուն չի, բա դրա վա՞խտն էր, բա չես ամաչո՞ւմ շքեղ կյանքդ ցույց ես տալիս, հետո՞ ինչ, որ հնարավորություն ունես, դրա փոխարենը դիմում է լրագրողներին, ընդիմախոսներին, թե՝ ինչո՞ւ եք պաշտպանության նախարարի տան մասին գրում։
Եվ հիմա ասեմ մեկ այլ փաստ, որով, ըստ Արմեն Խաչատրյանի, զինվորի բարոյահոգեբանական վիճակը էլի անկում կապրի, բայց փոխարենը ձեր թիմին հավատացած միամիտներից մի քանիսի աչքերն էլ կբացվեն։ Իսկ դուք գիտե՞ք, որ Սուրեն Պապիկյանը ոչ թե մեկ, այլ արդեն 2-րդ բնակարանն է գնել, ինչ պետական պաշտոն ունի։ 2018 թվականին Պապիկյանը ստացել է առաջին պաշտոնը, հայտարարագրում գրել է, որ ունի 1400 դոլար։ 2018 թվականին 1400 դոլար ունեցող պաշտոնյան 2019 թվականին արդեն բնակարան է առնում նորակառույցում, 2021 թվականին, առնում է արդեն երկրորդը, արդեն՝ շուրջ կես միլիոն դոլարանոց, անկախ նրանից թե ինչքան է իրականում ինքը վճարել։ Մի հատ հին «Նիսսան Տիանա» էր քշում, որի արժեքը քարը տրաքի՝ 3500 դոլար էր։ Ու մեզ ասում են՝ փոխանակ տղուն շնորհավորեք, ասեք բարով մաշես, ընկել եք հետևից։ Խաչվանքյանը ներկայացման մեջ ասում է՝ տո բարով մաշես, տո հազարը մաշես, բայց քոնը մաշի․․․։ Երբ որ քաղաքացին հրապարակում քնում էր, որ Պապիկյանը գա իշխանության, որովհետև ասում էր սովորական դասատու է, գրպանները ծակ, հիմա տեսնում է դղյականման կվարտիրաների կոլեկցիան, իրավունք ունի՞ մտածելու, լավ բա էս մարդը իրե՞նն է մաշում, թե չէ։
Երբեք չմոռանաք՝ էս մարդիկ հեղափոխություն են արել ժողովրդի համար, այսպես ասած՝ իմ ու ձեզ համար, ասում էին՝ գալիս ենք, որ լինի համաչափ բաշխում, բոլորդ լավ ապրեք, որ ամեն քաղաքացի իր գլխի վրա ծածկ ունենա․ հիմա մի սովորական նախարարը երեք տարում երկու տուն է առել, ՀՀ քաղաքացիներից քա՞նիսն են երեք տարում երկու տուն առել, լավ երկու չէ, մի տուն առել։ Զինվորը ծածկ չունի, ցելոֆանած պատուհաններով ու վարձով վերցրած խրճիթում է քնում ու փաթաթվում է բուշլատով, որ գիշերը չցրտահարվի, նախարարը, որին նա պատվի է առնում, այդքանից հետո, միևնույն է՝ մտածում է միայն իր անձնականի մասին, բա բարոյահոգեբանական վիճակ կմնա՞, Արմե՛ն Խաչատրյան։ Եթե պետությունը չունի էնքան փող, որ զինվորին զորանոց տա, ինչո՞ւ է նախարարին էդքան փող տալիս, որ կարողանա տուն առնել։ Կամ էլ եթե փող ունի, բայց զինվորն էդ պայմաններում է, ուրեմն նախարարն է վատ աշխատում, պետք է հեռացնել։
Նիկոլն ասում է՝ դե Պապիկյանը նոր է ամուսնացել, ինչ վատ ա, թող տուն ունենա։ Էլի ունենա, չուզողը մենք լինենք, իսկ բոլո՞ր նորակազմ ընտանիքներին է տրված 4 տարում երկու բնակարան գնելու հնարավորություն, որոնցից մեկը՝ կես միլիոն դոլարանոց։ Նիկոլ Փաշինյանին եմ ուղղում հարցս, իսկ քա՞նի նորակազմ ընտանիք զրկվեց տնից ձեր իշխանության պատճառով։ Իսկ քա՞նի ջահել զրկվեց ընտանիք կազմավորելու հնարավորությունից։ Սուրեն Պապիկյանը 165 քառակուսի մետրանոց տուն է գնում, բայց Պապիկյանի իշխանությունը 150 քառակուսի կիլոմետր հանձնել է Հայաստանից, 7600 ընտանիքների հանել է տնից թշնամու հարձակման պատճառով, մի քանի տասնյակ հազար արցախցու զրկել է տնից ու հողից, բա նրանք մարդ չէի՞ն, հետո ի՞նչ որ ՔՊ կուսակցությունից չէն։ Դուք որ իշխանությունը վերցնում էիք, չէիք ասում չէ՞, որ բոլոր ՔՊ ականները պետք է առաջին 5 տարում մեքենաներ ու տներ առնեն, ասում էիք ժողովրդի համար եք անելու ինչ անեք։ Հիմա ժողովրդի տները հանձնում եք թշնամուն, բայց այ ձեր քպական պաշտոնյաները հերթով տների տեր են դառնում։ Պապիկյան, Ալեն Սիմոնյան, աներձագ Հրաչ, Արփի Դավոյան, էլի ու էլի ՔՊ-ական կերպարներ, որոնք աշխատեցին փող, գնեցին տուն մեքենա և այլ, ի հակառակ պետության ու ժողովրդի, որը դեռ կորուստներն է ավելացնում։
Ասում են՝ էս քանի օր է Պապիկյանի վրա եք կենտրոնացել․ լավ իր վրա չեմ կենտրոնացել, ուղղությունը փոխենք․ Արարատ Միրզոյան։ Նրա մասին օրերս հրապարակված փաստը պետք է պատճառ հանդիսանար պաշտոնազրկման։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին պետք է տեղի ունենային բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև․ Լաչինի միջանցքը նոր էր փակվել, ենթադրում էր, որ ռուսական կողմը կազմակերպել էր այդ հանդիպումը, որ նստեին բանակցեին-բացեին։
Օրը գալիս է, ու մեկ էլ Հայաստանը հանկարծ հրաժարվեց բանակցությունների մեկնելուց․ Արարատ Միրզոյանը ասաց, թե քանի որ սպառնալիքները շատ են, բանակցությունը անարդյունավետ է։ Նիկոլին հարց են տալիս լրագրողները, ասում են ինչի՞ չգնաց բանակցությունների Արարատ Միրզոյանը, ասում է՝ կենսական անհրաժեշտություն էր, որ նա լիներ Հայաստանում։ Իհարկե՝ զարմացանք, որովհետև Հայաստանում չկա տենց մի նախարար, անգամ նախագահն ու վարչապետը, որոնց՝ Հայաստանում մնալը կենսական անհրաժեշտություն լինի․ բայց պարզվում է, որ էդ բանակցությունների չգնալու օրը նա վարկով առանձնատուն էր առնում Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Մեզ՝ ժողովրդիս, հետաքրքրում էր Արարատ Միրզոյանի գնած տուն ասեմ, դղյակ ասեմ, այ էդ բանը, բայց ավելի կարևոր է, թե երբ է գնել։ 120 արցախցին սոված նստել-սպասում էր, որ գնաս բանակցես բացել տաս ճանապարհը, դու քեզ համար տուն ես առնու՞մ։ Մարդ ու կնիկ, գնում եք նոտար, ստորագրում, հետո իրար փաթաթվում ու շնորհավորում եք, նոր ձեռքբերման առիթով․․․ Բա էն 120000 արցախցի՞ն Արարատ։ Ոչի՞նչ որ արդեն 3 ամիս է բլոկադայի մեջ են, որովհետև դու այդ օրը չգնացիր այդ հանդիպմանը, և քեզանից հասանելիքը չարեցիր։ Իսկ մտքովդ չի անցնու՞մ, որ կարողա հենց այդ օրը գնայիր, ծանր ու երկար հանդիպում անեիր, ու պայմանավորվեիր, բացել տայիր, այ այդ օրը գայիր փաթաթվեյիր սիրելի կնոջդ, կատարված պարտքի զգացումով։
Կոնկրետ էս օրինակը ցույց է տալիս իրենց դեմքը, գաղափարները, հավատամքը․ մի կողմի վրա պետությունն էր ու պետական շահը, մյուս կողմի վրա անձնական գործերն էին, նա պետական շահը տշեց մի կողմ, գնաց անձնականի հետևից։ Էն պարագայում, որ ասում էին՝ ժողովորդ, մենք ձեզ ծառա, մենք միայն ձեր մասին ենք մտածելու, մեկ էլ մեր երկրի։ Իրենց համար կարևորը միայն իրենց անձնական բարեկեցությունն է։ Ի միջի այլոց, հարաբերությունների վատացումը այլ պետությունների հետ հենց այսպես է լինում․ բանակցություններ պայմանավորվելը, այն էլ թշնամի երկրների համար, հեշտ չէ։ Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնեցրել են հանդիպում, վերջին պահին հրաժարվում ես, մեկ էլ պարզվում է՝ հրաժարվել ես, որովհետև պետք է տուն առնեիր էդ օրը։ Բանակցությունները կսպասեն, իսկ այ տունը կարող ա ուրիշ գնորդ ճարվի։
Ու նշեմ, որ շատ ուշագրավ են այս եկու դղյակատեր նախարարների հայտարարությունները հայրենասիրության մասին։ Միրզոյանն ասում է՝ եթե ես իմանամ գեթ մեկ զինվորի կյանք եմ փրկում, պատրաստ եմ ժպտալ թուրքերին։ Պապիկյանն ասում է՝ սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն թե մեր բանակի համար լավ լինի։ Բայց երկուսն էլ արդյունքում բանակցում են միայն բրոքերների հետ ու ամեն ինչ լավ է լինում միայն իրենց համար։ Իմ կարծիքով, դուք սատանայի հետ համագործակցում եք 2018 թվից, դրա համար էլ էս վիճակում ենք։ Պապիկյանն ասում է՝ մենք պատրաստ ենք ամեն հնարավոր միջոցներով պաշտպանել մեր ամեն մի միլիմետրը։ Սա ասում է Հայաստանից 150 քառակուսի կիլոմետր հանձնած երկրի պաշտպանության նախարարը։ Բա եթե ուզում էիր պաշտպանել, գոնե տներիցդ մեկը ոչ թե Երևանի կենտրոնում առնեիր, այլ Շուռնուխում, որոտանում, Խնձորեսկում, Շորժայում։
Կարճ ասած՝ վերադառնամ հաղորդման սկզբին․ այս մասին պետք է խոսվի ամեն օր, պետք է ժողովուրդը ուղիղ խոսքի ու իր վերլուծության միջոցով իմանա իր սոցիալական վատ վիճակի պատճառը, իմանա իրեն թալանելու, հարստահարելու իրականությունը, իմանա ատկատները, բյուջեի թալանը, իմանա պատերազմի պատճառները, պարտության պատճառները։ Իրենց, իմ կարծիքով, ոչ թե մեր ժողովուրդն ու պետությունն է հետաքրքրում, այլ իրենց բարեկեցությունը, իշխանությունը, որովհետև իրենց պաշտոնավարման ժամանակ կուտակած ահռելի միջոցների անվտանգությունը կախված է միայն իրենց իշխանության երկարակեցությունից։ Ունեն դղյակ, քանի դեռ ունեն իշխանություն։ Ու ինչքան երկարի իշխանությունը, այնքան կշատանա սեփականության թիվը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը