Կառավարությունը երեկվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պաշտպանության նախարարության գույքը հանել վաճառքի։ Հատկապես դատախազի՝ օրերս Ազգային ժողովում ունեցած ճառի ֆոնին սա ծիծաղելի է․ թե բա՝ ՊՆ գույքը չի կարելի վաճառել և այլն․ վաճառքի են հանում հենց Երևանում գտնվող ՊՆ գույքը, կարելի է ասել՝ կոպեկներով, ընդամենը 85 մլն դրամով հեկտարներով տարածք ու գույք։ Ու այդ վաճառքը անում են թաքուն, չզեկուցվող հարցով։ Մեր կառավարությունը սովոր է չալաղաջ որոշումներն իրականացնել բացառապես թաքուն, գաղտնի ու գաղտագողի։ Կառավարության նիստերի օրակարգերը նայեք, թե ամեն նիստի ինչ որոշումներ են սղացնում առանց զեկուցելու։
Նախ շատ կարճ ասեմ, թե որտեղից եկավ հարցերի մի մասը չզեկուցելու պրակտիկան։ Նախկինում շատ երկար էին տևում կառավարության նիստերը, օրակարգային բոլոր հարցերը հնչեցվում էին ու քննարկվում։ 2016 թվականի հոկտեմբերի նիստերից մեկում, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, զեկուցվեց մի հարց, որով արտաքին գործերի փոխնախարարին բջջային հեռախոս էին խնդրում հատկացնել․ պատկերացրեք կառավարության անդամները, առընթեր մարմինների ղեկավարները, 100 կառույցի ղեկավար նստել ու քննարկվում է 1 բջջային հեռախոսի գնման հարց։ Կարեն Կարապետյանը դժգոհեց, ու որոշում կայացվեց այսուհետ ունենալ չզեկուցվող հարցերի փաթեթ, որով էդ մանր հարցերը, օրենքում և, կամ, ու տառերը փոխելը անցկացնեն առանց հրապարակային զեկուցման։ Դա բոլորիս համար հասկանալի էր, նորմալ էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանենք էլ օգտվեցին էդ հնարավորությունից, որ կարող են սղացնել հարցերը և սկսեցին դրա տակ մտցրեցին բառացիորեն ինչ ուզում են, ինչ իրենց ձեռք չի տալիս հանրայնացնելը։ Կարող է չզեկուցվող հարցով մի հատ այլանդակ որոշում կայացնեն, բայց էդ մասին հանրությունը իմանա 8 ամիս անց, երբ որոշումը սկսի աշխատել։
Եթե կա նախագիծ, որով որևէ գյուղում մի քանի բուտկայի դիմաց ասֆալտ են փռում, այդ հարցը զեկուցում է, Փաշինյանը հատ հատ կարդում է՝ որ բուդկան է, այդ բուդկայում ինչ են վաճառում, քանի քաղաքացի է օգտվում, ովքեր են նրանք, բայց, օրինակ, որ 250 միլիոն դոլարի արտաքին պարտք են վերցնում, այդ հարցը մտցնում են չզեկուցվողների թափեթ, ու ժողովուրդը, որ լսել էր այսինչի կրպակի առաջ 3 վեդրո ասֆալտի մասին, նա չի իմանում, որ 250 միլիոն դոլարի էլ վարկ են իր վզին դրել այդ նույն նիստի ընթացքում։ Բայց դրա մասին Փաշինյանը չի խոսի, ձեռք չի տալիս, դրա շուրջ գլուխ չես գովի, հումորներ չես անի։
Պատահական նիստ եմ վերցնում՝ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի նիստը․ դա անցած տարվա ժողովրդական ընդվզումներից, հանրահավաքներից հետո էր, հիշում եք, մեծ գումար հատկացրեց ոստիկանության տեխնիկական թարմացմանը, այդ մասին ոչ մի խոսք, որովհետև ոստիկանությանը գումարի հատկացումը ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացնում, 25 երիտասարդի բանակից տարկետում տվեցին, էլի ոչ մի խոսք, որ հանկարծ չուսումնասիրեն-չտեսնեն՝ ո՞ր մի ՔՊ-ական դեպուտատի, նախարարի տղան է նրանց մեջ կամ հեռավոր բարեկամը։ Սյունիքի մարզի գյուղերից մեկին սահմանամերձ գյուղի կարգավիճակ տրվեց․ քանի որ թշնամին արդեն ընդամենը 3 կիլոմետր է գյուղից հեռու՝ իր ստորագրած կապիտուլյացիայի պատճառով, 22,6 մլն եվրո պարտք վերցրին, 75 հազար դոլար հատկացրեցին պատերազմի 50 զոհի մասունք Նիդերլանդներ ԴՆԹ փորձաքննության ուղարկելու համար։ Էլի ոչ մի խոսք, որ հանրությունը չասի, թե ինչու եք պատերազմից երկու տարի հետո դա անում։ Ու էսքանի կողքին զեկուցեցին մի հարց, որով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ինչ-որ հատված ասֆալտապատում են։ Որովհետև ասֆալտը այն միակ բանն է, որով կարողանում են ներկայանալ հանրությանը ու կոռուպցիան, թալանը, կապիտուլյացիան, զոհերը, ազգուտակով պաշտոնների գնալը ու ամեն մյուս բացասական բաները փռել ասֆալտի տակ՝ պրծնել։ Ընդ որում, այդտեղ էլ ազնիվ չէին ու չասացին՝ կարող ա՞ Ալեն Սիմոնյանի եղբայրն է այդ ասֆալտը անում։
Մեկ այլ պատահական նիստ եմ վերցնում՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ի նիստը։ 41 հարցից զեկուցվող էր միայն երեքը: Նիստը տևեց 23 րոպե, կեսն էլ Փաշինյանն կարդաց, թե որ գյուղում ինչ փողոց են ասֆալտապատում, այդ փողոցից ովքեր են օգտվում, բայց մյուս հարցերով ավելի շատ գումար դուրս գրվեցին, դա չզեկուցվոց։ Չզեկուցվող հարցերով միլիարդավոր դրամների հարկային արտոնություն են տալիս ոչ անհայտ բիզնեսմեններին, ինչ-որ ՀԿ-ների են ֆինանսավորում կամ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած պետական հիմնարկին։
Այսպես կոչված՝ ժողովրդի ծոցից դուրս եկած կառավարությունը գաղտնի որոշումներ կայացնելու ուղղակի չեմպիոն է, սենց բան չի եղել ու վստահ եմ, չի էլ լինի ապագայում։ Հիշենք ամենաառաջին գաղտնի որոշումը, որ մենք նոյեմբեր ամսին իմացանք, որ դեռ հուլիս ամսից գաղտնի որոշմամբ իրենց աշխատավարձերը կրկնապատկել են։ Ու շատերը հարցնում էին՝ բա է՞լ ինչն եք թաքուն որոշում։ Ու այդպես թաքուն որոշեցին ու հանձնեցին նաև երկիրը, թաքուն կապիտուլյացիա ստորագրեցին, թաքուն զորքերը հետ քաշեցին ու թշնամուն բերեցին Սյունիք։ Սգի վրա քարոզարշավ անող մեկը կա, որ ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ, ասում է՝ Աստված մի արասցե մութ ուժերը հետ գան և ուզենան հրապարակային քննարկումներից զերծ մնան, և ինչ-որ բաներ կոծկեն չզեկուցվող հարցերով։ Հասկանում ե՞ք ով է ասում, Տիգրան Ավինյանը, այ էս թվարկածս թաքուն որոշումների, չզեկուցվող հարցերի իշխանության մասը։ Դուք եկել եք ու ոչ թե ասել եք թաքուն որոշում չենք կայացնի, այլ ասել եք բոլոր որոշումները կկայացնենք այստեղ՝ Հանրապետության հրապարակում։ Հպարտներին հիմարի տեղ դնելով՝ ինչ ուզում-անում եք ու դեռ խոսում եք։ Էդ ձեր ասած մութ ուժերը չզեկուցվող հարցերով ընդամենը բջջային մեկ հեռախոս էին առնում, դուք՝ վարչապետի ընտանիքին սպասարկելու համար ավտո, 1-ի փոխարեն 3 հատ, ոստիկանությանը հատուկ միջոցներ, դուրս գրվող փողեր, փողեր, պարտքեր, վարկեր չգիտենք ինչի համար։ Կառավարության նիստում ուղիղ 20 րոպե վարչապետը կարդում էր, թե որ գյուղում են լյուկի կափարիչ դրել, հենց հաջորդ որոշմամբ 550 հազար դոլարով ամենագնացներ առան, բայց այդ մասին ձայն չհանեց, դա հետո բացահայտեց ոչ իշխանական մամուլը, դե իհարկե, հո «Հայկական ժամանակ»-ը չե՞ր գրի։
Ամեն կառավարության նիստի հարցերից 40 հարցից 36-ը չի զեկուցվում, 2-ն էլ գաղտնի է, ի՞նչ հարցեր են սղացվում, ում համար են դրանք, ում կյանքը ինչպես են փոխում այդ հարցերը։ Էլ չեմ խոսում էն մասին, որ հարցերի մի մասն ընդունվում է առանց փորձագիտական գնահատման ու հանրային քննարկման, չնայած որ օրենքն է պարտադրում։ Ունեցել ենք դեպքեր, որ վարչապետն ասել է՝ հլը եկեք ընդունենք որոշումը, հետո կփոփոխենք մեխանիզմներ կդնենք։
Կառավարության 2018 թվականի նիստերը երկար էին անցնում, հարցերը քննարկում էին, խոստումներ էին տալիս՝ պետք է այսպես անենք ժողովրդի համար, այնպես անենք, վարկ չվերցնենք, գործարան բացենք, ներդրում բերենք, նախարարներն էլ բոլորը դուրս գան ճեպազրույց տան․ հետո տեսան բան էլ չեն կարողանում անել, սկսեցին թոզփչոցին։ Նախարարներից էլ Քերոբյանին ու Ավանեսյանին հա մամուլին են դեմ տալիս, նրանք էլ ամբաղ-զամբաղ խոսում են, ծաղրվում են, անցնում-գնում է։ Իսկ նիստերը ստիպված են անում, որ մի փոքր էլ խիղճները կտրեն, ընդանհրապես չեն անի, ուղղակի Փաշինյանը մի ֆեյսբուքյան խումբ կբացի, մեջը ձայնայիններով, լատինատառ գրառումներով, մեջ-մեջ կանեն, կգնա, մեկ է՝ պատասխանատվություն չեն կրում ոչինչի համար։
Կրկնում եմ՝ սկզբում գաղտնի որոշմամբ իրենց աշխատավարձ բարձրացրեցին, հետո պարգևատրումներ նշանակեցին, ու շատերին հետաքրքրում էր՝ է՞լ ինչ եք գաղտնի որոշմամբ արել։ Ում ինչքան փող տվիք, արտոնություն տվիք, ինչ գույք առաք, հանձնեցիք, նվիրեցիք, ամեն ինչ ժողովրդից թաքուն, հպարտ քաղաքացիներից թաքուն՝ ինչքան քիչ բան իմանաս, էնքան հանգիստ կապրի Նիկոլը տրամաբանությամբ։ Ու գաղտնի որոշմամբ իրենց պարգևատրելը եթե կործանարար չէր, գաղտնի որոշմամբ կապիտուլյացիա ստորագրելը դարձավ պետության համար ողբերգություն։
Կարճ ասած՝ ամենասարսափելին այն է, որ չգիտենք՝ դեռ քանի փակ ու գաղտնի որոշում, քանի չզեկուցված հարց կա Նիկոլ Փաշինյանի դարակում։ Այս իշխանությունը մեկ է՝ գնալու է մի օր, բայց ի՞նչ որոշումների հետևանքներ են մնալու մեզ վրա, ի՞նչ են արել էդ որոշումներով, ի՞նչ են հանձնել ու նվիրել, ի՞նչ պայմանագիր եք կնքել։ Հայաստանի այս կառավարությունը մեր երկրում երբևէ եղած ամենափակ, թաքուն գործող, հետևաբար՝ ամենակոռումպացված կառավարությունն է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը