20 02 2023

«Կարճ ասած»․ Առանց զենքի, առանց ուժի, առանց դաշնակցի և առանց հայկական իշխանության



 

Այսօր Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձն է։ Հնչում են շնորհավորանքներ, կոչեր, ոգևորիչ խոսքեր ու հույս, որ վերագտնելու ենք այն, ինչ կորցրել ենք։ 35 տարի առաջ ժողովուրդը որ ոտքի էր կանգնել ազգովի, ուներ հստակ նպատակ՝ ազատագրել Արցախը, միացնել Մայր Հայաստանին։ Շարժումից ընդամենը 6 տարի անց արդեն այդ նպատակը իրականացվել էր։ Հետո սկսեց Արցախը վերականգնելու շրջան, էլի համայն հայության ջանքերի, Արցախում իշխանության ամրության, նպատակասլացության շնորհիվ։ Լիքը ազգեր կան աշխարհի երեսին, որ իրենց պետությունը չունեն, մենք ունեինք մեկի փոխարեն երկուսը․ իրար հաջորդող ամեն իշխանություն պետք է ընդամենը նպաստեր Արցախի զարգացմանը, հասներ անկախության միջազգային ճանաչման նպատակին։ Պետք էր մնալ հավատարիմ արցախյան շարժման ոգուն, գաղափարին, բայց․․․ Ընդամենը 30 տարի անց տեղի ունեցավ հակառակը։

Արցախը ավերվեց այն ժամանակ, երբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իշխանության եկան մարդիկ, ովքեր սկսեցին միանձնյա տնօրինել ճակատագրերը։ Մեկ հոգի որոշեց, որ էդ հայության միասնական պայքարն ու ջանքերը հեչ, այսուհետև իր խոսքն ու որոշումներն են անցնում։ Այդ մեկը Հանրապետության հրապարակում խոսեց ժողովրդի անունից, բայց ժողովրդին պարտադրեց իր որոշման դառը հետևանքները։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ են զգում Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, երբ տեսնում են իրենց պայքարի հիմնահատակ խորտակումը։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը առաջակներ է պատրաստել խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ո՞վ է Հայաստանի Հանրապետությունը, ո՞վ է մշակել այդ առաջարկները, ի՞նչ առաջարկներ են, ի՞նչ մասնագետներ են աշխատել դրա վրա․ չգիտենք, բայց մեկ վտանգավոր նախադասություն ասվեց, որով հասկանալի էր՝ ամեն ինչ վատ է լինելու․ Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ Խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Դարձյալ նույնը։ Փորձը ցույց է տալիս, որ դա նշանակում է, որ այդ պայմանագիրը ընդունելի է լինելու միայն Ադրբեջանի համար։ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, հայտարարեց՝ պետք է ղարաբաղյան հարցի լուծումը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի ու Արբեջանի ժողովրդի համար, հետո անընդհատ հայտարարում էր, թե ինքը միակն է, որ տենց բան է ասում։ Հետո նա հասցրեց այն կետին, որ Արցախյան հարցի լուծումը տեղի է ունենում բացառապես Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով։ Հիմա էլ խոսում է խաղաղության պայմանագրի մասին նույն բառապաշարով։ Պատկերացնո՞ւմ եք, եթե ղարաբաղյան շարժման առաջնորդները 1988 թվականին հայտարարեին, թե պետք է այս շարժումը ընդունելի լինին ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ադրբեջանի համար։ Շարժումը կտապալվեր ի սկզբանե։

Ցավոք, վերջին տարիներին, մեզ բաժին է ընկել բացառիկ ղեկավարություն, որի քայլերի, պահվածքի պատճառով ստիպված ենք անընդհատ գլուխներս կախել։ Մյունխենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կոնֆերանսի մասնակցեցին ուղիղ եթերում։ Նույն կոնֆերանսից, ինչ 2020 թվականին էր՝ պատերազմից առաջ, և ցավալիորեն, ինչպես այն ժամանակ էինք ամաչում Փաշինյանի համար ու նրա փոխարեն, նույնը այս անգամ էր։ Ալիևը ծաղրեց, սպառնած, ստեց, իսկ հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ։ Ալիևն ասում էր՝ Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են, փոքրամասնություն, որոնց հետ պետք է խոսի առանց միջնորդի։ Ոչ մի արձագանք։ Վիրավորում էր Արցախի պետնախարարին։ Ոչ մի արձագանք։ Կապ չունի՝ դու Արցախի պետնախարարին ինչպես ես վերաբերում, բայց այդտեղ Արցախը ներկայացուցիչ չուներ, դու էիր, պետք է մի բան ասեիր։ Ասաց, թե Արցախում էլ բլոկադա չկա, էլի ոչ մի նորմալ արձագանք։ Վիրավորում էր հայ ժողովրդին, ու ոչ մի արձագանք։ Տպավորություն էր, որ կամ Փաշինյանը վախենում էր Ալիևից, կամ համաձայն էր նրա հետ, կամ էլ քանի որ որոշել էր անգլերեն խոսել, իսկ գիտելիքները քիչ էր, չկարողացավ արձագանքել։ Մի խոսքով, մի նվաստացուցիչ տեսարան։

Ադրբեջանի նախագահն ասում է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության պատերազմից հետո, նշանակում է՝ հայ ժողովուրդը հաշտվել է պարտության հետ: Գիտե՞ք, որքան էլ դժվար է, այնուամենայնիվ այս հարցում Ալիևի հետ կարելի է համաձայնել․ առնվազն մեր այսօրվա վիճակը թույլ կտա ցանկացածին արտաբերել այդ բառերը, այդ եզրահանգմանը գալ։ Չի ստացվում հասկանալ պատերազմից հետո Փաշինյանին ընտրած մարդկանց տրամաբանությունը, բայց փաստը դա է։ Անգամ եթե Փաշինյանը համաձայն էր այս մտքին, նա պարտավոր էր արձագանքել Ալիևին հենց նույն պահին։ Ուշագրավն այն է, որ Ալիևին չեն արձագանքում նաև կարկառուն ՔՊ-ականները։ Նրանք, սովորաբար, չեն արձագանքում երկու հոգու՝ Փաշինյան և Ալիև։ Ներսում մարդ են ճղում, ընդդիմությունից մի բան խոսում են՝ շտապ պախարակում, կալանք, բայց թշնամու նկատմամբ շատ զգուշավոր են, մի տեսակ բարեկամաբար։

1988 թվականին ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց ղարաբաղյան շարժման համար, բայց դրանից հետո, 2018 թվականին, երբ մսխվեց շարժման ձեռքբերումը, և արդեն շարժում սկսեց Արցախի դեմ, ժողովուրդը հանգիստ նայում է փլատակներին։ Մարդկանց մեջ ներարկեցին տրամադրվածությունը, որ պարտվել ենք, ոչինչ չենք կարող փոխել, թույլ ենք, կոտրված եք, թշնամու ամեն գործողություն Հայաստանի իշխանությունը արդարացնում ՝ նրանց մասին հերոսության առասպելներով։ Իսկ մեր մասին․․․մենք, ըստ նրանց, բանակ չենք ունեցել, շարժում չենք ունեցել, հաջողություն չենք ունեցել, հաղթանակն էլ սխալ բան էր, պետք չէր։ Շարժումը Արցախի համար էր, այսօր Հայաստանն անգամ չի կարողանում իրեն պաշտպանել ու ամեն անգամ հաշտվում է իր տարածքների փոքրացման հետ։ Հայաստանն աշխարհի երեսին միակ պետությունն է, որը հրաժարվեց պայքարից ու շատ արագ հանձնվեց։ Ու ամեն անգամ մի բան հորինում է՝ արդարացնելու համար թշնամու առաջխաղացումը։

Թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը այս վիճակում երբեք չի եղել՝ առանց դաշնակցի, առանց ուժի, առանց զենքի ու առանց հեռանկարի։ Շարժման ամբողջ ընթացքում ու դրանից հետո ունեցել ենք ծանր ժամանակներ, բայց ունեցել ենք հայկական իշխանություն, որը պատրաստ էր ամեն գնով հետ բերել ու պահել հայրենիքը․ իսկ հիմա ունենք ամեն գնով հանձնողների թիմ։ Ամեն բան պատրաստ են հանձնել, բացի իրենց աթոռներից, ցնդելու բան է։

Կարճ ասած՝ Հայաստանն ունեցել է ղեկավար, որը հրաժարական է տվել, որպեսզի Արցախը չհանձնենք Ադրբեջանին։ Իսկ հիմա ունենք ղեկավար, որը իշխանության է եկել հենց Արցախը հանձնելու համար։ Բերեցինք մի իշխանություն, որը մեր բոլոր տոներն ու տարեդարձերը սարքեց տարելից։ Հայ ժողովրդին պետք է միասնություն և վճռականություն՝ այս պարտությունների ալիքը հետ պտտելու համար։ Հիմա Հայաստանին ու Արցախին էլ ավելի մեծ ու հզոր շարժում է պետք, որը պետք է թշնամուց ազատագրի ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Ուզում եմ հավատալ, որ այդ կամքը ունենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ