08 02 2023

«Կարճ ասած»․ Արդարացնել Փաշինյանին՝ համեմատելով նախկին ժամանակնե՞րը․ չի ստացվում



 

 

Հայաստանը, տարածաշրջանը և աշխարհն ընդհանրապես խառնվել է իրար։ Իմ կարծիքով, Հայաստանի վիճակը հիմա շատ ավելի ծանր է, քան աղետալի երկրաշարժ տեսած Թուրքիայում, որովհետև մենք անընդհատ հետ ենք շպրտվում ու անընդհատ կորուստների փաստի առաջ ենք։ Եվ այս վիճակում շատ հեշտ աշխատում են էն մանիպուլյացիաները, որ մեր նկատմամբ արվում են։ Հիմա ինչո՞ւ եք այսպես անում, այ առաջ որ սենց անեին, ուրիշ ձև կլիներ կամ բա ինչի՞ էն ժամանակ չեք արել, կամ բա էն ժամանա էլ է սենց եղել, հիմա ինչո՞ւ եք մատնացույց անում։

Օրինակ, Թուրիայում երկրաշարժ է եղել, կան ավերածություններ, զոհեր, տուժածներ, Հայաստանն ուղարկում է փրկարարներ։ Հանրությունը բաժանվել է երկու անհավասար մասերի, մի մասը՝ շատ մեծ մասը, պնդում է, որ սխալ, հակազգային որոշում էր փրկարար ուղարկելը Թուրքիա։ Մի մասը ասում են այո, պետք է ուղարկել, որովհետև մարդասիրություն, աղետ, ողբերգություն, օգնության ձեռք, հարևաններ ենք և այլն։ Ու հիշեցնում են՝ բա ինչո՞ւ էն ժամանակ ձայն չէիք հանում, որ Թուրքիայի հետ շփվում էին և այլն։ Նախ, Թուրքիայի հետ հարաբերվելու վերաբերյալ միշտ են եղել քննադատողներ, հետո, հարգելինե՛րս էն ժամանակ ուրիշ ժամանակներ էին, ճիշտ է, էն ժամանակ Թուրքիան նույնն էր, ոնցոր հիմա, բայց էն ժամանակ մենք էինք ուրիշ, մեր վիճակն էր ուրիշ, մթնոլորտն էր ուրիշ։ Սրանից 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ եթե Թուրքիայում լիներ նման աղետ ու Հայաստանը գնար օգնության, բոլորովին այլ կլիներ հանրության էմոցիան․ որովհետև մենք էդ ժամանակ իսկականից հպարտ էինք, որովհետև հաղթած էինք ու նայում էինք վերևից, առնվազն մեզ բավականին լավ էինք զգում, մեծահոգի։ Էդ ժամանակ կարող էր Հայաստանի ղեկավարը խոսեր Թուրքիայի ղեկավարի հետ, փոխադարձ հրավեր անեին, ցավակցություն էլ անեին, շնորհավորանք էլ, Թուրքիայի նախագահը նամակ գրեր, առաջարկ աներ, էստեղ մերժեին կամ ընդունեին․ որովհետև, կրկնում եմ, մենք էդ ժամանակ այլ վիճակում էինք։ Հանրության ռեակցիան էլ էր այլ։ 2020 թվականի սեպտեմբերից սկսած՝ բոլորովին այլ է վիճակը, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին՝ կոտորեցին մեր տղերքին, խլեցին մեր հողերը, գաղտնիք չէ, թուրքական գեներալներն էին վարում պատերազմը։ Ղարաբաղյան առաջին պատերազմում էլ էին Թուրքիան ու Ադրբեջանը միասին գործում, բայց մենք փաստացի հաղթեցինք երկուսին էլ։ Ու եթե այս պատերազմում էլ հաղթած լինեինք, էլի իրավիճակը կաշխատեր մեր օգտին։ Կրկնում եմ էն ժամանակ հաղթել էիր, ազատագրել էիր, հզոր էիր, հպարտ էիր ու կարող էիր թույլ տալ Թուրքիայի հետ քաղաքական, դիվանագիտական, անգամ մարդասիրական շփում։ Էդքան կայինք, մի խոսքով։ Էն ժամանակ շատ բան կարող էինք անել, ինչը հիմա էլ չենք կարող։ Իրավիճակ է փոխվել։ Դրա համար պետք չէ համեմատության մեջ դնել հիմիկվա իրողությունները, նախկինում եղածի հետ։

Բայց էս թեմայով մի բան էլ․ իշխանությունը քարոզում է, ասում է, գիտե՞ք, այնտեղ հումանիտար աղետ է, իսկ մենք մարդկայնորեն պետք է օգնենք․․․ Հիմա հարցս, երկրորդ ամիսն է լրանում որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը, Արցախում հումանիտար աղետ չէ՞, աղետ է։ Թուրքիան ինչու՞ ձեռք չի մեկնում, միջոց չի ձեռնարկում, իր փոքր եղբայր Իլհամին ասի, գիտե՞ս, այնտեղ 30 հազար երեխա, երկու ամիս է թերսնվում է, չի կարելի․․․ Չի ասում չէ, հակառակը, հայտարարում է թե աջակցում է այդ հումանիտար աղետ ստեղծողին ու պահողին․․․ Բա ի՞նչ էիք ուզում, հասարակությունը ի՞նչ ռեակցիա պետք է տար։

Մի, իմ գնահատմամբ՝ ծիծաղելի քարոզ էլ տեղի ունեցավ օրերս։ Ամերիկյան պետական ֆինանսավորմամբ գործող հայտնի լրատվամիջոցը մի քարոզչական նյութ հրապարակեց՝ հղում անելով ինչ-որ գաղտնազերծված փաստաթղթերի։ Միտքը հետևյալն էր 90-ականի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշում են վերջապես լուծել Ղարաբաղի հարցը, հանդիպում են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա համաձայնվում է զիջել, հետո հանդիպում են Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, նա կտրուկ դեմ է լինում զիջմանը, ու դրա համար հարցը չի լուծվում։ Այ այդքան պարզունակ ներկայացվում է, իմ կարծիքով մեր նորագույն պատմության կարևորագույն էջերից մեկը։ Հետո արդեն լոլոներ են, թե ինչքան լավ կլիներ, եթե Քոչարյանը այն ժամանակ համաձայներ ու հանձներ, կգային միջազգային խաղաղապահներ․ վստահ ներկայացվում է, որ պատկերացնու՞մ եք, Արցախը կունենար իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը և Սահմանադրությունը, այն, ինչը ուներ դեռ 91-ից: Հետո, թե բայց այ կարգավիճակ չէր ունենա։ Ու ասում էին՝  Հայաստան, եթե չհամաձայնես, զարգացման հնարավորություն չես ունենա, տարածաշրջանային ծրագրերին չես մասնակցի, էներգետիկ նախագծերին չես մասնակցի։ Իսկ այ, որ համաձայներ հանձնել, զիջել, կմասնակցես ծրագրերի, և միջազգային համայնքը կդառնար անվտանգության երաշխավոր։ Մի Նյու-Վասյուկի, էլ մի ասա։ Ծիծաղներդ չի գալի՞ս, այն էլ այս օրերի իրողություններին նայելիս։

Սակայն, այս 26 տարի առաջ տեղի ունեցածի միջոցով մանիպուլացնելու փորձը, կարծում եմ, ինչ-որ տեղ աշխատեց, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք ոչնչից տեղյակ չեն։ Գիտե՞ք հիմա ինչքան հեշտ է դնել ու միանգամից վերլուծել-եզրակացնել, թե ինչ պետք էր անել 1994 թվականին։ Մարդ, որը արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինքն իր ոտքը վնասել էր, որ պատերազմ չգնա, մոտավորապես այնպես, ինչպես ՔՊ-ական դեպուտատ Նարեկ Գրիգորյանն է բանակում չծառայելու համար երակները փրթել, բայց՝ խաղաղ ժամանակ, հիմա նույն նշածս առաջին մարդը ասում է՝ դե Քոչարյանը սխալ էր արել, պետք է մինչև Բաքու գնային 1994 թվին։ Էն մյուսը, որ ղարաբաղյան հարցից ոչինչ չի հասկանում, բայց թունդ լևոնական է, ասում է՝ դե առաջին նախագահը ճիշտ էր, պետք է հանձնեին, որ խաղաղություն լիներ, 30 տարի սխալ ա գնացել։ Այ իրենց համար՝ այս քարոզչական նյութը, որի մասին խոսում եմ, իդեալական առիթ է բեսեդկայում խոսելու։ Բայց իրենց համար չեմ ասում, նրանց համար, որոնք ուզում են իմանալ՝ իրականությունը ո՞րն էր։ Հիմա հետ գնացեք սրանից 25 տարի առաջ։

Հայ ժողովուրդն ընդամենը մի քանի տարի առաջ ազատագրել է իր պատմական հայրենիքի մի մասը, իր հողը, պատկերացնու՞մ եք հպարտության աստիճանը․ դարերով միայն կորցնելուց, փոքրանալուց, 300 հազար քառակուսի կիլոմետրը ընդամենը 30 հազար դարձնելուց հետո առաջին անգամ էնքան կամային ու հզոր է եղել, որ վերադարձրել է իր հողը՝ ցեղասպանությունից էլ փրկելով ինքն իրեն։ Այդ ժամանակ, և պատկերացրեք դրանից դեռ ահագին ժամանակ հետո էլ, դա էր մեր գնահատականը և հպարտության առիթը։ Էդ հիմա է, որ այս իշխանությունը և իր խելքի գրչակներն, ամենօրյա ռեժիմով մեզ ասում են, թե ժողովուրդ, դա մերը չէր, խալխինն էր, գրավել էինք, սխալ էինք արել, այ որ չգրավեիիի՜նք։ Մենք ազատագրել էինք մեր հողերը, թափել էինք արյուն և բնականաբար տեր էինք կանգնել մեր հայրենիքին, հպարտ էինք Եռաբլուրով, զինվորով, զինվորական համազգեստ հագած ցանկացածով։ Ու այդ ժամանակ, երբ դու ազատագրել ես հողերդ և պետք է կառուցես, վերականգնես, գալիս ասում են գիտե՞ք ինչ, մենք պայմանավորվում ենք Հայաստանի նախագահի հետ, որ պետք է դրանք զիջեք, փոխզիջում էլ չէ, պետք է հանձնես էս փուլում մի մասը, մյուս փուլում մյուս մասը։ Նաղդ դրանք տուր, որ կարողանաս մասնակցես նախագծերի, կզարգանաս, շրջափակումդ կվերանա, քեզ էլ կապահովագրի միջազգային հանրությունը։ Որ ասում եմ, ծիծաղելի է այս քարոզը հիմա, հենց սրա համար եմ ասում։ Որովհետև, այդ միջազգային հանրությունը ոնց ա ապահավագրում, շատ լավ հիմա երևում է Ուկրաինայում։ Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ երկիրը այդ միջազգային հանրության միանշանակ աջակցությունը ունենալով՝ տևական պատերազմի մեջ է, ավիրվում ու քանդվում է, ժողովրդի մի մասը դարձել է փախստական, այդ միջազգային հանրությունն էլ փոխարենը կանգնեցնի, մի բան էլ շիրա է տալիս, էն հույսով, որ դե ջհանդամ, կարող է Ռուսաստանն էլ թուլանա էտ ընթացքում։ Այսօրվա Ուկրաինան նայեք, նա հիմա հենց այդ Միջազգային հանրության ապահովագրությունն է։ Նույն նավթային միջազգային պայմանագրերը, էներգետիկ խոշորագույն պրոեկտները հիմա չեն փոփոխվո՞ւմ, նոր աղբյուրներ ման չեն գալի՞ս, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում դրանք նույնպես դառնում են երկրորդական և որևէ կերպ չեն երաշխավորում պետությունների անվտանգությունը և ստաբիլությունը։ Աշխարհաքաղաքական փոփոխությունները, ցույց են տալիս, որ էդ տեսակ երաշխիքներն էլ են սուտ բան։ Իմ պատկերացմամբ, այն ժմանակ, ինչ է, թե իրենց էներգետիկ, նավթային շահերը սպասարկեն Ադրբեջանի հետ, առաջարկում էին Արցախը, որպես բոնուս։

1997 թվականին, երբ դու հաղթել էիր պատերազմում, ազատագրել էիր քո հողերը, քեզ առաջարկում են հանձնել, էդ թափած արյունը, էդ պատմական արդարության վերականգնումը հեչ, գցեք ջուրը, ու պետք է որևէ մեկը համաձայնե՞ր։ Էդ հիմա, երբ ամեն ինչ հանձնել են, բան համարյա չեն թողել, հիմիկվա իրողության մեջ կարող ա դա ավելի լավ տարբերակ էր, բայց ինչի՞ մենք պետք է հասնեինք էս օրին։ Մարդիկ, ովքեր արյուն էին թափել, չէն հանձնում, ասում էին ոչինչ չենք զիջելու, պետք է խոսել միայն փոխզիջման մասն ու մեր փոխզիջման կարմիր գիծն էլ այն է, որ հստակ պետք է լինի Արցախի ճանաչված կարգավիճակը։

Ամերիկյան հայալեզու լրատվամիջոցի քարոզչական նյութը միայն առաջին հայացքից է Լևոն Տեր-Պետրոսյանի արդարացում։ Իրականում, դա օգնություն է, նույն Նիկոլ Փաշինյանին, որը ջանք չի խնայում ամեն հնարավոր տարբերակներով արդարացնել Արցախի հանձնումը։ Հանձնենք, որ հիմա էլ մասնակցենք երկաթուղային փոխադրումների, ինչ-որ ծրագրերի։ Հանձնենք, որ իբր լավ ապրենք։ Ապահով լինենք։ Այնինչ մենք ապացուցել են, որ մեր արժանապատվությունը ու հողերը պահելով ենք կարողացել ապրել լավ, հանձնելուց հետո գնալով վատանում ենք։

Կարճ ասած՝ կատարվող ամեն բան պետք է դիտարկել ժամանակի մեջ․ 1997 թվականի իրողությունները գնահատել 2023 թվականի իրականության պարագայում, ճիշտ չէ։ Բայց մի հստակ բան կա, որը որ թվականին էլ վերլուծես, նույն տեսակետին ես հանգելու՝ հայրենիքը, ազատագրած հողերը հանձնելը դավաճանություն է՝ լինի դա նախկինում, 2020 թվականին, թե հիմա, իսկ հանձնողները՝ դավաճան։ Այո, 1997 թվականին կային դրան պատրաստ մարդիկ, տապալվեցին, 2020 թվականին կային, հաջողեցին, հանձնեցին ու հիմա շարունակում են ու որևէ կերպ դա լավին չի տանում, միայն վատին ու կործանման է տանում, վերջնական։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ