Երրորդ օրն է, ինչ փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միջանցքը․ ևս մի քանի օր, հումանիտար ճգնաժամը աղետի կվերածվի․ արդեն վառելիքի խնդիր կա, հիվանդներին տեղափոխելու խնդիր կա, վաղը կավելանա դեղորայքի ու սննդի ճգնաժամը, եթե շարունակվի։ Մի կողմից անտրամաբանական է այս ամենը, որովհետև արցախցին չի դուրս գալու, չէ՞, իր տնից, ինչ է թե Ալիևը կապրիզ ունի, մյուս կողմից, տրամաբանական է՝ եթե հնարավոր չէ արցախցուն քշել․ ուրեմն պետք է նեղություն տալ, որ ինքն իրենով դուրս գա, կամ ուղղակի նեղություն տան, էդ էլ է քյար, ինչպես ասում են։
Էդ սաղ պարզ է, բայց․ լավ, ո՞ւմ է ձեռնտու էս վիճակը, բացի Ադրբեջանից․ եկեք միասին հասկանանք։ Արցախցիներին, բնականաբար, ձեռնտու չէ, մարդիկ արդեն երկու տարի է՝ ամեն օր անբուժելի վերքեր են ստանում։ Ռուսներին ձեռնտու չէ, ամեն անգամ հեղինակության անկում է ունենում, պատասխանատուն իրենք են հրադադարի համար, և աճում են հակառուսական տրամադրությունները․ սադրանքների արդյունքում կարող է զրկվել խաղաղապահության մանդատից։ Ձեռնտու չէ իրավիճակը նաև մեր հարևան և բարեկամ Իրանին․ հիշենք՝ Իրանը առաջինն էր, որ անմիջապես հայտարարեց, որ հայ-իրանական՝ մի քանի հազար տարվա սահմանը թույլ չեն տա փոխել։ Մեր սահմանների մասին մեր հարևանն է անհանգստանում։
Արդեն ասեցի, Ադրբեջանի իշխանությունը ուզում է ստանալ Արցախ և ստանալ Զանգեզուրի միջանցք, ուզում է, բայց չի ստացել։ Նրանք բանակցում են Փաշինյանի հետ, Միրզոյանի հետ, Մհեր Գրիգորյանի հետ, ԱԽ քարտուղարի հետ, թղթեր են փոխանցում, պարտադրում․ խաղաղության կոչված պայմանագիր են դեմ տալիս, որով Արցախն են ուզում վերցնել, հետո՝ հայաթափել։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություններ ունեն, որոնք չեն հրապարակվում, մութ են, դա էլ ակնհայտ է․ նրանք հանդիպել են բազմիցս ու գաղտնի են պահում, թե ինչ են քննարկել կամ պայմանավորվել, միայն տեսնում ենք, որ հանդիպման արդյունքներով՝ Ադրբեջանը պարբերաբար կրակում է, զոհ ու վիրավոր ենք ունենում, հիմա էլ Լաչինի միջանցք են փակել։ Կարող եք ասել՝ դե տրամաբանական է, նրանք ուզում են, մերոնք չեն տալիս, դե կրակում են, փակում են։ Բայց։
Մենք տեսել ենք արդեն, որ մեր իշխանությունը կարող է մի բան ասել, ու անել լրիվ հակառակը։ Նախկինում էլ, դեռ պատերազմից առաջ, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, բերեցին պատերազմի․ հա, պատերազմը պռավալ տվեցին՝ հանձնեցին, համ վերջում մի էնպեսի թուղթ ստորագրեցին, որով հանձնեցին արյունով պահածը։ Հիմա, իմ կարծիքով, նույնն է, ասում են միջանցքի մասին մի խոսեք, դա չենք տալու ու առաջինը ինչ որ գալիս է մտքիս հենց դա է՝ ուրեմն տալու են, պատրաստում են դրան։ Այս իրավիճակը շատ նամն է նրան, որ ձեռք է տալիս ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի այսօրվա իշխանությանը․ նա պետք է ինչ-որ կերպ քաղաքացիների մոտ իրեն արդարացնի, թե ինչու է հանձնում, տալիս, թուղթ ստորագրում, չգիտեմ, օրինակ՝ Զանգեզուրի միջանցք տալիս։ Քաղաքացիներից շատերն են արդեն իրավիճակն ընկալում այսպես․ Ադրբեջանը գնում է այս ամենին, որպեսզի Նիկոլը հնարավորություն ունենա պլանավորած զիջումների գնալու․ իհարկե՝ նա առանց ճնշումների էլ է պատրաստ զիջել, բայց իրեն ժողովուրդը չի հասկանա․ նա հայտարարել է չէ՞՝ առանց պատերազմի չհանձնեց, որ իրեն չասեն դավաճան, մնացածն էլ տվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելով։ Հիմա էլ ինքը իրեն իրավունք է վերապահելու ստորագրել ինչ դեմ են տվել ու ասի՝ ժողովուրդ, այլ ելք չունեի, պետք է ստորագրեի, որ փրկեի 120 հազար արցախցու կյանք, բլոկադայի մեջ են։ Մեզ ասել էին, որ նոյեմբերի 9-ի ստորագրածը վերջինն է, դրանից հետո խաղաղություն է, բայց դրանից հետո զիջել է Սև լիճ, զիջել է գյուղեր Արցախից ու Հայաստանից, 130 քառակուսի կիլոմետր զիջել է ու հիմա էլի կասի՝ զիջեմ, որ փրկեմ, զիջեմ, որ պատերազմ չլինի։ Վաղը նույն տրամաբանությամբ մի փաստաթուղթ կստորագրի ու լիքը բաներ կզիջի Սյունիքից՝ 135 հազար բնակչի «փրկելու» համար, հետո կուզենա «փրկել» Գեղարքունիքի 110 հազար բնակչին, Տավուշի 134 հազար բնակչին։ Ու էնտեղ են հասցրել, որ ադրբեջանցի ամեն մի մանկապարտեզի խումբ կարող է փակել ինչ մայրուղի ու միջանցք, ինչ ուզենա․ բառացի, կարող է գալ և վերցնել, որովհետև ով կարող է հրաման տալ, չի տալիս, չի ուզում, իր նպատակը այլ է:
Վաղը որ բացեն Լաչինի միջանցքը, քա՞նի օր բաց կմնա, էնքան են բացել-փակելու, մինչև հոգնեն բոլորը, և արանքում իրականանա Նիկոլ-Ալիև պայանավորվածությունը։
Քաշաթաղի շրջանը հանձնելիս չգիտեի՞ն, որ հենց այստեղ ենք հասնելու, երբ բոլոր կոմունիկացիաները հանձնեցին Ադրբեջանին, չգիտեի՞ն, որ որ պահին ինչը ուզի՝ փակելու է ու բացելու է ինչքան ժամանակով ուզի։ Հայաստանի ողջ պատմության մեջ մենք ունեցել ենք մեկ դեպք, երբ Հայաստանի իշխանությունը տեղահանել ա հայերին, կտրել հողից ու հանձնել թշնամուն։
Այսօր ԱԺ արտահերթ նիստ էր, որտեղ պետք է Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունվեր։ Նիստն առաջարկել էր ընդդիմությունը և ներկայացրել էր բավականին հավասարակշռված տեքստ. ինքս զարմացա, որ այդ տեքստում ոչ մի քննադատական խոսք չկար Հայաստանի իշխանության մասին։ ՔՊ-ն այդ տեքստը մերժեց․ ինչո՞ւ․ որովհետև խոսվում էր երկու կարևոր բանի մասին․ 1․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ 2․ Արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։
Հարցնում ենք ինչի՞ եք հանել, էդտեղ ի՞նչն է վատ, ասում են՝ դեմ է մեր վարած կուրսին։ Այսինքն գաղտնի բան էլ չկա, նենց չի, որ ես եմ եկել այդ մտքին, վերլուծել եմ, իրենք են ասում։ Մարդիկ էլ ո՞նց ասեն, որ իրենց կուրսն է Արցախն Ադրբեջանի կազմում ու հլը զարմանում են, որ արցախցիներն ու մեր ընդդիմությունը դիմադրում է՝ հանձնվեք պրծեք էլի։
Էսօր Հայաստանի Ազգային ժողովում ՔՊ-ականները Ադրբեջանին դատապարտելու փոխարեն դատապարտում էին մեկ ռուս խաղաղապահներին, մեկ էլ Հայաստանի ընդդիմությանը։ Էդ երկուսն են իրանց խանգարում, եթե չլինեին, իրենց ծրագրերը վաղուց իրականություն կդառնային։ Կարդում ես իրենց ընդունած բանաձևը՝ Հայաստանի իշխանությունը որևէ պարտավորություն չունի։ Միջազգային հանրությունը Ադրբեջանին դատապարտում է, Հայաստանը չի դատապարտում։ Ինչպես ասում են, դա էլ վրա դրեք։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները կարծես գործում են փոխհամաձայնեցված։ Ու մի հատ էլ ՔՊ-ականներն ասում են՝ տեսա՞ք մենք էդքան հանձնինք-տվինք, բայց զաթո մեր թիմը միասնական մնաց։ Էd էր արժեքը, դրա համար իրոք որ կյանք էլ կտային։
Առաջ ծիծաղելի կլիներ, որ ասեին Հայաստանի ու Արցախի սահմանը փակել են ադրբեջանցիները․ այսօր իրականություն է։ 2 տարի առաջ մեր տանկերը կանգնած էին Հորադիզում, Թալիշում, էսօր էդ ամենը վարի տվածները միջզգային հանրությունից ճանապարհի բացում են ընդամենը պահանջում, որ Արցախ կարողանանք գնալ․ ՄԱԿ-ի դիմաց Արցախցի պաշտոնյան ճանապարհ է մուրում, էն դեպքում, երբ իր Արայիկ Հարությունյանը Նիկոլի ձեռքը բռնած վարի տվին ինչ կար։ ՔՊ-ական դեպուտատ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ մենք ե՞նք փակել միջանցքը, որ կառավարությունից եք պահանջում, Ալիևն է փակել, նրանից պահանջեք։ ՔՊ-ական մի դեպուտատ կին կա, նա էլ ասում էր՝ գերիները ինչի՞ եք մեզնից ուզում, Ալիևից ուզեք, ինքն է գերի վերցրել։ Բա դուք ումե՞ք պետք, բացի Ալիևից ու Էրդողանից, լուրջ, ուզում եմ հասկանամ, եթե հայի շահը պահող չեք, ոչինչ անել չեք ուզում, բացի Ալիևի թղթերը ստորագրելուց, դուք ո՞նց եք համարում ինքներդ ձեզ հայի իշխանություն։
Կարճ ասած՝ այս ամենը կարող է լուծվել էն ժամանակ, երբ մենք լիարժեք գիտակցենք ու հասկանանք, որ մեր խնդիրը Լաչինի միջանցքում չէ, մեր խնդիրը անգամ Բաքվում չէ, Ալիևն անում է այն, ինչ իրենք ուզել են և ուզում են։ Իսկ իրենք ուզում են հայերի բնաջնջում՝ Արցախում, Հայաստանում և ամենուր։ Մեր խնդիրը Հայաստանի կառավարության շենքում է։ Մեր խնդիրները սկսում են այդ շենքում գլխավոր անձից․ իրավիճակը կփոխվի ամենուր, եթե իրավիճակը փոխվի կառավարությունում․ այլ լուծում փնտրելն անիմաստ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը