07 12 2022

«Կարճ ասած»․ Սուտ խոստում․ 2020 թվականին արդեն պետք է աղետի գոտին վերակառուցված լիներ



 

Դեկտեմբերի 7-ն է, 88-ի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցը։ Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը ընդգրկող շրջանում երկրաշարժի արդյունքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, հարյուրից ավելի գյուղ ու բնակավայր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը, ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ։

Այսօր՝ երկրաշարժի տարելիցի առիթով, եղան ուղերձներ, ելույթներ, խոստումներ։ Հետո՞։  Երկրաշարժի հետևանքների վերացման պարտավորություն ունի բացառապես Հայաստանի իշխանությունը։ Ի՞նչ են արել Հայաստանի՝ իրար հաջորդած իշխանությունները աղետի գոտու համար։ Մինչև 1998 թվականը ոչ մի բան բացարձակապես, բացի աղետի գոտու համար բերված օգնությունները անհասկանալի ձևով բաշխելուց կամ մսխելուց, գրպանելուց, եթե կուզեք։ 1998-2007 թվականներին՝ Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման շրջանում, Շիրակի մարզում գործարկվեց 458.000 ք/մ բնակելի շենք: «Բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվեց 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: 1998-2006 Շիրակի մարզում գործարկվեցին մի շարք հանրակրթական հաստատություներ: Ընդ որում, երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ, մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացան աշխատանքին: Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվեցին մշակութային հիմնարկներ, ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրություններ: Սպիտակում հետևանքները վերացվեցին ամբողջությամբ։ Լուսավորվել և բարեկարգվեցին Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվեցին պուրակներ և այլն։ Սա Քոչարյանի ժամանակ։ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին բնակարանային խնդիրները լուծելու համար հատկացվել է 65 միլիարդ դրամ։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Աղետի գոտին վերակառուցված էր 90 տոկոսից ավելի, մնացել էր 542 ընտանիք։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին ցուցադրաբար կառավարության արտագնա նիստ արեցին Գյումրիում, նամականիշ մարեցին։ Նիկոլը շրջայց կտարեց, անցավ էն շենքերի մոտով, որ կառուցել էր Ռոբերտ Քոչարյանը, նրանից հետո քայլեց Կարեն Կարապետյանի նորոգած փողոցներով։ Հետո հանձնարարեց ձևավորել աշխատանքային խումբ, որը իբր պետք է հաշվառեր ու ներկայացներ աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Ամենակարևոր խոստումը՝ հպարտ դեմքերով ասացին, որ 2020 թվականին աղետի գոտում անտուն մարդ չի լինի։ Դրանից անցել է երկու տարի ու պարզվում է՝ հիմա էլ խնդիրը ձգում են մինչև 2027 թվական։ Եկան, ասացին կտրամադրենք 3 մլրդ դրամ ու փիարվեցին էնքան, որքան չէին փիարվել նախորդները Աղետին գոտուն հարյուր միիլիոնավոր դոլարներ ներդրնելուց հետո։ Սրանք խոստացել էին դեռ երկու տարի առաջ ավարտել ամեն ինչ։ Շիրակի մարզպետը էսօր ուղերձ  հղում ու ասում է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են ու թվարկում է՝ ձևավորել են աշխատանքային խումբ, փաստագրումներ են արել, հարաբերություններ են կարգավորել ու ասում է՝ այս ամենը հստակ նախանշում են ՀՀ կառավարության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։ Ընկերուհի ջան, դուք խոստացել եք 2020 թվականի դեկտեմբերի 7-ին ավարտել, լսու՞մ եք՝ ա-վար-տել․ անցել է 2 տարի, ասում եք չափագրել ենք, ինչ-որ հարաբերություններ ենք հաստատել, խոնարհվում ենք հիշատակի առա՞ջ։ Ու ասում 2027 թվակա՞ն։ Էս ի՞նչ լոլո եք կարդում, էսօր պետք է ոչ թե խոստումներ տայիք, այլ՝ ռեալ արդյունք, խոստումների ժամկետը վաղուց է ավարտվել։

Ես մի անգամ չեմ լսել, որ Քոչարյանը աղետի գոտին վերականգնելու ժամանակ ասի մենք չունենք պաարտավորություն, մենք չգիտենք ինչքան հատվածում պետք է շինարարություն անենք։ Նիկոլը եկել ու ասել է՝ մենք միայն գիտենք, որ երկրաշարժ է եղել, չգիտենք, թե ինչքան պետք է սարքենք։ Իսկ դրանից հետո սկսեց, բնականաբար գցել ժողովրդի վրա՝ թե բա՝ դե մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, պետությունը տալու բա չունի։ Կամ՝ «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառել ա, պետությունը պարտավորություն չունի»։ Սա է ձեր մոտեցումը։

Եթե մեր կաառավարության ձեռքը քարի տակ լիներ, կասեինք՝ դե ի՞նչ անեն, չեն հասցնում գյումրու տնակներից մարդկանց հանեն։ Բայց երբ խոսքը վերաբերում է կառավարական հաճույքներին, էնքան փող կա, որ էլ չասած։ Ընդամենը երեկ կարդում ենք, որ պետբյուջեից 550 հազար դոլար տվել են 5 նոր ամենագնաց են ձեռք բերել՝ Նիկոլին ու կնոջը սպասարկելու համար։ Մարշրուտնու հույսին չէին մնացել, բայց դե թազա թիվ ավտո է սրտները քաշում։ Պաշտպանության նախարարության սիրուն շենքը նորից վերանորոգելու համար 50 հազար դոլար տվեցին վերջերս, անգամ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի նախասրահի համար միլիոններ դուրս գրեցին։ 155 մլն դրամ ինչ-որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխութան համար տվեցին, 25 մլն դրամ՝ Մալաթիայում տոնական լույսեր կախելու համար, ԱԺ բուֆետը վերազինեցին 21-րդ դարի մակարդակով․ էդ սաղ անելու համար փող կա, բայց երբ խոսքը վերաբերում է մարդկանց տնակից հանելուն, զինվորին վրանից հանելուն, զենք առնելուն, փող չկա։

Հիշեցնեմ՝ 2018 թվականին՝ իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելու ժամանակ, Հանրապետության հրապարակի տոնածառի տեղը կանգնել էր Նիկոլ Փաշինյանը ու խոստանում էր, որ ժողովրդի փողերը կոպեկ-կոպեկ ծախսելու է ըստ նպատակի։ Սա հանցագործություն է, բայց՝ իմ նկատմամբ չէ, նրանց նկատմամբ, ովքեր հավատացել են, ձայն են տվել Գյումրիում, թե՝ եկեք մեզ փրկեք։ Հիմա էլ արդեն մարդ են ման գալիս, որ Նիկոլից փրկի։

Կարճ ասած՝ որ Ռոբերտ Քոչարյանի անունից այսօր վաղ առավոտյան ծաղկեպսակ է դրվում Գյումրիում Երկրաշարժի զոհերի հուշակոթողին, ես դա հասկանում եմ ու բոլորն են հասկանում․ մարդը ուժերի ներածին չափը ու դեռ մի բան էլ ավելին արել է Աղետի գոտին վերակառուցման համար։ Բայց որ ՔՊ-ն է ծաղկեպսակ դնում, Գյումրիում բեմ են դնում ու ելույթ ունենում, ԱԺ-ում հոտնկայս հարգում հիշատակը, ուղերձներ հղում, ես դա չեմ հասկանում։ Դուք աղետի գոտում գիտե՞ք ինչ եք փայլուն արել․ Երևանից Սպիտակ գնալուց, ուշադրություն դարձրեք, ձախ կողմի վրա նոր պանթեոն է կառուցվել՝ 44 օրյա պատերազմում զոհված տղերքի համար, այն տղերքի, որոնք ծնվել էին Քոչարյանի ժամանակ կառուցված սիրուն շենքերում․ այ էդ շինարարությունը, հա՛ դուք եք արել Աղետի Գոտում, ծափ տվեք ինքներդ ձեզ և խոնարհվեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ