Այսօր փորձեցի հաշվել, թե Հայաստանի այս կառավարությունը քանի որոշում է կայացրել, որով մտել է ՀՀ հպարտ քաղաքացու գրպանը։ Տուգանքների, տուրքերի, հարկերի ավելացումները այնքան շատ են, որ մի քանի հաղորդում կբավարարի։ Եվ շեշտում էմ՝ սա մի կառավարության պարագայում, որն ասում է, թե նախկինում թալանում էին, մենք եկել ենք՝ ժողովրդին փրկենք։
Ամենաթարմ օրինակը․ Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց մինչև 10 անգամ թանկացնել շինթույլտվության տուրքերը։ Օրերս պետեկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ եթե ձեր բնակարանն ու ավտոտնակը տալիս եք վարձակալման, պետք է դրանից 10 տոկոս տաք պետությանը։ Պետություն ենք ասում, բայց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ՀՀԿ-ի ջեբը, այսինքն՝ այսօր ՔՊ-ի ջեբը։ Իսկ եթե չվճարեք, ավելի լավ, մի հատ էլ տուգանվելու եք։ Իսկ ովքե՞ր են իրենց տները վարձով տալիս փող աշխատելու նպատակով․ ՔՊ-ան օլիգարխները չեն չէ՞․ դժվար Խաչատուր Սուքիասյանը տուն վարձով տա տուրիստի, նա սարքում է շենքեր, բաժանում է դախլների, որ ավելի շատ փող աշխատի, իսկ տուն վարձով տվողները ընդամենը ապրելու փող են աշխատում մեծամասամբ։ Հիմա պետությունը սրանով մտնում է հենց այդ սովորական մարդկանց գրպանը։ Բնականաբար, տանտերը, որ կարողանա, թանկացնելու է, հո իր վրա չի մնալու, զաթո մի հատ ռուսների գալու առիթով են թանկացրել․ այսինքն՝ քաղաքացին, որ վարձակալում է բնակարանը, հավելյալ ծախսերի տակ է մտնելու։ Բայց, հենց ռուսները հետ գնացին, պահանջարկն էլ ընկնի, էդ հարկը մնալու է, չէ՞, ու սկսելու են հարկախառը բարձրացված գները վճարել, օրինակ՝ շրջաններից Երևանում աշխատանքի եկած, տուն վարձակալածները, ուսանողները։ Այսինքն, էլի էս խեղճ ժողովրդից է գնալու պետբյուջե, այսինքն, իրենց լեզվով ասած՝ ՔՊ-ի ջեբը։ Ի դեպ, նախկինների ժամանակ էս օրենքը կար, բայց որպեսզի հավելյալ չմտնեին ժողովրդի գրպանը, վարչարարությունը չէին իրականացնում․ այսօր դա անում է «ժողովրդի իշխանությունը»։ Բա պետք է վճարեք, ժողովուրդ ջան, որ Ալեն Սիմոնյանը բոթասները հագնի, կնոջ ու ընկերների հետ գնա Քաթար ֆուտբոլի խաղը մարզադաշտից նայի։
Քաղաքացու գրպանը մտնելու ամենաամոթալի տարբերակներից մեկը․ սեպտեմբերից թոշակը իմացա՞ք ում հաշվին բարձրացավ․․․ Չե՛ք ֆիքսել՝ նպաստառուների։ Կառավարությունը որպեսզի մարդկանց թոշակ բարձրացնի, մտավ ամենաաղքատների գրպանը։ 3 հազար դրամով թոշակ են բարձրացրել, թոշակ ստացող աղքատին ասել են էս 3 հազարով դու դուրս ես եկել աղքատության շեմից, նպաստը կտրել են։ Ու էդպես՝ հազարավոր մարդկանց։ Էդ կտրված նպաստի փողերով չնչին բարձրացրել են մյուսների թոշակները։ Փիար արեցին՝ թոշակ ենք բարձրացնում՝ կողքի հարևանի ջեբը մտնելով։
Ովքե՞ր են Երևանի փողոցներում երաժշտական գործիք նվագելով փող վաստակում․ պարզ է՝ հաստատ ոչ հարուստները։ Նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը Հյուսիսային պողոտայում դաշնամուր չի նվագի փող աշխատելու համար, նրան մենք շատ բարձր ենք վճարում, մի էդքան էլ, երևի, Գրզոն է վճարում, մարդուն հերիք կլինի։ Բայց եթե այլ մարդ փողոցի մեջտեղը ակորդեոն կամ ջութակ է նվագում, ուրեմն գումարի կարիք ունի, չէ՞։ Կառավարությունը որոշում է սահմանել կարգ ու խստացնել պայմանները․ դրանք խախտելու դեպքում կտուգանեն և կբռնագրավեն երաժշտական գործիքը։ Մի գուցե լավ է, կարգավորումներ են մտցնում, բայց միևնույն է, դա այնպես է արվում, որ մտնելու են հիմա էլ փողոցային երաժիշտների գրպանը։
Ծխելը համարվում է վատ ու առողջության համար վտանգավոր սովորություն․ բայց այ էս կառավարության համար, իմ կարծիքով, քաղաքացու գրպանը մտնելու միջոց է։ Նախ այդ օրենքի փոփոխությունը չի արվել որովհետև ՔՊ իշխանությունը մտածում է ժողովրդի առողջության մասին․ ոչ մի դեպքում, մի աջքո՞վ եք նայում, գրանտասեր իշխանությանը․․․ Այո, այդ օրինագծի ընդունելու ետևում արտասահմանյան գրանտ է, դրա խաթր է արվել, ուրիշ ոչ մի բանի։ Ընդունել են, գրանտը ստացել են, մի հատ էլ նենց տուգանքներ են սահմանել, որ այսպես ասած՝ օրինախախտ կաֆեյի այցելուն էլ վճարի, կաֆեն էլ։ Բա ժողովրդի իշխանության ամբողջ փայլը չտեսնե՞ք, մինչ փոխվելը։
Այս կառավարությունը մի հատ այլ խայտառակ որոշում էլ ընդունեց՝ բարձրացրեց անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Համ թանկացրել են, մի հատ էլ որոշել են, որ բոլորը պետք է վճարեն․ իսկ նախկինում կախված գույքի մաշվածությունից, չէիր վճարում։ Այսօր, անգամ վթարային շենքի բնակիչը գույքահարկ է վճարում։ Դա նախկինում չկար, այդքան մեծ չէին թվերը, իսկ սրանք ավելացրեցին։ Դա էլ ջհանդամ, եթե ժողովուրդը իմանա, որ իրեն համար ինչ-որ բան է ավելանալու․ բայց ոչ, էլի հիշում ենք Նիկոլի մեքենաները, Ալենի զվարճանքները, Արայիկի լիֆտը ու այլ, կարևորագույն ու ժողովրդի համար արած ծախսերը։
Ամենախայտառակ տուգանքներն արագաչափերն ու կարմիր գծերն են։ Այս հեղափոխություն կոչվածը տեղի ունեցավ արագաչափերի տուգանքների շահարկումով։ Մի հատ հիշեք, խնդրեմ։ Այս մարդիկ ասացին՝ 800 հազար վարորդներ, եկեք մեր հետևից, արագաչափերը կհանենք, տուգանքներն էլ կջրենք։ Հիշեցի՞ք։ Եկան ու ոչ միայն չհանեցին, այլ դարձրեցին պետական, մի հատ էլ բալային համակարգ մտցրեցին ու կրկնակի տուգանում են, նույն խախտման համար։ Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին 45 տոկոսով ավելի են տուգանել նախորդ տարվա համեմատ։ Լավ է, չէ՞։ Քաղաքացին ասում է՝ Նիկոլն ասում էր եկեք մասնակցեք ցույցերի, տուգանքները կջրեմ, արագ քշել եկել եմ, որ իշխանափոխություն անեմ, ճանապարհին նկարվել եմ, եկել է, տուգանքները չի հանել, գործը հասել է ԴԱՀԿ, արդեն ավտոն ձեռքիցս առել են։ Մի քանի օր առաջ կառավարական ամառանոցում՝ Նիկոլի կեցավայրի հենց դիմաց, քաղաքացի ինչի՞ ինքնահրկիզվեց․ տուգանքների պատճառով․ ԴԱՀԿ-ն վերցրել է մարդու ավտոմեքենան՝ միակ ապրուստի միջոցը։ Ինքնահրկիզվելիս էլ ասում է՝ Նիկոլը քանդեց իմ տունը։
Փողոցային առևտուրը վաղուցվանից է արգելված եղել․ Կարեն Կարապետյանը դեռ Երևանի քաղաքապետ էր, որ արգելեցին, բայց որոշեցին չգնալ տուգանքների ճանապարհով, չէին տուգանում, ուղղակի չէին թողնում։ Որովհետև, հասկացել են, որ դա աղքատ երկրում քաղաքացու գրպանին մեծ հարված կլինի։ Լավ օրից չի, որ մարդն իր ինժեների դիպլոմը տանը դրած, կանգնել պրոսպեկտի վրա կանաչի է վաճառում։ Բայց, սրանք որոշում են էդ արգելանքին մեկ այլ թափ տալ, հա՛մ հանել, հա՛մ տուգանել, համ էլ առգրավել ապրանքը։
Էնքան շատ են, այսպիսի օրինակները, որ չեմ կարող բոլորը թվարկել․ սկի մասնագետները չեն հիշի բոլորը, որ թվարկեն․ հիշածներս էլ ժամանակը չի թույլ տալիս, որ ներկայացնեմ։ Ազգային Ժողովի ամեն քառօրյայի, էն որ մեկ օրում 30 օրենք են սղացնում, դուք ուշադիր ե՞ք ինչ է, ամեն նիստի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ, հարկային օրենսգրքում փոփոխություններ, տուրքեր, տուգանք, տուգանք, տուրքեր, հարկեր։ Ու սա մի իշխանության օրոք, որը իրեն հռչակել է ժողովրդի իշխանություն։ Նիկոլն էր, չէ՞ ասում՝ «Մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու մատերիալ չէ»։
Ժողովրդի գրպանը մտնելու ամենամեծ ձևը, իմ կարծիքով, գնաճն է, քաղաքացուն ուղղակի կլպում են, ու շահում է իշխանությունը, օլիգարխիան ու մենաշնորհյալները։ Անիմաստ ծախսերը, աշխատավարձերի անիմաստ բարձրացումներին էլ չեմ անդրադառնում, որը նույնպես ժողովրդի գրպանից է։ Վաղը որ դատախազը 2,5 մլն դրամ աշխատավարձ ստանա, դա էլ մեր գրպանից է։
Կարճ ասած՝ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, ասում էր պետական բյուջեն ժողովրդի գրպանն է, ձեր աջ գրպանը համարեք ձերը, ձախը՝ պետական բյուջեն։ Հիմա կառավարությունը հարմար տեղավորվել է մեր համ աջ գրպանի մեջ, համ ձախ գրպանի մեջ։ Թալանում են հարկերով, տուրքերով, անիմաստ որոշումներով, տուգանքներով, թանկացումներով, իրենց շքեղ ծախսերով։ Բայց սրան զուգահեռ էնպես են խոսում, համոզում, որ քիչ է մնում հավատաս, որ հենց հիմա որ քեզ թալանում են, դա հենց քեզ համար են անում։
Ի դեպ, եթե իշխանությանը տուգանելու լինեին խոստումները չկատարելու համար ու տուգանքը բաժանեին ժողովրդին, ՀՀ քաղաքացիները միանգամից կհարստանային։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը