Խորհրդարանական ընդդիմությունը երեկվանից որոշել է դարձյալ ակտիվացնել Ազգային ժողովում գործունեությունը։ Դրանում տարօրինակ բան չկա․ բայց տարօրինակ են որոշ անտրամաբանական արձագանքները։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը ուրիշ ո՞րտեղ պետք է գնար, եթե ակտիվ փողոցում չէ։ Էլ չեմ ասում, որ այս ընթացքում միայն այսօր չէ, որ գնացին․ բազմիցս էլ գնացել են, այդ թվում՝ թե՛ ելույթ են ունեցել դահլիճում, թե՛ մասնակցել են քվեարկության։ Բայց մի տեսակ անառողջ արձագանքները շատ եղան։ Առողջ քննադատությունները, իհարկե, կարելի է և պետք է ընդունել, հասկանալ։ Ի վերջո, խորհրդարան վերադարձը ցույց է տալիս, որ պայքարի գլխավոր թեման, այդպես էլ չի իրականացել, այն է՝ Փաշինյանի իշխանության հեռացումը։ Դա չի եղել տարբեր պատճառներով, և այդ պատճառների միայն մի մասն է կապված հենց այդ ընդդիմության ներկայացուցիչների գործողությունների հետ։
Նախ, պետք է հասկանալ, որ Ազգային ժողովը որևէ կուսակցության, որևէ իշխանության մենաշնորհը չէ, իշխանությունն էլ, քաղաքական կուսակցություններն էլ գալիս-գնում են Ազգային ժողովով․ կուսակցություններ կան, որ առաջին, երկրորդ տեղեր են զբաղեցնում, հետո դուրս մղվում ԱԺ-ից․ քաղաքական բնական սերնդափոխություն է լինում, բայց խորհրդարանը մնում է իր տեղում։ Իհարկե՝ հիմա ՔՊ իշխանությունը փորձում է սեփականաշնորհել ԱԺ-ն, դարպասներին անգամ փշալարեր են ամրացնում, բայց իրենք էլ են անցողիկ, պարզ ա։ Հուսանք՝ իրենցից հետո կմնա ԱԺ թե՛ շենքը, թե՛ ինստիտուտը, թե՛ մեր պետությունը։
Գիտե՞ք ամեն քայլ, ընդդիմության պայքարի ամեն փուլ գնահատվում է այդ ժամանակի մեջ․ եթե թափ է հավաքում փողոցային պայքարը, անտրամաբանական է օրենք քննարկելը խորհրդարանում, եթե փողոցը ակտիվ չէ, այդ դեպքում հետաքրքրում է՝ բա ի՞նչ է անում պատգամավորը, ինչո՞վ է զբաղված։
Այսօրվա ընդդիմությանը ձայն տված 300 հազար քաղաքացին ձայն է տվել խորհրդարանում աշխատելու և պետությունը ներկայացնելու համար։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքին ձայն տվողները քվեարկել են ոչ թե խորհրդարանում ընդդիմության շարքերը զբաղեցնելու համար, այլ՝ իշխանություն դառնալու և երկիրը այս վիճակից դուրս բերելու համար։ Չասեք բոլորն էլ դրա համար էին մասնակցում ընտրություններին․ շատ էին ուժերը, որոնք պայքարում էին ուղղակի ԱԺ անցնելու համար, նրանց մի մասն էլ ԱԺ չանցնելուց հետո դարձավ Նիկոլին ակտիվ հաճախորդ։
Կրկնում եմ, «Հայաստան» դաշինքին ձայն տվողները վստահ եմ՝ բոլորը քվեարկել են պետությունը ՔՊ-ից ազատագրելու և երկիրը շողուլի բերելու համար։ Տարբեր պատճառներով չստացվեց, իսկ ՔՊ համագումարի ընտրակեղծիքները ցույց տվեցին, թե ինչու չէր կարող ստացվել։ Բայց որ իշխանությունը շարունակում է մնալ այս օտարի օրակարգին հպատակ թիմը, դա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ԱԺ-ի վրա․ դա ևս սխալ է։ Խորհրդարանի ամբիոնը բավականին լուրջ գործիք է և պետք չէ զիջել, թույլ տալ, որ այն լինի մի անդեմ խմբակի հոր դուքանը։ Իմ կարծիքն է։
Ակնհայտ է մի պարզ իրողություն՝ այսօր Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունները շատ ավելի շատ են, քան իշխանականը, անգամներով շատ են։ Ասում են չէ, թող սրանք հեռանան, նորերը գան, չեն արդարացնում։ Բայց մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր չկա ընդդիմադիր այլ ուժ, որը շատ ավելի կշիռ ունենա, քան իրենք են։ Խորհրդարանական ընդդիմությունը անցած գարնանից փողոցում էր, հետո ասեցին իրենք են, դրա համար Նիկոլը չի հեռանում, հետո, վրաններ-բան հանեցին, հավաքներն ու ակցիաները դադարեցին, հանրության ահագին հատված հիասթափվեց, բայց վճռական էր իշխանափոխություն անելու համար ոտքի կանգնել, կարծես լավ ժամանակ էր այդ նոր ուժերի կայանալու․ բայց ցավոք, դա էլ չեղավ, էլի մնացին նույն մարդիկ, որոնցից հասարակությունը գործողություն է սպասում։
Ակնհայտ է, որ այսօր մեր հանրության մեծ մասը հասկանում է՝ ուր է տանում մեզ Նիկոլ Փաշինյանը և ըմբոստանում է։ Բայց հարց՝ բոլո՞րն են անում այն, ինչ իրենցից կախված է իշխանություններից ազատվելու համար։ Ակնհայտ է, որ ոչ։ Այլապես ո՞նց կբացատրեք, որ մեկ միլիոն մարդ բողոքում է, բայց 40 հազարն է մասնակցում ակցիաներին։ Ընդդիմությունը ասում էր Սյունիքում ինչ է լինելու, Տավուշում ինչ է լինելու, Գեղարքունիքում էլ, Արարատում էլ․ այդ մարզերի քա՞նի բնակիչ ոտքի կանգնեց․ քա՞նի հոգի փողոց դուրս եկավ հենց իր համար, իր երեխայի համար, իր տան համար։ Ընդդիմությունը հազար անգամ ասաց՝ ժողովուրդ, գերիների ծնողներ, քանի ձեզ համար հանգիստ նստած եք, ձեր տղերքին հետ չեն տալու։ Քա՞նի գերու ծնող ոտքի կանգնեց, ընդհակառակը, մեղադրում էին, թե դուք եք խանգարում որ բերեն։ Նիկոլը օրերս ասաց, որ ընդդիմությունը ճիշտ էր, այդ նույն բաները ինքն ասաց, իր իսկ շուրթերով։ Ու այսպես շարունակ։ Այո, շատերդ եք հիասթափված, որ այսօր այս իշխանությունն է դեռևս ու վստահ գիտեք, որ էլի գնում է աղետալի ճանապարհով․ բայց արդյո՞ք բոլոր դժգոհողները իրենց հնարավորինը արել են և անում են, որ իշխանւթյունը փոխվի։ Դիմադրություն շարժման անկեղծությանը ես հավատում եմ, մարդիկ իրոք իրենցից կախվածն ու չկախվածն արել են, իսկ մյուսնե՞րը։ Այ էդ մյուսներին ես չեմ հավատում։
Նայեք մի հատ մեր երկիրը քանդող ֆեյսբուքյան գրառումները, ակցիաներին մասնակցողների ու չմասնակցողների գրառումները՝ ինչո՞ւ եք միտինգը երեկոյան ժամին անում, ինչո՞ւ այսինչը բեմ ելավ, ինչի՞ ԱԺ-ում հարց չտվեցիք Նիկոլին, ինչո՞ւ այս հարցը տվեցիք, ինչու ձեռնպահ քվեարկեցիք, ինչո՞ւ մանդատները չեք դնում և այլն և այլն։ Ընդ որում, մանդատը չդնելու մասին խոսում են ամենաշատը նախկին ընդդիմադիր կամ Նիկոլի հետ կոալիցիոն պատգամավորները, որոնք իրենց ժամանակ էլ են նույն քննադատությանն արժանացել, բայց ոչինչ էլ չեն արել ու պահել են մանդատները։ Որովհետև նույն մարդիկ էն ժամանակ հասկանում էին, որ այդ մանդատը առավել շատ պետք է ոչ թե որպես աշխատավարձ, այլ կարևոր քաղաքական հարց լուծելու գործիք։ Կան այսպես կոչված ընդդիմադիրներ, որոնք հատուկ ընդդիմությանը խփելու համար Նիկոլի քայլերն են արդարացնում։ Ուշադրություն դարձրեք՝ կտեսնեք։ Դրանցից որոշները հատուկ են անում, նպատակադրված, մյուսները էմոցիաների տակ, ընկնում են նրանց խելքին, արդեն առանց հասկանալու, թե ում են ծառայություն մատուցում։
Կարճ ասած՝ խորհրդարանը խիստ անհրաժեշտ գործիք է մեր երկրում քաղաքական փոփոխությունների համար։ Ընդդիմությունը, կարծում եմ, պետք է փոխի ժողովրդի մտածելակերպը, պետք է ընդդիմադիր հայացքներ ունեցող միլիոնից ավելի մարդկանց հետ խոսի, երկխոսի, անուն առ անուն յուրաքանչյուրի հետ աշխատի․ կլինի խորհրդարանում, խորհրդարանից դուրս։ Ամենուր պետք է լինի մեկ նպատակի նվիրված աշխատանք, այդ դեպքում կստացվի՝ ազատել Հայաստանը օտարածին օրակարգերից։ Որից հետո արդեն պետք է ազգովի ջանքերը ողղել՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում քանդածը վերականգնելու ուղղությամբ։ Եթե դրան հասնելու համար պետք է գնալ խորհրդարան, պետք է գնալ, պետք լինի փողոցը, հասունացած լինի հանրությունը, վճռական լինի, ուրեմն պետք է գնալ դրան կամ երկուսն էլ միաժամանակ։ Բայց ինչ-որ բան անել պետք է։ Պարապ խոսացողները, թե չէ, լիքն են, ամեն օր տեսնում ենք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը