02 10 2024

Փողոցայինները․ 168․am

Փողոցայինները․ 168․am

168․am-ը գրում է․ Փողոցով իշխանության գալն ու փողոցից իշխանության գալը սկզբունքորեն տարբեր երևույթներ են։ Առաջինի դեպքում փողոցը կարող է լինել միջոց, երկրորդ պարագային՝ փողոցը բովանդակություն է։

Փողոցի բովանդակությունն աղմուկն է ու խլացումը։ Մտքի, բանականության, խոսքի խլացումը։

Փողոցի աղմուկը լավագույն դեպքում թույլ է տալիս լսել գոռոցը, բղավոցը, ոռնոցը։

Փողոցում միտքը մեռնում է, գաղափարը՝ սպանվում։ 

Փողոցն անբովանդակության բովանդակություն է, որը նաև անհասցե է ու անինքնություն։ 

Որպես գործիք օգտագործվելու դեպքում փողոցը մոռացվում է, բայց երբ իշխանության են գալիս ոչ թե փողոցով, այլ փողոցից, փողոցը փոխարինում է պետությանը։ Փողոցայինների իշխանության բերումով։ Ու փողոցայիններին իշխանության բերելով։

Փողոցայինների իշխանություն լինում է, բայց փողոցային պետություն չի կարող լինել ըստ սահմանման։ Լավագույն դեպքում, եթե պետությունից ինչ-որ բան մնում է, այդ մնացածը հայտնվում է փողոցում։

Փողոցայինները՝ իշխանությունում, պետությունը՝ փողոցում։ Սա է Հայաստանի այսօրվա սյուռ իրականության կարճ նկարագիրը։ Եվ պետության հանդեպ ատելության բացատրությունը։ 

Մասսայական փսիխոզի ու ոռնոցի ներքո կատարվել է անտեսանելի տեղափոխություն՝ փողոցայինները հայտնվել են պետական ինստիտուտներում, պետությունը՝ ասֆալտին։ Այն նույն ասֆալտին, որը գրեթե անընդհատ նորացնելով՝ փողոցայինները փորձում են պետությունը զմռսել-հավասարեցնել կոխկրտվող մազութաշերտին։ 

Դա միշտ չէ, որ ստացվում է հիմնավորապես, որովհետև պետություն կազմաքանդելը կոստյում հագնելով՝ փողոցայինից պաշտոնյա կապկելու նման հեշտ չէ։ Հատկապես, որ փողոցայիններն անգամ քաղաքային կոլորիտի փողոցայինի չեն ձգում և անգամ փողոցի այդ ընկալումներից օտար լինելով, իշխանությունը զավթելուց առաջ գավառամտությամբ զավթել են քաղաքային փողոցը։ Ու այն շարունակ ասֆալտելով՝ փորձում են թաքցնել սուտ հալածյալի կեղծ արյան հետքերը։

Բայց ասֆալտը չի կարող մաքրել իրական արյան ծովի առաջին կաթիլ դարձած կեղծ արյունը, որովհետև դա ոչ թե գետնին է, այլ մարդկանց հիշողության մեջ։ Ու դրա համար է նաև, փողոցից բացի ու փողոցից ավելի, ասֆալտապատվում մարդկանց հիշողությունը։
Փողոցային լրբի ու խուժանի հանգույն։
Գավառական ավանտյուրիստի ու քաղաքային փողոցի սիմբիոզն անխուսափելիորեն ասֆալտին հայտնված պետությունը հասցնելու էր խաչմերուկի, որից աջ ադրբեջանական մուղամն է և որից ձախ՝ թուրքական բայաթին։ Գնալու ուղղությունը, սակայն, ընտրելու են ոչ թե փողոցայինները, ոչ էլ անգամ նույն փողոցում շարականով այդ ընթացքի դեմն առնել փորձողները, այլ նրանք, ովքեր որևէ պրոսպեկտում և/կամ ավենյուի մեջ որոշել են պետությունը փոխարինել փողոցով։

Մակերեսում պարզ ու կարելի է թվում փողոցայիններին իրենց հարազատ վայր վերադարձնելու լուծումը։ Բայց շատ ավելի կարևոր է պետությունն ասֆալտից պոկելու անելիքը, որը բազմապատիկ բարդ է, քան մի քանի կոստյումավորի վանդակազգեստ դարձնելու մեխանիկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ