Նոյեմբերի 9-նն է, օր, որ ջնջեց մեր պետության մեջ բոլոր տոները, ավելացրեց հիշատակի օրերը, հայ ժողովրդին տվեց չվերջացող սուգ։ Պատերազմին չեմ անդրադառնա, շատ եմ անդրադարձել, բոլորիս աչքի առաջ էր, բոլորս տուժած ենք, զոհ ենք դավադրության, խաբեությունների, պայմանավորվածությունների։ Չհիշեցնեմ, թե ոնց էին Արծրունը, Նիկոլը, Աննան, Արայիկը, խոսնակը, ՔՊ-ական պատգամավորները բոլորը միասին հիմարացնում ժողովրդին ու պլանավորած պարտության տանելով՝ հաղթանակի մասին խոսում, մինչև հանձնեցին Արցախը։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ այսօր Ադրբեջանում հաղթանակի օրն է։ Տոնակատարություն է։ Մեզ համար սուգ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պատճառով, Ադրբեջանում տոն է․․․ Այնտեղ այսօր փառաբանում են Ալիևին, իրենց զինվորականներին․ սխալ մարդկանց են փառաբանում, պետք է փառաբանեն Փաշինյանին ու իր թմին, իրենց հաղթանակը բացառապես նրանց շնորհիվ է։
Հայաստանի դիվանագիտության համար էսօր մեռնելիք էր։ Ադրբեջանը հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել մի շարք երկրներից, որը խիստ խորհրդանշական է․ Շնորհավորել են ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը։ Շնորհավորել են Իտալիան ու Մեծ Բրիտանիան։ Սրանք ԵՄ դիտորդներ են բերում կանգնեցնում սահմանին, իբր թե առաքելություն անելու, նրանց, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին։
Շնորհավորել է Հոնգարիան, որի հետ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուզում է հարաբերությունները վերականգնել, որ կասեցվել էին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ Շնորհավորել է անգամ մեր բարեկամ Իրանը։ Իրանը, որը պատրաստ է Սյունիքը պաշտպանելու, իր իսկ շահերից ելնելով, նույնպես շնորհավորում է։ Սա Հայաստանի դիվանագիտության չլինելու ևս մեկ ապացույց է։ Մեր երկրում դիվանագիտությունը զոհվեց, երբ ոչ մի տեղ չաշխատած մեկին բերեցին փոխնախարար, իսկ հետո նախարար դարձավ մեկը, ով նույնպես երբեք դիվանագետ չի եղել, էլ չեմ ասում որ կասկածվում է թուրքի ագենտ լինելու մեջ։ Հիմա ես մեղադրե՞մ Բելառուսին, որ շնորհավորում է Ադրբեջանին, մեղադրե՞մ Իրանին, որ շնորհավորում է Ադրբեջանին, թե՞ մեղադրեմ Հայաստանի իշխանությանը, որ ոչինչ չի կարողանում անել, որ էսքանից հետո գոնե չշնորհավորեն։
Ցավն այն է, որ մենք այդպես էլ դուրս չեկանք նոյեմբերի 9-ի տակից ու դուրս չենք գալիս, որովհետև այդ պարտվածները, հանձնածները շարունակում են ի ամոթ իրենց և մեզ, ի միջիայլոց՝ ապրել և ավելին՝ մնալ իշխանության։ Դրա պատճառով է, որ նոյեմբերի 9-ից հետո ունենք մի քանի հարյուր զոհ, հանձնած ու դատարկվող գյուղեր, քառակուսի կիլոմետրերով կորցրած տարածքներ։ Քա՞նի հոգի է անտուն մնացել դրանից հետո։ Քա՞նի հոգու վերք է բուժվել, քա՞նի հոգու են տուն տվել, քա՞նի գերի են բերել, քա՞նի հոգու են գերության հանձնել, քա՞նի գերու են սպանել, քա՞նի անհետ կորած ունենք։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օր մեր երկրում ունեցել ենք 3 զոհ, Նիկոլի պաշտոնավարման ամեն օր մենք կորցրել ենք 7 քառակուսի կիլոմետր տարածք։
Իշխանությունը վաղուց դուրս է եկել նոյեմբերի 9-ից, կյանքը վայելում է, տներ են առնում, բարեկարգում են իրենց, վարչապետի դուստրը Դուբայներում հարսանիքների թռչում, կինը անդադար շրջագայում է, Փաշինյանի համար 250 հազար եվրո տալիս են միայն ինքնաթիռի համար, որ ԱՄՆ թռչի, ու նվնվա համայն աշխարհի աչքերի առաջ, թե տեսեք ինչ խեղճ ենք մենք, հայերով։ Կապիտուլյացիայից մի քանի ամիս անց արդե նիրենք իրենց հարսանիքներում տժում էին՝ վարչապետի մասնակցությամբ։ Զոհված հերոսի մայրը ասուլիս է տալիս, ասում է իմ սուգը առել՝ երկու տարի ձայն չէի հանում, հիմա չեմ կարող չխոսել, որովհետև իմ երեխու մահը չսթափեցրեց ոչ մեկին։ Մենք մնացինք նույն սգի մեջ, որովհետև կապիտուլյացիայից հետո կազմակերպված ընտրություններում ոչ միայն չմերժվեց դավաճանությունը, այլև նորանոր թրքասերներ մտան ԱԺ։ ՔՊ-ական պատգամավոր ոմն Վիգեն Խաչատրյան ասում է՝ բայց որ Ղարաբաղը մերը չէ, ո՞նց ենք հանձնում։ Դա նրանից է, որ նրան էս ամբողջ ընթաքում դոշերից բռնող չեղավ, ասեր, բա որ մերը չէր, այ չգիտեմ ինչ, բա մեր էրեխեքին ինչի՞ էիք տանում հազարներով մատաղ անում։ Կամ, դու ո՞վ ես որ որոշեցիր, որ մերը չէր, բա ու՞մն էր էդ արյունով ձեռքբերված, հաղթանակով պսակած երկիրը, պետությունը, ժողովուրդը, ու՞մն էր, ադրբեջանցո՞ւնը։ Դու, առհասարակ, ի՞նչ ազգ ու պետություն ես ներկայացնում հայկական Ազգային Ժողովում։ Դա 30 տարի ասել է Ալիևը, իրենց դիվանագետները, հիմա դու ես ասում։ Այդ արտահայտության համար, ընդամենը 5 տարի առաջ կգամեին անարգանքի սյունին, փողոց դուրս չէիր գա, էրեխեքդ կհրաժարվեին քեզ պապա ասել։ Էս տիպի մտածողություն ունեցողները ռիսկ են անում հերիք չէ փողոց դուրս գալ, մի հատ էլ հարցազրույց տալ։ Այ սա մեր մեղքն է, բոլորիս մեղքն է, զոհվածների հարազատների մեղքն է։ Որովհետև, կրկնում եմ, նոյեմբերի 9-ի պես մի խայտառակություն էլ եղավ հունիսի 21-ին ու դրա արդյունքում էլ ունենք նոր սպասվող կապիտուլյացիայի նախապատրաստություն, ունենք դեռ Վիգեն Խաչատրյան ու Խաչատուր Սուքիասյանների նման մարդիկ, որոնք փողոց են դուրս գալիս։
Գիտե՞ք, երկու տարի շարունակ հենց ընդդիմությունը խոսում է Արցախից, անմիջապես նիկոլական խմբակը հակադարձում է՝ հըն, ասեք, ի՞նչ եք անելու, որ գաք չեղարկելո՞ւ եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց ի՞նչը չեղարկես, ամենը արդեն արել-տվել եք, բոլոր կետերը. այ որ 20 թվականի դեկտեմբերին Փաշինյանn էլ իշխանություն չլիներ, հնարավոր կլիներ, հաջորդող գարնանը, էլի որևէ բան հնարավոր կլիներ, չեղարկել էլ, փոխելել. այս ամառ եք միայն հանձնել Աղավնոն և մյուս գյուղերը, Լաչինի շրջանը: Առնվազն հնարավոր կլիներ կանխելու այս մյուս խայտառակ փաստաթուղթը, որը բանակցում եք։ Այո, ես վստահ եմ, այդ ամենը կլիներ կանխել, իսկ դուք մնացիք, ինչ է, թե մի 2 հատ ավել շոր ու կոշիկ պետք է ունենաք կամ մի ամառանոց, ու դրա փոխարեն պահում եք ազգը այս չվերջացող սգի մեջ։
Վաղը Նիկոլը հանձնելու է Արցախն ամբողջությամբ, Հայաստանից լիքը տարածքներ, միջանցք էլ եսիմ ինչ ու էլի հա՞րց եք տալու ընդդիմությանը՝ բա որ դուք գաք ի՞նչ եք անելու, չեղարկելո՞ւ եք Սյունիքի հանձնումը, Երասխի հանձնումը, Ջերմուկի հանձնումը։ Էդ անտեր եղած իշխանության բարիքներից էնքան են շշմած, որ հերթով պատրաստ են ամեն բան զիջեն, միայն էտ անտեր պարգևավճարը չկտրվի։
Հայաստանում արտքին գործերի նախարար աշխատողը, Հայաստանի անունից բանակցողը, ասում է՝ դժվար ենք բանակցում, որովհետև Ադրբեջանը առավելապաշտական մոտեցումներ ունի։ Ինչո՞ւ ունի, պարզ պատճառով, որովհետև հենց քո՛ հետ է բանակցում, մեր հող են մտել, բա չեք անում, խոսում եք նահանջից, խոսում եք, ասում եք՝ մերը չեն, ասում եք՝ համաձայն ենք ձեր կետերին, բա ի՞նչ կանեն։ Ադրբեջանի նախագահն ասում է՝ մենք գրավել ենք բարձունքներ, որից Հայաստանը հսկում ենք։ Բա դուք ի՞նչ եք արել, որ չգրավեն կամ գրավելուց հետո հետ գնան։ Էլի չե՞ք հասկանում որ այդ ամենի պատասխանատուն էլ, մեղքն էլ դուք եք։ Ալիևը չի թաքցնում, շտապում է, որովհետև վախենում է Հայաստանում իշխանափոխությունից․ հայտարարում է՝ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Չեն համակերպվում պարտության հետ։ Այո, չենք համակերպվում, որովհետև դա ի սկզբանե պարտության տանող պատերազմ էր։ Ալիևն էլ հո գիտի, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու իրեն մատուցված պարտության հետ։
Հայաստանը շարունակելու է պարտվել, քանի դեռ Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք հերոս են Ադրբեջանում։ Ալիևի ասածներից մեկին, այնուամենայնիվ, չի կարելի չհամաձայնել․ ասում է՝ 90-ականներին Ադրբեջանը պարտվեց, որովհետև ուներ ապազգային իշխանություն։ Ազգային մարդկանց մի կողմ դնեմ, մեր թշնամին՝ Ալիևը, հայ ժողովրդին շատ պարզ հասկացրեց, թե ինչու Հայաստանը պարտվեց։
Կարճ ասած՝ ափսոս էին մեր տղերքը, որ մատաղ եղան, ափսոս էին մեր տղերքը, որ հիմա արդեն հաշմանդամություն ունեն, մեր քաղաքացիները, որ տնանկ են։ Ափսոս է մեր պետությունը, որ քայքայվում է ու ափսոս են էն մարդիկ, որոնք գիտեն ինչ է կատարվում, բայց չեն կարողանում փոխել։ Կատարվում է մեր թշնամիների երազանքը՝ թուլացող Հայաստան, արտագաղթող ժողովուրդ, ապիկար ու ապազգային իշխանություն ու դրա ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյան։
Ես վստահ եմ, սակայն, որ հաղթանակ լինելու է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը