2018 թվականի իշխանափոխությունից հետո ընդամենը մի շատ կարճ շրջան շատ հետաքրքիր մթնոլորտ էր մեր երկրում։ Մարդիկ մի տեսակ փոխվել էին, հիշում եք, շատ էին ասում որ մարդկանց դեմքին ժպիտ կա, ուրախ էին, ասում են անգամ երթուղայիններում իրար նկատմամբ հարգանքով, «խնդրեմ», «վայ կներեք», «շնորհակալություն» և այլն։ Դա այնքան կարճ տևեց, որքան կարճ տևեց էդ հեղափոխական գործընթացները՝ ուղիղ մեկ ամիս։ Ատելություն, իհարկե, կար, բայց՝ արդեն հեռացած իշխանության նկատմամբ։ Անգամ հարուստների նկատմամբ ատելությունը քիչ էր, որովհետև բոլորը գիտեին, թե հեսա էլ մեր երկրում հարուստ չի մնալու, ունեցվածքը կբաժանեն ժողովրդին, իսկ օլիգարխները բոմժի կարգավիճակում կհայտնվեն․ անգամ սկսել էին խղճալ, թե ոնց են ապրելու էդ գրոշներով հարստության սովոր անձինք։ Դա տևեց շատ կարճ։ Երբ կադրային այլանդակ ընտրությամբ սկսեցին էքսպերիմենտներ անել, ժողովրդի մի հատվածին հասկանալի դարձավ, որ սրանց միտքը իրականում ոչ թե կառուցելն է, այլ քանդելը։ Ու քանի որ դժգոհություններ առաջացան հանրության մեջ, իշխանությունը սկսեց ատելության ներարկման աշխատանքները։ Սկսեցին զինվորականներից և թուլացրեցին մարտական ոգին, ատելություն դեպի պետության մեջ վաստակ ունեցող մարդիկ։ Ատելությունը միայն քիչ էր, սպառվելու էր և որպեսզի տևական լինի, հաջորդ փուլը եղավ սև ու սպիտակի բաժանումը․ դա կատարվեց ընդամենը քաղաքապետ ընտրվել ցանկացող մի կոմիկ դերասանի շուրթերով, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և համաձայնությամբ, մի գուցե նախաձեռնությամբ։
Ժողովրդի սոցիալականում ոչինչ չէր փոխվել, բայց ժողովուրդը արդեն բաժանվել էր երկու մասի․ սևեր, որոնք դժգոհ էին իշխանության գործունեությունից և սպիտակներ, որոնք աջակցում էին պետությունն անխնա քանդողներին։ Այս փուլի շրջանակներում նույն երթուղայինների մեջ արդեն իրար հայհոյում էին, բանավեճեր, վեճեր, ծեծկռտուք, որը շարունակում է մինչև հիմա։ Չնայած որ այդ բանավեճերի և ոչ մի մասնակցի կյանքում դեպի դրականը բան չէր փոխվել։ Ատելությանը գումարվել էր պառակտումը՝ նախկին ներկա, հին նոր, հարուստ աղքատ, խելացի տգետ, էլիտա-ժողովուրդ։ Այդ պառակտվածության հետևանքը մենք տեսանք գլխավորապես պատերազմում։
Պառակտումը չէր կարող բերել հաջողության, հատկապես, երբ պառակտողը իշխանությունն էր՝ ամենաբարձր մակարդակով։ Հորը կալանավորում էին, տղուն տանում սահմանին զոհվելու, տղեն կռվում էր, հորը տուգանում էին դիմակ չդնելու համար, իրենց զավակներին ազատում էին բանակից, մյուսներին ասում էին տնից կասկաները վերցրեք եկեք, ՔՊ ջոկատը Սյունիքում իր համար լռված էր, մյուսներին տանում էին Ջեբրաիլ, որտեղ ամեն զինվոր պոտենցիալ զոհ էր։
Ատելությանն ու պառակտմանը միաժամանակ գումարվեց անարդարության զգացումը, քանի որ մարդիկ տեսան՝ հեղափոխության արդյունքները հավասար չեն բաշխվել, մի փոքրաթիվ մի խմբակ հարստանում է, ժողովուրդը՝ հարստահարվում։ Քաղաքացիներն ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, բայց մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում, մեր շնորհիվ ունեն դիրք, կարողություններ, շատ փող։ Դե կարող է երկու ինստիտուտ ավարտածը արդարացիորեն բողոքել աանկիրթ անուսում մարդկանց՝ պետական պաշտոններում խրախճանքից։
Պատերազմից հետո ատելութանն ու պառակտվածությանը եկավ լրացնելու հիասթափությունը։ Քաղաքացին, որ երկու տարի առաջ ուրախ էր, անգամ թվում էր երջանիկ է, 2 տարի անց ոչ միայն ուրախ ու երջանիկ չէր, մի բան էլ ատում էին բոլորը բոլորին, թշնամանք էր անգամ գերդաստանների մեջ ու սկսել էր հիասթափություն ամեն ինչից ու ամենքից։ Ընդ որում, այս բոլոր զգացումները հիմա թեքվել են դեպի իշխանությունը՝ բումերանգի էֆեկտով։ Իսկ հիմա, արդեն, այս ամենի վերջին փուլում ենք՝ հուսահատության, որը գալիս է անելանելիությունից։ Մարդիկ տեսնում են, որ իրենք գնալով վատ են ապրում, իրենց պրոբլեմները խորացել են, իրենց իշխանությունը կոտրում է քրգործերով, տուգանքներով, թանկացումներով, զանազան որոշումներով ու այդ ամենին զուգահեռ՝ պետությունը, երկիրը վարի տված իշխանությունը վայելքների մեջ է, ընկել է «մոր փորը», բայց չի գնում, ու դա բերում է հուսահատության։
Քաղաքացին վաճառել է 20 տարվա ձեռքբերումը՝ 4 սենյականոց բնակարանը, ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան․ ասում է՝ մնամ էս մշտական դեպրեսների, պատերազմների մեջ ի՞նչ անեմ։ Ասում եմ էնտեղ էլ ա այդպես, ասում է էնտեղ հո գտես, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որ հաղթի ու կհաղթի, էստեղ տարան պարտվելու։ Էն երկրորդը ասում է՝ արտագաղթում եմ Ֆրանսիա երեխաներիս ապագայի համար։ Ցրտի մեջ մի կերպ յոլա գնացող ֆրանսիացիները խնդիրներ չունե՞ն։ Ունեն, բայց հողատու իշխանություն չունեն։
Կառավարական ամառանոցների մոտ երեկ կատարվածը ինչի՞ արդյունք էր, եթե ոչ հիասթափության։ 10 հազար դրամ տուգանքի համար քաղաքացին ինքնահրկիզվում է՝ վարչապետի կեցավայրի դարպասների մոտ։ Որովհետև անելանելի վիճակում է։ ԴԱՀԿ-ն ասում է պետությանը պարտք է երկու միլիոն դրամ, մոտավորապես այնքան գումար, ինչքան որ հայտնի օլիգարխը տվել ու գնել է մայրաքաղաքի աամենակենտրոնի ամենալավ շենքերից մեկը։ Սուքիասյանը գնել է ու հարստացել, հիմա էլ ավելի է հարստանում, քաղաքացին կորցնում է իր միակ ապրուստի միջոցը։ Սրանք կարծեմ լավ կյանք էին խոստացել չարքաշ աշխատողին, բայց հեղափոխությունից օգտվեցին Խաչատուր Սուքիասյանները։ Սուքիասյանին դեռ կանդրադառնամ։
Ըստ ականատեսների՝ ինքնահրկիզվելուց առաջ քաղաքացին բղավել է, որ Նիկոլը քանդել է իր տունը։ Նիկոլը մենակ ի՞ր տունն է քանդել․ 5 հազարից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, 40 հազարից ավելի փախստական, հետո ևս 7600 տեղահանված արդեն Հայաստանից․ մարդը բուլոզերները առել ու քանդում է բոլորի տները։
Կարճ ասած՝ այն, որ մեր երկրում դեռ մինչև հիմա իշխանափոխություն չի եղել, պատճառը, կարծում եմ, այս փուլերն են՝ պառակտումը, ատելությունը, հուսահատությունը։ Բեմում կանգնածին հայհոյում են, ներքևում կանգնածին հայհոյում են, տունը նստածին հայհոյում են, հանրահավաքին մասնակցողին ու չմասնակցողին հայհոյում են, իշխանությաւնը, ընդդիմությանը, բոլորին բոլորը հայհոյում են։ Մարդիկ ասում են՝ մի անգամ դուրս եկանք ու բերեցինք Նիկոլին, ինչի՞ հասանք, որ մի հատ էլ հիմա դուրս գանք։ Սա խանարում է համախմբվել ու սրանից օգտվում են այս ամենը հրահրողները։ Ամենավատը, որ կարող էր մեզ հետ լիներ, այ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտն է։ Այդ մթնոլորտում չի կարող որևէ նորմալ միտք ծնվել, որևէ նորմալ գաղափար ծնվել։ Սրա վերջը մեզնից, մեր երկրից, մեր անկախությունից հրաժարվելն է։ Մեզ պետք է ինքնամաքրվել, բայց կազմակերպվել։ Պետք է ժողովուրդն ինքը հաղթահարի հուսահատության, ատելության այս ալիքը, թե չէ նրան ոչ ոք ու ոչինչ չի օգնի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը