Նորություն չէ՝ մեր երկիրը կառավարվում է ստերով, մանիպուլյացիաներով, սուտ խոստումներով և հատկապես կերակրվում է թվերով։ Վարչապետը, կառավարության անդամները ասում են բաներ, որոնք ակնհայտ այդպես չեն, բայց էս մարդիկ ասում են, «Մածունը սև է» օրինակով։ Ամեն օր մենք ստանում ենք այդ ստերից չափաբաժիններ։ Օրինակ՝ Երևանում ակտիվ շինարարություն է ընթանում․ սարքում են տներ, ու ոչ ոք չգիտի թե դա ում համար է, բայց առնում են․ ասում են՝ նախապատրաստվում են թուրքերի գալուն։ Մեր երիտասարդության 90 տոկոսից ավելին ունի բնակարանի խնդիր, մարդիկ չեն ամուսնոանում տուն չունենալու պատճառով։ Անգամ ՔՊ-ական դեպուտատներն են ասում՝ էդ տները ժողովրդի համար չէ, քպական դեպուտատներն են առնում, նախարարները, իրենց տեղակալները։ Բայց ասում են՝ պետութունը այսքան թվով ծրագիր է անում․ ո՞ւմ են դրանք պետք։ Սովորական քաղաքացին, ոչ իշխանական մեկը, գնում է հիփոթեկով տուն առնելու, պարզվում է՝ պետք է ունենաս առնվազն 600 հազար դրամի եկամուտ։ Հայաստանում քա՞նի հոգի է աշխատում նման եկամտով։ Օ զարմանք, ՔՊ-ական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունն է միայն նման կերպ վարձատրվում, դրանից էլ կրկնակի ավելի՝ հավելավճարն ու պարգևավճարը գումարած։ Դրա համար էլ տներ է, որ առնում են։ Նիկոլն առաջ ասում էր՝ մեզ համար ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազարից։ Վերջում պարզվեց՝ էդ «մեզ»-ը որ ասում էր, ՔՊ-ի ու իրեն լոյալների մասին էր։ Իրենց նվազագույնը 500 հազար չէ, բայց մի 700 հազարից երևի սկսում է։
Ժողովուրդը սուտ հայտարարությունների ու թվերի ձեռքին կրակն է ընկել։ Նիկոլը ելույթ է ունենում, ասում է՝ մեզ համար ընդունելի աշխատավարձը ուսուցչի համար 800 հազար դրամն է, 900 հազար դրամն է, 1,2 մլն է։ Ուուցիչը սա լսում է ու ասում է՝ արա, թող մնա էլի Նիկոլը, ինքը ուզում ա, որ ես ստանամ 1,2 միլիոն։ Բայց իրականությունն էն ա, որ Նիկոլի նախարար դեպուտատները ստանում են 1,5 մլն, ուսուցիչը՝ 120 հազար, իսկ Նիկոլը արդեն 4 տարուց ավել ա՝ որ վարչապետ ա։ Այսինքն, այս տեմպերով Նիկլոլը պետք է մինչև 2460 թվականը մնա վարչապետ, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ աշխատավա՞րձ։
Հիմա բերեմ թվերով կերակրելու մի քանի պարզ օրինակ․ ասել են՝ գալու ենք բյուջեն եռապատկենք․ էսօր՝ 4 տարի անց, ասում են բյուջեն աճելու է 75 տոկոսով։ Հիմա պետք է արդեն 5-ապատկած լինեին։ Պարզունակ ձևով խաբել են, հիմա էլ սա են ուզում ծախեն ժողովրդի վրա։ Բայց ժողովուրդը վատ էր ապրում թե՛ էն ժամանակ, երբ բյուջեն չէր ավելացել, թե հիմա, որ ավելի է։ Պետական պարտքը 6 մլրդ դոլարից դարձրել են 10 միլիարդ, հիմա ասում են ժողովուրդ, արտաքին պարտքը մեզ հաջողվելու է նվազեցնել։ Մտածում ես էդ ի՞նչ են արել, որ նվազեցնելու են․ պարզվում է՝ իրանց արածը կապ չունի, դոլարի արժեզրկման պատճառով է։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է, թե մեր երկրում աճել են ներկրումն ու արտահանումները․ Պարզվում է ի՞նչ․ Իրանից բեռնված ֆուռ է մտնում Հայաստան, ստեղ չի կանգնում, անցնում-գնում է Վրաստան։ Հայաստան մտածը համարում են ներմուծում, Վրաստան գնացածը համարում են արտահանում։ Լավ չի՞, տեսե՛ք ինչ թվեր են։ Մամուլը բացահայտել էր, որ Լեհաստանից 9 մլն դոլար արժողությամբ կտավներ են բերում Հայաստան ցուցադրության, հետո հետ են տանում ու դա ձևակերպում են ներմուծում, արտահանում։ Ու հետո հայտարարում են, թե գիտե՞ք, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 62,5 տոկոսով, արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով: Բա սենց թվանկարչությամբ 600 տոկոսով էլ կաճի։ Ծառուկյանի խաղատունը փակում են, հետո գլուխները կախ բացում են, մի հատ էլ տույժ-տուգանքը պետությունն է վճարում, էնքան շատ են վճարում՝ 10 մլն դոլարից ավելի, որ խաղատունը հլը չաշխատած՝ դառնում է խոշոր հարկատու ու ասում են՝ տեսեք, խոշոր հարկատու է։ Բայց, իհարկե, այս բոլոր թվերը՝ 75 տոկոս բյուջեի աճ, 65 տոկոս առևտրաշրջանառություն և այլն, դառնում են զրո, երբ ԿԲ նախագահը հայտարարում է, որ գնաճը կլինի 10 տոկոս, իսկ վիճծառայությունը հայտարարում է, որ պաշտոնապես աղքատությունն աճել է ևս 3 տոկոսով ու հասել է արդեն աստղաբաշխական թվերի։
Պարզ օրինակ, թե ոնց են աչքերիս նայելով՝ սուտ խոսում․ Փաշինյանն ասում է՝ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված կհամարենք 2020-ի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները։ Կատարյալ սուտ։ Պատերազմի հետևանքով անտուն մնացածները շարունակում են անտուն մնալ, տուն չես սարքել, փող չես տվել, աշխատանքի չես տեղավորել, պատերազմի հետևանքով լիքը հողատարածքներ հանձնել ես թշնամուն, դրանք այլևս չեն մշակվում ի բարօրություն հայի, այդ մարդկանց չես փոխհատուցել, էդ պատերազմի ի՞նչ տնետսական հետևանք ես վերացրել։
Նիկոլը խոստացել էր վերացնել կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիան։ Էսօր հայտարարոււմ է, թե մոնոպոլիաները հաղթահարվել են, կոռուպցիան ու օլիգարխիան արմատախիլ է արված։ Մոնոպոլիաներին շուտով կանդրադառնամ, կոռուպցիան վերացնելու ստերին մշտապես ենք անդրադառնում, գանք օլիգարխիային, թե ոնց է չակերտներում, «արմատախիլ» արել։
Օլիգարխ ձևակերպումը, իրականում սխալ պատկերացումով է ձևավորվել հանրության մեջ։ Ժողովուրդը բոլոր մեծահարուստներին ասում է օլիգարխ։ Իհարկե՝ դրանում մեծ դեր ունի նաև Նիկոլ Փաշինյանը, լրագրողները, մենք էլ բոլորին ասում ենք օլիգարխ։ Օլիգարխը զուտ փողատերը չէ, պարզապես մեծահարուստը չէ, այլ այն մեծահարուստը, որը ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա։ Օրինակ՝ Վրաստանում՝ Իվանիշվիլին, դասական օլիգարխ է։ Դասական իմաստով մեր երկրում օլիգարխ չի էլ եղել։ Կարո՞ղ եք դուք հիշել մարդկանց, որոնք ներդրգրավված են եղել են բիզնեսներում ու միաժամանակ ունեցել են մեծ ազդեցություն քաղաքական որոշումների վրա։ Ես չեմ հիշում նման մարդկանց, առնվազն մինչև 2019 թվականը։ Այո, եղել են քաղաքականությանը սերտաճած բիզնեսմեններ, որոնք պատգամավոր էին, ունեին կուսակցություն ու կարողանում էին իրենք իրենց համար, իրենց կռուգի համար ինչ-որ հարցեր լուծել, բայց դասական իմաստով օլիգարխ չեն եղել։ Կարող եք ասել՝ դե մենք հենց նրանց նկատի ունենք։ Հիմա հարցնեմ՝ էդ ո՞ր մի գործարարն էր, ձեր ասած օլիգարխն էր, որ էն ժամանակ կարողանում էր հարց լուծել, հիմա չի կարողանում։ Նման անձինք նույնությամբ տեղափոխվել են Նիկոլի դարաշրջան, Նիկոլի որևէ շրջապատ ու նույն բանը հիմա են անում։ Անուն առ անուն նայեք։ Սերժ Սարգսյանի ժամանակ Սամվել Ալեքսանյանը կարողանու՞մ էր հարց լուծել, կարողանում էր, հիմա չի կարողանո՞ւմ, կարողանում է։ Գագիկ Ծառուկյանը չի կարողանո՞ւմ։ Ո՞վ չի կարողանում։ Գուրգեն Արսենյանը, որ առաջ պատգամավոր էր, հարցեր էր լուծում իր համար, հիմա պատգամավոր չի՞, չի կարողանո՞ւմ։ Ավելին, Գուրգեն Արսենյանը հենց ՔՊ ցուցակով պատգամավոր է, վստահ եմ անձամբ Փաշինյանն է նրան ապահովել անցողիկ տեղը նախընտրական ցուցակում։ Նիկոլն ասում է՝ ժողովրդին նպաստ ենք տալիս, գնում է կազինոյում կրվում է։ Էդ ամենախոշոր օնլայն կազինոյի տերերը հենց այս իշանության հավատարիմ ընկերները չե՞ն։ 90 ականներից դեռ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը չի՞ այսօր ՔՊ խմբակցության կարկառուն պատգամավորը, ի՞նչ է, ինչ-որ մեկը կասկածում է, որ նա իր ընտանիքի, իր կազմակերպությունների տնտեսական շահերը չի՞ կարողանում սպասարկել, լինելով իշխանության մեջ։ Ավելին․ Խաչատուր Սուքիասյանի աշխատողներից մեկը դարձել է ԱԺ նախագահ, մյուսը՝ ՀՀ նախագահ։ Էս մարդիկ՝ Ալեն Սիմոնյանը և Վահագն Խաչատուրյանը աշխատել են հենց Խաչատուր Սուքիասյանի մոտ, իր, կամ իր ընտանիքն պատկանող ընկերություններում, փող են ստացել, աշխատավարձ, ընտանիք են պահել, Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո մեկը ԱԺ նախագահ է, մեկը ՀՀ նախագահն է։ Ինքն էլ նստած է ԱԺ-ում, օրենքներ է ճիշտ ու սխալ անում, տիրապետում է շատ լուրջ կապիտալի, շատ լուրջ ինֆորմացայի, ունի մեծածավալ տնտեսական շահեր, բայց նաև մասնակից է քաղաքական որոշումներին, կարող ենք վստահ լինել, ունի նաև մեծ ազդեցություն։ Եթե ուզում եք իմանալ՝ էս մարդը հենց համապատասխանում է օլիգարխի դասական ձևակերպմանը։ Նույն Ալեն Սիմոնյանի եղբայրը, այսօր մեծածավալ ասֆալտի գործեր է անում, պետական մրցույթներ շահում, ավելին ասեմ ՊՎԾ-ն մտնում ստուգում է, որևէ խախտում չի հայտնաբերում։ Ուզում եք ասեք, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը չլիներ, էդ տենդերներն էր ստանալո՞ւ, ՊՎԾ-ն էլ խախտում չեր գտնելու՞․ էդ կառույցները որտեղ մտնում են, խախտումների դափոնով դուրս են գալիս․ այ այստեղ ամբողջը մաքրամաքուր էր։
Դե բա Նիկոլին հարցրեք՝ էդ ի՞նչն ես արմատախիլ արել։ Ուզում եմ հավատալ, որ էդ ստերին հավատացող չկա, բայց վախենամ՝ դեռ կա։ Մեկ-երկու անուն փոխել եք նորերով, մնացածը նույնն են։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, դուք, մենք, բոլորս, պարզապես շարունակվող խաբեության զոհ ենք։ Մենք գովազդի զոհ ենք, մեզ խաբել են, ստել են, էն հեռուստագովազդների պես խաբելով՝ մեզ վրա ծախել են իրենց փչացած ապրանքը։ Բերել ու տեսել ենք, որ ոչ գարանտիայի ժամկետի մեջ ա, ոչ հետ վերադարձի հնարավորություն, մի բանի է ենթակա․․․ Դե դա գիտեք, չկրկնվեմ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը