01 11 2022

«Կարճ ասած»․ Մեր շահերից չի բխում ոչ թե Սոչիի փաստաթուղթը, այլ՝ Հայաստանի բանակցողը



 

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքներից Հայաստանում ոչ ոք գոհ չէ։ Եվ շատ նորմալ է, ինչի՞ց գոհ լինենք։ Ոչ մի բառ գերիների մասին, Հայաստանի տարածքի զավթման մասին, Արցախի ճակատագրի մասին. ոչ մի առումով որոշակիություն չեղավ։ Հայաստանում մեղադրանքի նոր ալիք է սկսել ՔՊ-ականների կողմից․․․ Դե իհարկե, հիմա էլ դեպի Ռուսաստանի նախագահը, թե ինչո՞ւ չպարտադրեց Ալիևին, որպեսզի նա համաձայներ այն առաջարկներին, որոնց իբր Փաշինյանը համաձայնել էր նախապես։ Ենթադրում եմ, որ գոհ չէն հայտարարությունից նաև ռուսները։

Մեր իշխանականների հույսը ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, այլ՝ Վլադիմիր Պուտինը, դրա համար էլ դրանից առաջ օրեր շարունակ կոչ էին անում ՌԴ նախագահին ճնշում բանեցնել Ադրբեջանի նախագահի վրա։ Ռացիոնալ դատողները համարում էին, որ մեր հույսը ոչ թե պետք է լինի որևէ երրորդ երկրի նախագահը, որն ընդամենը միջնորդ է, այլ մեր ներկայացուցիչը։ Բայց չէ, մերոնք սպասում են, որ հատկապես Պուտինը պետք է լիներ հայ Փաշինյանից ավելի հայ և ստիպեր Ալիևին։ Հիշենք՝ Ռուսաստանն ամուր գործըկերային կապեր ունի Ալիևի հետ և դրանով հանդերձ, հենց ինքն է առաջարկել քննարկել տարբերակ, որով անորոշ ժամանակով կհետաձգվի Արցախի կարգավիճակի հարցը, այսինքն՝ արդեն մեր օգտին տարբերակ է։ Հիշեցնեմ, այդ մասին մի բառ անգամ չենք լսել ՔՊ-ական որևէ մեկից, Փաշինյանից, Միրզոյանից, ասում է Պուտինը, սրանք էլ թե, դե որ դու էլ ասում ես, դու էլ պարտադրի, մենք բան չենք ասել։

Նախ․ Ի՞նչ էր կարող էր անել Հայաստանի ու Արցախի կողմից բանակցողը․ պետք էր հրաժարվեր այն տարբերակից, որը քննարկել-ընդունել են որպես հիմք Վաշինգտոնում, հետո Պրահայում։ Ստացվում է, ասում ա՝ գիտե՞ք, ես քննարկել ու համաձայնել եմ վաշինգտոնյան կարգավորման տարբերակին, բայց եթե ռուսները այլ բան են ուզում (չգիտես ինչի՝ մտածում են, թե ռուսը ինչ է ուզում, բայց չեն ասում թե մենք ինչ ենք ուզում), դե ուրեմն թող ռուսները իրենցը բրդեն, պարտադրեն։

Նիկոլի դեսպանն ասում է՝ Պրահայի հայտարարություը մեզ համար ընդունելի է, որովհետև իրար սահման ենք ճանաչում, բայց, հա՝ այդ սահմանով մենք ճանա9ում ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Իբր սրա ինչն է ընդունելի։ Կամ, մեկը հարցնի, էդ ու՞մ համար է ընդունելի։ Հարցրե՞լ եք, 90-ից սկսած Արցախում արյուն ու քրտինք թափած որևէ մեկին, լինի Արցախցի, թե Երևանցի, արդյո՞ք իր համար ընդունելի է, այն ինչ դուք ասում եք ընդունելի է։ Բերել, երկիրը, հայրենիքը, բանակցային ամբողջ ընթացքը վարի եք տվել, էդքանից հետո էլ էլի դուք հիմա էլ գնում եք բանակցելու ադրբեջանական ուզածները բավարարելու, ասում եք՝ մեզ համար ընդունելի ա, մեր սահմանները Ադրբեջանը կճանաչի։ Է եթե դա համարում եք ձեռքբերում, իբր վաղն էլ խաղաղ կապրենք, առևտուր-բան կանենք, ուզում եմ հասկանալ, նույնկերպ, ոչմեկին չհարցնելով, 20 թվականի սեպտեմբերից առաջ էդ ամենը անեիք, ինչի՞ տարաք 5000 էրեխու գլուխ դրեցիք, եթե մեկ է՝ համաձայնվելու էիք Ալիևի սաղ ցանկություններին։

Սոցիալական ցանցերը երեկվանից քննարկում են, որ Նիկոլը առանց զոնտիկի էր գնացել, որ թղթից էր կարդում իր խոսքը, սենց էր նստած, նենց էր քայլում․ իրականում դրանք կարելի էր քննարկել, երբ միակ պրոբլեմը դա լիներ։ Սոչիում մեր անհաջողության գլխավոր պատճառն այն էր, որ Նիկոլը բանակցությունների էր գնացել, որ դե՝ մեկ է Պուտինը բան չի կարողանալու անի, իսկ Ալիևը գնացել էր Նիկոլի՝ իրեն տված նվերներով։ Պուտինն ասում է՝ Իլհամ Հեյդարովիչ, մենք առաջարկում ենք Արցախի ինքնորոշման հարցը հետաձգել անորոշ ժամանակով, խաղաղապահներին պահել դեռևս։ Ալիևն ասում է՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ի՞նչ Արցախի հարց, ինչո՞ւ եք այս թեման բացում, այդ թեման փակված է, հենա անգամ Նիկոլը դրանից չի խոսում։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է հանել և ասել՝ էստեղ բոլորս, այդ թվում Հայաստանի ղեկավարը համաձայել ենք, չէ՞, որ խաղաապահները մնալու են 5 տարով, Նիկոլը դեմ չի եղել, չէ՞։ Ալիևը կարող է Ղարաբաղի հարցի վերաբերյալ գրպանից հանել Փաշինյանի 60-ից ավելի ելույթները հետևյալ նախադասությամբ՝ Արցախը ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմից դուրս լիելու, որ Ղարաբաղը միշտ է Ադրբեջան եղել, որ Լևոնից սկսած բոլոր նախագահները ընդունել են դա, ու կապ չունի, որ դա ներքին լսարանի համար ասված ստեր են։ Կարևոր է, որ Ալիևը այդ ամենը կարող է ու դնում է դեմները, ու ասում հեսա՝ էս մարդիկ համաձայն են, իրենք էլ են մեր պես մտածում, էլ ի՞նչ խոսենք։

Հայաստանի ղեկավար հանդիսացող Նիկոլ Փաշինյանը մեր երկրի բնակչության շրջանում իր բերածը, արդարացնելու համար առավոտից իրիկուն էլ ԱԺ-ում, էլ քարոզարշավներում ասում էր ժողովուրդ, Արցախը հանձնված էր, Շուշին մերը չէր և այլն, չէր հասկանում, որ չնայած էդ պահին իր կաշին է փրկում, բայց դա ուրախությամբ լսում էին Ադրբեջանում ու պատրաստում էին փաստաթղթեր, հիմքեր պնդելու, որ տեսեք՝ Հայաստանի իշխանությունը ինքը համարում է Ղարաբաղը Ադրբեջան։ Ինչի՞ մենակ Նիկոլը, կարող է Ալիևը հանել գրպանից ՔՊ-ական պատգամավորների բոլոր հայտարարությունները, օրինակ Հովիկ Աղազարյանին, որ ասում է՝ թող Արցախցիները Ադրբեջանի կազմում լինելու ընթացքում ինքնորոշման հարց բարձրացնեն։ Կարող է հանել Վիգեն Խաչատրյանի ելույթները, որ ասում էր՝ «բացի ձեզանից և Արցախից ոչ ոք Արցախի տարածքը չի ընդունում. ես իհարկե չեմ ընդունում»։ Կամ՝ Զիջում ես այն, ինչը քոնն է․ պատմականորեն մերը չեն Բերձորը, Աղավնոն և այլն։ Կարող է, չէ՞ Ալիևը էդ սաղ հանել ու ասել՝ պարոն Պուտին, էս ո՞ւմ խոսքերն են, այդ նույն հայկական իշխանականները չէ՞ն ասում, հիմա ի՞նչ ենք էստեղ քննարկում, կոպիտ ասած՝ ձեր ի՞նչ գործն ա։

Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք․ Հայաստանի անունից գնացել է մարդ բանակցում է Արցախի ու Հայաստանի համար, որը ոչ միայն էս բոլոր խոսքերի պատասխանատուն է, 100 անգամ էլ հայտարարել է որտեղով հնարավոր է՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի բոլոր առաջարկները։ Անգամ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի առաջարկները Ալիևը համարել էր անհեթեթություն, դրանից հետո անգամ սա ասել է՝ Ալիևի բոլոր կետերն ընդունում ենք։ Հիմա Ալիևն ասում է՝ եղբայր, դու ընդունել ես, չէ՞, բա էլ ինչի՞ համար է էս ամենը։ Մարդն ասում է՝ մենք Պրահայում բանակցել ենք, պայմանավորվել ենք, ձեռք ձեռքի ենք տվել, հաց ենք կիսել, կենաց ենք ասել։

Նիկոլ Փաշինյան, մեռանք ասելով, հրաժարվիր վաշինգտոնյան փաստաթղթից, ասա չեմ ընդունում, Ադրբեջանը ստիպված կգա-կմասնակցի այլ առաջարկների շուրջ քննարկումներին, այն էլ Պուտինի միջնորդությամբ։ Պարզ է, չէ՞, երբ դու ասում ես ինձ համար ընդունելի է նաև Վաշինգտոնի տարբերակը, էլ Ալիևը գա, որ ի՞նչ ընդունի ռուսականը, որն իրեն ավելի քիչ է տալիս, քան նա։

Չարեց, չհրաժարվեց, գնաց նստեց, տեքստը կարդաց, հույսը դրեց, թե Պուտինը ուզում ա՝ թող ինքն էլ անի՝ չհասկանալով, որ պետք է մի բան դու անես գոնե, քո երկիրն ա, վերջ ի վերջո, հետո գործընկերոջդ ասես՝ դե հիմա էլ դու ասա, հետո ես սենց և այլն, և այլն։ Այս մարդու պատկերացրած բանակցությունների արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքը լրիվ դուրս է եկել օրակարգից, տեղը մտել է Արբեջանի ինքնիշխանություն ձևակերպումը։ Եթե Նիկոլը նախկիններին անհարկի քննադատում էր, թե Արցախը դուրս են թողել բանակցություններից, ինքը բանակցություններից դուրս է թողել Արցախի հարցն ընդհանրապես։

Մի հատ թազա կուսակցություն կա, որի ղեկավարներից 3-ը տարբեր փուլերում համագործակցել են Նիկոլի հետ։ Այսօր, հայտարարություն են տարածում, թե՝ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այ ընկերներ, չեք ջոկե՞լ հլը, որ մեր շահերից չի բխում ոչ թե Սոչիի փաստաթուղթը, այլ որևէ փաստաթղթի շուրջ նստած՝ Հայաստանի անունից բանակցողը։ Մեր՝ հայ ժողովրդի շահերից բոլովին չի բխում Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ մեր բանակցողը գնում-նստում է ու խեղճ դեմքով նայում, թե իր փոխարեն ով իրեն կպաշտպանի, ոչ մի հանդիպում, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի կռիվ երբևէ չի բխելու մեր շահերից։

Կարճ աած՝ Մենք պետք է ֆիքսենք՝ մեր շահերից չի բխում Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունը։ Այ կարող եք, այս ասածս բանաձևով ստուգել ամբողջ իրենց գործունեությունը, և կտեսնեք՝ բոլոր դեպքերում է այդպես եղել, միայն Սոչին չէր։ Մեր խնդիրը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Ղարաբաղն է, ոչ էլ անգամ Ալիևն է․ մեր խնդիրը Նիկոլն է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ