26 10 2022

«Կարճ ասած»․ Երբ հոգով, գաղափարով ու քաղաքական ստրուկները խոսում են ինքնիշխանությունից



 

Այս իշխանությունը մտադիր է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններն ու հրապարակային կոչերը։ Կդատապարտվի նա, ով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն, մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կամ հրապարակային կոչեր կանի։ Սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Նախ խիստ զարմանալի է, որ սա առաջարկում է այս իշխանությունը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կակածի տակ կդնեն կամ կանեն ինքնիշխանությունը կասկածի տակ դնող գործողություններ, ու դա մերժվեց ամենաանտրամաբանական պատճառով՝ ՔՊ-ականներն ու արդարադատության նախարարությունը հայտարարեցին, թե դա խոսքի ազատության դեմ է։ Այսինքն արտոնեցին, որ ում խելքին ինչ փչում է՝ խոսի։ Որովհետև էդպես էլ անում էին։ Եթե էս նախագիծը լիներ, քա՞նի անգամ դատապարտված կլինեին ՔՊ-ականները՝ իրենց շեֆի հետ։ Փաշինյանն ասում էր՝ «Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու»։ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»․ սա էլ էր ասում Նիկոլը՝ ինչ-որ տեղական օրենք մեջբերելով։ Բա սա ինքնիշխանությունից հրաժարում չէ՞։ Նիկոլը չէ՞ր հայկական գյուղերն ադրբեջանական անուններով տալիս։ Էս մարդը չէ՞ր Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը տվել՝ ասելով, որպեսզի ռազմական գործողություն չլինի: «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»․ Սա ասել ա Նիկոլն ասել։ Էդ ՔՊ-ականները չե՞ն ասում Գորիս-Կապան ճանապարհը մերը չէ։ Նիկոլի աջակից Արամ Սարգսյանը չի՞ ասում Շուռնուխն Ադրբեջանին է, եթե մարդիկ գալիս են իրենց գյուղ հո չի՞ նշանակում, թե Գորիսը տվեցինք: Իրենք էին, չէ՞ ասում, որ էդ հողերը թշնամու հողերն են, Քոչարյանն էր գրավել։ Քա՞նի հոգի մեր երկրում կա, որ միտինգներ են անում ու ասում եկեք բերեք արևմտյան խաղաղապահներ մտցրեք մեր երկիր և այլն, դրանով ինքնիշխանության խախտման քարոզ են անում, չէ՞։

Հիմա բերել են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն իբր պաշտպանող օրենքի նախագիծ ու հասկանալի է, որ դա շոու է, որովհետև սա հակառակ է իրենց բոլոր գործողություններին։ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը հանձնելու և Հայաստանի Հանրապետությունից տարածքներ հանձնելու շուրջ, արդեն 127 կիլոմետր թշնամին զավթել է, և այս օրենքը մահակ է դառնալու այն քաղաքացիների համար, ովքեր փորձեն ահազանգել հնարավոր զիջումների մասին։ Ասենք՝ տեղեկություններ ունեն մարդիկ, շրջանառվում են լուրեր, որ ինքնիշխանությունը այսինչ մասով զիջելու է Արևմուտքին․ եթե այդ մասին բարձրաձայնվի, կարող է սուտ մատնության համար դատեն։ Փաշինյանը կհանձնի արդյունքում, բայց կդատվեն ահազանգողները։ Սա լռեցնելու ձև է։

Փաստացի՝ այս իշխանությունը հանձնում է, տալիս-նվիրում է մեր մարզերը կտոր-կտոր ու խոսում է տարածքային ամբողջականությունից․ թշնամին մեր երկրի ներսում է, մեր տարածքը խլել է, իրենք խոսում են ամբողջականությունից։ Սրանք ՀՀ ինքնիշխանությունը զրոյական մակարդակի են բերել, տարածքային ամբողջականությունն էլ խախտել են հազարավոր քառակուսի կիլոմետրերով։ Հայաստանն ու Արցախը միասին 42 հազար քառեակուսի կիլոմետր էր, դրանից 10 հազարը հանձնել եք Ադրբեջանցիներին, 2,5 հազարն էլ հիմա եք բանակցում, որ հանձնեք-պրծնեք գլուխներդ ազատեք։ Այսօր փայլուն օրինակ էին բերել, Հայաստանից այս պահին թշնամին զավթել է ավելի շատ տարածք, քան Գյումրին, Վանաձորն ու Կապանն են միասին վերցրած։ Գիտե՞ք ինչու են այդքան խլել, որովհետև տարածքային ամբողջականության պահապան-երաշխավորներն էս նկարի միջի տղերքն են։ Այ դրա համար է մեր երկիրը էս խղճուկ վիճակում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը գնում է Սյունիք, Իրանի արտգործնախարարն իր ներկայությամբ ասում է՝ մի վախեցեք, ես ձեզ կօգնեմ, ես ստեղ եմ, ինքը խեղճի դեմքով կանգնել մուրում է օգնություն։ Պատկերացրու դու տան տղամարդն ես, քո վրա ղժում են, կնոջդ տանում են, ու հարևանի մարդը գալիս ասում ա՝ էրեխեք մի վախեցեք, ես ձեզ կպաշտպանեմ, որովհետև ձեր հերը մեխի գլուխ ա, ու հերն էլ ականջները կախ լսում է դա։ Սա էսօրվա Հայստանի վիճակն է։ Ասում են՝ մենք հույս ունենք, որ Հայաստան այցելած ԵԱՀԿ առաքելությունը մեզ կկարողանա օգնել։ Հայաստանի սահմանների կեսը պահում են ռուսները, Գյումրուց մինչև Հոկտեմբերյան ու Արցախը․ Արարատյան դաշտավայրում՝ մեր երկրի մեջտեղում, Երասխի մոտ, ռուսական մեծ դրոշ է ծածանվում ու ռուսական զորք է։ Սյունիքը խոստանում են պահել իրանցիները, Գեղարքունիքի մասում ԵԱՀԿ առաքելությունն է եվրոպացի դիտորդներով ու սրանք խոսում են ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից։ Լավ, բա հիմա մեր երկրի տերը ո՞վ ա, Հայաստանն ո՞ւր է։

Այս իշխանությունը որ նոր էր եկել, ամենաշատ ասած խոսքը եղել է ինքնիշխանություն տերմինը, ասում էին՝ մենք զրկված ենք ինքնիշխանությունից, այ նախկինները և այլն, մազոլ էին արել արդեն։ Իրենց գալուց հետո, հատկապես էս վերջին երեք տարին Հայաստանում էլ ով ասես որ չիշխեց՝ էլ Ռուսաստան, էլ ԱՄՆ-ն, էլ Ֆրանսիան, Իրանը, սաղ, բացի հայերից, բոլորը ասող են։  Մեր սահմանները ռուսներն ու ադրբեջանցիներն են գծում, հիմա նաև արևմուտքն ու Թուրքիան, դուք ասում եք մենք այլևս Արախի անվտանգության երաշխավորը չենք, Ռուսաստանն է, ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ժամանակ են տալիս գյուղերն ազատելու համար։ Մեր երկրի տարածքում ադրբեջանցիները սպանել են մեր տղերքին ու թույլ չեն տալիս գնաք դիերը հանեք, տամոժնյա են դրել-փակել ու չենք կարողանում Գորիսից Կապան գնալ։ Տարբեր երկրների ղեկավարներ Հայաստանի ու Ղարաբաղի հարցն են քննարկում, առանց մեր մասնակցության, ներկայության։ Ու դուք երես ունեք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսելո՞ւ։

Կարճ ասած՝ Այսօրվա իշխնավորոները վարում են հոգով, գաղափարապես ու քաղաքական առումով ստրուկի հոգեբանություն։ Սրանք կարծես թրաֆիքինգի են ենթարկվում ԱՄՆ-ի, Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ ՔՊ-ն ու Նիկոլը, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Հայաստանը գցել են արանք ու մաշում են։ Թե ինչ կմնա վերջում՝ այ դա էլ կհամարվի Հայաստանի տարածքային ամբողջականություն ու այդ տարածքում էլ կլինի դրածո ինքնիշխանություն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ