Նիկոլ Փաշինյանը էս կողմից, Իլհամ Ալիևը էն կողմից, Էրդողանն էլ մյուս կողմից ակտիվ աշխատում են «խաղաղության պայմանագիր» կոչվող թղթի վրա։ Շատ են աշխատում, զուգահեռ ելույթներ են ունենում, ռեպլիկներ են բաց թողնում, մեկ մեկ իրար կսմթում են։ Հլը էնքան են վռազացել, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ հանդիպումը խնդրել է ոչ թե նոյեմբերին անել, այլ հոկտեմբերին։ Աշխատում են։ Բայց հարցնեմ, էլի, ժողովուրդ ջան, որևէ մեկդ զգո՞ւմ է այդ խաղաղության շունչը։ Կա՞ մարդ մեր երկրում՝ լինի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, թե հեռավոր Սյունիքի մարզպետ, որ զգում է այդ խաղաղության շունչը։ Մեր օրակարգը, մեր ժողովրդի քննարկման թեմաները խաղաղության հետ որևէ կապ ունե՞ն։ Բացարձակ, բոլորը կարծես սպասում են հակառակին՝ պատերազմի, իսկ առնվազն մտածում են ինչ-որ ժամանակի ձգձգման շրջան է։
Ժողովուրդը ամեն օր առավոտ զարթնում-ուրախանում է, եթե սահմանին զոհ չկա ու մտածում է՝ էսօր էլ գլորեցինք։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատերազմի նախապատրաստություն կարելի է ասել։ Բայց բանն այն է, որ դրան պատրաստվում է միայն Ադրբեջանը։ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է ձևական խաղաղության, իսկ իրականում՝ նվաստացման և ինչպես է հիմա էլ դրա տակից դուրս գալու։
Գնացել է ԱՊՀ խորհրդի նիստին ու հարցնում է, թե որ սահմաններն է Հայաստանինը։ Գնացել ու պատմում է, թե Ադրբեջանը ոնց է հարձակվել, ինչեր է վնասել, քանի տեղահանված ընտանիք կա։ Իր թերի ռուսերենով Ալիևին պատմում է, թե նա ինչեր է արել։ Ուզում է խղճահարություն առաջացնել։ Ու զավեշտը որն է, դրանից մի քանի օր առաջ Պրահայում բանակցում են, ասում են՝ լավ է անցել, պայմանավորվել ենք էս անենք, էն անենք, գալիս են Աստանա, իրար մեղադրում են, Նիկոլը հայտարարում է, թե Ալիևն ուզում է նոր տարածքներ գրավել։ Բա էլ էդ ի՞նչ եք բանակցում կամ ինչու։
Առաջ օրը 10 հատ քոմենթ էր անում ֆեյսբուքում, հիմա լալահառաչ տեքստերը տեղափոխել է Թվիթեր․ ահա տեսեք, Ադրբեջանը կրակում է, գրավում է, սադրում է։ Դո՞ւ ոնց ես պատասխանում։ Վլադիմիր Վարդանյան անունով ՔՊ-ական դեպուտատ կա, «նախկինից» ՔՊ վերափոխված, ասում է՝ մենք ամեն ինչ անում ենք սահմանի անվտանգությունն ապահովելու համար։ Լո՞ւրջ եք ասում, ի՞նչ եք անում, բացի նրանից, որ ինչքան իմպրտնի պաշտոնյա եք տեսնում, դեմները նվնվում ու լաց եք լինում։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ հայկական բանակը Վարդենիսի ուղղությամբ զինտեխնիկա է կուտակում։ Մեր ՊՆ պատասխանը սարսափելի վատն էր․ արդարանում է, թե՝ որ դուք կուտակել եք, դրա համար ենք մենք կուտակել, կուտակել ենք, որ ձեզանից պաշտպանվենք, ուրիշ բան չկա։ Իմ երկրի Պաշտպանության նախարարը վախեցած տեքստեր է գրում։ Խի՞ ես բացատրում, թե դու ինչ ես անում, զորքդ ինչի ես կուտակել։ Նիկոլն ասում է՝ Ադրբեջանը ուզում է Հայաստանից տարածք զավթել, պետք է կանխել, կանխողն էլ, երևի Պապիկյանը պետք է լինի, գործուղումներից տուն չի գալիս։
Փաշինյանը ասում է, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկած բոլոր կետերն անխտիր, բայց ինքը ինչ առաջարկում է մերժում են։ Խաղաղության պայմանագրի համար կետեր էինք առաջակել Ադրբեջանը մերժել է, Նիկոլը հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշում է կայացրել, ուղարել է Ադրբեջան, սպասում է պատասխանի, դա էլ են մերժում։ Մերժելը ո՞րն է, ասել են աբսուրդ է։ Անցակետերից մեկը պետք է լիներ Գեղարքունիքում, մեկը Արարատում, երրորդը Սյունիքում։ Իհարկե՝ Հայաստանում էլ էին դա աբսուրդ համարում։ Բայց Ադրբեջանը ասում է՝ հոպ, մենք Զանգեզուրի միջանցքից ենք խոսում, ի՞նչ անցակետ։
Ըստ երևույթին, ինչպես հասկացվում է, միջանցքի վերաբերյալ այնուամենայնիվ եղել է խոսակցություն, բանակցություն, պարզապես Հայաստանի ներքին դժգոհությունններից ելնելով՝ Փաշինյանը երևի զադնի է դրել։ Հիմա գնում ու իբր բանակցում է ուրիշ բան, Հայաստանում գալիս ասում է ուրիշ բան, քննարկման բոլոր մասնակից ու ներկա կողմերին ինչ-որ խոստումներ է տալիս ու սաղ խառնվում է իրար։ Նիկոլը շատ ճիշտ բան է ասում, երբ ասում է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթի մեջ Զանգեզուրի մասով միջանցք բառ չկա, բայց կա՝ ճանապարհ բառը։ Ալիևն, ըստ երևույթին, ասում է՝ Փաշինյան, էդ թղթի մեջ էնքան բան չկար, որ հետո տվեցիր․ էնտեղ գրված է, որ զորքերը պետք է կանգնեն այն տեղերում, որտեղ այդ պահին էին, հիմա Ալիևի բանակը շփման գծի և ոչ մի ուղղությամբ այն դիրքում չէ, որ դիրքում էր նոյեմբերի 9-ին, կիլոմետրերով առաջ են։ Ասում է՝ էդքանը տվել ես, սա էլ բա տուր։ Ախորժակը ուտելիս է բացվում, չէ՞։
Փաստն է, որ այս պահին թելադրողն Ադրբեջանն է, որը հայկական ոչ մի առաջարկ չի ընդունում ու ամեն անգամ ավելացված պահանջներ է ներկայացնում։ Այ եթե Հայաստանն ունենար նորմալ բանակցող, խելքը գլխին դիվանագետ՝ այդ բանակցությունների սեղանին, կկարողանար անգամ այս վիճակում օգուտ քաղել մեզ համար։ Եթե քո բանակցողը, քո դիվանագետը Արարատ Միրզոյանն ա, ԴՋ Էդոն ա, Ռուբինյանն ու Մարուքյանն են, ի՞նչ ես ուզում ունենալ։ Նայեք Նիկոլ Փաշինյանի պահվածքը Պրահայում՝ Թուրքիայի հետ ձեռքսեղմումից մինչև խմբակային լուսանկարի պահը, նայեք Նիկոլ Փաշինյանը պահվծքը Աստանայում․ դուք հավատում եք, որ էդ վիճակում գտնվող մարդը կարող է որևէ մեկիս անունից որևէ օգտակար բան բանակցե՞լ, ներկայացնե՞լ։ Բա Աստվածաշնչում ներկայացված ազգ լինես ու քեզ ներկայացնի այս որակի իշխանությու՞ն։ Իշխանական պատգամավորներ, նախարարներ, ՔՊ ընտրողներ, դուք լուրջ գոհ ե՞ք, որ ձեզ էս թվարկածս անձինք են ներկայացնում։ Գնացել հասել են ԵԽԽՎ, հարցնում ենք ինչու Ադրբեջանին պատժելու հարց չեք բարձրացրել, Ռուբինյանն ասում է՝ չենք բարձրացրել, բայց շարունակում ենք ճնշում մեծացնել, գոծընթացներ են։
Նիկոլը Աստանայում ասում է, որ Ադրբեջանը կրակում է ու ինքը չի կարողանում մեր զոհերի դիերը հանի մեր երկրի տարածքից։ Ինքը նստում Ալիևի դիմաց ու չի ասում՝ արա, դուրս արի տարածքիցս թե չէ, էս էն, նստած կարդում է թղթից՝ Լուկաշենկոյի համար, Տոկաևի համար, որ իրենք լսեն, խղճա՞ն, թե՞ խնդան վրան։ Ասում է՝ Ալիևը ասաց ականապատ դաշտերի քարտեզները տուր, գերիներին տամ, տվեցի, քցեց, ասաց հիմա էլ 91-94 թվականի պատերազմի անհետ կորածներին տուր, որ տամ։ Պատկերացնու՞մ եք, փաստացի, ոնց ուզում քցում է․ բան են խոստանում, չեն տալիս, բան են պայմանավորվում, չեն կատարում, ինքն էլ դրանից բացի ուրիշ ձև չգիտի, բանակցելու, պայմանավորվելու, պարտադրանքի ձև չգիտի։ Էդ երկրի ներսում ա, որ պատերինա ծեփում, սաղին կալանքներա տալիս, հաթաթաներ, սպառնալիքներ, դուրսը․․․ Դե տեսնում եք ինչի ձագ ա դառնում։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանն ասում է՝ թե՛ անձնական հարաբերություններում, թե՛ քաղաքական հարաբերություններում ու դիվանագիտության մեջ ոչ ոք նվնվացողներին չի սիրում, չի հարգում։ Սրանք էլ մենակ նվնվալ գիտեն։ Ու հլը Ադրբեջանի հետ չի կարողանում բանակցել, մի հատ էլ կողքից Թուրքա է կպցրել․ նրա հետ էլ է պատրաստվում բանակցել, հանդիպում են, ջան-ջիգյար են անում, Թուրքիան էլ ասում է՝ նայի հա, Արսեն Թորոսյանին ու Արարատ Միրզոյանին ցավակցության համար մերսի կփոխանցեք, բայց քանի Ադրբեջանի նախապայմանները չեք կատարել, ոչ մի հարաբերություն, ավելին, անելու ենք այն, ինչ միշտ ենք արել։ Արդեն սարսափում եմ սրանց բանակցություններից։
Կարճ ասած՝ չնայած այս ամենին, թուրքերն ու ադրբեջանցիները բաց հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանից գոհ են, աստիճանաբար ստանում են ինչ ուզում են։ Թուրքիայից Էրդողանն ու Չավուշօղլուն արդեն գոհունակություն էին հայտնել, այսօր էլ նախագահականից բարձր մակարդակով ասացին, որ Նիկոլը ամեն ինչ անում է այնպես, ինչպես իրենց ձեռնտու է, ուղղակի Հայաստանում խանգարում են ընդդիմությունը, դրսում՝ Սփյուռքը։ Գրեթե աքսիոմատիկ է՝ եթե քո թշնամին գոհ է քեզանից, ուրեմն՝ դու քո պետությանն ու ժողովրդին վնաս ես տալիս։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը