12 10 2022

«Կարճ ասած»․ ՔՊ-ն՝ միակ կառույց, Նիկոլի խոսքը՝ սահմանադրություն



 

ՔՊ-ական բեղիկավոր պատգամավորներից մեկը, որի անունը չեմ տալիս, քանի որ հեռուստադիտողը բողոքում է, առաջարկում էր, որ ով ընդդիմադիր է՝ տանեն սահման․ բնապանաբար՝ նկատի ունի գլուխն ուտելու նպատակով։ Այդ սահման տանելը, որը օրենքով ունի «Եռամսյա հավաքներ» անունը, միայն մեկ բանի համար է այս իշխանության պարագայում՝ որպես պատժիչ միջոց անցանկալի մարդկանցից թեկուզ ժամանակավոր ազատվելու համար։ Գաղտնիք չէ, որ իշխանությունը ամեն ինչ անում է ընդդիմախոսներին, քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար․ բայց ոչ երբեք թշնամի պետություններին, նրանց ղեկավարներին, ներկայացուցիչներին․ նրանք ինչ ուզում են՝ թող անեն ու խոսեն։ Կարողանան՝ ընդդիմադիրների վրա կեղտ կբռնեն ու կկալանավորեն, կեղտ չբռնեցին, սահմանը որպես պատիժ, կա ու կա։ Դե սահմանին էլ անմարդկային պայմաններ են, գիտենք։ Նիկոլին բարեկարգ զորանոցներ են բաժին թողել նախկինները, Նիկոլի օրոք  զինվորները քնում են պալատկայի տակ կամ լքված տներում, եթե, իհարկե, բախտները բերի ու ողջ մնան կամ հաշմանդամություն ձեռք չբերեն։

Հայաստանում եթե կա ցանկացած հաստիք, որը կարող է համարվել պաշտոն, կա փող, պարգևավճար, ուրեմն պետք է դա զբաղեցնեն ՔՊ-ականները։ Մենք անդրադարձել ենք, թե ինչպես անամոթաբար զավթեցին ինչ պաշտոն հնարավոր էր, կուսակցականացրեցին անգամ Գլխավոր դատախազի, ԲԴԽ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՍԴ դատավորների, բուհերի ռեկտորների պաշտոնները։ Բայց էս մարդիկ դադար չունեն, անգամ ամենախուլ գյուղն են գրավում, ամենափոքր գյուղն են գրավում, բոլորը պետք է լինեն ՔՊ-ական։

Մենք ականատես եղանք, թե ինչպես հափշտակվեցին այն համայնքները, որտեղ պարտություն էին կրել իշխանավորները՝ Թալին, Վեդի և այլն․ որ համայնքի ղեկավարը պայքարեց, նստացրեցին` Բերդ, Վարդենիս, Վանաձոր։ Ընտրությունների արդյունքում էլի որ համայնքում կրվել են, դիմում են ամեն կեղտոտ մեթոդների։ Բերդում կալանավորել էին համայնքապետին, մարդը խցում նստած՝ ՔՊ-ին հաղթեց։ Հետո ի՞նչ արեցին, կալանավորեցին հաղթած թիմի ավագանու անդամների, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրության օրը ՔՊ ավագանու անդամներն ավելի շատ լինեն ու իրենց թեկնածուն ընտրվի կամ քվորումի պատճառով նիստը էնքան տեղի չունենա, մինչև արտահերթ ընտրություն լինի։ Ալավերդիում այսօր ընտրվեց համայնքապետ․ մինչ ընտրությունը առավոտյան վաղ ահազանգում են, որ քանի որ ՔՊ-ն պարտվել է, երկու մանդատ պակասում է, որ իր թեկնածուն դառնա համայնքապետ, դրա համար․․․ հիմա ուշադրություն․ հաղթող ուժից ավագանու երկու անդամի զորահավաքին մասնակցելու պավեստկա է եկել։ Ասում են՝ առավոտից ոստիկանությունը խառնվել է իրար, որ էդ երկու անդամին բռնեն, որ տանեն սահման, որ ՔՊ-ն անցնի։

Դուք պատկերացնում ե՞ք մեթոդների, պայքարի անբարոյականության աստիճանը։ Ես բոլորովին մի կողմ եմ դնում, որ ո՛չ հաղթած ուժերին եմ հատուկ ընդունում, ո՛չ պարտված․ բայց էս ի՞նչ մեթոդներ եք կիրառում, չեք հասկանում՝ էդ անտեր եղած իշխանությունը հո հավերժ չի՞։

Մենք մի բառ խոսում ենք, ՔՊ-ականներն ու զոմբիներն ասում են՝ խոսելու փոխարեն գնա սահման։ Արա բա սահման գնալու փոխարեն ի՞նչ է անում ձեր ցանկացած ՔՊ-կան։ Ասում են էմոցիաներով մի խոսեք․ բա սրան ո՞նց կարող ես հանգիստ նայել։ Մենք մտածում ենք  սահմանի մասին, դուք սահմանը սարքում եք քաղաքական հարցեր լուծելու տե՞ղ։

Ցավոք, մեր պատմության տարբեր դարերում շատ են եղել բռնի դավանափոխության դեպքերը․ հիմա սրանք էլ բռնի կուսակցականացում են անում։ Ոնց որ Թուրքիայում կան միլիոնավոր դավանափոխ հայեր, էնպես էլ Հայաստանում կան բազմաթիվ հականիկոլականներ, որոնք ստիպված, շահի դրդմամբ կամ բռնի դարձել են ՔՊ-ական։ Հրաժարվո՞ւմ ես իշխանությանը պաշտպանել, դուրս արի գործից․ ու այսպես ինչքան անգրագետ կա՝ տանում լցնում են պաշտոնների։ Լրահոս ես կարդում՝ ամեն օր մի գիտնականի, պրոֆեսիոնալի, մանկավարժի ազատել են կառավարման ակադեմիայից, ԵՊՀ-ից, ստեղծագործական, պետական հիմնարկներից։ Լավ հետո՞։ Քայլիստներին բերում լցնում եք, սերունդը դեբիլ մեծանա՞։ Հետո էլ ասում են գիտելիքահեն տնտեսություն։ Սրանց համար լավ իրավաբանը ոչ թե, ասենք, Արամ Վարդևանյանն է, Հայկ Ալումյանն է, կամ Արամ Օրբելյանը, Ռուբեն Մելիքյանն է, Միհրան Պողոսյանն է, այլ՝ Վահագն Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը, լավագույն տնտեսագետը՝ Հովիկ Աղազարյանը, Վահան Քերոբյանը, լավագույն զորահրամանատարը՝ դե պարզ է, մեկն է՝ Նիկոլը։ Չնայած մե՛կ լավագույնը ինքն է, մեկ էլ ինքը ընդամենը մոդերատորն է։

Քա՞նի մարդ է կալանավորվել զուտ նրա համար, որ ընդդիմադիր է։ Կալանավորում են ու դրանով անգամ չեն հանգստանում, բանտում հասցնում են առողջության քայքայման ծանր աստիճանի։ Այսինքն, նպատակը ոչ միայն ընդդիմությանը չեզոքացնելն է, այլև վնաս հասցնելը։

Բերդի փոխքաղաքապետին կալանավորում են, ասում են՝ դրդել  ես քարոզչություն անել։ Մարդը նստած է։ Մենք՝ yerevan.Today-ը, ուղիղ եթերում գնացել-նկարել է, թե ոնց են Գոռավանի դպրոցի տնօրենին ազատում պաշտոնից, քանի որ փոխմարզպետն ասել է՝ պետք է ձայն բերես կոկորդիլոսագետ Գարիկի համար, հրաժարվել էր։ Ինչի՞ նստած չէ հեկտարն ու սանտիմետրը իրարից չտարբերող Գարիկ Սարգսյանը։ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն 50 հազար դրամ է բաժանում ժողովրդին ընտրությունների օրերին, ասում է՝ սոցաջակցություն է, կաշառք չէ, Առուշ Առուշանյանը Գորիսում անապահովներին սոցաջակցություն է տալիս, ընդ որում միշտ է տվել, ոչ միայն ընտրությունների նախաշեմին, ասում եք կաշառք է ու կալանավորում եք։ Որովհետև չեք հանդուրժում ընդդիմության գոյությունը։ Նախկինում լիքը ընդդիմադիր համայնքապետեր են եղել, սենց խայտառակություններ չէին անում, որ ազատվեին նրանցից։

Սրանք մերժում են այլակարծությունը, ընդդիմության առկայությունը ընդհանրապես, ասում են՝ չէ, պետք է բացարձակապես չլինի, պետք է վերանան։ Հակառակ խոսացող պետք է չլինի։ Հիշո՞ւմ եք այսպես կոչված հեղափոխությունից հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է կառավարության նիստում միակարծիք լինեն, դեմ կարծիք չլինի։ Օրենք էին դնում շրջանառության մեջ, հարցրեց ո՞վ է կողմ, դեմ, ձեռնպահ, Մանե Թանդիլյանն ու Արծվիկ Մինասյանն ասացին մենք դեմ ենք, ասաց ո՞նց եք դեմ է՞, էս կառավարությունում դեմ կոճակը չի աշխատում։ Հիշեցի՞ք։ Առաջին օրենքն էր, որով Փաշինյանը տապալեց իր խոստումները և չհրաժարվեց պարտադիր կուտակային համակարգից։ Էն համակարգից, որ հիմա պարզվում է՝ մինուսով է աշխատում ու մեր կուտակած թոշակները կորում են։ Մարդը ասում էր՝ էս կառավարությունում, էս երկրում պետք է միայն իմ խոսքը անցնի։

Կարճ ասած՝ էսքան ճղճիմ, էսքան զրո բովանդակությամբ իշխանություն, վստահ եմ, որ երբեք չի եղել։ Սակայն, էս հանցագործության մեջ միայն ՔՊ-ն ներառված չէ, ներառված է ողջ պետական համակարգը՝ կառավարություն, մարզպետարաններ, ոստիկանություն, դատարաններ, պաշտպանության նախարարություն՝ զինկոմիսարիատներով, շատ շատերը ու ամենից վատը սա է։ Մեկ անգամ էլ ասեմ, էդ անտեր եղած իշխանությունը, գիտե՛ք, էսօր կա, վաղը վստահաբար չի լինելու, մտածեք դրա մասին, մեկ օրով մի ապրեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ