Ի՞նչ ենք ազգովի քննարկում էս արդեն երկու տարի է։ Մարդիկ տագնապած հարցնում են՝ կարող է՞ Հայաստանի ղեկավարությունը Սյունիքից ձեռքերը լվանալ։ Անհանգստությունը տեղին է։ Ես հավատում եմ, որ Հայաստանի իշխանությունը կարող է ձեռքերը լվանալ բոլոր շրջաններից, բոլոր մարզերից ու քաղաքներից և պահի միայն իրենց տներն ու աշխատասենյակները։ Ու դրա նախանշանները կան։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանը, դե էն նախկինում DJ աշխատածը, ասում է՝ «44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Մենք, իհարկե, գիտեինք, որ այս իշխանությունը Արցախը պաշտպանելու ոչ միայն հմտություն, խելք, և այլ ռեսուրս չունի, այլ նաև ցանկություն։ Բայց ինչո՞ւ են այդ մասին հայտնում հիմա՝ պատերազմից 2 տարի անց։ Այ, օրինակ, ինչո՞ւ այդ մասին չէին ասում 2021 թվականին մայիս-հունիս ամիսներին, երբ գնում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ամեն խոստում տալիս էին՝ գլխից դուրս։ Գնում էիք քարոզարշավի, ասում էիք՝ մեզ ձայն տվեք, որ խաղաղություն բերենք Արցախում։ Հիմա ասում եք՝ մեզ վրա հույս չդնեք՝ անեկդոտի միջի հարբեցողի պես։
Ի՞նչ է գրված կառավարության ծրագրում, որը ընդունել են 2021-26 թվականների համար․ գրել եք․ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը»: Արտաքին քաղաքականության ուղենիշները սրանք եք սահմանել, բայց աարտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ նախկին DJ-ը ասում է՝ մենք կապ չունենք սրա հետ, բան չենք կարող անել։ Կառավարության ծրագրում գրել եք՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Դուք սա գրել եք, երբ դուք մտածում էիք, որ չեք կարող պաշտպանել մեր հայրենիքը՝ Արցախը։ Ուրեմն սա հույսը դրել ա միջազգային հանրության ինչոր ճնշումների վրա․ էդ ճնշումներից մեկը տեսանք երկու օր առաջ՝ Եվրախորհրդի պատգամավորները Հայաստանի դրոշով նկարվեցին, գցեցին ֆեյսբուք ու վերջ։
ՔՊ-ական պաշտոնյան այս հակապետական, հակահայկական հայտարարությամբ փաստացի խախտում է նաև Հայաստանի անկախության հռչակագիրը։ Խնդիրն այն է, որ այդ մարդու մտավոր պարունակությանը տեղյակ ենք ու գիտենք, որ նա ինքն իրենով չէր կարող նման բաներ ասել։ Սա նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ելույթների շարունակությունն է։ Հայաստանը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ճակատագրի համար և պատմական արդարության վերականգնման գործում։ Կարող է՞, ըստ Նիկոլի, արդեն հասել են պատմական արդարության վերականգնմանը։ Էս մարդիկ, փաստացի, արդեն հայտարարում են, որ Արցախն էլ ու առնվազն Սյունիքի մարզը գլխացավանք են Հայաստանի համար։ Չի բացառվում, որ հենց վաղը այս իշխանության ներկայացուցիչները հայարարեն, որ Հայաստանը ռեսուրս չունի պահելու Սյուիքը, Տավուշը, Ջերմուկը։ Իշխանական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ տարածքային ամբողջականության մեջ։ Կարելի է ուղիղ հարց տալ՝ այ ՔՊ-ականներ, Վարդենիսը, Շորժան, Ճամբարակը, Նոյեմբերյանը, Իջևանը, Ջերմուկը, Երասխը, Գորիսը ձեր ճաշակով մտնո՞ւմ են ՀՀ տարածքային ամբողջականությա մեջ, թե չէ։ Սրանք ինչը չեն կարողանում պաշտպանել, ասում են՝ մեկ ա մերը չէ։ Արա ո՞նց մերը չէ, բա ու՞մն է, էդ սաղ կյանքներս մերն է եղել, էկած չեկած՝ սաղ ասիք ադրբեջանցունն ա։
ՀՀ քաղաքացուն հետաքրքրում է՝ այ ընկեր, հիմա դու ռեսուրս չունե՞ս պաշտպանելու՞, թե չես ուզում, քո համար արժեք չէ։ Եթե մուրճը տաս դարբինի ձեռքը, օգտակար բան կպատրաստի, եթե տաս անհավասարակշռված մեկի ձեռքը, կարող է սպանի դիմացինին։ Հիմա մենք մեր մուրճը, մեր ռեսուրսները էս ո՞ւմ ձեռքն ենք տվել։ Փորձագետները, մասնագետներն ասում են՝ մենք ունենք ռեսուրս Հայաստանն էլ, Արցախն էլ պահելու համար, բայց սրանց պետք է՞։ Մենք գլխացավանք ենք համարում մեր իշխանությանը, իշխանությունը գլխացավանք է համարում Արցախն ու Հայաստանի՝ թշնամուն սահմանամերձ մարզերը, միգուցե նաև ժողովրդին, որ իրեն ատում է։
Էդ ո՞նց եղավ, որ Հայաստանը 30 տարի ռեսուրս ուներ պաշտպանելու Սյունիքը, Արցախը, մեր հայրենակիցներին ներսում ու դրսում, բայց հենց դուք եկաք, պարզվեց չունի էդ ռեսուրսը։ Հայաստանի իշխանությունը ռեսուրս չունի երկիրը այնպես պահելու, որ մենակ մեկ օրում 200-ից ավելի զոհ է տալիս։ Մեր տղերքը զոհվում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ռեսուրս չունի իրենց անվտանգությունը պահելու, հենա իրա DJ Էդոնել ա նույնը ասում։
Հարգելի իշխանություն, չե՞ս կարողանում պահել քո երկիրը, մեր հայկական երկու պետությունները, հեռացեք, թող գան այնպիսի մարդիկ, որոնք կարողանում են կազմակերպել և պահել։ Սովորաբար հիմնարկում ընդունում են աշխատանքի մարդկանց կոնկրետ գործ անելու համար, եթե, իհարկե, պետական ապարատ չէ, որ լցված լինի քպականներով։ Պատկերացրեք մեկին ընդունել եք, օրինակ՝ դերձակի աշխատանքի համար, բոլոր անհրաժեշտ միջոցները տալիս եք, բայց ինչ հագուստի պատվեր տալիս եք, կտորը ճղում է, սխալ կտրում ու ձևում, վերջում էլ, թե՝ չեմ կարող կարել․․․ ի՞նչ կանեք։ Կհանեք կշպրտեք փողոց, այդպես չէ՞։ Բոլոր ոլորտներում էդպես է՝ մաքրուհուց մինչև տրոլեյբուսի վարորդ, եթե աշխատում է մարդ, որը չի կարողանում իր գործն անել, ուղղակի դուրս կհանեն, կվերցնեն մասնագետի։ Բա սրանք ասում են մենք չենք կարող անել այն, ինչի համար զբաղեցնում ենք մեր պաշտոնները, բայց դիմում չեն գրում, գործատուն էլ, այսինքն՝ ժողովուրդը, իրենց պատճառով կորցնում է ինչ ունի-չունի, բայց նստած սպասում է, թե ինչի՞, ինքն էլ չգիտի։
Կարճ ասած՝ Հայաստանի Հանրապետությունն ունի հիմա ծայրահեղ ծանր խնդիրներ, այսպիսի խնդիրներ ունեցող պետությունը սովորաբար շատ արագ դադարում է գոյություն ունենալը։ Հայաստանի ու ամբողջ աշխարհում ծվարած հայ ժողովրդի գլխավոր խնդիրը առաջացել է հենց այսօրվա իշխանությունների թեթև ձեռքերով, իրենց սխալներով, ոչ հեռատեսությամբ, մեծամտության արդյունքում, ու հիմա կանգնում ու ասում են՝ դե էլ բան չենք կարող անել։ Տղերք, դտ դուք չեք կարողանում անել․ դուք կարող եք միայն հերն անիծել, քաշվել ղրաղ, հեռացեք գոնե, որ կարողն ու հասկացողը տեսնի ոնց է ձեր փոսը գցածը հանում։ Ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը