05 10 2022

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ էր Նիկոլը բանագնաց ուղարկում նախագահների ու կաթողիկոսի մոտ



 

Հայաստանի «հավաստի աղբյուրը» պետք է գնա Չեխիա և հանդիպի Թուրքիայի նախագահի հետ։ Գիտե՞ք որն է բանը․ չկա մարդ, որը այդ հանդիպումից սպասում է ինչ-որ լավ արդյունք մեզ համար։ Թուրքերը մտահոգվելու առիթ չունեն, որովհետև իրենց երկրի ղեկավարը իր ազգային շահերն է առաջ տանում։ Հայաստանի ներկայացուցիչը մարդ է, որը կառավարության նիստում մի բան է ասում, հարցազրույցում դա հերքող բան է ասում, հետո էլ իր սայթում անանուն բայց հավաստի աղբյուրի անվան տակ լրիվ ուրիշ բան է գրում։ Հասկանում ե՞ք ով է բանակցելու մեր անունից վաղը։ Նիկոլը կառավարության նիստում ասում է՝ մեր դաշնակից երկրին փողը տվել ենք, զենքը չի մատակարարում, Հ1-ով հայտարարում է, թե ես չեմ ասել, որ դա Ռուսաստանն է, որ մեզ զենք չի տալիս, հաջորդ օրը «Հայկական ժամանակի» «հավաստի աղբյուրը» հայտնում է, որ հենց ռուսները չեն կատարում զենքի մատակարարման պարտավորությունը․ ՊՆ-ն գրում է, որ ռուսները շատ նորմալ կատարում են պարտավորությունները, իսկ իրականությունը մենք չգիտենք որն է, որովհետև էս մարդը անընդհատ ֆռացնում է։ Հիմա նա հանդիպելու է Էրդողանին, որը, գիտենք, կառավարում է Ալիևին։ Փաշինյանը մարդ է, որի օրոք իր պետության սահմանները փոքրացել են․ հանդիպելու է մարդու, որն իր պետությունը ընդլայնում է։ Այ սրա համար էլ անհանգստության մեջ ենք, ու չեմ բացառում, որ ինչ-որ խոստումներ էլ տա Էրդողանին, ու հիմա էլ նա զենքը ձեռքին գա ուզելու, ինչպես որ անում է Ալիևը։

Սարսափելի է ուղղակի, երբ պետության ղեկավարը բանակցությունների է գնում, ու ժողովուրդը անհանգիստ սպասում է, թե սա ինչ է զիջելու, վարի տալու։ Ալիևը 17 գերի է վերադարձրել, բոլորը ուրախանալու փոխարեն մտածում են՝ ինչի՞ դիմաց է տվել, որովհետև Հայաստանի բանակցողը էդքան չկա, որ կարողանա պարտադրել գերի տալ։

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը տագնապի մեջ է պահում հանրությանը՝ ներկայացնելով ինչ-որ քարտեզներ։ Ֆեյքի անվան տակ ներկայացրել է Ադրբեջանի երազանքները որպես քարտեզ։ Աբսուրդ է, միակ երկիրն է Հայաստանը, որտեղ ղեկավարը հասարակության հետ շփվում է անանուն հոդվածագրի նյութով, ու չնայած որ բոլորը գիտեն, թե դա ով է, միևնույն է՝ չի համարձակվում բաց ու անկեղծ խոսել։ Էսպիսի բան չի լինում։ Ձեր կարծիքով, ինչի՞ Կրեմլի խոսնակը անմիջապես արձագանքեց «Հայկական ժամանակի» ֆեյք հրապարակմանը․ որովհետև վստահ եմ՝ իրենք էլ գիտեն, որ այդ ֆեյքը Հայաստանի ղեկավարն է․ այլապես Պեսկովը լուրջ մարդ էր, կասեր՝ ես անանուն աղբյուրները չեմ մեկնաբանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իր թերթով մեզ դեմ է տվել քարտեզներ, որոնք գոյություն չունեն ու ասում է Ալիևը մեր հողերն է պահանջում։ Լավ, իսկ ինչի՞ է պահանջում։ Շատ պարզ, որովհետև դու ՄԱԿ-ի ամբիոնից հարցնում ես՝ Ալիև, կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում ես կամ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Նա էլ ասում է այո ու ցույց է տալիս քարտեզ, որտեղ Հայաստանի Հանրապետության կեսն է Հայաստանի Հանրապետություն։

Ահավոր ամոթ է, աբսուրդ է, որ մենք էսօր քննարկում ենք, թե որ քարտեզով Հայաստանը փոքրանա։ Սա ազգային նվաստացում է։

Ո՞վ կպատկերացներ, որ մենք կգանք կհասնենք էս օրին, որ կքննարկենք Հայաստանի տարածքը փոքրացնող քարտեզ, էլ չեմ ասում, որ դա Իլհամ Ալիևի կապրիզի խաթր։ Էն նույն Ալիևի, որը Ռոբերտ Քոչարյանին տեսնելուց հայացքն էր փախցնում, աչքերի մեջ չէր նայում, չգիտեմ՝ վախենում էր, թե ամաչում, բայց հաստատ կաշկանդվում էր որևէ պահանջից խոսել։ 5 տարի առաջ կխնդայինք, էդ քարտեզ դեմ տվողին գժանոց կտեղափոխեինք, բայց հիմա խիստ արդիական է ու հավաստի։ Ես ամաչում եմ մեր քննարկած թեմայից՝ Հայաստանից մնա 7 մա՞րզ, թե՞ ավելի քիչ, ով է որոշում՝ պարզ չէ։ Նիկոլը դրան է հասցրել։ Սա հակասում է Հայաստանի սահմանադրությանը, անկախության հռչակագրին։ Այ դրա համար էլ Նիկոլը բանագնաց է ուղարկում նախագահների ու կաթողիկոսի մոտ, թե՝ եկեք բոլորդ համաձայնեք էս կապիտուլյաիային, թե չէ՝ նայեք հա, ավելի վատ բան է լինելու։ Մենք ասում ենք՝ կապիտուլյացիա ստորագրածը, եթե տղամարդկություն ունի՝ ինքնասպան կլինի, եթե ոչ՝ կփախչի երկրից, բայց էդ մարդը մնում է, ընտրությունների է մասնակցում, ինչ ասես անում է, որ մնա ու հիմա էլի մեկ այլ կապիտուլյացիայի է տանում, այս անգամ՝ Հայաստանի։

Վստահեցնում եմ՝ եթե հիմա ընդունեն խաղաղության կոչվող փաստաթուղթ, որտեղ Հայաստանի կեսը տալիս են թշնամուն, դրանից կարճ ժամանակ հետո էլ մեկ այլ խաղաղության փաստաթուղթ են դեմ տալու, որտեղ ևս տարածքային պահանջներ են, որովհետև սրանք չհասկացան, որ անհնար է պարտվածով, ստորացված ներկայացուցչով, էլի զիջելով խաղաղության հասնել, զիջումը ենթադրում է նոր զիջումներ։ Էն որ ասում էին՝ Ղարաբաղը տանք որ լավ ապրենք, երևաց, թե որքան կեղծ ու վտանգավոր թեզ է։

Այս խայտառակությունից շանս ունենք դուրս գալու միայն լուրջ ղեկավարով, նոր ղեկավարով, որ ոչ թե ֆեյք կլինի, «հավաստի աղբյուր» կլինի, այլ ուժեղ մարդ, որը բանակցությունների կգնա իր երկրի սահմանները պաշտպանելու ունակությամբ ու վճռականությամբ, ոչ թե բոլորին ֆռռացնելու նպատակով։ Սրա համար են ասում՝ բանակցողին պետք է շատ արագ փոխել, օր առաջ փոխել։ Նիկոլն ասում է՝ հանրությունն ինձ մանդատ է տվել։ Բայց ինչի՞ համար է մանդատ տվել։ Դու որ ներկայացել ես հանրությանը, չես ասել ինձ ընտրեք, որ ձեզ գերի հանձնեմ կամ դարձնեմ փախստական, ձեր տներն էլ թողեմ թուրքին, զավակներին էլ՝ հողի տակ․ դու ասել ես՝ ընտրեք, որ խաղաղություն բերեմ, ընտրելուց հետո 200-ից ավելի զոհ ես տվել, 50 քառակուսի կիլոմետրից ավելի հող ես տվել, այդ մանդատն արդեն լեգիտիմ չէ։

Գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում․ նագլիությունը։ Նիկոլի տեղը լինեմ, կասեմ՝ լավ, դե որ էդքան քննադատում եք, ասում եք ազգակործան պատուհաս, գնում եմ, եկեք տեսնեմ ինչ կարող եք անել։ Ստոպ կտամ-կգնամ։ Ինքն է, չէ՞, ասում՝ գնացքը գնում է անդունդ, չեմ կարող կանգնեցնել։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք՝ Ճապոնիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, տարբեր երկրներում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարից մինչև վարչապետ, հրաժարական են տվել՝ ասելով, որ չեն ուզում իրենց գործունեությունը ստվեր գցի պետության հեղինակության վրա։ Սրանք իրենց ղեկավարած երկրի հեղինակությունը ոտնատակ են տվել, բայց մնում են։ Տո մեզ մոտ էլ է եղել ժամանակ, որ նախագահը ասել է՝ այլ տարբերակ չկա, չեմ կարող պահել Ղարաբաղը, ասել են՝ դե գնա, մենք կպահենք, ու պահել են, գնացել ա, ու պահել են, զարգացրել են։ Հայտնի պատմություն է, բոլորդ գիտեք։

Կարճ ասած՝ Ես նույնպես եկել եմ այդ եզրահանգմանը, որ Հայաստանի՝ որպես պետություն գոյություն ունենալու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է, թեկուզ մասնակի․ այդ դեպքում շանս կունենանք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ