Այս օրերին ժողովրդի մեջ քննարկվող գլխավոր թեման երկրի սահմաններն են, պատերազմն է։ Անվտանգության լուրջ ճգնաժամ ենք զգում, որը մարդկանց մոտ գրեթե հասնում է խուճապի։ Ամենուր դա է քննարկվում։ Իսկ ինչ է անում ու քննարկում իշխանութնունը։ Այս մարդկանց գործողությունները բոլորովին կապ չունեն պետության օրհասական խնդիրների հետ։ Փաշինյանը, կարծում եմ, «հավաստի աղբյուրի» անվան տակ նյութ է գրում իր ընտանեկան կայքում, շեղում հանրության ուշադրությունը և զուգահեռ զբաղված է պետական բոլոր այն կառույցները, որոնք Սահմանադրությամբ պետք է լինեն անկախ, դրանք կուսակցականացնելով։ Հենց երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել են Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Հովակիմյանը, իմ և շատերի կարծիքով, ամենավատ կադրային ընտրությունն է բոլոր երկրների ու բոլոր պաշտոնների համար։ Հայաստանում երևի չկա պաշտոն, որը նրան համապատասխան է։ Էն Արգիշտի Քյարամյանին, Ռոմանոս Պետրոսյանին, որ էս պաշտոնից էն պաշտոնն են հոլի պես պտտացնում, էլի գոնե մի համապատասխան գործ կա նրանց համար, ճիշտ է՝ ոչ էնտեղ, որտեղ հիմա աշխատում են։ Հովակիմյանին, պատկերացրեք դա էլ չկա։ Բայց կծառայի որպես ԿԸՀ նախագահ։ Ու դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտումով։
Այդ պաշտոնում պետք է աշխատի մարդ, որը ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, գիտական աստիճան, մի քանի տարվա մասնագիտական ստաժ։ Վահագնը մեկ տարի առաջ է ավարտել իրավաբանական ֆակուլտետը ինչ-որ բուհում, մինչ այդ պարբերաբար դուրս է մնացել ԵՊՀ-ից։ Համապատասխան գիտելիք չունի, բայց աշխատել է Նիկոլի թերթում և ունի ՔՊ անդամատոմս։ Սահմանադրությունն արգելում է այս պաշտոնում աշխատողին լինել կուսակցական, զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Վահագն Հովակիմյանը մինչև երեկ ՔՊ վարչության անդամ էր՝ ՔՊ ղեկավար կազմում էր։ Այսինքն, դուրս եկավ ՔՊ-ից, քաղաքականապես չեզոք է՞։ Էս մարդիկ, որ ընդդիմադիր գյուղապետին կալանավորում են, որովհետև հաղթել է ընտրությունում, չեզոք ԿԸՀ են ուզո՞ւմ։
Այս իշխանությունը բոլոր այն պաշտոնները, որ սահմանադրությամբ, օրենքներով պահանջվում էր քաղաքական չեզոքություն, ոչ կուսակցականություն, վարի են տվել, լրիվ հակառակն են անում, անգամ ձևական չեն պահում։ Վահագն Խաչատուրյանին երբ նշանակում էին ՀՀ նախագահ, ՀԱԿ անդամ էր, Փաշինյանի կառավարության անդամ էր։ Էս մարդը գործի էր գնում որպես Նիկոլի ենթակա, հաջորդ օրը գործի գնաց որպես ՀՀ նախագահ։ Առանց նայելու, որ մայր օրենքն ասում է որ Նախագահ կարող է դառնալ միմիայն քաղաքականապես չեզոք անձը։ Հիմա, հասարակ բան եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող հակասահմանադրական օրենք են տանում Վահագն Խաչատուրյանի մոտ, ստորագրելու է՞։ Վստահ եմ, որ այո, նա եղել է և մնում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթական։ Իսկ հակառակի մասին, որևէ առիթ չի տվել մտածենք։
Գամ դատական բարեփոխումներին․ ինչպե՞ս են բարեփոխել․ ԲԴԽ նախագահ էին նշանակել Գագիկ Ջհանգիրյանին․ էն որ առաջին խելացի անասնագոմն է Հայաստանում սարքել, ասում էր իմ դղյակը գոմ ա։ Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելված է ՀՀ սահմանադրությամբ։ Հայտնի ձայնագրության մեջ, սակայն, Ջհանգիրյանը դատարանների հերն անիծում է, ասում է, թե ոնց է գործ սարքում կամ ջրում ու ինչ նպատակով։ Նրանից հազիվ ազատվեցինք, հիմա նրան կփոխարինի ՔՊ թիմի անդամ Կարեն Անդրեասյանը․ արդարադատություն պետք է անի մարդ, որը ասում է՝ մինչև Նիկոլի նկարին չեմ նայում, չեմ կարողանում ազնիվ աշխատեմ։ Սա անկախ Հայաստանի ԲԴԽ անկախ նախագահն է լինելու։
Ովքե՞ր են վերջերս վճռաբեկի դատավորներ նշանակվել՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։ Ովքե՞ր են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Նիկոլի սրտի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Սեդա Սաֆարյանը։ ՍԴ-ն ուղիղ դարձել է Նիկոլ Փաշինյանից կախման մեջ գտնվող կառույց։ Սեդա Սաֆարյանն ասում է եթե մարտի 1-ի մեղավորները պատժվեին, այսպես կլիներ, այնպես կլիներ։ Եթե մարտի 1-ի մեղավորները պատժվեին, Սեդա Սաֆարյանն ու Վահե Գրիգորյանը բանտում գտնվող Փաշինյանին պերեդաչի կտանեին, ոչ թե կգար դառնար վարչապետ ու երկիրը վարի կտար, իրենք էլ էդ որակով կլինեին բարձր պաշտոնյա։
Ո՞վ է Հայաստանի գլխավոր դատախազը։ Գլխավոր դատախազ նշանակվեց Աննա Վարդապետյանը, որը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր ու տարբեր լուրեր էին պտտվում, որ Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին ձևում-չափում է դատական համակարգը․ մարդը քննիչներին ուղորդում էր։ Գլխավոր դատախազի ինստիտուտը հիմնահատակ կարելի է քանդված համարել, չնայած մինչ այդ էլ նույնն էր, բայց գոնե ձև համար կար։
Մարդու իրավունքների պաշտպան պետք է լինի մարդ, որը ունի հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող մասնագետ մարդ։ Բայց նշանակել են մարդու, որին հասարակությունը չէր ճանաչում, որ կարծիք ձևավորի լավ կամ վատ, բայց ՔՊ թիմի անդամ էր։ Հիմա էլ վատ հեղինակություն է հասցրել ձևավորել։ Մարդու իրավունքների պաշտպանի աչքի առաջ Եռաբլուրում կարմիր բերետները ջարդում էին քաղաքացիներին, որ օմբուդսմենը վարչապետի հետ կարողանար գնալ ծաղիկ դնելու, նա էլ կանգնած նայում էր։ Եթե ինքը հեղինակություն ունենար, կթողնեին, չէ՞։
Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ իրեն կոտորում էր, ասում էր ո՞նց կարող է պաշտպանության նախարարությունը, բանակը լինի չեզոք, եթե նախարարը ՀՀԿ թիմի անդամ է։ Ո՞վ է հիմա պաշտպանության նախարարը։ Ոչ թե ՔՊ թիմի անդամ է, ՔՊ վարչության նախագահն է։ Գործող։ Ճակատագրի հեգնանքով, բոլոր էն պաշտոնները, որոնց չեզոքության համար Փաշինյանը այսպես ասած՝ դոշ էր տալիս ընդդիմադիր աշխատելու ժամանակ, հիմա բոլորը ՔՊ են։
Էդքան քննադատած հանրապետականները ԿԸՀ նախագահի, ՀՀ նախագահի, ԲԴԽ նախագահի, դատախազի ու շատ այլ պաշտոններում չէին նշանակում հանրապետականի, գոնե ձևականորեն պահում էին սահմանադրության ու օրենքների պահանջը։ Իհարկե՝ դատախազ Արթուր Դավթյանը էնքան ճկուն էր, որ էն ժամանակ էլ, նրանցից հետո էլ կարողացավ իշխանության համար աշխատել, բայց կրկնում եմ՝ գոնե ձևականորեն հարգում էին օրենքները։
Հասկացանք, որ պետբյուջեն ընտանեկան բյուջեի պես եք վերաբերում, ուզում եք՝ անիմաստ ու շռայլ գործուղումների եք մեկնում, ուզում եք՝ անիմաստ պարգևավճար տվեք, ուզում եք՝ 150 հազար դոլարով բունկե վերանորոգեք, քանի որ հենց մարդիկ փողոց են դուրս գալիս, հիմնական կեցավայրն է ձեր դառնում բունկեռը, ուզում եք՝ թնակարժեք ավտո առեք, բայց մի քանդեք պետական ինստիտուտները։ Ու ամեն անգամ, ամեն նոր նշանակում շատ ավելի վատն է, քան նախորդը, որից թվում էր՝ հազիվ ենք պրծել։ Այ էսպես բոլոր ինստիտուտները սարքում են մեկ մարդու կամակատար կառույց։
Կարճ ասած՝ պետությունը սարքել են ՔՊ բոստանը։ Թող պոլի փետ լինի, բայց մեզնից լինի սկզբունքը անգամ այդ գաղափարի հիմնադիր ՀՀՇ-ի ժամանակ այսքան փայլուն չի աշխատել։ Հաջորդ իշխանությունը, կարծում եմ՝ պետք է այս բոլոր քանդված համակարգերը վերականգնի,․ բոլոր ապօրինի նշանակվածներից ազատվի ու պատասխանատվության ենթարկվեն։ Այլապես սա պետության չի մնա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը