19 09 2022

«Կարճ ասած»․ Փոխանակ լավանալուն, գնալով վատանում ենք



Այս ընթացքում Հայաստնի իշխանությունը, փոխանակ խելքը գլուխը հավաքի ու սկսի էս աղետալի վիճակում մի բան անել, ընդհակառակը՝ սկանդալներ է, որ գործում է իրար հետևից։ Միայն վերջին երկու օրերին մի քանի սկանդալ տեղի ունեցավ, որոնք, վստահաբար, առաջիկայում հետևանք են ունենալու։ Այս օրերին ամենաթեթև սկանդալը, գուցե, Վահագն Խաչատրյանի չտեսի ֆոտոսեսիան ու ժպիտն էր Անգլիայի թագուհու դագաղի հետ։ Անգամ թեթև սկանդալ կարելի էր համարել այն է, որ էս իշխանությունը անգամ մեկ բարձրաստիճան հյուրի չի կարողանում թարգմանություն ապահովել։ Երևի թարգմանչի փողը պարգևավճարին են հատկացրել։ Թեթև սկանդալ կարելի է համարել այն, որ մասնագետներին գործից հանել են ու արարողակարգերը տապալում են․ Ազգային ժողովում էդ կիրակի օրով ով կար՝ հանել-լցրել էին Փելոսիին ֆոն ապահովելու։ ԱԺ տեխնիկական աշխատողներն անգամ լցվել էին բեմ։ Վինետկա էին նկարում։ Տպավորություն էր, որ կյանքի նպատակին են հասել, այլ բանի մասին չեն մտածում։ 

Եթե սրանից 5 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը գար Հայաստան, շատերը կոգևորվեին այդ բարձրաստիճան այցից բայց սրանք այնպես են ամեն ինչ քանդել, ամեն կապ վարի տվել, որ այդ այցը որոշների մոտ դարակազմիկ, մի տեսակ փրկվելու այցի վերածվեց, իմ կարծիքով սակայն, այն ավելի շատ վտանգով է լեցուն։ Ո՞վ էր նախապես ծրագրել, որ Նենսի Փելոսիի համար բեմը դրվի «Վարդանանց» մեծադիր կտավի առջև ու խոսի «Քրիստոնյա Հայաստանի»՝ պարսիկների դեմ պատերազմից։ Վարդանանց պատերազմի մասին դրվագ ո՞վ է մտցրել նրա ելույթի մեջ, ո՞վ է հուշել։ Ստեղի՞ց են հուշել, թե՞ այնտեղից, պետդեպից։ Այս պահին Հայաստանի տարածքային ամողջականության շուրջ Նիկոլից ավելի անհանգստացած է Պարսկաստանը․ էդ կնոջ ելույթը մեր ինչի՞ն էր պետք, ո՞նց ենք մարսելու։ Զաթո ձեր ֆրակցիայի ղեկավար Կոնջորյանը, էն որ 10 րոպեում Էդմոնի գրկից ցատկ արեց Նիկոլի գիրկը, Իրանը համարեց ավտորիտար երկիր, ու մինչև հիմա չեք կարողանում վերականգնել իրական բարեկամական հարաբերությունները։

Մյուս սկանդալը ԱԺ նախագահի հայտարարություններն են։ ԱՄՆ ներկայացուցիչն ինքը հայտարարեց, որ շնորհակալ է, որ Ռուսաստանը կարողացավ կանգնեցնել այս վերջին պատերազմական վիճակը․ իսկ Ալենը ուր նստում՝ ասում է, որ շնորհակալ է դրա համար ԱՄՆ-ին։ Մարդկանց մեջ արթնացնում են սին հույսեր, տրամադրում ռուսների դեմ ու ասում, թե հենց Ռուսաստանը ձեռքը քաշեց Հայաստանից, դրախտից 5 պակս է լինելու։ Մարդկանց մեջ հակառուսականություն են մտցրել, տարածել են, թե հիմա դուրս հենց գանք ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, անմիջապես կմտնենք Եվրամիություն և ՆԱՏՕ, միլիարդներ կտան, կզինվենք, կապրենք։ Մի տեսակ երեխայական պատկերացումներ են, դժվարանում եմ առանց տխուր ժպիտի բացատրել։ Այ ես ձեր․․․ ցավը տանեմ, հույսներդ կտրեք, թե ԱՄՆ-ն զենք կտա, որ Ադրբեջանի դեմ կռվեք, նա զենք կտա միայն Իրանի ու Ռուսաստանի դեմ կռվելու համար, իսկ այդ երկուսի հետ է, որ դեռևս թշնամի չենք, չնայած որ Կոնջորյաններն ու Ալենները, իմ կարծիքով, տանում են այդ ուղղությամբ։

Մարդկանց բերել-հասցրել եք անելանելի վիճակի, համոզել եք, որ մենք մեզ տեր չենք ու հիմա տեր են փնտրում, տեր եք առաջարկում՝ առանց գնահատելու հետագա քայլերը։ Պուտինին ԿԳԲ-շնիկ գյադա ասողը ԱԺ նախագահ է, Պուտինի դեմ ցույցեր անողները ԱԺ փոխնախագահ ու ԱԽ քարտուղար են, ամեն օր սադրում եք, հակառուսական ցույցեր եք տակից կազմակերպում ու ասում եք ինչի՞ չի օգնում։ ԱԺ նախագահի աթոռին նստած Ալենն ասում է՝ Զարմացած եմ և անհամաձայնություն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ ՀՀ ղեկավարության հասցեին հնչում են սադրիչ հայտարարություններ։ Հ1-ի եթերում խոսեցնում են ուկրաինացի փորձագետների, հակառուսական ցույցեր են լուսաբանում, ուղիղ եթերներով տալիս եք ռուսաֆոբ գործիչների, Ալենն ասում՝ մենք դժգոհ ենք Ռուսաստանի «Հ1-ից», ու թող զենք տա, զորք ուղարկի, մուննաթ է գալիս։ Իրենք քվեարկում են ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին, հետո ասում են ՄԱԿ-ում ռուսները մեզ չաջակցեցին։ Ասում է, թե բա հետևություն կանենք։ Ի՞նչ հետևություն ես անելու։ Մեկը հարցնի, որ հետևություն անես ի՞նչ պիտի անես, էլի ռուսաֆոբներին տանես Հ1 եթերների՞, ու՞, ո՞ւմ ես ինադ ու վատություն անում, մե՞զ, թե՞ իրենց։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, հենց հիմա հեռանանք»։ Այսինքն մենք հայերս չգիտենք, դուք չգիտեք, նրանք պետք է ասե՞ն։ Էլ ո՞նց ասեն, որ ձեզ հետ չեն ուզում աշխատել։ Փոխանակ ձեր սխալների վրա դասեր քաղեք, սաղ ուսապարկերին հանել եք մեջտեղ ու Ռուսաստան եք քլնգում։ Գեներալը, որ պաշտպանության փոխնախարար է եղել, ասում է՝ ռուսը մեզ չի օգնում։ Արա դու գեներալ լեյտենանտ ես, ինչի՞ ես սպասում այլոց օգնությանը․ կռվի ժամանակ ուղիղ եթեր էր մտնում ու աինմաստ հարցազրույցներ տալիս ամերիկյան ֆինանսավորման լրատվամիջոցներին ու ասում՝ ռուսը չի գալիս, չի մեռնում մեր փոխարեն։ Այ, այ, այ, էդ վատ ռուսները, չեն ուզում կռվել մեր Սյունիքի համար։ 90 մլն դոլար հատկացրել եք այս տարվա պարգևավճարներին, քա՞նի միլիոն դրամ եք հատկացրել, դոլար չէ, դրամ, քա՞նի միլիոն դրամ եք հատկացրել դիրքերի կահավորմանը։ Էդ որ ամեն ամիսը մեկ պարգևավճարների ցուցակներ եք հաստատում, երև մտածում եք՝ դե սահմանն էլ թո ռուսը պահի, էդ իրան ա պետք։ Արա, բա մե՞նք, մեզ պետք չի՞։

Հայաստանի ԱԺ նախագահը ողջ օրը սկանդալային ելույթներ ունեցավ։ Ասում են ինչո՞ւ ռազմական դրություն չեք մտցնում, պատասխանում է՝ Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Իսկ գիտե՞ք, որ Ադրբեջանն իր 56 տարեկանից բարձր տղամարդ քաղաքացիներին արգելել է երկրից դուրս գալ, գիտե՞ք որ Ադրբեջանը զենք ու զորք է կուտակել մեր սահմանին, սրանք ասում են՝ չենք ուզում ռազմական դրություն հայտարարել, որ չմտածեն, թե ագրեսիա ենք անում։ Սրանք խաղաղություն մուրողներ են։ Ու լավ են հասկանում հետևանքը․ ՔՊ-ան Բաբկեն Թունյանն ասում է՝ այո, խաղաղություն մուրողին, հանձնվածին ընդառաջ չեն գնում: Հակառակը՝ պոկում են, ինչ կարող են: Բա որ էդքանը հասկանում եք, այլ բան էլ չեք կարողանում անել, ինչի՞ եք մնում էդ գործին։

Հայաստանի քաղաքացիները խորը տագնապի մեջ են։ Էդ նույն ԱԺ նախագահ Ալենը հայտարարում է, որ երկու խումբ ադրբեջանցի կա, մի գյուղում մի անծանոթ զինվորական են տեսնում, ամբողջ գյուղը խառնվում է իրար։ Ի միջի այլոց է հայտարարում, որ ահաբեկիչներ կան մեր երկրում։ Դա էն հարցն է, որ պետք է էդպես հայտարարեի՞ր, թե՞ պետք է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զգուշացնեին։ Բարդակ է որովհետև։ Ու բարդակ է ամենուր։ Այս օրերին տեսանյութեր տարածեցին, թե ինչպես են խոշտանգել ադրբեջանցիները հայ գերիներին ու սպանել։ Հայաստանի օմբուդսմենը տեքստ է գրում, ասում է՝ ադրբեջանցիների կողմից ենթադրյալ կատարված հանցագործություն։ Սաղ գիտեն, թե ինչեր են արել ադրբեջանցիները, Հայաստանը եվրադատարան է դիմել, բայց այս նիկոլական կինն ասում է՝ ենթադրյալ։ Կասկածում է, մտածում է երևի այդ կինն ինքն իրեն է արել։

Դուք հասկանում ե՞ք, թե մենք ինչու ենք այս օրին։

Կարճ ասած՝ ամիսներ առաջ սկանդալ բարձրացավ, երբ իմացանք, որ Ադրբեջանը ամեն օր թռիչքներ է անում Հայաստանի օդային տարածքով՝ Բաքվից Նախիջևան։ Հայաստանի իշխանությունը հնարավորություն էր տվել Ադրբեջանին Հայաստանի օդային տարածքով զինամթերք տեղափոխել Նախիջևան ու հենց հիմա էդ զինամթերքը 50 հազար զինվորով ուղղել է մեզ վրա։ Մենք խաղաղություն էինք ուզում, իսկ իրենք պատերազմ բա, Բաբկեն ջան, իսկ դուք այս ժողովրդին ասում էիք թե, ապագա կա։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ