14 09 2022

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ ՀԱՊԿ-ից ավելին չի պահանջում, ինչո՞ւ բանակը չի զինում, ինչո՞ւ ենք կորցնում ամեն օր



 

Պատերազմական այս ծանր վիճակում մեկ տարի առաջ վերընտրված իշխանությունը հասցրել է 30 հատ օրենք քննարկել-ընդունել Ազգային ժողովում՝ մեկ օրում։ Դրանց իմաստը, այս օրով, երևի միայն ընդունողները կիմանան, եթե, իհարկե, գիտեն։ Էսօր էլ սահմանին պատերազմ է, բայց ՔՊ-ն իր օրակարգը ունի՝ փոստային ծառայությունների մասին օրենք։ Ու ասում են՝ ոչ մի պատերազմ մեզ չի շեղի մեր օրակարգից։ Էն մի պատգամավորն էլ, որ մի որդուն բանակից թռցրել է, մյուսին էլ, ասում են, պատերազմի ժամանակ ուզում էր բերել թեթև զորամասում ծառայելու, ասում է՝ ով մեր դեմ ցույց է անում, պետք է տանել սահման։ Գիտեն, որ սահմանը դժոխք են սարքել։

Հայաստանում, ըստ էության, այսօր ադեկվատ իշխանություն չկա։ Երեք մարզերում պատերազմ է, տրաքացնում են տներ, մարդկանց ունեցվածքը թշնամին ոչնչացնում է, կարո՞ղ եք ասել մարզպետարանից, կառավարությունից ով է գնացել ու ինչ է արել։ Մարդիկ ասում են՝ ոտքներս տնից դուրս հանեցինք ու ռումբը ընկավ, կես րոպե ուշ դուրս գայինք, կզոհվեինք։ Մարդկանց տուն է ոչնչացվել, միայն մեկ գյուղում՝ 30 տուն, մարզպետարաններից չեն հետաքրքրվել՝ լավ ինչ վնասներ են կրել, հո իրենց բան չի եղել, տեղ ունեն մնալու, թե չէ։ ՄԻՊ-ը գրում է հազարավոր մարդկանց տարհանման մասին․ էդ մարդկանց ո՞վ է տարհանել, ուր են տարհանել, որտե՞ղ են ապրելու։ Ասում են փախչում ենք բարեկամի տուն․ բա դու՝ կառավարություն, էնպես ես արել, որ մարդկանց տներից գաղթում են, բա տեղ չտա՞ս ապրելու, քո պլանը ո՞րն ա։ Քո պատճառով էն մարդը փախչում է տնից, ապրելու տեղ չես տալի՞ս, կեցության պայման չես տալի՞ս։ Ինքը իր համար հանգիստ նստած էր, դուք եկաք իշխանության, մարդկանց կյանքը քաոսի վերածեցիք ձեր ստերով, սուտ խոստումներով, հիմա էլ զրկեցիք տնից ու չեք հետաքրքրվո՞ւմ ոնց են ապրում։ Հայաստանի Հանապետության կառավարություն, ինչո՞վ ես էդ մարդկանց ձեռք մեկնել։ Օմբուդսմեն կոչեցյալ, սա քո գործն է, որ պահանջես իշխանությունից։ Էլ չեմ ասում, որ իշխանությունը նախապես իմացել է հարձկման մասին, բայց ժողովրդին չի տարհանել, չի ասել, որ թաքնվեն նկուղներում։

Որովհետև իշխանություն գոյություն չունի, բուտաֆորիա է։ Զանգում են ՔՊ նշանակած համայնքապետերին, անգամ պատերազմն են թաքցնում․ էն մեկն ասում է՝ մենք ձայներ ենք լսել կրակոցի, բայց կարող է ուրիշ տեղ են կրակում, էն մյուսն ասում է՝ պատահական են կրակել, էն Ջերմուկի քաղաքապետն ընդհանրապես ասում է՝ եթե սարերն են ուզում վերցնել, թող վերցնեն։ Բարդակ է՞։ Անպատասխանատու, անմեղսունակների խմբակ, ինչ ասեմ։

Ասում ենք՝ Նիկոլը Ղարաբաղ չի գնում․ իսկ այդ մարդը Հայաստանի սահմանմերձ Սյունիք, Վարդենիս ե՞րբ է գնացել վերջին անգամ։ Ի՞նչ աջակցություն եք տվել սահմանամերձ գյուղերին, ի՞նչ եք արել, որ գյուղացին իրեն ապահով զգա։ Լույսի, գազի վարձի կեսը տալիս եք ու վե՞րջ։ Ինչո՞ւ չի գնում, որովհետև իր համա՞ր անվտանգ չէ։ Ինքը թքած ունի, որ ժողովրդի համար անվտանգ չէ, կարևորը ինքն է, ինքն էլ վախենում է։ Կապան-ճակատեն այլընտարնքային ճանապարհ էին սարքել, հիմա դա արդեն թողել են թշնամու վերահսկողության տակ։

Իշխանությունը ինչ-որ բաներ է պայմանավորվում թշնամու հետ, իսկ մենք դա միայն իմանում ենք պատերազմի կամ մարտական գործողությունների ելքից։ Բանակցում է հանձնելու շուրջ, տակից հակառուսական խաղեր խաղում։ Կոնկրետ աջակցություն պահանջելու ու ստանալու փոխարեն մարդիկ բավարարվում են հայտարարություններով։ Այ տեսա՞ք ԱՄՆ պետքարտուղարը ասաց, որ Ադրբեջանն է հարձակվում։ Հետո՞, դրանից հետո էլի հարձակվում է։ ՀԱՊԿ-ին ինչ ասես ասում ենք։ Հիմա առհասարակ, բոլորը բոլորին մեղադրում են, մեղավոր ու պատասխանատու են ման գալիս ամենուր։ Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար, ինչի՞ համար է դիմել իր ղեկավարության տակ գտնվող կազմակերպություն ՀԱՊԿ-ին, որ խորհուրդ տա՞, թե ոնց անենք, թե՞ որ գա պաշտպանի։ Արարատ Միրզոյանը ասում է, քննարկել են դիմել են որ գան դիտորդական առաքելությամբ։ Նիկոլն էլ ասում ճիշտ հոդվածով են դիմել, բայց ընթացակարգի մեջ են, մոտավորապես տեսնենք հլը ինչա լինում։ Այ քեզ բան։ Հասարակությանը էդ հարցն ա հետաքրքրում։ Այս հարցով, կարծում եմ, կոնկրետ պատճառ կա․ ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ վատ հարաբերություններ ունի անձամբ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը։ Դրա համար էլ, երես չունի ավելին պահանջելու։ Կամ, որ ավելն ուզի էս պահին, իր Եվրոպացի ընկերները երես կթեքեն իրենից, էլ հետը չեն խոսի, հովանավորեն միգուցե։

Այսօր սահմանին կատարվողի մեղավորը ո՞վ է․ Ալիևը՞։ Ալիևը միշտ հայտարարել է իր մտադրությունների մասին, բանակցությունների ժամանակ էլ ասում է՝ ես ուզում եմ մինչև Երևան։ Դո՞ւ ինչ ես արել, հարց ա առաջանում։ Նիկոլն ասում էր՝ ես չեմ հարձակվելու, ես պաշտպանվելու եմ։ Լավ, բայց պաշտպանողական զինատեսակներ առե՞լ ես։ Պատերազմից անցել է երկու տարի, բանակդ նոր ինչո՞վ է զինվել։ Առաջ կլուբնիկ ու տռուսիկ էիր իբր տալիս, հիմա դա էլ չես տալիս։ Տնից են ուղարկում։ Պատերազմից հետո լսած չկանք բանակը զինելու մասին, դիրքերը կահավորելու մասին․ ասում են մի ասեք թշնամին չիմանա։ Ասում են՝ մենք ստեղծում ենք պրոֆեսիոնալ բանակ։ Պրոֆեսիոնալներին դատում ես, գործից հանում ես, զինվորին զենք չես տալիս, էդ ի՞նչ պրոֆեսիոնալ բանակ ես սարքում որ չի երևում։ Բանակը չեն զինում, բայց քաղաքացիներին զինվելու օրենքներ են ընդունում։

Հայաստանում կան պաշտոնյաներ, իշխանավորներ, որ փող են ստանում, բայց մեր երկրում լիակատար անիշխանություն է։ Այդ անիշխանությունը բերեց այս վիճակին, բայց չի էլ ընդունում իր սխալները։ Եթե չի ընդունում, ուրեմն չի էլ շտկելու։ Ասում են ընդդիմությունը ինչի՞ է հայտարարության նախագծում նշել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ու բանակի վերականգնումը ձախողվել է։ Բա լիակատար ձախողում է սա, պրոֆեսիոնալ ձախոողում, դրան ուրիշ ի՞նչ անունով կոչեն։ Եթե բանակը բարեփոխելու հարձում չես ձախողել, այդ ո՞նց է լինում, որ ընդամենը 2 ամսվա ծառայողին տարել ես սահման ու զոհվել է։ Հետևից էիք ընկե՞լ։ Ասում են ինչո՞ւ եք ասում խաղաղության դարաշրջանի օրակարգը սնանկ է։ Բա սնանկ չէ՞։ Թշնամին պատերազմ է սկսել, դու ասում ես ինչի՞ եք ասում խաղաղության դարաշրջանը կեղծ է։ Բա ի՞նչ է։ Եթե թշնամին խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է իր ռազմական բյուջեն պատերազմից հետո ավելի շատացրել։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բոլորն են ձգտում խաղաղության, ուղղակի ընկալումներն է տարբեր։ Պետությունները պատերազմ են սկսում խաղաղության համար։ Մարդն ասում էր՝ Ադրբեջանն ուզում է խաղաղություն հաստատի, դրա համար էլ պատերազմ է նախ անում, որ հետո խաղաղություն լինի։ Ստացվում է, Փաշինյա՞նն է ամեն ինչ անում, որ այդ պատերազմը երբեք չդառնա խաղաղություն։ Շատ չխորանամ, սա դեմագոգիա է։

Իշխանություն չկա, որ հաշվի-ներկայացնի մարդկային կորուստների, վիրավորների թիվը։ Երկու օր է՝ չենք կարողանում իմանալ, թե քանի վիրավոր ունենք և ովքեր են։ Ասում են՝ քանի որ անընդհատ վիրավորվում են, դրա համար թիվ չենք ասում։ Ֆռացնում են մարդկանց։ Դրա համար էլ մարդկանց մոտ ինֆորմացիաներ են պտտվում, որ վիրավորների թիվը շատ է։ Զոհերի թիվ չեն ասում ճիշտը, անունները չեն ասում, դրա համար էլ այլ աղբյուրներ ենք ման գալիս՝ արդեն ոչ պաշտոնականից մի բան իմանալու համար։ Արծրունականությունը շարունակվում է ՊՆ-ում։ Ադրբեջանը երեկ հայտարարել է, որ ունի 50 զոհ, այսօր հրապարակել է իր 50 զոհի անունը։ Մենք հայտարարել ենք, որ ունենք 105 զոհ, ո՞ր մեկի անուն եք իմանում, պաշտոնական աղբյուրից։ Չեմ հասկանում, ինչո՞ւ ցույց չես տալիս, չես ասում, թե հանուն հայրենիքի ովքեր են նահատակվել, էդքա՞ն չեք հարգում ձեր զոհերին։ Եթե պաշտպանության նախարարությունը հրապարակեր զոհերի անունները, էն մարդը, որի որդին չէր զոհվել, ինքնասպան չէր լինի կեղծ լուրերի տպավորության տակ։

Երկու օր է՝ քարտեզներ են տարածում թշնամու կրակոցների, մի բան է երևում այդ քարտեզներից՝ իրականում մեզ պաշտպանում էր Արցախը, ոչ թե մենք Արցախին։ Այդ թնդանոթների հարվածներն իր վրա էր վերցնում ու Հայաստան չէին հասնում, հիմա հասնում են։ Նրանք, ովքեր ասում էին ինչո՞ւ են մեր տղերքը Արցախում ծառայում, պատերազմին զոհվում են, հիմա տեսնում են, որ զոհվում են Հայաստանում, ինչպես Աննա Հակոբյանը կասեր՝ հանուն ոչնչի։

Կարճ ասած՝ Այս մարդու բերած իշխանությունը ամեն ինչ արել է 4 տարվա ընթացքում, որ ոչ մի օր առանց կորուստների չապրենք։ Իսկ ինքը չի գնում, չի համարում, որ իրենն է մեղքը։ Եթե դու ի սկզբանե մտադրվել ես զիջելուն, եթե դու ի սկզբանե մտադրվել ես ոչ թե հաղթել, այլ քեզ պարտված չհամարել, այս արդյունքն ես ունենալու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ