11 07 2022

«Կարճ ասած»․ «Ժողովուրդը ինձնից վատն է»․ Փաշինյան



 

Շաբաթը, չնայած ամառվա շոգին, բավականին ակտիվ լրահոսով սկսվեց․ նախ՝ Եվրոպայի այցից վերադարձած Իշխան Սաղաթելյանը ասուլիս տվեց, խոսեց առաջիկա անելիքների մասին, այցի արդյունքների մասին, անմիջապես դրանից հետո պարզվեց, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ խորհրդի նիստ է նշանակել, որով որոշել է ընդդիմադիր բոլոր պատգամավորներին, բացի Թագուհի Թովմասյանից ու Իշխան Զաքարյանից, լիազորությունները դադարեցնելու խնդրով դիմել Սահմանադրական Դատարան։ Կես ժամ հետո լուր ստացանք որ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ է խոսել, ջան-ջիգյար են արել, ու հատկապես նշել են, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Էսպես մի տողով որ այս ամենը դնում ենք իրար կողքի, կարծում եմ, ավելացնելու բան էլ չկա, ամեն բան պարզ է․ դրա համար այսօրվա հաղորդմանս այլ երևույթի մասին կխոսեմ, որը դեռ շաբաթ օրվանից մտքումս է։

Նախորդ շաբաթ արձանագրվեցին իրադարձություններ՝ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ գլխավոր դերակատարմամբ, որոնք, վստահաբար, շատերին են նյարդայնացրել։ Մարդ ու կին որոշել էին ճամփորդել Հայաստանում։ Կինն ընտրել էր Սյունիքի ուղղությունը, որը իր ամուսնու ջանքերի շնորհիվ Ադրբեջանին է մոտեցել, ամուսինն ընտրել էր Արմավիրի ուղղությունը, որով շուտով ուզում են սահմանը բացել Թուրքիայի հետ ու լցնել մեր երկիրը թշնամիներով։

Սյունիք Աննա Հակոբյանի մի քանի օրվա այցի միակ հիշողությունը և քննարկումը մնաց այն, որ Քաջարանի քաղաքապետը մի փունջ բոյով ու կարմիր վարդեր նվիրեց։ Բոլորը թողնվեց ու քննարկվեց սա ու բնական է, որովհետև Փարամազյանը մի քնի ամիս բերդում էր Նիկոլ Փաշինյանի հրամանով, նրա դեմ քաղաքական գործ էր կարվել, ու հիմա ալ վարդերով կարծես շնորհակալության մեսիջ էր փոխանցում ամուսնուն, որ ազատության մեջ է։ Ամեն դեպքում, Փարամազյանը հո գիտի, որ իր հայրենի քաղաքից 5 րոպե այն կողմ Փաշինյանի պատճառով Ադրբեջան է, բայց դե, երևի, դա չէր կարևորը։

Թողնենք Փաշինյանի կնոջը ու գանք ամուսնուն։ Գնացել Արմավիրի մարզ՝ մի շարք նախարար-մարզպետ ու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ։ Լավ կազմակերպված այց էր, վստահաբար՝ դրա վրա ծախսել էին մի քանի շաբաթ ժամանակ․ նախապես ընտրված էին բոլոր մասնակիցները, գյուղացիները, ինչպես որ լինում է սովորաբար, ով մոտենա, ինչ հարց տա, թիկնապահները ում թողնեն մոտենա, այսպես ասած՝ նախապես պլանավորված, բոլորի հետ հատուկ աշխատած։ Ամեն ինչ էր պլանավորված։ Ասում է պատահական կանգ առանք Երասխահուն համայնքում, չէինք նախատեսել, մեկ էլ գալիս են աղ ու հացով, դհոլ-զուռնայով։ Ուզում եք ասել, մարդիկ իրենց տանը պատրաստի աղ ու հաց են պահում, որովհետև ամեն պահի կարող է Փաշինյան գա՞։ Ծիծաղելի էր իհարկ է, պարզ էր, որ դա էլ էր կազմակերպված։

Բայց էդ նախապես պլանավորածը ավելի շատ փայլեց մարդկանց, կամ Փաշինյանի խոսքով ասած՝ ժողովրդի պահվածքից։ Համարյա ոչ մի հարց իրենց բազմահազար խնդիրներից։ Մեկը գոռաց՝ «ինչ արել ես, լա՛վ ես արել», մեկը գոռաց՝ «մեզ փրկեցիր», մեկը գոռաց՝ «մեր երազանքները կատարվում են», ու խոսքն այս դեպքում ինչ-որ մանկապարտեզի մասին էր։ Ու էդպես մի քանի հոգի միայն գովեցին։ Արաքս ու Երախահուն համայնքների բնակիչներից մի քանի զանգ եմ ստացել, ասում էին՝ մեր գյուղացիները էդ վերաբերմունքը չունեն, մեղադրում էին, ասում էին՝ սեզոնը պրծավ, ծիրանը լցրեցինք խոզերի դիմաց, ոռոգման ջրի գրաֆիկը ահավոր վիճակում է, չեն տալիս, որ ջրենք, գնացել են ի՞նչ են խոսում։ Մի խոսքով, Փաշինյանի այցը, ինչպես իր օնլայն ասուլիսները, ծայրիծ ծայր, սարքած, ձևած փչած էր, բայց դե դա էլ մի կողմ։

Լավ, մտածում եմ, իմաստը ո՞րն է, ինչու՞ Փաշինյանը որոշեց գնալ այս էժան շոուի ճանապարհով, ինչո՞ւ կազմակերպեց այսպիսի իբր այց, ինչ էր ուզում ասել, չէ՞ որ շատ արագ պարզ էր դառնալու որ արհեստական է։ Իմ կարծիքով պատասխանը հետևյալն է։ Էս մարդը ուզում է ցույց տալ, ասել՝ ա՛յ ժողովուրդ, ա՛յ ընդդիմություն, ա՛յ սփյուռքահայություն, տեսեք, դուք ինձ համարում եք հողատու, կապիտուլյանտ, դավաճան, ինչ վատ բան կա ասում եք, վստահ եք, որ ամենից վատն եմ, հիմա ասեք՝ ե՞ս եմ վատը, թե՞ սրանք /պայմանական ասելով՝ ժողովուրդը/, որ իմանալով՝ ինչ ասել եմ, սուտ եմ ասել, որ գիտեն՝ կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց չեմ կանգնեցրել, 5 հազար հոգի են զոհվել, քչից-շատից, բայց ամենից անվտանգ երկրում էինք ապրում, եկել բերել եմ աղետ, կորուստներ, հերիք չէ թողնում են տանից դուրս գամ, գնամ կանգնեմ շիրիմներին ձևական, ծնողները բան էլ չեն ասում։ Ե՞ս եմ դավաճանը, թե՞ էն մարդը, որ ինձ աում էր՝ տղես զոհվեց, բայց քեզ գտա, իմ տղեն ես։ Ադրբեջանցիները մետաղների ձուլման արտադրամաս են բացել Արմավիրում՝ իրենց քթի տակ, իրենք ինձ դիմավորում են աղ ու հացով, ե՞ս եմ վատը, թե դրանք։ Խոստացել եմ գերիներին բերել, չեմ բերել, էդ մասին հարց չի հնչում, մի քանի օրից Բերձոր եմ հաձնում, ինձ հարց չեն տալիս դրանից, որ փախստականները ապրելու տեղ չունեն, հարց չեն տալիս, որ ծիրան չեն մթերել, պարարտանյութ չունեն, բերքը վատն է, հարց չեն տալիս, մի բան էլ ասում են՝ ինչ արել ես, լավ ես արել, քո ցավը տանեմ։ Հիմա ես ե՞մ վատը, ես ե՞մ դավաճանը։ Փաշինյանը կարող է ասել 5 հազար հոգի դրեցի հողի տակ, հիմա հանգիստ կանգնել եմ գերեզմաններին ու ինձ ասում են՝ ապրես, որ մեզ փրկեցիր ու մեկը չի հարցնում, բա որ փրկել եմ՝ էդ տղերքը ինչո՞ւ են պառկած հողի տակ, այդ ինչու՞ առհասարակ իրենք պետք է զոհվեին, եթե միևնույն է՝ պետք է հողերը հանձնեիր։ Մի հոգի հարց չի տալիս՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ 2018-ի հեղափոխության մեջ իրենց մատն էլ է խառը, էդ ի՞նչ են արել քեզ համար, փո՞ղ են տվել, մա՞րդ են տվել, դո՞ւխ են տվել, ո՞նց է տենց ստացվում։ Էս ամենի մասին ոչ մի հարց․ ու միմիայն գովեստ, փառաբանում, շնորհակալություններ։ Էն որ նայում ես, չգիտես ինչ ասես, սկսում ես հիասթափվել, քեզանից էլ, ազգիցդ էլ․․․

Բայց հասկացա․ Նիկոլն էս թատրոնը սարքել էր մեկ բանի համար, որ ասեր՝ ժողովուրդ, հիմա ե՞ս եմ վատը, թե՞ էն մարդիկ, որ էսքան արածներից հետո, էսքան աղետից հետո ինձ դիմավորում են ու մերսի են ասում․․․ Դե մեռե՛ք, հիասթափվե՛ք․ է՛ս եք։

Սրա համար էին կազմակերպել։ Ե՞ս եմ ավելի վատը, որ իմ վախերից քաղբանտարկյալներ եմ պահում, թե՞ նա, որ բաց թողնելուց հետո վարդերով կնոջս է դիմավորում։

Իհարկե, ես միամիտ չեմ, երբեք էլ չեմ մտածել, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում, անգամ այս աղետի ժամանակ, հնարավոր չէ գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն ողջունել Նիկոլին ու ասել ինչ արել ես լավ ես արել, իհարկե կարող են։ Այդ մարդիկ կան, հնարավոր է մոլորված են, հնարավոր է իրենց են դնում մոլորվածի տեղ, կարող է նրանց համար ինչոր հարց են լուծել, գործ են տվել, օգնել են կամ էդ պահին են շահագրգռել-բերել։ Չեմ զարմանում, հնարավոր է նման մարդիկ գտնել։ Պարզ է, նման մարկանց դերակատարմամբ անգամ, հնարավոր է Փաշինյանը որոշի, որ վաղը Թալեաթի, Էրդողանի, Ալիի, Ռամիլ Սաֆարովի ձեռը բռնած մտնի այդ գյուղեր, էլի էդպես կդիմավորեն, աղուհաց կտան՝ առանց հասկանալու թե իրական դրա նպատակը ինչն է։ Իսկ նպատակը հենց դա է՝ ես չեմ վատը, ժողովուրդն է վատը, շատ ավելի վատը քան ես։ Էս էր Հայաստանի ու Սփյուռքի 7-10 մլն հայությանը տված ուղերձի իմաստը՝  ինձնից վատն էլ կա, այ էդ դուք եք, ձեր փառաբանած հայ ժողովուրդն է։

Կարճ ասած՝ Հայաստանը որպես պետություն կործանելուն զուգընթաց Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, հիմա էլ բռնել է մեղքը ազգի վրա բարդելու, բարոյապես մաշելու ճանապարհը, որ տակը բան չմնա։ Այ հենց այդ նպատակով էր նախորդ շաբաթվա իր և տիկին Աննա Հակոբյանի այցերը, որպիսզի ցույց տան, թե որքան թուլամորթ ու անթասիբ ժողովուրդ ենք մենք, շատ ավելի վատը քան իրենք են, որպես իշխանություն։

Դրա համար, ովքեր նյարդայնացել են այդ կեղծ շոուներից, ասեմ, որ հարգելի քաղաքացիներ, ազգի բարոյական նկարագիրը այդ մի քանի անձինք փոխել չեն կարող, արդարությունը վերականգնվելու է, իսկ իրենք պարտադիր հայտնվելու են պատմության պարսավանքի էջերում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ