Երեկ սահմանադրության օրն էր կամ սահմանադրության հիշատակի օրը։ Այդ օրը ոչ մի կերպ չառանձնացավ․ միայն մի շարք պարգևներ, կոչումներ շնորհվեցին։ Շատ խորհրդանշական է, թե ովքեր, ինչ մակարդակի պաշտոնյաներին ինչպիսի կոչումներ տվեցին։ Ամբողջ համացանցը ծաղրում է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որը ստացավ գեներալի կոչում։ Հարցն այն չէ, որ 31-ամյա այս երիտասարդը գեներալ է դառնում, հարցն այն է, թե այդ ո՞ր արժանիքների համար է դառնում, այդ ի՞նչ ծառայություններ է մատուցել հայրենիքին, պետությանը․ էլ ի՞նչ պետք է լիներ մեր երկրի հետ, որ, օրինակ, կանխվել է, ու որ այդ տղան մատաղ տարիքում արդեն գեներալ է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության այս ընթացքում այս տղան ուղիղ 10 անգամ աշխատանք է փոխել, 4 տարում։ 10 պաշտոն փոխելը պետք է որ խոսի հակառակի մասին․ տրամբանությունը հուշում է, որ այս մարդը ոչ մի գործի մասնագետ չէ։ Բայց արի ու տես․․․ ՊԵԿ-ի իրավախախտումների հայտնաբերման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ, վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ՊՎԾ պետ, ՔՊԿ ղեկավարի տեղակալ, ԱԱԾ փոխտնօրեն, ԱԱԾ տնօրեն, ՔԿ նախագահի տեղակալ, ՔԿ նախագահ։ Ամեն տեղ մի երկու ամիս գլորել է։ Ու ենթադրվում է, այնքան փայլուն է աշխատել, որ ձեռից ձեռք են տարել, ու հիմա արդեն գեներալ է։ Սակայն, հարցս այն է․ այդ ի՞նչ հերոսություններ է արել, որը չգիտենք։ Օրինակ, չգիտենք, թե պատերազմի ժամանակ ինչ էր անում հրամանատարական շտաբերում, բունկերներում, Շուշիում, կռիվներին չէր մասնակցում, բայց բոլոր տեղերում կար։
Մյուս ծաղրի թեման Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելն էր։ Այս 36-ամյա երիտասարդը ևս հայտնի չէ, թե ինչ է արել մեր երկրի համար, որ գեներալի կոչում է ստանում։ Մի քանի տարի աշխատել է քննիչ, մինչև հեղափոխությունը, կապիտանի կոչումով դարձել է պատգամավոր, հետո մարզպետի տեղակալ ու երկուսն էլ մի քանի ամիս, ու հանկարծ կապիտանից դարձավ գեներալ։ Ի՞նչ ծառայություն է մատուցել ազգին, պետությանը, հայտնի չէ։ Համենայն դեպս, հայտնի ոչ մի ծառայություն, սակայն այնպիսի քրեակատարողական ծառայության ղեկավար է, որ բանտում մարդիկ են մահանում հացադուլից։
Հիմա էս մարդը ևս գեներալ է։ Հետաքրքիր է, թե իրենց ոնց են զգում վաստակաշատ գեներալները, որ համ իրենք են գեներալ, համ էլ Քյարամյանն ու Ատոմյանը: Օրինակ, ինչպե՞ս իրեն կզգար գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, եթե կենդանի լիներ։
Այս իշխանությունը անարժանների իշխանություն է, դա փաստ է, որովհետև կադրային քաղաքականության ամենավատ դրսևորումներին ենք ականատես լինում։ Սա մի իշխանություն է, որը կարող է գեներալի կոչում տալ մարդուն զուտ նրա համար, որը, ասենք, ըստ մամուլի, հանդիսատես է ապահովել Փաշինյանի հանրահավաքին, էն մեկին բարձր պաշտոն են տվել, որովհետև, ասում են, հատ-հատ ֆիքսել է Նիկոլին հայհոյողների դեմքերը ու ներկայացրել իրավապահ պատժիչ համակարգին, էն մեկին պաշտոնի են տալիս, որովհետև համաձայնում է Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալ։ Տասնամյակներ աշխատած դիվանագետներին թողնում են, դեսպան է նշնակում նրանց, ովքեր իրենց ընկերներն են, կուսակիցները, կամ պարզապես անգլերեն գիտեն։ Կարևոր չէ ինչ է ասում, կարևորը՝ բառերը անգլերենով կարողանում է իրար կապել։ Անգամ ասում են մարդկանց բարձր կոչումներ են տալիս, որովհետև ռազմական օպերացիա են տապալել կամ վարչապետի որդուն տարհանել են։ Զոհվածի հորը ծեծի ենթարկած ոստիկանը պարգևատրվում է, հայտնի կենդանու պես քացի տվող պետը պարգևատրվում է, ծերունու քարշ տվողը պարգևատրվում է։ Մարդկանց, որոնք պետության համար որևէ նշանակալի բան չեն արել, որևէ կարիերա չեն արել, չեն համապատասխանում իրենց պաշտոններին, բարձր պաշտոնի են։ Իսկ արժանիները, պրոֆեսիոնալները, պետությանը ծառայություն մատուցածները լավագույն դեպքում մոռացության են մատնվում։ Չնայած ավելի լավ է դա, քան հիշելը, որովհետև հենց հիշում են նրանց մասին, քաղաքական ու քրեական հալածանքների են ենթարկում, երևի որովհետև մասնագետ են, հայրենասեր են։ Կրկնում եմ՝ նրանք, ովքեր իրենցից մեծ բան չեն ներկայացնում, բայց այս թիմի հնազանդ անդամ են, պաշտոնի են, նրանց ներվում են հանցանքները և նրանք հեռացվում են միայն նեղ շահերից ելնելով։ Ասում են՝ Ջհանգիրյանը ոչ թե հրաժարական է տվել խայտառակ ձայնագրության մեջ արտահայտած մտքերի համար, այլ նրա համար, որ ձայնագրության մեծ՝ չհրպարակված մասում հայհոյել է Փաշինյանին։ Որովհետև այս մարդկանց համար պաշտոնը ոչ թե արժանիքի համար էր, այլ՝ կաշառք քաղաքական կողմնորոշման, դիրքորոշման, լոյալության համար։ Քաղաքական առևտուր ու բազար, պետություն, ազգ, այդտեղ չկա։
Կրկնում եմ՝ Քյարամյան Արգիշտին, որ բացարձակ վաստակ չունի, բացի նրանից, որ իր կառույցը քաղաքական ենթատեքստերով քրեական գործեր է սարքում, դարձել է գեներալ, իսկ իրոք ծառայություն մատուցածները նստած են։ Անուններ ե՞ք ուզում տամ․ օրինակ՝ իմ լավ բարեկամ Բադալյան Միքայելը։ Անձամբ տեսել եմ, թե պատերազմից հետո ինչեր է արել սահմանի համար։ Ինքն ու ընկերը գրեթե ամեն շաբաթ Վարդենիսի ու Գորիսի սահմանապահներին էին տանում վրաններ, բատինկաներ, գիշերային տեսության սարքեր ու շատ այլ անհրաժեշտ բաներ, որովհետև սահմանին կատարյալ քաոս էր։ Հիմա ոչինչ չի կարողանում տանել, նստած է․ Նիկոլի դեմ էր ելել։ Նա ավելի շատ բան է արել մեր սահմանների համար, քան ՔՊ-ական ամբողջ խմբակցությունը միասին վերցված։
Ինչի՞ համար է այսօր նստած Իգոր Խաչատուրովը, քի՞չ բան է արել պատերազմի ժամանակ, ինքը, իր հայրը, մեծ եղբայրը։ Հայրը, բոլորս գիտենք, 90-ականների պատերազմի հերոսներից է, այն հրամանատարներից է որոնք ազատագրել և պահում էին այն հողերը, որը այ սրանք եկան ու հանձնեցին։ Եղբայրը, երիտասարդ սերնդի վաստակաշատ գեներալ է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը այն կորպուսի հրամանատարն էր, որ 20 թվականի հուլիսյան մարտերի հաջողություններն էր ապահովել, որից Փաշինյանը սարքեց մեծ հայրենականի հաղթանակ, թազա Սարդարապատ։ Գեներալ Խաչատուրովին, Գրիգորիին, իհարկե Նիկոլը հանեց գործից, ուղարկեց թոշակի, թե՝ պահեստազոր, տարբերություն չկա։ Իգորը լինելով գեներալի որդի և եղբայր, առաջիններից մեկնել էր 44-օրյային։ Շատ ու շա՜տ մարդիկ, չեմ կարող բոլորի անունը տալ, այսօր անհասկանալի վիճակում են, իսկ ժամանակին կողմնորոշվածները, ճամբարափոխները, քայլածները վայելում են կործանվող երկրի իշխանական բարիքները։
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի համար է նստած Ավետիք Չալաբյանը։ Կա՞ մեկը ՔՊ-ական ամբողջ թիմից, որ մեր երկրի համար ավելի շատ բան է արել, քան Ավետիք Չալաբյանն իր ընկերների հետ Արար հիմնադրամով։ Կրթություն, հայրենադարձություն, օգնություն վիրավոր զինվորներին։ Ընկերների, համախոհների հետ ստեղծել է «Արար» հիմնադրամը ու մեծ աշխատանք կատարել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ, զինծառայողների անվտանգության արդիականացման ուղղությամբ: Պատերազմի օրերին սարքավորումներ էին մատակարարում, պատերազմից հետո անցան պաշտպանական ու անվտանգային համակարգերի ամրացման աշխատանքներին։ Ու էս տղուն կալանավորել են առանց փաստական տվյալների, առանց հիմնավոր կասկածի։ Անգամ բողոքարկումը դատարանի նախագահը փոխում է նախապես համակարգչով ընտրված դատավորին ու ձեռքով մակագրում է էն դատավորին՝ Տիգրան Սիմոնյանին, որ Արմեն Դանիելյանի հետ վերջին տեղերն է կիսում վարկանիշային աղյուսակում։ Էս ա վիճակը։ Հարցնում են՝ Ջհանգիրյանի նկատմամբ ինչի՞ գործ չեք հարուցում, կա խայտառակ ձայնագրություն, պատասխանում են, թե՝ ձայնագրությունը մոնտաժված է, առանց նրա իմացության է եղել, դրա համար գործ չենք հարուցում։ Բա Չալաբյանի դեպքում էլ ձայնագրությունը կասկածելի է, վստահաբար՝ մոնտաժված, բա ինչի՞ եք գործ հարուցել։ Հլա Չալաբյանը խոսում էր իրենից բան չներկայացնող մի հոգու հետ ու ոչ մի բան չէր էլ խոստանում, իսկ Ջհանգիրյանը խոսում է ամբողջ դատական համակարգը, ընտրական համակարգը, քանդելու, իշխանությունը յուրացնելու հատկանիշներով։ Ո՞ւր ա քրեական գործը, ո՞ւր ա բա Սասուն Խաչատրանի կամ Վահե Գրիգորյանի նման մի կերպար, որ նստի սրտաճմլիկ մի պատմություն պատմի, թե այդ ամենը ինչ ազդեցություն է ունեցել մեր երկրի վրա առնվազն 2021 թվականի փետրվարի 20-ից հետո։
Հիմա դուք էսքանից հետո կարո՞ղ եք ձեր քայլերն այնպես արդարացնել, որ գոնե մի մազաչափ համոզիչ լինի։ Օրերս խոսում էի այն մասին, որ հակառակ բարերարի կամքի, դպրոցն անվանափոխել են, ու նա դրանից հետո արդեն 3 տարի մեր երկրում որևէ ներդրում չի անում։ Հիմա վաղը Միկային, կամ Չալաբյանին բաց թողեցիք, պետք է բանակի համար օգնություն բերե՞ն։ Բարի եղեք, հարգեք գոնե այն մարդկանց, որոնք ձեր փոխարեն անում են այն գործը, որը դուք պետք է անեիք, դրա համար փող եք ստանում։
Կարճ ասած՝ Այս իշխանության համար կարևոր է, որ իրեն ծառայություն մատուցեն։ Իշխանության հույսը ծառայամիտ, հլու-հնազանդ անձինք են, ովքեր հանուն փողի ու պաշտոնի պատրաստ են ամեն ինչի։ Ու այսպես դիտմամբ քանդում են լավից-վատից եղած մեր երկիրը։ Բայց այսպես արժեզրկում են ամեն կոչում, ամեն պաշտոն, ամեն աշխատանք, պաշտոնի հեղինակություն, հիասթափեցնում են երկրի համար օգտակար գործ անողներին։ Ուղղակի, ի տարբերություն ապագա կալանավորների, Փաշինյանի ժամանակ կալանավորվածները, քրեա-քաղաքական հալածման ենթարկվողները՝ կլինի ակտիվիստ, գործարար, բարերար, գեներալ, թե նախկին նախագահ, էլ ավելի են արժևորվում՝ այ սրանց ֆոնին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը