30 06 2022

«Կարճ ասած»․ Տնտեսությունը այսօր մահանում է Բագրատաշենի ու Լարսի անցակետերում



 

Կառավարության այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ունենք 13 տոկոս տնտեսական աճ, ինչը ցնցող թիվ է, արդեն երկնիշ ենք և այլն։ Նա չի խոսում երկնիշ գնաճի մասին, որ վաղուց կա, չի խոսում սննդամթերքի որոշ տեսակների՝ անգամ եռանիշ գնաճի մասին, խոսում է մի բանի մասին, որ ոչ ոք իր մաշկի վրա չի զգում, եթե ՔՊ-ական պաշտոնյա չէ։

Էկրանին այս պահին ցուցադրվում է հայ-վրացական սահմանը։ Պտղավան գյուղ դեռ չհասաց՝ սկսում են բեռնատարների կուտակումները ու ձգվում են 2,5 կիլոմետր․ հարյուրավոր ֆուռերի բեռնախցիկների մեջ փչանում է հայկական արտադրությունը, գյուղացու հույսը, տնտեսությունը։ ԱԻ նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունն անմիջապես հայտարարություն են տարածում, թե Լարսը բաց է, հենց մի կես ժամով բացվում է, ի՞նչ օգուտ։ Ինչո՞ւ է սահմանին բեռնատարների էս վիճակը։ Ո՞վ է պատասխանատուն, ո՞ւմ պետք է դիմել, բա պետությունն ինչի՞ համար է։ 10 օր առաջ Դիլիջանի թունելը փակել էին, որովհետև Նիկոլ Փաշինյանն էր գնում, Դիլիջան։ Հանդիպեց էնտեղ Վրաստանի վարչապետին․ հետը տարել էր ում բռնացրել էր կառավարությունից, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարին։ Հայտարարություն են տարածել, թե «Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին»: Որևէ մեկը մեր ժողովրդին, սահմանում խցանման մեջ կանգնած բեռնատարների վարորդներին պետք է համոզի, որ սա նշանակում է հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացո՞ւմ․ սա երկխոսության բարձր մակարդակի արդյունք է՞։ Էս մասին մի բառ չեն խոսել։ Մայիսի 30-ին Վրաստան էր գնացել ՀՀ նախագահը, տնտեսագետ մարդ է, էս մասին քննարկել ե՞ն, ի՞նչ արդյունք կա:

Մի քանի օր առաջ էս վիճակի համար մարդիկ բողոքի ցույց էին անում․ Բագրատաշենում կուտակում է, Լարսում կուտակում է։ Ասում են հայ վրացական սահմանին բեռնատարներ են կուտակվել, մեղավորը վրացական կողմն է, վրաց-ռուսական սահմանին հայկական բեռներ են կուտակվել, մեղավորը ռուսական ու վրացական կողմերն են, Վրաստանը արտոնություն է տալիս ադրբեջանական բեռնատարներին, մեղավորը ադրբեջանական կողմն է։ Ժողովուրդ, տնտեսական շահեր են, քաղաքական շահեր են, կողմ ու դեմ չկա, իշխանություններն իրար հետ աշխատում են հստակ, մեզ մոտ խորովածի սեղանի շուրջ երկու երկրների հարաբերությունների կենացն են խմում։ Ինչի՞ պետք է Վրաստանն ու Ադրբեջանը ավելի լավ հարաբերություն ունենան, քան Վրաստանն ու Հայաստանը։ Դա ո՞ւմ մեղքն է։ Ադրբեջանի՞նը։ Ինչի՞ առաջ էդպես չէր։ Առաջ Ադրբեջանը չէ՞ր ուզում մեզ վատ լիներ, իրեն լավ։ Ասե՛մ։ Որովհետև նախկինում աշխատել են։ Միայն խորոված ուտելու չէին գնացել։

Հայաստանից Պարսկաստան ինչո՞ւ գյուղմթերք չի արտահանվում․ թուրքերն ու ադրբեջանցիներն էն էնտեղ գյուղմթերքի շուկային տիրություն անում, հայկականը մի կողմ են գցում։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի ու Իրանի ղեկավարության միջև հարաբերությունը ձևական է, նախկին բարեկամականից բան չեն թողել։ Սկսած Ռոբերտ Քոչարյանից, հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի են եղել, տարին մեկ անգամ անպայման երկու երկրների ղեկավարներ են այցելել, մեծաքանակ թղթեր են ստորագրել, հայ-իրանական գազատար են ստեղծել։ Բեռնափոխադրումները զարգացնելու համար 2004 թվականին Հայաստանն ու Իրանը համաձայնագիր էին կնքել, որ իրար տարածք մուտք գործող բեռնատարները վճարումներից ազատվում էին։ Այդ վիճակը տևեց մինչև 2018 թվականը։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու ի՞նչ արեց՝ իրանական սահմանը համարեց նարկոթրաֆիկի տարանցման կենտրոն, Բոլթոնի հետ հանդիպեց ու ասաց՝ երբ պետք լինի՝ Իրանի հետ սահմանը կփակենք, էն մի քանի կուսակցություն փոխած դեպուտատ Կոնջորյանն ասաց Իրանը ավտորիտար երկիր է, ու էս ամենի արդյունքը եղավ ի՞նչը․ պատերազմի օրերին Իրանը փակեց օդդ։ Սա առնվազն այդ ամենի պատասխանն էր։ Հիմա էլ Իրանը չեղարկել է քիչ առաջ նշածս համաձայնագիրը ու արդեն բոլոր հայկական բեռնատարները, որ առաջ հանգիստ մտնում էին Իրան, հիմա վճարում են 120 դոլար: Ինչիո՞ւ է չեղարկել, գիտե՞ք․ որովհետև Նիկոլ Փաշինյանենք եկել են իշխանության ու անմիջապես սկսել են մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոմեքենաներից։ Էս ա ձեր հարաբերությունները։ Հիմա որ բեռնատարներ գնան Պարսկաստան էլի այ էն վիճակն ենք ունենալու, ինչը Լարսում է ու Բագրատաշենում։

Կառավարության ամեն նիստի գումար են հատկացնում ԱԱԾ-ին պարգևատրելու, աշխատավարձի համար, ոստիկաններին պարգևատրում են, բայց որևէ ֆուռի տիրոջ, որևէ գյուղացու, որ վնասներ է կրում, որևէ կերպ փոխհատուցում ե՞ն։ Ոչ միայն չեն փոխհատուցում, այլև հայտարարում են՝ դե ռիսկռերը թող հաշվի առնեին։ Էս երկրում բոլորիս մեղքը այն է, որ ձեր ռիսկը հաշվի չենք առել, 2018-ին հրապարակ դուրս եկածներից ոչ մեկ չի մտածել, թե ինչ չգնահատված ռիսկ է իշխանության գալիս։ Հիմա են գնահատում։

Էս ամենի պատճառը ի՞նչն է, այն է, որ ոչ ոք իր տեղում չէ․ մեր պետության մեջ խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ պետության հետ կապ չունեցող մարդիկ պաշտոնի գնացին։ Երբ որ մի քանի բիզնես սննկացրած մարդուն հրավիրում-նշանակում ես էկոնոմիկայի նախարար, ուրեմն կողպեքը խփի տնտեսությանդ վրա ու ասա հաջողություն, ինչը որ անում եք։ Միջինից ցածր որակի փաստաբանը, որը մեկ օր անգամ դատավոր չի աշխատել, տանում-նշանակում են ամենաբարձր դատական ատյանի անդամ։ Այդ կինը ամբողջ էությամբ հակասահմանադրական գործ էր պաշտպանում, հիմա տանում են Սահմանադրական դատարանի դատավոր։ Սեդա Սաֆարյանի ամբողջ գործն ու կյանքը նվիրված է եղել, որ Ռոբերտ Քոչարյանին դատեն սահմանադրական կարգի տապալման հակասահմանադրական գործով, այ Ջհանգիրյանի պես՝ որպեսզի հանկարծ իշխանության չգա։ Սեդա Սաֆարյանի ամբողջ անելիքն էլ, կարծում եմ, նվիրված է լիելու նրան, որ Նիկոլին չդատեն Սահմանադրական կարգի տապալման համար։ Եթե դու Սահմանադրական դատարանում համաեվրոպական մակարդակի Ալվինա Գյուլումյանին հանում ես ու բերում ես Սեդա Սաֆարյան, ուրեմն վաղը ՍԴ-ն էլ է լինելու Բագրատաշենի ու Լարսի անցակետի պես՝ չի աշխատելու։

ԱԽ քարտուղար եք նշանակել մարդու, այն էլ՝ Ղարաբաղցու, ասում ենք Աղավնոն հանձնում եք, ասում է՝ դե մեկուկես տարի կա, մի բան կանենք, լուծում կգտնենք։ Մի բան անելով չէ, է՞, ընկեր, սա պետություն է։ Մարդը մի օր դատախազություն չի մտել, համակարգի հետ կապ չունի, տանում են գլխավոր դատախազ։ Այ էսպես քանդում են բոլոր ուղղությունները։ Ասում են՝ տեսա՞ք ոնց ջերմ ընդունեցին Վրաստանում, Ռուսաստանում․ ջերմ ընդունելը պրոտոկոլ է, բայց Լարսի էս վիճակը, Բագրատաշենի էս վիճակը իրական քաղաքականությունն է։ Նրանք չեն ասելու Նիկոլ հել գնա, դու մեզ դուր չես գալիս, քեզ հետ չենք կարողանում աշխատել, մի օր ծիրանդ է սահմանին փչանալու, մի օր պոմիդորը, մի օր գազն ու հոսանքն է թանկանալու ու այսպես շարունակ։ Հասկացեք, ի վերջո, որ մեր խնդիրների մեղավորը ոչ այլ ոք է, քան մեր հպարտների կառավարությունը։ Գերիների հարազատները ասում են՝ Նիկոլն ասել է՝ ռուսներն են մեղավոր, որ գերի ունենք, ռուսաստանից պահանջեք, Նազարյան Լենան ասում է՝ Ադրբեջանից պահանջեք։ Բեռների համար Վրաստանից պահանջեք, ԱՄՆ-ից պահանջեք, որ մեզ Ադրբեջանի չափ օգնություն տա։ Բա մենք ինչո՞ւ ենք ընտրել իշխանություն, եթե պետք է մեր խնդիրների լուծումները խալխից պահանջենք։ Եթե մենք պետք է Պուտինից, Ղարիբաշվիլուց, Բայդենից, Ռայիսիից ու մյուսներից պահանջենք, այլ ոչ թե մեր իշխանություններից պահանջենք, որ նրանց հետ լավ լինեն, էլ ինչի՞ են ընդհանրապես ընտրել։

Կարճ ասած՝ մինչև այս իշխանությունն անում է ամեն ինչ, որ մնա, Հայաստանի տնտեսությունը մահանում է Լարսի ու Բագրատաշենի ճամփեքին, Արցախն ու մեր սահմանները մահանում են բանակցություններում, անվտանգությունը ու բոլոր մյուս ոլորտները մեռնում են։ Մեզ սովորեցրել են, որ ապրենք առանց իշխանության, ինքներս մեզ վրա հույս դնելով՝ գլխներիս ճարը տեսնենք։ Սրանք մեզ սովորեցնում ենո, որ հաշտվենք իշխանության չգոյության հետ, մե՛նք մեր հարցերը լուծենք։ Հայաստան պետությունը այս իշխանության համար բիզնես է, ուրիշ բանի համար իրենք կապ չունեն։ Պետք է չնայել, թե սրանք ինչ են ասել մինչև 2018 թվականը, այլ՝ թե ինչ են անում 2018 թվականից ի վեր։ Ասում են՝ մարդուն մի գնահատիր՝ լավն է, թե վատը, մինչև իշխանություն ու փող ունենալը։ Հենց փող ու իշխանություն կունենա, այ էտ ժամանակ կերևա ովքեր են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ