22 06 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանի իշխանության պատճառով մարդ պետք է տանից դուրս գալուց առաջ կտակ գրի



 

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան հատվածում տեղի ունեցած սպանություններից անցել է 4 օր։ Այսօր մահացած երիտասարդների հուղարկավորումն էր։ Ի՞նչ ունենք 4 օր անց, մեր իրավապահ համակարգը ի՞նչ է բացահայտել։ Հիշեցնեմ՝ 2-ը զոհվեցին, 5-ը հիվանդանոցում են։ Շրջանառվում էին որպես իրադարձությունների մասնակից ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի ՔՊ-ական փոպմազպետ Էդգար Փարվանյանի հարազատների անունները։ Ասում են, որ հայհոյել են Փաշինյանին, ինչի արդյունքում տեղի են ունեցել սպանությունները։

4 օր անց հայտարարվել է ընդամենը մեկ կասկածյալի մասին, որը ձերբակալվել է։ Սկի անունն էլ չեն ասում, մամուլն է հայտնաբերել, որ ձերբակալվածը ՔՊ-ական էր։ Սա հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ամբողջ 4 օր հանրությունը միայն սա է քննարկում, բա իրավապահները չեն հայտնում ոչ մի բառ։ Ամբողջ Ապարանը խոսում է այն մասին, որ մի քանի քանի օր ռազբորկաներ են եղել, ասում են՝ Երևանից եկան սպանեցին գնացին, ՔԿ-ն ու ոստիկանությունը բան չունե՞ն ասելու։ Ի՞նչ են թաքցնում։ ՔՊ-ական փոխմարզպետի, պատգամավորի հարազատների անունն է շրջանառվում․ դա հերիք է, որ քաղաքական կոչես։

Հայաստանում բողոքի խաղաղ ակցիաներ են տեղի ունեցել, խաղաղ ակցիաների վերաբերյալ 30 քրեական գործ է հարուցվել, 50-ից ավելի մեղադրյալ կա, շուրջ 30 կալանավորված կա։ Մարդիկ բողոքի ակցիաներ են անում, մեղադրանքներ են շալակում ու նստում բանտ, բայց 2 հոգու սպանել են, 5 հոգու հասցրել վերակենդանացման բաժանմունք, Քննչական Կոմիտեն լուռ է։ Ով գիտի՝ ձերբակալվածը նստա՞ծ է, թե բաց են թողել ստորագրությամբ։ Ու առաջին պահից կասկածներ կան, որ այս դեպքը ծածկադմփոց է արվում։

Էդ օրը մենք սահմանին զոհ ունեինք, հակառակորդի կրակոցից։ Մինչև հիմա ՊՆ-ն չի էլ հայտնել, լռում է, ոչ ոք չէր խոսում, ոչ մի ՔՊ-ականի կողմից, ոչ մի իշխանավորի կողմից ցավակցություն չկար։ Բայց էս միջադեպով հենց ՔՊ-ականներն անմիջապես անցան իրենց կուսակցականների հետ կապը հերքելուն։ Ալիևն ասում է, որ Նիկոլի հետ պայմանավորվել են այլևս Ղարաբաղի կարգավիճակից չխոսել, Ադրբեջանից հայտարարում են, որ տարածքներ է Հայաստանը զիջելու, սրա վերաբերյալ չկա որևէ արձագանք։ Բայց հենց ՔՊ անունը տվեցին սպանությունների մեջ, անմիջապես կուսակցությունը ոտքի կանգնեց ու դիրիժորի փայտիկի չափով սկսեց արձագանքել։ Էն դեպքում, երբ հենց ՔՊ-ական է ձերբակալվածը։ Ոստիկանությունը կեսգիշերին ափալ-թափալ հայտարարություն տարածեց, թե՝ ենթատեքստը քաղաքական չէ, կենցաղային է։ 2018 թվականի հուլիս ամսից արձանագրում ենք, որ դատախազությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն քաղաքական տեքստեր են գրում, բայց հիմա նրանց գումարվել է ոստիկանությունը։ Դեպքը նոր եղած, հիվանդանոց են տեղափոխվել մասնակիցները, որոնք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, կրակող կողմից ոչ մեկին չեն հայտնաբերել, բայց ոստիկանությունը գուշակություն է անում, թե կենցաղային է։ Դուք ի՞նչ իմացաք․ արդեն բացահայտել էի՞ք։ Իսկ գուցե թաքցնո՞ւմ եք։ Վաղն էլ գուցե մի հեռախոսազրույց ի հայտ գա հենց է՞ս դեպքի մասով ինչ հանձնարարություններ են տրվում։ Մեր երկրի արդարադատների մոտ ընդունված է ձևանալ կույս, մինչև գաղտնալսում հրապարակվելը։

Կրկնում եմ՝ 4 օր անցել է սպանություններից, անուններ են շրջանառվում, մարզպետին հարցաքննե՞լ եք, փոխմարզպետին հարցաքննե՞լ եք, դեպուտատին հարցաքննե՞լ եք։ Ո՞ւր են։ Ասին մենք կապ չունենք ու վե՞րջ։ Կարող է՞ քննչական կոմիտեի փոխարեն լրագրողներն են աշխատում։ Քյարամյանը Ջհանգիրյանի պես սպասում է վերևներից կամ նրանց վերևներից հանձնարարականների՞։

Թե՛ հունիսի 19-ի այս սպանությունների զոհերը, թե՛ սահմանում արձանագրված ու մինչև հիմա թաքուն պահվող զոհը հենց Նիկոլի խաղաղության օրակարգի զոհերն են։ Սա խաղաղության օրակարգի գինն է երկրի ներսում և սահմանին։ Եվ կարծում եմ՝ այս ամենի պատճառն ամենաթողությունն է։ Մամուլը գրեց, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը իր բաջանաղին, վարորդին, օգնականին և էլի մի քանիսի ուղարկել է վանաձորցի բլոգերի ծեծելու հակաիշխանական գրառումների համար։ Գրվեց, որ զենք են պահել գլխին։ Սա չհերքվեց։ Դրանից առաջ Լոռու մարզպետը ծեծել էր համայնքապետի։ Դա չհերքվեց, բայց պատասխան էլ չստացավ։ Մարզպետի պարագայում զենքը պահեցին ու չկրակեցին, Ապարանում էլ պահեցին ու կրակեցին, որովհետև մարզպետի նկատմամբ արդարադատությունը խուլ էր։ Եթե մարզպետը ծեծի ու ահաբեկման համար պատասխան տար, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու համար պատժվեր, էն օլիգարխի ախպերը կրակելու համար պատժվեր, Նիկոլի շարասյունը սպանության ելքով վրաերթի համար պատժվեր ու ընդհանրապես՝ պաշտոնյաների կատարած հանցանքների համար պատիժը դառնար իրական, միջին վիճակագրական հանցագործը չէր ասի՝ բա խի՞ են նրանք կրակում։

Էս ամենաթողության պատճառը նաև այն է, որ ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմադիրների գլխին սարքելով. ԲԴԽ նախագահն է խոստովանում՝ զբաղված են նրանով, որ Քոչարյանը հանկարծ իշխանության չգա, ի՞նչ օրենք, ի՞նչ արդարություն։ Վիճակագրությունը կարդացե՞լ եք, թե թե որքան են շատացել հանցագործությունները։ Հունիսի 3-ին բողոքի ակցիա էր, երևի ինչքան ոստիկան կար բոլոր մարզերից բերել էին կառավարական դաչաների մոտ, անգամ ոստիկանության տեխնիկական աշխատողներին էին ասում հավաքել-բերել են։ Կարելի է մի հատ նայել այդ օրը հանցագործությունների վիճակագրությունը, որովհետև բացի Երևանի կենտրոնից, այլ տեղ ոստիկան գրեթե չէին թողել։ Ընկել են քաղաքական գործիչների, ընդդիմադիր ժողովրդի ետևից, իսկ հանցագործները վխտում են ամենուր։

Կարճ ասած՝ Հայաստանում ամենաթողություն է՝ իշխանության անդամների համաձայնությամբ, մասնակցությամբ։ Ամեն օր մենք կյանքեր ենք վճարում Փաշինյանի իշխանության համար։ Այս իշխանությունը եթե մնաց, կարծում եմ՝ բոլորս մտածելո բան ունենք, ամեն մարդ պետք է տանից դուրս գալուց առաջ կտակ գրի։ Ունենք քաղաքական հալածյալներ, քաղաքական կալանավորներ, նաև քաղաքական զոհեր։ Իսկական բռնապետություն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ