Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամների, այդ թվում՝ ղեկավարների խոսակցության երեկվա բացահայտումը ոչնչացրել է Հայաստանի դատական համակարգի նկատմամբ առանց այն էլ թույլ վստահությունը։ Ջհանգիրյանի, որպես տարիքով մարդ, գիտնական ու դասախոս համարվող բառամթերքin, մտքերի տեսակին չեմ անդրադառնա, կդժվարանամ ինձ զսպելը։ Բայց անդրադառնամ, այդ խայտառակության մի դրավագին։ Ուրեմն, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Ջհանգիրյանն ասում է, որ իր վզին դրել են, որ շատ ուրիշ տեղ ա որոշվել, որ պիտի դառնա ԲԴԽ նախագահ ու էնպես անի, որ հանկարծ Քոչարյանը չգա իշխանության։ Ճշտող հարցին, թե իրեն ինչի է պետք, բացատրում է, որ չի ուզում նախկին բարքեր գան։
Ջհանգիրյանը երկար տարիներ եղել է զինդատախազ, նրա անունը շրջանառվում է 90-ականներից, էլ ապօրինություններ, ինչպիսին 1995-96 թվականների ընտրություններն են, էլ մարդկանց գլխին սարքել, ինչպիսին Մատաղիսի դեպքն էր, թալան, ինչպիսին իր՝ դեռևս չհիմնավորված պալատներն են ու ինքը խոսում է նախկին բարքերից։ Իր ոլորտից խոսենք՝ արդարադատություն։ Որ նախկինում դատական համակարգը լավը չի եղել, այդ մասին ունենք հայտարարություններ, գնահատականներ, խոսակցություններ․ բայց որ հենց հիմա դատական համակարգը շատ ավելի սարսափելի է, այդ մասին ունենք հստակ ձայնագրություններ, մեկի փոխարեն՝ մի քանի հատ։ Ջհանգիրյանը փաստացի սպառնում է Վարդազարյանին, որ հրաժարական տուր, թե չէ՝ երեխա ունես, ապագայիդ նայի, ասում է՝ հրաժարական տուր, թե չէ Նիկոլը կքանդի ԲԴԽ-ն, ինչպես ՍԴ-ն, ասում ա՝ իմ վզին դրել են, որ պտի գամ։ Վարչապետի օգնականը քննիչին ցուցումներ է տալիս, վարչապետը զանգում-հարցնում է ԱԱԾ պետին, թե կալանքը ե՞րբ եք տալու, նա էլ, թե՝ ուզած չուզած պտի տան։ Նախկինում երբեք ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը և ոչ ոք ընդհանրապես չի պահանջել շրջափակել դատարաններ, որովհետև իր ուզածով չեն գործում։ Էսքան ձայնագրություն կա դատական պատվերի մասին, բայց մի հատ ձայնագրություն չկա էն մասին, որ Նիկոլն ասում է՝ արդար դատեք։ Դատարանների՝ 2018-ից սկսած բոլոր որոշումները կասկածի տակ են, ի՞նչ նախկին բարքեր։
Ուրիշ բարքեր էլ ասե՞մ։ Ասում են՝ նախկինում մարդկանց վախեցնում էին, նեղում էին, սպանում էին։ Էդպիսի բարքեր են եղել ու դուք վերացրել ե՞ք։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է 4 տարի, քա՞նի քաղաքական սպանության, կասկածելի, անհասկանալի մահեր եք ուզում հիշեցնեմ ընդամենը 4 տարում, լկտիության քա՞նի օրինակ բերեմ։
Այս տարվա հունվարի 1-ին մահացավ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ 55 տարեկան էր, առողջ տղամարդ, միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեի հայտնի «վերելակային դիվանագիտության»։ Փաշինյանը Հայրապետովին 18 թվին նշանակեց ՊՊԾ պետ, 19 թվին տվեց գեներալի կոչում ու գործից հանեց։ Հայրապետովի մահը պաշտոնապես արձանագրվել է սրտի կաթված։ Գրիգոր Հայրապետովը ՊՊԾ պետի պաշտոնում փոխարինել էր Հրաչյա Հարությունյանին, որը պաշտոնանկ էր արվել հեղափոխությունից երկու ամիս անց։ 2021 թվականի ապրիլի 15-ին էլ նա մահացավ, էլի նույն՝ սրտի կաթվածից։ Զարմանալի է, չէ՞։ 2020 թվականի հունվարի 17-ին Երևանում հայտնաբերցեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար ճակատագրական իրադարաձությունները։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։
2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնությունում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։ Ո՞վ էր Աշոտ Կարապետյանը, հիշում ե՞ք, ոստիկանության գնդապետ, Երևանի ոստիկանապետն էր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը անուրանալի դեր ունի այդ օրերի իրադարձություններում։
2019թ․ սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Դե հիշում եք ի՞նչ ճնշումներ էին այն ժամանակ բոլոր նախկին պաշտոնյաներին նկատմամբ, որը, ցավոք, հիմա էլ շարունակվում է։ Այդ գործը հետագայում կարճվեց։ 2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Բացառիկ կոշտ քննադատում էր այս իշխանությանը։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։
2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում մահացավ Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշում եք, չէ՞, «տուշոնկա շոու» բեմադրությունը, որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լիներ Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Այսպես ասած՝ չստացված հեղափոխության մեղավորն էր։
Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ, 2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։ Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Այժմ ենթատեքստ չփնտրենք։
Մահերը սրանով չավարտվեցին։ Արագածոտնի մարզում հունիսի 19-ի կրակոցների արդյունքում երկու զոհ ու վիրավորներ եղան․ ասում են՝ ՔՊ-ական փոխմարզպետի ու պատգամավորի ազգականներն են մեջը խառը։ Կրակել են՝ Նիկոլին հայհոյելու համար։ Մի քիչ հետ գնանք․ 2020 թվականի կապիտուլյացիայից հետո զայրացած հանրության առաջին անելիքը եղավ ԱԺ ու կառավարություն մտնելը։ 44 օր խաբեցին, թե հաղթում ենք, բայց տարան կապիտուլյացիայի։ Մարդիկ, երևի թե շոկից դրդված, դուրս եկան դեպի ԱԺ ու կառավարություն, մտան շենքեր։ Նրանցից մեկը դրոշով փաթաթվել էր ու նստել էրԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին։ Հետո ի՞նչ եղավ․ կարճ ժամանակ անց, կամրջի տակ գտան դին։ Կասկածելի մահ, որը մոռացվեց-գնաց։ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը շտապում է ԱԺ՝ իր խմբակցության հետ հանդիպելու և ճանապարհին շարասյունը տալիս-սպանում է 26-ամյա Սոնա Մնացականյանին, որը հղի էր առաջնեկով։ Կորտեժի ոչ մի մեքենա չի կանգնում։ Էդ վրաերթի ենթարկողը մի օր էլ չնստեց։ Բարքերի՞ց եք խոսու՞մ։
Էդ Ջհանգիրյանի ասած բարքերը սրանք են։ Պետք է, չէ՞, մի օր սրանց անդրադարձ կատարվի պաշտոնապես։ Պետք է, չէ՞, պատասխան տվողներ լինեն։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Մինչև հիմա կոմայի մեջ է։ Ասացին Վայոց ձորի մարզպետ ՔՊ-ան Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին։ Նա հրաժարական տվեց ու ի՞նչ, դարձավ պատգամավոր։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին կրակել էր, խուլիգանություն էր արել, փախավ, եկավ-հանձնվեց, բաց թողնվեց։ Հերը գոնե բարոյական պատասխանատվություն զգա՞ց որդու արարքի համար, հրաժարական տվե՞ց։ Ոչ, իրեն հանեցին շատ ավելի ուշ, իսկ պատճառը պարզ չէ, թե ինչու։ Օլիգարխ Խաչատուր Սուքիայանի եղբայրը ԱԱԾ շենքի դիմաց կրակեց, մարդու վիրավորեց, նստե՞ց։ Չէ ի՞նչ եք ասում, բա էդ տղեն է՞։ Ախպերը հրաժարական տվե՞ց։ Դուք էս բարքերի կրողն եք ու ինչի՞ց եք խոսում, ի՞նչ նախկին բարքերից։
Դե եկեք, նախկինից նմանատիպ օրինակներ բերեմ, տեսնենք․ 2012 թվականի հունիսի 18-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանում եղավ միջադեպ, ծեծ, որի արդյունքում բժիշկ սպա Վահե Ավետյանը մահացավ, երկու այլ բժիշկներ վիրավորվեցին։ Դատական գործ եղավ, բավական աղմկահարույց, բայց մինչ դատական գործը Ռուբեն Հայրապետյանը, որը ռեստորանի սեփականատերն էր, իսկ ծեծի ենթարկողները փաստացի իրեն պատկանող համալիրի աշխատակիցներ էին, զգաց քաղաքական պատասխանատվություն ու պատգամավորական մանդատը վայր դրեց։ 01 հունվարի, 2006 թվական: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ու իր տղան ծեծի են ենթարկում էլցանցի աշխատողին՝ լույսերը նոր տարվա գիշերը անջատելու համար։ Կարծեմ մեկ օր անց, հրաժարական տվեց։ Պարզ էր, որ հենց այդ միջադեպն էր պատճառը։ Դե համեմատեք Խաչատուր Սուքիասյանի եղբոր դեպքի հետ։ Լոռու մարզպետը քա՞նի հոգու է ծեծել ու ահաբեկել, մամուլում կա մանրամասներով, Արամ Խաչատրյանը, պատժվե՞ց, որևէ կերպ։ Դե հիմա ասեք՝ Սյունիքի մարզպետ Մելիքսե՞թը զգաց էդ պատասխանատվությունը տղու արարքի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյա՞նը, ո՞վ զգաց ու կրեց պատասխանատվություն։ Ես միամիտ մարդ չեմ, որ մտածեմ, դե այդ մարզպետը, նախարարը կամ պատգամավորը, իրենք են որոշում ու պատասխանատվություն վերցնում իրենց վրա, հրաժարական տալիս։ Ո՛չ։ Քաղաքական ղեկավարն է ասում․ իմ կարծիքով, նախագահը, վարչապետը, իրենք են առաջին հորդորողները, պատժողները։
Էս դեպքերը եթե լինեին նախկինում, տարիներ շարունակ կշահարկեին, մինչև իշխանափոխություն։ Գիտե՞ք այ էստեղ է մեխը։ Մենք գործ ունենք իշխանական վախերի հետ։ Նիկոլ Փաշինյանենք ամեն միջադեպ շահարկեցին, շահարկեցին ու էն մթնոլորտը ստեղծեցին, թե մեր երկրում ով խոսում է՝ վախեցնում են, սպանում են, պետք է պրծնել սրանցից։ Բայց հիմա, որ վախեցնում են, սպանում են, երբեք չեն ընդունում մեղքը, պաշտպանվում են, գցում են ուրիշների վրա, մամուլին են մեղադրում, թե կեղծիքներ և այլն, հարցնում ես, շրջանցում են թեման, մեղադրում են, թե ուղղորդված հարցերես տալիս․ իսկ վախը նրանից է, որ վախենում են, որ կարող է իրենց պես թեմաները շահարկվեն, սարքեն մի հատ վեպի նյութ, տակից դուրս չեն գա․ իրենք էդպես էին անում։ Այ հենց, դրանից են վախենում։ Այ դրա համար էլ սահմանին ունենում ենք զոհեր, ձայն չեն հանում, Ալիևը ինչ ասես որ չի ասում, իրենց ղեկավարին է հայհոյում, մեր պետությունը, ազգին, սրանք ձայն չեն հանում, բայց որ վարչապետի շարասյունը սպանում է խեղճ հղի կնոջը, ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները սպանություններ են արել, իրենց մոտ ինքնապաշտպանման բնազդն է միանում․ ահա՝ թեման կմեծանա, ձնագնդի կդառնա ու կանցնի իրենց վրայով։ Որովհետև սահմանի զոհը Նիկոլի իշխանությունը չի սասանում, Ալիևը չի սասանում, բայց այս ներքին բաները սասանում են, կարող են թարս մտնել։
Կարճ ասած՝ Փաշինյանի օրոք ոչ միայն մասսայական զոհեր են տեղի ունեցել, ինչպես պատերազմից 5 հազարը, կորոնավիրուսից 11 հազար, նաև անհատական մահեր ու սպանություններ։ Այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով, տարրերով։ Սա մահաբեր իշխանություն է։ Սա իշխանություն է, որը նախկին բոլոր վատ երևույթների խտացրածն է։ Ոնցոր ամեն իշխանությունից ուսումնասիրած լինեն վատ կողմերը և դա վերցնեն իրենց համար գոյության հիմք։ Այս իշխանությանը ամեն օր չկանգնեցնելը զոհեր է արժենում, ու ինչ էլ ուզում են ասեն ջահել ՔՊ-ականները, փաստերը շատ ավելի համոզիչ են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը